Արցախի Սահմանադրություն
Արցախի Սահմանադրությունը ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների 99,58%-ը)։
Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է՝ ոչ աշխատանքային օր։
Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։
Արցախի Հանրապետության Սահմանադրությունը կազմված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։
Կառուցվածք
խմբագրելՆախաբան
խմբագրելՆախաբանում նշվում է, որ Արցախի ժողովուրդը, իրագործելով հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու իր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի սկզբունքներին, ընդունում ու հռչակում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը։
Առաջին գլուխ
խմբագրելԱռաջին գլխում (հոդվածներ 1-16) ամրագրված են պետության սահմանադրական կարգի հիմունքները։ Առաջին հոդվածում Արցախի Հանրապետությունը հռչակված է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, որը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի և բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության ու խաղաղության հիմք։
Երկրորդ գլուխ
խմբագրելԵրկրորդ գլխում (հոդվածներ 17-60) ամրագրված են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատություններն ու պարտականությունները։
Երրորդ գլուխ
խմբագրելԵրրորդ գլխում (հոդվածներ 61-75) ամրագրված են Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները, նրա ընտրության ու պաշտոնանկության կարգը և այլն։
Չորրորդ գլուխ
խմբագրելՉորրորդ գլխում (հոդվածներ 76-98) ամրագրված են Արցախի Հանրապետության օրենսդիր և այլ ներկայացուցչական մարմնի՝ Ազգային Ժողովի լիազորությունները, ձևավորման կարգը, պատգամավորի կարգավիճակը և այլն։
Հինգերորդ գլուխ
խմբագրելՀինգերորդ գլխում (հոդվածներ 99-107) ամրագրված են Արցախի Հանրապետության կառավարության հզորությունները, վարչապետի նշանակման ու Կառավարության կազմավորման կարգը և այլն։
Վեցերորդ գլուխ
խմբագրելՎեցերորդ գլխում (հոդվածներ 108-116) սահմանված են դատական համակարգի կառուցվածքը, դատավորի իրավական կարգավիճակը, արդարադատության խորհրդի կազմը, լիազորությունները և այլն։
Յոթերորդ գլուխ
խմբագրելՅոթերորդ գլխում (հոդվածներ 117-118) սահմանված են դատախազության գործունեության հիմնական ուղղությունները, գլխավոր դատախազի նշանակման և պաշտոնանկության կարգը։
Ութերորդ գլուխ
խմբագրելՈւթերորդ գլխում (հոդվածներ 119- 120) սահմանված են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման և պաշտոնից ազատման կարգը, նրա իրավական կարգավիճակը։
Իններորդ գլուխ
խմբագրելԻններորդ գլխում (հոդվածներ 121-122) սահմանված են Արցախի Հանրապետության Վերահսկիչ պալատի գործունեության հիմնական ուղղությունները, նրա նախագահի նշանակման և պաշտոնից ազատման կարգը։
Տասներորդ գլուխ
խմբագրելՏասներորդ գլխում (հոդվածներ 123-132) սահմանված են համայնքների իրավական կարգավիճակը, համայնքներում տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը, լիազորությունները և այլն։
Տասնմեկերորդ գլուխ
խմբագրելՏասնմեկերորդ գլխում (հոդվածներ 133-136) սահմանված է Սահմանդրության ընդունման, գործող Սահմանադրության փոփոխման ու հանրաքվեի անցկացման կարգը և այլն։
Տասներկուերորդ գլուխ
խմբագրելՏասներկուերորդ գլխում (հոդվածներ 137-142) սահմանված են եզրափակիչ և անցումային դրույթներ՝ պետական մարմինների ձևավորման ու գործառնության կարգը, նախկին օրենսդրության գործողության շրջանակները անցումային փուլում։ 142- րդ հոդվածով սահմանված է, որ մինչև Արցախի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի Արցախի Հանրապետության իրավազորության ներքո է։ Արցախի Հանրապետության ներկայիս տարածքում Սահմանադրության նախատիպ եղել է դեռևս V դարում Արցախի և Ուտիքի Վաչագան Գ Բարեպաշտթագավորի օրոք մշակվել են երկրի ներքին կարգ ու կանոնն ապահովող օրենքներ։ ժամանակի նշանավոր մատենագիրների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ, եկեղեցական կանոնների և պետության կազմակերպման մասին պահպանված մատենագրական նյութերի հիման վրա Վաչագան Գ-ի կազմած «Սահմանադրութիւն կանոնականը» (ընդգրկել է հասարակական-տնտեսական կյանքը կարգավորող 22 կանոն) հաստատվել է Աղվենի եկեղեցական ժողովում (V դարի վերջ)։
Խորհրդային իշխանության օրոք ԼՂԻՄ-իտարածքում գործել է Ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրությունը։
Սահմանադրական բարեփոխումներ (2017)
խմբագրելԱրցախի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում։ Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը։
Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նորմերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, ինչի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց Սահմանադրության նոր նախագիծ[1]։ Ըստ այդմ 2017 թվականի փետրվարի 20-ին հանրաքվե կանցկացվի, որի արդյունքներից էլ կախված կլինի նոր Սահմանադրության հետագա ճակատագիրը:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ». www.nankr.am. 2016թ. հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին.