Բնակչություն
Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել գյուղի, քաղաքի, մարզի, երկրի, տարածաշրջանի, աշխարհամասի, մայրցամաքի և նույնիսկ Երկիր մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման։
Ազգաբնակչություն տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։
Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։ Դրանք հաշվարկվում են ինչպես բացարձակ ցուցանիշներով (ծնվածների և մահացածների թվով), այնպես էլ հարաբերական ցուցանիշներով` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով)։ Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև մեխանիկական շարժի հաշվին։ Այսինքն` տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները։
Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը)։ Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։
Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է բաժանել երկու հիմնական տիպերի։ Առաջին տիպին են պատկանում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրները։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11%) համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Բնակչության բնական աճը բացասական է (նեղացված վերարտադրություն), և արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում՝ դեպոպուլյացիա։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ։
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին են պատկանում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության և բնական աճի միջինից բարձր ցուցանիշները և մահացության համեմատաբար ցածր կամ չափավոր ցուցանիշներ (20%-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա Աֆրիկայի և Ասիայի հետամնաց ագրարային երկրներում՝ 6-7 երեխա։ Արդյունքում բնակչության բնական աճը լինում է դրական (ընդլայնված վերարտադրություն), իսկ երբ բնակչության թիվը գերազանցում է ընդլայնված վերարտադրության նորման խոշոր չափերով, այդ երևույթը կոչվում է «ժողովրդագրական պայթյուն»։
Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական և այլ միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։
Բնակչության թվի և կազմի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար աշխարհի գրեթե բոլոր պետություններում պարբերաբար (հինգ կամ տասը տարին մեկ) կազմակերպվում են ընդհանուր մարդահամարներ։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 102)։ |