Եվսեբիոս Կեսարացի
Եվսեբիոս[4] Կեսարացի (մոտ 265[1][2][2][…], Կեսարիա, Հռոմեական կայսրություն - մոտ 340[3], Կեսարիա, Հռոմեական կայսրություն), 3-4-րդ դարերի հույն եկեղեցական գործիչ և պատմիչ, «եկեղեցական պատմության» հայր, աստվածաբան։ Պաղեստինյան Կեսարիայի եպիսկոպոս (313/314 թ–ից)։
Եվսեբիոս Կեսարացի | |
---|---|
Ծնվել է | մոտ 265[1][2][2][…] |
Ծննդավայր | Կեսարիա, Հռոմեական կայսրություն |
Մահացել է | մոտ 340[3] |
Մահվան վայր | Կեսարիա, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | ուղղափառություն |
Երկեր | Church History?, Onomasticon (Eusebius)?, Life of Pamphilus?, Collection of ancient martyrs?, Chronicon? և Praeparatio evangelica? |
Մասնագիտություն | աստվածաբան, քահանա, գրող և պատմաբան |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Eusebius of Caesarea Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել309 թ-ին, քրիստոնյաների դեմ հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո գլխավորել է Պաղեստինյան Կեսարիայի քրիստոնեական վարժարանը։ Մասնակցել է 325-ի Նիկիայի Ա տիեզերական ժողովին, իր ստորագրությունը դրել նիկիական Հավատո հանգանակի տակ, սակայն հետագայում հանդես է եկել որպես Արիոսի ուսմունքի չափավոր հետևորդ և հականիկիական ընդդիմության երևելի ներկայացուցիչ։ Եղել է իր ժամանակի կրթված և հեղինակավոր աստվածաբաններից, բեղմնավոր հեղինակ, որը թողել է հարուստ գրական ժառանգություն։
Աշխատությունները
խմբագրելԻր երկերը գրել է հունարեն, սակայն դրանց մեծ մասը մեզ է հասել միջնադարում այլ լեզուների, այդ թվում՝ նաև գրաբար կատարված թարգմանությունների միջոցով։
- «Եկեղեցական պատմություն», ներկայացնում է քրիստոնեության ծագումից մինչև 324 թ. ընկած ժամանակաշրջանի անցքերը։ Այն գրելիս Եվսեբիոսն օգտվել է ոչ միայն իր ժամանակի բոլոր հիմնական գրադարաններից, այլ նաև պետական արխիվներից։ Ըստ ուսումնասիրողների Եվսեբիոսը այս երկասիրությամբ քրիստոնեության եկեղեցական պատմության համար նույնն է, ինչ որ Հերոդոտոսը ընդհանուր պատմության համար։ Ռանկեն համարում է Եվսեբիոսի պատմությունը օրինակելի գործ և մեր ժամանակի համար, հատկապես գովելով այն պրագմատիզմի համար, որի միջոցով հեղինակը կապ է ստեղծում անցյալի և ներկայի միջև։ Ըստ Մովսես Խորենացու՝ «Եկեղեցական պատմությունը» V դ. (հավանաբար՝ 416–420-ին) Մեսրոպ Մաշտոցի կարգադրությամբ հայերեն թարգմանել են նրա աշակերտները։
- «Քրոնիկոն» (Պատմություն աշխարհի արարչությունից մինչև Կոստանդիանոս Մեծ կայսրի գահակալության 20-րդ տարի)։ Երկի հունարեն բնագիրը կորել է։ երկար ժամանակ հայտնի էր Հիերոնիմոսի կողմից 5-րդ դարում նրա մի մասի լատիներեն թարգմանությամբ, սակայն 1792 թ. հայտնաբերվել է նրա ամբողջական հայերեն (գրաբար) թարգմանությունը, որը հրատարակվել է 1818 թ. և ավելի փութաջան կերպով՝ 1833 թ.
- «Կոստանդիանոսի կյանքը», «Պաղեստինի մարտիրոսների մասին», «Ներբող Կոստանդիանոս կայսրին»; «Պամփիլիոսի կյանքը».
- «Ներածություն Նոր Կտակարանի» (հունարեն՝ προπαρασκευή εύαγγελική).
- Ջատագովական երկեր՝ «Ապացույց հօգուտ Նոր Կտակարանի» (Demonstratio evangelica), «Հիերոկլեսի դեմ», «Քաղվածքներ մարգարեների գրքերից Քրիստոսի մասին», «Աստվածահայտնություն».
- Բանավիճական երկեր՝ «Մարկելոսի դեմ երկու գիրք», «Եկեղեցական աստվածաբանության մասին երեք գիրք».
- Մեկնողական երկեր՝ «Ավետարանների համաձայնեցման ուղեցույց», «Պատասխան Ստեփանին և Մարինին Ավետարանի մասին»; Ղուկասի ավետարանի, Երգ Երգոցի, Եսայու մարգարեության մեկնություն
Կեսարացու «Ժամանակագրություն» և «Եկեղեցական պատմություն» երկերը միջնադարում թարգմանվել էին հայերեն ու լայնորեն օգտագործվել հայ պատմիչների կողմից։ Մասնավորապես դրանցից օգտվել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմությունը» գրելիս։
Կեսարացու երկերի հայերեն հրատարակությունները
խմբագրել- Ժամանակականք երկմասնեայ, հրտ. Մկրտիչ Ավգերյանց, մաս 1, Ժամանակագրութիւն պատմական, մաս 2, Քրոնիկոն կանոն, Վենետիկ, 1818։
- Պատմութիւն եկեղեցւոյ յեղեալ յասորւոյն ի հայ ի հինգերորդ դարու, հրտ. Աբրահամ Ճարյան, Վենետիկ, 1877։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://lexikon.katolikus.hu/C/Caesareai%20Eusz%C3%A9biosz.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.) — Большая российская энциклопедия, 2016.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվսեբիոս Կեսարացի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 527)։ |