Ժողովրդագրություն
Ժողովրդագրություն (դեմոգրաֆիա՝ հուն․՝ δήμος-ժողովուրդ և հուն․՝ γράφω-...գրաֆիա), գիտություն ազգաբնակչության մասին։ «Ժողովրդագրություն» տերմինի հեղինակը ֆրանսիացի գիտնական Ա․ Գիյարն է, գիտության նախահայրը՝ անգլիացի Ջ․ Գրաունտը։ Ժողովրդագրությունը հասարակական գիտություն է, որը սոցիալական, տնտեսական, կենսաբանական, աշխարհագրական գործոնների, պատճառների և պայմանների հիման վրա ուսումնասիրում է ազգաբնակչության կառուցվածքի, տեղաշարժի և դինամիկայի օրինաչափությունները։
Գործունեություն
խմբագրելԽնդիրներ
խմբագրելԺողովրդագրությունը մշակում է ազգաբնակչության տեսությունը ու քաղաքականությունը, նշում քաղաքի, մարզի, երկրի, երկրագնդի բնակչության վիճակն ու շարժի հեռանկարները։ Ժողովրդագրությունում կենտրոնական տեղ է գրավում բնակչության վերարտադրության՝ նրա թվաքանակի, կազմի տեղաբաշխման և փոփոխության հետազոտությունը։ Ժողովրդագրությունում ինքնուրույն նշանակություն ունի ընտանիքի ձևավորման, զարգացման և անկման պրոցեսը։ Բնակչության և նրա կազմի փոփոխությունները ժողովրդագրությունում դիտարկվում են քանակական և որակական տեսանկյունով, իսկ մարդկանց դեմոգրաֆիկ հատկանիշները ծառայում են ինչպես ամբողջ բնակչության բնութագրման, այնպես էլ կոնկրետ խմբերի առանձնացման համար՝ որպես հետազոտման ինքնուրույն օբյեկտ։ Չնայած դեմոգրաֆիական պրոցեսներն առանձին մարդկանց կյանքում կատարվող իրադարձությունների արդյունք են, ժողովրդագրությունը դրանք ուսումնասիրում է որպես մասսայական պրոցեսներ։ Ուսումնասիրելով դեմոգրաֆիական պրոցեսների (բնական շարժ, միգրացիա, բնակչության շարժունություն) փոխկապվածությունը, դրանց կախվածությունը սոցիալ-տնտեսական երևույթներից, ինչպես և բնակչության զարգացման սոցիալ-տնտեսական հետևանքները, ժողովրդագրությունը բացահայտում է բնակչության շարժի օրինաչափությունները։ Ժողովրդագրությունը չի անտեսում մարդկանց կենսաբանական բնույթը և բնակչության փոխազդեցությունը բնական միջավայրի հետ, սակայն ժողովրդագրությունում գլխավորը հասարակական զարգացման հետ նրա փոխազդեցությունն է։ Համաձայն մարքսիստական ժողովրդագրության, բնակչության վերարտադրության պրոցեսի վրա ազդում են բազիսն ու վերնաշենքը, ընդ որում, վճռորոշը բազիսն է։ Ժողովրդագրությունում հատուկ նշանակություն ունի բնակչության վերարտադրության, միգրացիայի, սոցիալական շարժունության վրա սոցիալ-տնտեսական, քաղաքական, կուլտուրական, իրավաբանական, կրոնական և կենցաղային գործոնների ազդեցության բնույթի բացահայտումը։ Ժողովրդագրությունը վերլուծում է նաև ամուսնության սոցիալ-հոգեբանական գործոնները, ազգաբնակչության աճի հակադարձ ազդեցությունը հասարակության զարգացման վրա։ Կարևոր տեղ է գրավում աշխատանքային ռեսուրսների կազմի և շարժի, ինչպես և բնակչության, որպես սպառողների զանգվածի, ուսումնասիրությունը։ Ժողովրդագրության խնդիրներից է դեմոգրաֆիական քաղաքականության մշակումը, որը, լայն իմաստով, պետք է ազդի ոչ միայն բնակչության թվաքանակի փոփոխության, այլև դեմոգրաֆիական բոլոր պրոցեսների վրա։ Այդ ներգործությունը կարող է լինել ուղղակի (օրինակ, ամուսնության և մանկածնության խթանում) կամ անուղղակի (կենսամակարդակի բարձրացում այն վայրում, ուր անհրաժեշտ է ներգրավել բնակչությանը)։ Ժողովրդագրությունը սերտորեն կապված է սոցիոլոգիայի, քաղաքատնտեսության, պատմության, իրավունքի, ազգագրության, սոցիալական հիգիենայի, հատկապես վիճակագրության հետ, սակայն չի փոխարինում այդ գիտություններին և չի տարրալուծվում դրանց մեջ։ Ժողովրդագրությունի մեթոդոլոգիական հիմք են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմն ու մարքս-լենինյան քաղաքատնտեսությունը։ Ժողովրդագրությունը օգտվում է նաև յուրահատուկ՝ վիճակագրական, մաթեմատիկական և այլ մեթոդներից։ Դեմոգրաֆիական հետազոտման մեթոդոլոգիան ենթադրում է տեսական վերլուծության, վիճակագրական չափման, գիտական նախատեսման միասնություն և պրակտիկ քաղաքականության որոշում։ Ժողովրդագրությունի զարգացումն ունի գաղափարական, քաղաքական և գործնական մեծ նշանակություն։ Բնակչության կազմի և տեղաբաշխման, վերարտադրության օրինաչափությունների ուսումնասիրումը, դեմոգրաֆիական պրոցեսների հեռանկարի նախատեսումը հատկապես կարևոր են սոցիալիստական երկրներում, ուր մարդու աճող պահանջմունքները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում։ Այստեղից էլ ժողովրդագրությունում կատարվող հետազոտությունների գործնական մեծ նշանակությունը ժողովրդական տնտեսության պլանավորման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 342)։ |