Էլեկտրոնային լամպ
Էլեկտրոնային լամպ, էլեկտրավակումային սարք, որտեղ ստեղծվում է հատուկ էլեկտրոդների (ցանցի) օգնությամբ կառավարվող էլեկտրոնների հոսք։ Էլեկտրոնային լամպը ապակե, մետաղե, մետաղե–ապակե կամ մետաղե–խեցե բալոն է, որտեղ ստեղծված է բարձր վակուում (մինչև մմ սնդ. ս.) և տեղավորված են էլեկտրոդներ, շիկացման կաթոդ, անոդ, ցանց (բոլոր էլեկտրոնային լամպերը, բացի դիողից, ունեն մեկ կամ ավելի ցանց)։
Էլեկտրոնային լամպերը տարբերվում են ըստ էլեկտրոդների թվի, հզորության, հաճախականությունների տիրույթի և նշանակման։
Ըստ էլեկտրոդների թվի լինում են 2-էլեկտրոդային (դիոդ, կենոտրոն), 3-էլեկտրոդային (տրիոդ), 4-էլեկտրոդային (տետրոդ), 5-էլեկտրոդային (պենտոդ), 6-էլեկտրոդային (հեկսոդ), 7-էլեկտրոդային (հեպտոդ) և 8-էլեկտրոդային (օկտոդ)։
Ըստ աշխատանքային հաճախականությունների տիրույթի տարբերում են ցածր (մինչև մի քանի Մհց), բարձր (մինչև 30 Մհց) և գերբարձր հաճախականության էլեկտրոնային լամպեր (մագնետրոններ, կլիստրոններ, վազող ալիքի լամպեր ևն)։ Ըստ նշանակման էլեկտրոնային լամպերը լինում են ուղղիչ, ուժեղացուցիչ, փոխակերպիչ, գեներատորային ևն, ինչպես նաև անընդհատ գործողության և իմպուլսային։ Հաճախ մի բալոնի մեջ տեղավորում են երկու կամ ավելի լամպեր (կրկնակի դիող, կրկնակի տրիոդ, դիոդ–հեկսոդ ևն)։ Այդպիսի լամպերը կոչվում են համակցված։ Էլեկտրոնային լամպերը լայնորեն կիրառվում են ավտոմատիկայում, ռադիոլոկացիայում, հեռուստատեսությունում, ռադիոկապում, էլեկտրոնային սարքաշինության մեջ և այլ բնագավառներում։ Բարձր և գերբարձր հաճախականության հզոր էլեկտրոնային լամպերը կիրառվում են նաև տեխնոլոգիական նպատակներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 32)։ |