Արյան խումբ, արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային հակածիններ կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտներ) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում արյան շիճուկում պարունակվող α և β իզոհակամարմինները։ Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացում)։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։

Արյան խումբը որոշվում է արյան էրիթրոցիտների ABO համակարգի հակածիններով։

Պատմություն

խմբագրել

Արյան խմբի մասին ուսմունքն առաջացել է 19-րդ դարի վերջերին։ Այն ընդհանուր իմունաբանության կարևոր բաժիններից է, արյան փոխներարկման հիմքը և լայնորեն կիրառվում է արյունաբանության, վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, դատական բժշկության, ինչպես նաև մարդաբանության ու մարդու գենետիկայի բնագավառներում։

Ագլյուտինոգեն-ագլյուտինին փոխազդեցություն

խմբագրել

Էրիթրոցիտների թաղանթի վրա կան բարդ միացություններ՝ հակածիններ (ագլյուտինոգեններ), որոնք օժտված են հակածնային հատկություններով։ Դրանք կարող են փոխազդել արյան պլազմայի հատուկ սպիտակուցների` հակամարմինների հետ։

Հակածին-հակամարմին ռեակցիայի հետևանքով տեղի է ունենում էրիթրոցիտների սոսնձում՝ ագլյուտինացիա։ Ըստ այս երևույթի անվան, էրիթրոցիտների թաղանթի հակածինները կոչվում են ագլյուտինոգեններ, իսկ պլազմայի հակամարմինները՝ ագլյուտինիններ։

ABO համակարգ

խմբագրել
 
ABO համակարգը, դիագրամը ցույց է տալիս ABO արյան խմբերը բնորոշող ածխաջրային կապերը

Մարդկանց արյունն ըստ ABO համակարգի ագլյուտինոգենների ու ագլյուտինինների պարունակության բաժանվում է 4 խմբի, որոնք նշվում են հռոմեական թվերով կամ ըստ պարունակած ագլյուտինոգենի անվան։

  • α և β։ առաջին (0)
  • A և β։ երկրորդ (A)
  • α և B։ երրորդ (B)
  • A և B։ չորրորդ (AB)

I խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին, ուստի նրանք կոչվում են ունիվերսալ դոնորներ, իսկ IV խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ուներսալ ընդունողներ (ռեցիպիենտ)։ II ու III խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։

Անհամատեղելի արյան ներարկման ժամանակ առաջանում է ագլյուտինոգեն-ագլյուտինին ռեակցիա, որը կարող է հանգեցնել մահվան։ Պատճառը սոսնձված էրիթրոցիտների քայքայման հետևանքով էրիթրոցիտներից մակարդման գործոնների անջատումն է, որոնք արյան մեջ առաջացնում են ներանոթային մակարդուկներ։

Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։ Մարդկանց 40-50 %-ը ունի առաջին խմբի արյուն, 30-40 %-ը՝ երկրորդ, 10-20 %-ը՝ երրորդ, իսկ 5 %-ը՝ չորրորդ խումբ։

Հակածինների տեսակներ

խմբագրել

Մարդու օրգանիզմի իզոհակածինային նուրբ առանձնահատկություններն իմանալն անհրաժեշտ է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար։ Ավելի նուրբ եղանակների կիրառմամբ պարզվել է A իզոհակածինի ոչ համասեռությունը, որից ելնելով՝ տարբերում են A1 (դեպքերի 88%-ը) և A2 (12%) ենթախմբերը։ Հնարավոր է դարձել տարբերել արյան կարմիր մարմնիկների դժվար բացահայտվող տարբերակներ. A3, A1, A5, A2 և այլն։ Թեպետ B իզոհակածիևն ավելի համասեռ է քան A-ն, նկարագրվել են դրա հազվադեպ հանդիպող տարբերակներ ևս (B3, Bw, B, և այլն)։

Արյան խմբերի համատեղելիության աղյուսակ[1][2]
Ռեցիպիենտ[1] Դոնոր[1]
O− O+ A− A+ B− B+ AB− AB+
O−  Y  N  N  N  N  N  N  N
O+  Y  Y  N  N  N  N  N  N
A−  Y  N  Y  N  N  N  N  N
A+  Y  Y  Y  Y  N  N  N  N
B−  Y  N  N  N  Y  N  N  N
B+  Y  Y  N  N  Y  Y  N  N
AB−  Y  N  Y  N  Y  N  Y  N
AB+  Y  Y  Y  Y  Y  Y  Y  Y

Զարգացում

խմբագրել
 
Արյան կարմիր գնդիկների համատաղելիության աղյուսակ

Մարդու արյան կարմիր մարմնիկներում իզոհակածինները հայտնաբերվում են ներարգանդային կյանքի 2-րդ ամսում և նրանց քանակությունն առավելագույնի է հասնում 3 տարեկանում, որից հետո պահպանվում են հաստատուն մակարդակի վրա և աստիճանաբար նվազում ծերանալիս։ Կարևոր է նշել, որ մարդու առանձնահատուկ անհատականությունը որոշող արյան իզոհակածինների հավաքակազմը, անկախ կրած հիվանդություններից, ինչպես նաև օրգանիզմի վրա ֆիզքիմիական գործոնների ներգործությունից, չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Կարող է փոխվել իզոհակամարմինների միայն քանակը, որակապես դրանց կազմությունն անփոփոխ է մնում։

ABO համակարգի հակածինների հանդեպ իզոհակամարմիններ առաջանում են ծնվելուց հետո առաջին ամիսներին և առավելագույն քանակության հասնում 5-10 տարեկանում, այդ մակարդակի վրա պահպանվում երկար ժամանակ և աստիճանաբար նվազում ծերանալիս։

Անհամատեղելի հակածիններ

խմբագրել

Բնականոն պայմաններում մարդու արյան մեջ առկա իզոհակամարմիններից բացի, հայտնաբերվում են նաև անհամատեղելի (խմբային առումով) հակածիններ, որոնք ի հայտ են գալիս անհամատեղելի արյուն (ինչպես ամբողջական, այնպես էլ դրա առանձին բաղադրամասեր) փոխներարկելիս, հղիության շրջանում (երբ պտղի արյունը անհամատեղելի է մոր արյան հետ), մարդու A և B խմբային իզոհակածինների նման քիմիական կառուցվածք ունեցող կենդանական ծագման նյութեր ներարկելիս, ինչպես նաև բուժկանխարգելիչ նպատակով որոշ շիճուկներ ու վակցինաներ կիրառելիս։ Իզոհակածիններին նման նյութեր հայտնաբերվում են որոշ տեսակի բակտերիաներում, հետևաբար որոշ վարակներ կարող են խթանել իմունային հակամարմինների առաջացումը։

Այլ հակածիններ

խմբագրել

Բացի A և B իզոհակածիններից, որոշ մարդկանց արյան կարմիր մարմնիկներում հանդիպում են H և O առանձնահատուկ հակածիններ։ Օրինակ՝ դրանք մշտապես առկա են 0, β (I) խումբ ունեցող անձանց արյան կարմիր մարմնիկներում։ Բացի արյան կարմիր մարմնիկներում պարունակվող իզոհակածիններից, արյան մյուս բաղադրիչ տարրերում հայտնաբերվում են իզոհակածիններ, որոնք միայն իրենց են բնորոշ։ Այսպես հաստատվել է արյան սպիտակ մարմնիկների (լեյկոցիտներ) ավելի քան 40 հակածիններ միավորող խմբի գոյությունը։ Առանձնացնում են արյան շիճուկում պարունակվող սպիտակուցների մի խումբ, որը բաժանվում է իմունոգլոբուլինների, ալբումինների, պոստալբումինների, α-, β-, γ-գլոբուլինների և լիպոպրոտեիդների։

Մարդու արյան այլ համակարգերին պատկանող իզոհակածիններն ունեն ավելի փոքր գործնական նշանակություն, քան ABO և ռեզուս համակարգերը, բայց կարևոր են դատաբժշկական բժշկության, գենետիկայի, մարդաբանության համար։

Ռեզուս գործոն

խմբագրել

ABO իզոհակածիններից հետո գործնական բժշկության մեջ, ըստ նշանակության, երկրորդ տեղն են գրավում ռեզուս՝ Rh (անգլ.՝ Rhesus) համակարգի արյան խումբը։ Դա արյան ամենաբարդ համակարգերից է և ներառում է ավելի քան 20 իզոհակածին։ Դրանք հայտնաբերել են ավստրիացի գիտնականներ Կարլ Լանդշտայները և U. Վիները, 1940-ին՝ մակակ-ռեզուս կապիկների արյունից ստացված կարմիր մարմնիկների օգնությամբ։ Պարզվել է, որ մարդկանց 85%-ի արյունը ռեզուս դրական է, այսինքն պարունակում է իմունածին հատկությամբ օժտված D ռեզուս գործոն, իսկ 15%-ի մոտ վերջինս բացակայում է, այդ պատճառով համարվում են ռեզուս բացասական։

Ռեսուզ հակադրում

խմբագրել

Ռեզուս-հակադրումը, որը դրսևորվում է հեմոլիզային հիվանդության ձևով և երբեմն մահացու ելք ունենում, կարող է առաջանալ, երբ բացասական ռեզուսով մոր օրգանիզմում ռեզուս-դրական պտղի հակածինի (որը նա ժառանգել է դրական ռեզուսով արյուն, ունեցող հորից) ազդեցությամբ (եթե պտղի էրիթրոցիտները թափանցեն մոր օրգանիզմ) գոյանում են հակամարմիններ, որոնք, իրենց հերթին ազդելով պտղի արյան կարմիր մարմնիկների վրա, առաջացնում են դրանց հեմոլիզ (քայքայում)։ Ռեզուս-հակադրումը կարող է առաջանալ նաև բացասական ռեզուսով անձանց կրկնակի անգամ դրական ռեզուսով արյուն փոխներարկելիս։

Ժառանգում

խմբագրել

Արյան խմբային հատկանիշները որոշվում են ժառանգական գործոններով, այսինքն՝ երեխաների արյան հակածինային հատկությունները խիստ որոշակի կախման մեջ են գտնվում ծնողների արյան խմբային պատկանելությունից։ Դա թույլ է տալիս որոշել (օրինակ՝ դատական բժշկության մեջ) վիճելի հայրության բարդ հարցերը.

  1. տղամարդը բացառվում է որպես հայր, եթե նրա և մոր արյան մեջ բացակայում է երեխայի օրգանիզմում առկա հակածինը, քանի որ երեխան չի կարող ունենալ ծնողների մոտ բացակայող հակածինը,
  2. տղամարդը կարող է որպես հայր բացառվել, եթե երեխան չունի այն հակածինը, որը պետք է նրան փոխանցվեր, օրինակ՝ ABO (IV) խմբի արյուն ունեցող տղամարդը չի կարող ունենալ OO (I) խմբի արյուն ունեցող երեխա։
AB0 արյան խմբերի ժառանգումը
  Հոր արյան խումբ→
Մոր արյան խումբ ↓ I(00) II(A0) II(AA) III(B0) III(BB) IV(AB)
I(00) I(00) — 100 % I(00) — 50 %
II(A0) — 50 %
II(A0) — 100 % I(00) — 50 %
III(B0) — 50 %
III(B0) — 100 % II(A0) — 50 %
III(B0) — 50 %
II(A0) I(00) — 50 %
II(A0) — 50 %
I(00) — 25 %
II(A0) — 50 %
II(AA) — 25 %
II(AA) — 50 %
II(A0) — 50 %
I(00) — 25 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
IV(AB) — 25 %
IV(AB) — 50 %
III(B0) — 50 %
II(AA) — 25 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
IV(AB) — 25 %
II(AA) II(A0) — 100 % II(AA) — 50 %
II(A0) — 50 %
II(AA) — 100 % IV(AB) — 50 %
II(A0) — 50 %
IV(AB) — 100 % II(AA) — 50 %
IV(AB) — 50 %
III(B0) I(00) — 50 %
III(B0) — 50 %
I(00) — 25 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
IV(AB) — 25 %
IV(AB) — 50 %
II(A0) — 50 %
I(00) — 25 %
III(B0) — 50 %
III(BB) — 25 %
III(BB) — 50 %
III(B0) — 50 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
III(BB) — 25 %
IV(AB) — 25 %
III(BB) III(B0) — 100 % IV(AB) — 50 %
III(B0) — 50 %
IV(AB) — 100 % III(BB) — 50 %
III(B0) — 50 %
III(BB) — 100 % IV(AB) — 50 %
III(BB) — 50 %
IV(AB) II(A0) — 50 %
III(B0) — 50 %
II(AA) — 25 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
IV(AB) — 25 %
II(AA) — 50 %
IV(AB) — 50 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
III(BB) — 25 %
IV(AB) — 25 %
IV(AB) — 50 %
III(BB) — 50 %
II(AA) — 25 %
III(BB) — 25 %
IV(AB) — 50 %

Արյան խմբի որոշում

խմբագրել

Արյան խմբերը որոշում են չափորոշիչ շիճուկների օգնությամբ՝ արյան կարմիր մարմնիկներում իզոհակածիններ հայտնաբերելու միջոցով։ Առավել գործնական նշանակություն ունի ABO համակարգի արյան խմբի բացահայտումը, ընդ որում, որոշում են ոչ միայն արյան կարմիր մարմնիկների իզոհակածինները, այլև շիճուկի իզոհակամարմինները։ ABO համակարգի արյան խմբի որոշման համար կատարում են ագլուտինացման ռեակցիա (շիճուկի համապատասխան հակամարմիններով արյան կարմիր մարմնիկների սոսնձում), որը կատարում են թրջվող մակերևույթով սպիտակ թիթեղիկի վրա, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Վերջնական արդյունքը լինում է մանր, կարմիր հատիկների առաջացումը, որոնք կազմված են սոսնձված արյան կարմիր մարմնիկներից (դրական ռեակցիա) կամ փոփոխության բացակայությունը (բացասական ռեակցիա)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «RBC compatibility table». American National Red Cross. December 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
  2. Blood types and compatibility bloodbook.com
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 99