Իոսիպ Տիտոյի մահ և հուղարկավորություն

Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կոմունիստների միության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար և երկրի առաջին և միակ նախագահ Իոսիպ Տիտոյի մահկանացուն կնքել է 1980 թվականի մայիսի 4-ին։ Տիտոյի մահը եղել է Հարավսլավիայի պատմության շրջադարձային իրադարձություններից մեկը։ Տիտոյի երկարաժամկետ կառավարումից հետո իշխանությունն անցել է ՀՍՖՀ նախագահության կոլեկտիվ ղեկավարման ձեռքը։ Պատմաբանների կողմից այդ իրադարձությունը բնորոշվում է որպես Հարավսլավիայի կազմալուծման նախաբան, քանի որ հետագա իրադարձությունները բավականին արագ ցույց տվեցին նոր կոլեկտիվ ղեկավարության տկարությունը լուծելու տնտեսական հիմնախնդիրները և հարթելու ազգային հողի վրա ծավալվող միջէթնիկական հակամարտությունները։

Իոսիպ Բրոզ Տիտոյի հուղարկավորությունը
Իոսիպ Բրոզ Տիտոյի հուղարկավորությունը

1980 թվականի մայիսի 7-ին լրացել է Տիտոյի 88 ամյակը։ Տիտոյի թաղումը տեղի է ունեցել 1980 թվականի մայիսի 8-ին Բելգրադում։ Թաղման արարողությանը մասնակցել են 211 պատվիրակներ աշխարհի 128 երկրներից։ Այս թաղումը համարվում է պատմության ամենահայտնի թաղման արարողություններից մեկը։ Իոսիպ Բրոզ Տիտոն թաղվել է իր ձմեռային «Ծաղիկների տուն» նստավայրում։ Տիտոյի գերեզմանին այցելեն է ավելի քան 17 միլիոն մարդ։

Հիվանդություն

խմբագրել

Տիտոյի ինքնազգացողությունը լրջորեն վատացել է 1979 թվականին։ Հիվանդության պատճառներից մեկը եղել է երկարատև ծխելը։ Այդ ժամանակ նա Հավանայում մասնակցում էր Չմիացած երկրների շարժման վեցերորդ կոնֆերանսի աշխատանքներին։ Ամանորի գիշերը Տիտոն անց է կացրել Կարաջորջևոյի իր նստավայրում (Բաչկա Պալանկա համայնք)։ Հարավսլավիայի հեռուստատեսությամբ հանդես գալով ամանորյա ուղերձով, Տիտոն ուղերձը հղել է ոչ թե կանգնած, ինչն անում էր սովորաբար, այլ նստած։ 1980 թվականի հունվարի 3-ին Տիտոն հոսպիտալացվել է Լյուբլյանայի կլինիկական կենտրոն։ Պատճառը ոտքերի արյունատար երակների ստուգումն էր։ Արտերիոգրաֆիան ցույց է տվել զարկերակների խցանում ազդրերի և սրունքների հատվածում։ Այդուհանդերձ, նախագահի ինքնազգացողությունը եղել է հուսադրելի, իսկ հունվարի 5-ին Տիտոն դուրս է գրվել՝ հետագա ինտենսիվ բուժման պայմանով։

Գումարվել է բժշկական խորհդակցություն, որին մասնակցել են բժշկական գիտությունների դոկտորներ։ Նրանց շարքում ութը եղել են հարավսլավցիներ (Բոգդան Բրեցել, Միոլյուբ Կիչիչ, Միրո Կոշակ, Յովան Ռիստիչ, Ջորջե Պոպովիչ, Ստանիսլավ Մախկոտա, Պրեդրագ Լալևիչ և Իվո Օբրեզ)։ Նրանց օգնության է հասել բժշկագիտության ամերիկացի պրոֆեսոր Մայքլ Էլիս Դեբեյկին և անոթային վիրաբուժության խորհրդային մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարատ Կնյազևը։ Խորհրդակցության ժամանակ որոշվել է ձեռնարկել վիրաբուժական շուտափույթ միջամտություն, որպեսզի թույլ չտրվի հիվանդության հետագա խորացումը։ Տիտոն սկզբում հրաժարվել է, սակայն հետո համաձայնվել և նույնիսկ կազմակերպել ճաշ բժիշկների պատվիրակության համար։ Ընթրիքին մասնակցել է Հարավսլավիայի կոմունիստների միության կենտկոմի ղեկավարի տեղակալ Դուշան Դրագոսավացը[1]։ Վիրահատությանը ներգրավվել են բժշկական գիտությունների մի շարք դոկտորներ, այդ թվում նաև Լյուդվիգ Ռավնիկը, Յոժե Խինդեշեկը, Չեդոմիր Կրստիչը և Ռադո Կվեդերը, ինչպես նաև Իոսիպ Բրոզի անձնական բժիշկները՝ Զվոնոմիր Դիտրիխը, Ռադոսլավ Ջորջևիչը, Ստանիսլավ Չելիկիչը, Դամիր Խրանիլովիչը, Մլադեն Ռադմիլովիչը և Միլոմիր Ստանկովիչը։

Դեբեյկին և Կնյազևը խորհուրդ են տվել կարգավորել ձախ ոտքի շնչերակային բալանսը, որպեսզի կանխեն նրա անդամահատումը։ Ձախ ոտքի անոթների առաջին վիրահատությունը տեղի է ունեցել հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Լյուբլյանայի կլինիկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում։ Վիրահատությունից մի քանի ժամ անց հանկարծակի կանգնել է ձախ ոտքի արյան շրջանառությունը, որը հանգեցրել է մկանային հյուսվածքների մահացմանը։ Հունվարի 20-ին կտրել են Տիտոյի ոտքը։ Երկրորդ վիրահատությունից հետո վիճակը մի փոքր կայունացել է, իսկ հունվարի 28-ին Բրոզը սրտանոթային վիրաբուժության բաժանմունքից տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ։ Հունվարի վերջին փետրվարի սկզբին մարշալ Տիտոն շարունակել է իրականացնել իր լիազորությունները։ Հատուկ այդ նպատակով Մորովիչից ոչ շատ հեռու կառուցվել է Վիլա Սրնան[2]։

Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը կտրուկ վատացել է Տիտոյի երիկամների վիճակը և հայտնաբերվել սննդային համակարգի խանգարում։ Փետրվարի 11-ին ի հայտ են եկել սրտի անբավարարության ախտանիշներ։ Հիվանդի վիճակը ծանրացել է։ Փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը երիկամների աշխատանքի խափանումը բժիշկներին ստիպեց անմիջապես անցնել հեմոդիալեզի կիրառմանը։ Փետրվարի վերջին Տիտոյի մոտ ի հայտ է եկել թոքերի բորբոքում։ Բարձր ջերմությունը և ստամոքսում, աղիքներում և թոքերում արյունահոսությունը հանգեցրեցին սեպսիսի, որն ուժեղացավ մարտ ամսվա ընթացքում։ Ապրիլին Տիտոն շոկ (ցնցակաթված) տարավ և ընկավ կոմայի մեջ՝ լյարդի վնասման և հաջորդած դեղնախտի արդյունքում։

Փետրվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում Տիտոյի առողջական վիճակը գնահատվել է որպես ծանր, մարտի 9-ից սկսած՝ խիստ ծանր, ապրիլի 18-ից՝ ծայրահեղ ծանր, իսկ ապրիլի 22-ից՝ կրիտիկական ծանր, որն ուղեկցվել է շոկով և կոմայով։ Մայիսի 4-ի առավոտյան բժիշկները գրանցել են սրտանոթային վառ արտահայտված անբավարարություն և սրտի թույլ աշխատանք։

Թաղման հեռարձակման նախապատրաստություններ

խմբագրել

1980 թվականի հունվարի 5-ին Վեչեի գործադիր միության շենք են ժամանել Բելգրադի հեռուստատեսության մեկնաբան Միլան Վուկոսը, գլխավոր տնօրեն Դուշան Միտևիչը և ռեժիսոր Մոմա Մարտինովիչը՝ վեչեի նախագահի տեղակալ Դրագոլյուբ Ստավրևի հետ հանդիպման համար։ Հանդիպումը տեղի է ունեցել խիստ գաղտնիության մթնոլորտում կեսգիշերին մոտ։ Ստավրևը հայտնել է, որ տեղյակ չէ մարշալ Տիտոյի ինքնազգացողության մասին և կոչ արեց նրանց պատրաստել հաղորդագրություն ու թաղման պլան այն դեպքում, եթե Իոսիպ Բրոզը կմահանա։ Պլանը ստացել է «Օր Դ + 4» կոդավորված անվանումը և բացվել հետևյալ կերպ։ Տիտոյի մահվանից հետո չորս օրվա ընթացքում անհրաժեշտ կլինի մշակել հրաժեշտի արարողության և թաղման արարողության մանրակրկիտ պլան։ Արարողությունը պետք է տեղի ունենար Ծաղիկների տան ձմեռային այգում, որը գտնվում էր Ուժիցկի փողոցի 15 տուն հասցեում։ Նախկինում պետական հեռուստատեսությունը երբեք չէր կարողացել մտնել այդ տարածք։ Տեսախցիկների բաշխումը համակարգել է Հարավսլավիայի ազգային բանակի ղեկավարությունը։

Մոմո Մարտինովիչը Միլան Վուկոսի հանձնարարությամբ նշանակվել է թաղման արարողության ռեժիսոր և կազմել հետևյալ պլանը. թաղման լուսաբանման համար լրագրողներին տրամադրել 10 ավտոմեքենաներ և 39 հեռուստախցիկներ։ Պլանի ներկայացումից հետո գլխավոր տնօրենը կանչել է Հարավսլավիայի հեռուստատեսության բոլոր հմուտ ռեժիսորներին և հայտնել նրանց Գործադիր վեչեի կողմից տրամադրված տեղեկատվության մասին։ Թիմը դիտարկել է Ուինսթոն Չերչիլի, Ջոն Քենեդու և մյուս հայտնի քաղաքական գործիչների թաղման արարողությունների տեսագրությունները։ Բելգրադի հեռուստատեսության երկրորդ հաղորդման տնօրեն Բորիվոյե Միրկովիչը BBC-ից նույնիսկ ստացել է Լուիս Մաունթբեթենի թաղման տեսագրությունը։ Այդ արարողությունը համարվել է լավագույներից մեկը, որը կարելի է օգտագործել Տիտոյի թաղման պլանի մշակման համար։ Միոդրագ Զդրավկովիչը ստացել է հանձնարարական Հարավսլավիայի կոմունիստների միության կենտկոմում կարդալ Տիտոյի մահվան մասին նորությունը։ Սակայն պլանը պահվել է խիստ գաղտնիության պայմաններում, ընդհուպ մինչև Տիտոյի կյանքի վերջին օրը։

Մայիսի 4-8

խմբագրել

1980 թվականի մայիսի 4-ին Բելգրադի ժամով ժամը 15։05-ին Լյուբլյանայի կլինիկական կենտրոնի սրտանոթային հիվանդությունների բաժանմունքում մահացել է Իոսիպ Բրոզ Տիտոն։ Տիտոն մահացել է իր 88 ամյակի լրացումից երեք օր առաջ։ Տիտոն չի կարողացել դիմանալ վիրահատության հետևանքներին և դուրս չի եկել կոմայից։ 18։00-ին տեղի է ունեցել Հարավսլավիայի նախագահության և կոմունիստների միության կենտկոմի արտահերթ նիստը, որի ժամանակ կազմվել է նախագահության և կոմունիստների միության կենտկոմի միացյալ հայտարարությունը Իոսիպ Տիտոյի մահվան կապակցությամբ։ Համաձայն Հարավսլավիայի 1974 թվականին ընդունված սահմանադրության, ընդունվել է որոշում, համաձայն որի նախագահության և պետության ղեկավար նշանակվել է Լազար Կոլիշևսկին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Նախագահության փոխղեկավարի պաշտոնը։ Նախագահության փոխղեկավար նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Ցվիետին Միյատովիչը։ Հարավսլավիայի Նախագահության կենտկոմի ղեկավար, համաձայն ստատուտի, նշանակվել է Ստեվան Դորոնսկին։ Միացյալ Գործադիր վեչեի նիստում որոշվել է երկրում հայտարարել յոթնօրյա ազգային սուգ։

1980 թվականի մայիսի 4-ի երեկոյան հեռուստատեսությունը ընդհատվել է 30 վայրկյանով, իսկ հեռուստացույցների էկրանները սևացել են։ Բելգրադի հեռուստատեսության գլխավոր տնօրեն Միոդրագ Զդրավկովիչը կարդացել է հետևյալ տեքստը․

Մահացել է ընկեր Տիտոն։ Այդ մասին երեկ բանվոր դասակարգին, աշխատավորներին և քաղաքացիներին, ազգերին և Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետությանը տեղեկացրել են Հարավսլավիայի կոմունիստների միությունը և Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության նախագահությունը։

Այդ կարճ հաղորդագրությունից հետո Հարավսլավիայի նախագահությունը և կոմունիստների միության կենտկոմի նախագահությունը ընդհանուր հայտարարություն են տարածել․

Ուժեղ ցավը և խորը տխրությունը ցնցել են բանվոր դասակարգին, բոլոր աշխատավորներին և Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության քաղաքացիներին, մեր յուրաքանչյուր մարդկանց, աշխատավորներին, մտավորականներին, պիոներներին, զինվորներին, մայրերին և աղջիկներին… Իր ամբողջ կյանքում Տիտոն եղել է բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների շահերի և պատմական նպատակների, ազնիվ բարձրագույն արժեքներ և ազգերի ու ազգությունների շահերի պաշտպանը ու մարտիկը։ Տիտոն մեր ամենասիրելի ընկերն է։ 7 տասնամյակ նա այրվել է աշխատավորական հեղափոխական շարժման մեջ։ 6 տասնամյակ ամրացրել է հարավսլավցի կոմունիստների շարքերը։ Ավելի քան 4 տասնամյակ նա արժանի կերպով զբաղեցրել է մեր կուսակցության ամենապատվաբեր պաշտոնը։ Եղել է Հարավսլավիայի ազգային-ազատագրական պայքարի և սոցիալիստական հեղափոխության հերոս առաջնորդ։ Երեք ու կես տասնամյակ նա եղել է մեր սոցիալիստական հանրապետության գլխին և ղեկավարել մեր երկիրն ու պայքարը համաշխարհային պատմության մեջ մարդկային նոր հասարակության համար։ Նա իրեն պահել և դրսևորել է որպես պատմական խոշորագույն կերպար։

Հաղորդագրությունը տարածվել է մոտ 18։50-ին՝ հեռուստատեսության և ռադիոյի պետական բարձրագույն ղեկավարության նիստից անմիջապես հետո, իսկ արդեն ուշ երեկոյան հաղորդագրությունը տպագրվել է տպագիր բոլոր թերթերում։

Ցերեկը պետական հեռուստատեսությունը ցուցադրել է Հարավսլավիայի առաջին լիգայի ֆուտբոլային հանդիպումները։ Երեկոյան պետք է տեղի ունենար Սպլիտ քաղաքի դերբին՝ «Հայդուկ» և «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբների միջև, որը պետք է ցուցադրվեր պետական հեռուստատեսությամբ։ Խաղի 41-րդ րոպեին երեք անձինք մտել են դաշտ և մրցավարից պահանջել կանգնեցնել խաղը։ Սպլիտի քաղաքապետ Անտե Սկատարետիկոն վերցնելով միկրոֆոնը՝ մարզադաշտին հայտնել է Տիտոյի մահվան լուրը։ Նորությունը շոկ է եղել հանդիսատեսի, ֆուտբոլիստների և մրցավարների համար։ Ֆուտբոլիստներից ոմանք, ինչպես օրինակ Զլատկո Վույովիչը նստել է գետնին և սկսել աղեկտուր լացել։ Գույժից հետո ֆուտբոլիստները և մրցավարները հավաքվել են դաշտի կենտրոնում, որպեսզի հարգեն առաջնորդի մահը։ Այն բանից հետո, երբ մարզդադաշտի պաշտոնական խոսնակը արտասանել է «Թող նա հանգչի խաղաղությամբ», ամբողջ մարզադաշտը (50 հազար երկրպագուներ) սկսել են երգել այս երգը․ «Ընկեր Տիտո, մենք քեզ երդվում ենք, որ երբեք չենք շեղվի ձեր ճանապարհից» (սերբ.՝ Друже Тито ми ти се кунемо, да са твог пута никад не скренемо)։ Խաղը շարունակվել է մի փոքր ուշ։

 
«Կապույտ գնացքը»

Մայիսի 5-ին Լյուբլյանայից Բելգրադ «Սգո գնացքով» բերվել է Իոսիպ Բրոզ Տիտոյի մարմինը և տեղադրվել Հարավսլավիայի խորհրդարանի շքերթների սրահում, որտեղ հավաքվել են պետական պաշտոնյաները և հասարակ քաղաքացիները, որպեսզի հրաժեշտ տան Հարավսլավիայի առաջնորդին։ Հոգեհանգստի քաղաքացիական արարողությունը կազմակերպվել է աշխատավորական կազմակերպությունների կողմից։ Աշխատավորական կազմակերպությունների բոլոր անդամները պարտավոր էին ներկայանալ հոգեհանգստի արարողությանը։ Որոշ մարդիկ սպասել են մինչև 15 ժամ, որպեսզի կարողանան մտնել կառույց։ Որոշ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, սակայն բժշկական բրիգադները տարածքում են եղել ողջ օրը և հիվանդներին անմիջապես տեղափոխել հիվանդանոց։

Մայիսի 7-ին ավելի քան 200 պատվիրակություններ ժամանել են միության խորհրդարանի շենք, որպեսզի հրաժեշտ տան մարշալին։ Հոգեհանգստի արարողությունը ավարտվել է մայիսի 8-ին ժամը 08։00-ին։

Թաղում

խմբագրել
 
Ծաղիկների տուն

Մայիսի 8-ին, պատվո պահակախմբի հրաժեշտից հետո, որը բաղկացած էր Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության և Կոմունիսնտրի միության կուսակցության նախագահությունների անդամներից, Իոսիպ Բրոզ Տիտոյի դագաղը տարել են Հարավսլավիայի ազգային բանակի 8 ծովակալներ և գեներալներ։ Ստեվան Դորոնսկին հանդես է եկել Տիտոյի մահվան վերաբերյալ ճառով, որից հետո թափորը շարժվել է իշխան Միլոշի փողոցով և Հոկտեմբերյան ճեմուղիով ընդհուպ մինչև Մայիսի 25-ի թանգարան։ Վերջին ճառը Ծաղիկների տան և արտասահմանյան պատվիրակությունների համար նախատեսված տրիբունաների դիմաց արտասանել է Կազար Կոլիշևսկին։ «Ինտերնացիոնալի» հնչյունների ներքո ժամը 15։00-ից հետո դագաղը հանել են Ծաղիկների տնից։ Հեռուստատեսությամբ չի ցուցադրվել դագաղը հողի մեջ դնելու գործընթացը, այդ իսկ պատճառով որոշ մարդիկ կասկածում են, թե արդյոք թաղվել է Իոսիպ Բրոզ Տիտոն։ Հարցեր են առաջացնում նաև այն փաստը, որ դագաղի վրա առկա չի եղել կարմիր հնգաթև աստղը։

Հաջորդող 10 տարիների ընթացքում ամեն տարի մայիսի 4-ին ժամը 15։05-ին ամբողջ Հարավսլավիայով միացվել են ազդանշանները՝ ի պատիվ Տիտոյի մահվան։ Այդպիսով հայտարարվում էր լռության րոպե։

Թաղման արարողության մասնակիցներ

խմբագրել
 
     Պետություններ, որոնք ուղարկել են պաշտոնական պատվիրակություններ      Պետություններ, որոնք ուղարկել են պատվիրակություններ միայն իրենց կուսակցություններից      Պետություններ, որոնք չեն ուղարկել պատվիրակություններ

124 արտասահմանյան պատվիրակություններ մասնակցել են թաղմար արարողությանը, ընդորում ներկա են եղել 38 երկրների ղեկավարներ (թագավորներ և նախագահներ), 5 արքայազներ, 7 փոխնախագահներ, խորհրդարանների 6 խոսնակներ, 10 վարչապետներ, 3 փոխվարչապետներ, արտաքին գործերի 12 նախարարների, կառավարությունների 20 անդամներ և 21 պետական գործիչներ, ինչպես նաև կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Թաղման արարողությանը ներկա են եղել․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Specialist consults on Tito». Lodi News. 7. 1. 1980.
  2. «Raj u koji Broz nije stigao». Blic. 2 Maj 2010. Վերցված է 2 Maj 2010-ին.

Գրականություն

խմբագրել
  • Југославија о Титу 1980. Новинска агенција «Танјуг», Београд и НИРО «Комунист», Београд 1980. година.
  • Било је часно живјети с Титом. «Младост» Загреб и «Просвјета» Загреб, 1981. година.
  • Титова последња битка. «Народна књига» Београд 1981. година.