Արմենակ Լևոնյան (Աշոտ Երկաթ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմենակ Լևոնյան (Աշոտ Երկաթ) (1871 թվականի մարտի 10, Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշի գավառի Բուլանըղի գավառակի Շեյխ Յաղուբ գյուղ - 1904 թվական, Արճեշի գավառ, Սոսկուն գյուղ), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Արմենակ Լևոնյան
(Աշոտ Երկաթ)

Դիմանկար
Ծնվել է1871 թվականի մարտի 10
ԾննդավայրԱրևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշի գավառի Բուլանըղի գավառակի Շեյխ Յաղուբ գյուղ
Մահացել է1904 թվականի մայիսի 25
Մահվան վայրԱրճեշի գավառի Սոսկուն գյուղ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուՀայերեն, ոչ մայրենի` Անգլերեն, Թուրքերեն
ԿրթությունԲիթլիսի Ամերիկյան վարժարան
ՄասնագիտությունՀայդուկ, հայ ազգային - ազատագրական պայքարի ականավոր գործիչ
Գործունեություն1891-1904 թվականներ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցություն

Կենսագրություն

խմբագրել

Արմենակ Լևոնյանը ծնվել է 1871 թվականի մարտի 10-ին Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշի գավառի Բուլանըղի գավառակի Շեյխ Յաղուբ գյուղում։ 1883–1891 թվականներին սովորել է Բիթլիսի Ամերիկյան վարժարանում, այնուհետև ուսուցչություն է արել Սասունի Հավատորիկ գյուղում։ Այդ ընթացքում կապեր է հաստատել Սասունի գավառում գործող հայ հեղափոխականների հետ։ 1892 թվականին ուսանելու նպատակով մեկնել է ԱՄՆ։ Այստեղ անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, մասնակցել ՀՅԴ «Հայրենիք» պաշտոնաթերթի հիմնադրմանն ու աշխատանքներին։

1902 թվականին, թողնելով ԱՄՆ-ը, Կովկասի և Պարսկաստանի վրայով անցել է Վան, այնուհետև` Սասուն։ 1902 թվականից Մուշում և Սասունում, 1903 թվականից` Խլաթում մեծապես նպաստել է գաղտնի մարտական խմբեր կազմավորելուն, դեպի Բիթլիս, Մուշ և Սասուն զենքի ու զինամթերքի առաքմանը, Վան-Վասպուրականի և Մուշ-Սասունի ՀՅԴ կոմիտեների միջև հաղորդակցության ուղիների հաստատմանը։ Եղել է ընդհանուր ապստամբության կազմակերպման կողմնակիցներից, խուսափել է տարաժամ, հայդուկային կռիվներից։

1903 թվականին Երկաթը ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովին մասնակցելու և Սասնո ապստամբության հետ կապված մի շարք հարցերի լուծման կապակցությամբ դուրս է գալիս Արևմտյան Հայաստանից և մեկնում Կովկաս։ 1904 թվականի փետրվար-մարտին Երկաթը, որպես Խլաթի և Բիթլիսի շրջանների ներկայացուցիչ, մասնակցում է Սոֆիայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին։ ՀՅԴ ընդհանուր ժողովի ավարտից հետո Երկաթը Կայծակ Վաղարշակի (Վաղարշակ Բաղդասարյան) հետ միասին վերադառնում է Կովկաս` նոր արշավախմբեր կազմակերպելու համար, որոնք պետք է օգնության հասնեին Սասնո ապստամբներին։

Երկաթի խումբը

խմբագրել

Երկաթի խմբի զենքերի փոխադրման աշխատանքներով զբաղվում են Թոխմախը (Քղեցի Պողոս) և Արամայիս Ազնավուրյանը։ Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) 35 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում էր նաև Քղեցի Պողոսը (Թոխմախ), կազմավորվել և մայիսի 16–ին (ն. տ. 29–ին) Արևմտյան Հայաստան է անցել ԵրևանԻգդիրԱլաշկերտ – Պաղ աղբյուր – ԲայազետԱրճեշԽլաթՍասուն երթուղով։ Սահմանանցումից 9 օր անց խումբն անվտանգ հասնում է Արճեշից 10 կմ հեռավորության վրա գտնվող Սոսկուն գյուղն ու որոշում 15 ժամ տևած անընդմեջ քայլելուց հետո դադար առնել մոտակա Խոջալու հովտի քարայրերից մեկում։

Երկարատև ճամբորդության ընթացքում խումբը սպառել էր իր մոտ եղած սննդամթերքի պաշարները, ուստի որոշվում է խմբից երեք հոգու` Թոխմախին և երկու Աբրոներին ուղարկել գյուղ` սննդամթերք բերելու։ Ճանապարհին երեք հայդուկները, որոնք իրենց զենքերը թողել էին քարայրում, հանդիպում են քրդերի և ընկնում նրանց ձեռքը։ Քրդերը Թոխմախին տեղում մորթում են, Աբրոներից մեկին վիրավորում և բանտարկում, իսկ մյուսին հաջողվում է դիմել փախուստի և խմբի համար սննդամթերքի պաշար հասցնել։

Քրդերը հայդուկների ներկայության մասին հայտնում են տեղի քրդական աշիրեթներին, որոնք թուրք ոստիկանների և զինվորների հետ միասին գալիս և պաշարում են քարայրը, որտեղ գտնվում էր Երկաթի խումբը։ Ամբողջ օրը երկուստեք հնչող կրակոցները որևէ արդյունք չեն տալիս։ Քրդերին հաջողվում է թուրք զինվորների և ոստիկանների աջակցությամբ ամուր փակել քարայրի մուտքը` հնարավորություն չտալով հայդուկներին դուրս գալ քարայրից։ Երեկոյան Երկաթի հրամանով երկու հայդուկ փորձում են դուրս գալ քարայրից` շփոթության մատնելով թշնամուն։  

Այս մարտավարությունը հաջողվում է և մարտախումբը դուրս է գալիս քարայրից և փորձում հեռանալ։ Սակայն, այդ ժամանակ թշնամու կողմից արձակված փամփուշտներից մեկը դիպչում է խմբի նռնակներից մեկին և միաժամանակ պայթեցնում հայդուկների վառոդի և ձեռնառումբերի ողջ պաշարը։ Արդյունքում քարայրը փլուզվում է` իր տակ թաղելով հայդուկներից շատերի դիակները` մի քանի թուրք ոստիկանների և քրդերի հետ միասին։ Քարայրի պայթյունից և հայդուկների գնդակներից սպանվում են 55 քուրդ զինյալներ և թուրք ոստիկաններ, իսկ հայդուկներից կենդանի են մնում 7 հոգի։ Հերոսաբար կռվում և նահատակվում է նաև Աշոտ Երկաթը (Արմենակ Լևոնյան)։

Խմբի մյուս անդամների ճակատագիրը

խմբագրել

Խմբի կենդանի մնացած 7 հայդուկները բարձրանում են մոտակա լեռն ու շարունակում կռիվը, որի ընթացքում իր հերոսությամբ հատկապես աչքի է ընկնում Քանաքեռցի Գասպարը։ Հայդուկները մինչև առավոտ մնում են լեռան վրա։ Առավոտյան, նշանացույց ունենալով Մասիս սարը, նրանք փորձում են առաջ շարժվել և կտրվել իրենց հետապնդող թշնամուց։ Հայդուկներին գերի վերցնելու մտադրությամբ` քրդերը շարունակում են հետապնդումը` առաջարկելով անձնատուր լինել։ Խիստ հոգնած և սակավաթիվ հայդուկներն, այնուամենայնիվ, շարունակում եմ կռիվը, որի ընթացքում զոհվում են ևս 5 հայդուկներ։ Քանաքեռցի Գասպարը ողջ մնացած մեկ այլ հայդուկի հետ հաջորդ օրը ևս շարունակում է կռիվը, սակայն, վերջինս նույնպես զոհվում է, իսկ վիրավոր և կիսամեռ վիճակում գտնվող Գասպարը գերի է ընկնում։ Քրդերը Գասպարին իր անսահման քաջության համար չեն սպանում, այլ խնամում և տանում են Բայազետի փաշային նվեր։ Գասպարին բանտարկում են Բայազետի բանտում, որտեղ վերջինս մնում է մինչև 1908 թվականի հուլիսը` երիտթուրքական հեղաշրջումը, որից հետո ազատ է արձակվում։

Աղբյուրներ և գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել