Լաթերանի բազիլիկ եկեղեցի
Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկ (իտալ.՝ Arcibasilica Papale di San Giovanni in Laterano), մայր եկեղեցի Իտալիայում՝ Հռոմում։ Հանդիսանում է Հռոմի Պապի եպիսկոպոսական աթոռը, կամ նստավայրը։ Հայտնի է նաև որպես Լաթերանյան բազիլիկ։ Հռոմում գտնվող չորս գլխավոր հայրապետական բազիլիկներից ամենահինն է, ինչպես նաև արևմուտքի ամենահին եկեղեցին է[2][3]։ Կրում է «հռոմեական կաթոլիկ հավատացյալների տիեզերական մայր տաճար» կոչումը։ Ներկայումս եկեղեցու արքեպիսկոպոսը Ագոստինո Վալլինին է՝ Հռոմի գլխավոր թեմի փոխանորդ կարդինալը[4]։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լաթերանյան բազիլիկի ex officio է՝ «առաջին և միակ պատվավոր կանոնիկոսը», տիտղոս, որը տրվել է Ֆրանսիայի ղեկավարներին Հենրի IV արքայից սկսած։
Լաթերանի բազիլիկ եկեղեցի Arcibasilica Papale di San Giovanni in Laterano | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար, մեծ բազիլիկ, պապական բազիլիկա, ծխական եկեղեցի, տեղական հատուկ եկեղեցի և հայրապետական բազիլիկ |
Երկիր | Վատիկան |
Տեղագրություն | Վատիկան |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Մասն է | Հռոմի պատմական կենտրոն, Լատերան, Extraterritorial properties of the Holy See? և Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Մկրտիչ և Աշխարհի փրկիչ |
Անվանված | Հիսուս, Հովհաննես Մկրտիչ և Հովհաննես Ավետարանիչ |
Ճարտարապետ | Ֆրանչեսկո Բորրոմինի և Alessandro Galilei? |
Հիմնադիր | Մելքիադես |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն և նեոդասական ճարտարապետություն |
73 մետր | |
Երկարություն | 140 մետր |
Լայնություն | 73 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Archbasilica of Saint John Lateran Վիքիպահեստում | |
vatican.va/various/basiliche/san_giovanni/index_it.htm |
Բազիլիկի ճակատամասի վրա լատիներենով գրված մեծ մակագրություն է. «Clemens XII Pont Max Anno V Christo Salvatori In Hon SS Ioan Bapt et Evang»: Թարգմանաբար նշանակում է. «Կղեմենտ XII Պապը (իր պապության) չորրորդ տարում նվիրել է այս կառույցը Հիսուս Ամենափրկչին, ի պատիվ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հովհաննես Աստվածաբանի»[5]։ Մակագրությունը վերնագրով հանդերձ նշանակում է, որ բազիլիկը նվիրված է եղել Հիսուս Ամենափրկչին, իսկ դարեր հետո՝ նաև Հովհաննես Մկրտչին և Հովհաննես առաքյալին։ Սան Ջիովանի ին Լաթերանոն Հռոմի մյուս բոլոր կաթոլիկ եկեղեցիների (Սուրբ Պետրոսի տաճարը ներառյալ) վերադասն է և միակը, որ կրում է "Archbasilica" կոչումը։ Լաթերանյան բազիլիկը գտնվում է Հռոմ քաղաքում՝ Վատիկանից 4 կմ. հեռավորության վրա։ Բազիլիկը և նրան հարող շինությունները ունեն արտատարածքային կարգավիճակ, որպես Սուրբ Աթոռի սեփականություն, և ըստ 1929 թվականի Լաթերանյան համաձայնագրի, գտնվում են վերջինիս ինքնիշխանության ենթակայության տակ[6]։
Ստուգաբանություն
խմբագրելԲազիլիկի լատիներեն անվանումն է Archibasilica Sanctissimi Salvatoris et Sanctorum Iohannes Baptista et Evangelista in Laterano, իսկ իտալերեն՝ Arcibasilica [Papale] del Santissimo Salvatore e Santi Giovanni Battista ed Evangelista in Laterano, որը նշանակում է Ամենասուրբ Փրկչի, Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Հովհաննես առաքյալի բազիլիկ Լաթերանում։
Լաթերանյան պալատ
խմբագրելԲազիլիկը կանգնեցված է Castra Nova equitum singularium (Հռոմեական կայսեր պահակախմբի նոր ամրոց) ամրոցի ավերակների վրա։ Ամրոցը հիմնադրվել էր Սեպտիմիոս Սևերոսի կողմից 193 թվականին։ Միլվիան կամրջի ճակատամարտում Կոստանդիանոս Մեծը հաղթեց Մաքսենտիուսին (որի համար կռվել էր կայսեր պահակախումբը), որից հետո պահակախումբը վերացվեց, իսկ ամրոցը քանդվեց։ Ամրոցի մնացորդները գտնվում են ուղիղ նավի տակ։
Վաղ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում Լաթերանի տոհմը տիրացել էր այդ տարածքին։ Սեքստոս Լաթերանոսը առաջին պլեբեյն էր, որը հասել էր կոնսուլի աստիճանի, իսկ Լաթերանիները մի քանի կայսրերի համար ծառայում էին որպես կառավարիչներ։ Լաթերանիներից մեկը՝ Պլաուտիուս Լաթերանոսը, Ներոնի կողմից մեղադրվեց կայսեր դեմ դավադրություն կազմակերպելու համար։ Արդյունքում բռնագրավվեց և վերաբաշխվեց նրա ունեցվածքը։
Կոստանդիանոս Մեծը տիրացավ պալատին, որը հետո նվիրաբերեց Հռոմի եպիսկոպոսին։ Ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն գիտնականները շահարկում են Միլթիադես Պապի ժամանակաշրջանը (313 թ)։ Պալատի բազիլիկը կրոնափոխվեց և ընդլայնվեց 314 թվականին Սեղբեստրոս I Պապի օրոք։ Ի վերջո այն դարձավ Հռոմի Մայր տաճար և պապերի նստավայր[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լաթերանը և նրան հարող շինությունները Պիուս XII Պապի կողմից օգտագործվել են որպես ապահով հանգրվան բազմաթիվ հրեաների և գաղթականների համար, որոնք թաքնվում էին նացիստներից և իտալացի ֆաշիստներից[8]։ Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկի ներսում կան վեց պահպանված պապական դամբարաններ ( Ալեքսանդր III, Սերգիուս IV, Կղեմենտ XII, Մարտինոս V, Իննոկենտիոս III և Լևոն XIII ): 10-րդ դարից սկսած տասներկու պապական դամբարաններ ևս կառուցվել են բազիլիկում, բայց դրանք ոչնչացվել են երկու հրդեհների (1308թ. և 1361թ.) ժամանակ։
Կաթոլիկ եկեղեցու քրիստոնեական տարվա տոներից է «Բազիլիկի ընծայման տոնը», որը ողջ աշխարհում նշվում է ամեն տարի նոյեմբերի 9-ին։
Սեղբեստրոս I Պապը, որ 324 թվականին գլխավորում էր բազիլիկի և հարակից Լաթերանյան պալատի պաշտոնական նվիրաբերումը, հայտարարում է, որ նրանք երկուսն էլ պետք է լինեն "Domus Dei" ("Աստծո տուն"): Պապական եպիսկոպոսական աթոռը տեղակայվեց բազիլիկում։ Բազիլիկի առջևի պատին, գլխավոր շքամուտքերի միջև նկարատախտակ կա` հետևյալ բառերով. "Sacrosancta Lateranensis ecclesia omnium urbis et orbis ecclesiarum mater et caput", որը թարգմանվում է «Ամենասուրբ Լաթերանյան եկեղեցի, քաղաքի և ողջ աշխարհի բոլոր եկեղեցիներից, մայրն ու գլխավորը». բազիլիկի տեսանելի նշումը հռչակում է այն որպես ողջ աշխարհի «մայր եկեղեցի»։ Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկը և Լաթերանյան պալատը նվիրաբերվել են երկու անգամ։ Սերգիոս III Պապը 10-րդ դարում նվիրաբերել է այն Հովհաննես Մկրտչին՝ ի պատիվ նոր օծված մկրտարանի։ 12-րդ դարում Լուցիոս II Պապը նվիրաբերել է Հովհաննես Աստվածաբանին։ Բազիլիկը դարձել է այս երկու սրբերի ամենակարևոր սրբարանը։ Վերջին տարիներին Լաթերանյան պալատում հաստատվել է Բենեդիկտյան մենաստանը, որը նվիրված է ծառայելու բազիլիկին և երկու սրբերին։ Բոլոր պապերը՝ Միլթիադեսից մինչև Կղեմենտ V, հատատվել են Լաթերանյան պալատում։ 1309 թվականին վերջինս պապական աթոռը տեղափոխեց Ավինյոն՝ պապական կալվածք Ֆրանսիական գավառում։ Հինգ տիեզերական ժողովները նույնպես անցկացվել են Լաթերանյան պալատում։
Լաթերանյան հրդեհ
խմբագրելԵրբ պապական աթոռը տեղափոխվեց Ավինյոն, Լաթերանյան պալատը և բազիլիկը անտեսվեցին։ 1307 և 1361 թվականների հրդեհները ավերեցին շինությունները։ Պապը գումար ուղարկեց Ավինյոնից, որպեսզի վճարի նրանց վերակառուցման և պահպանման համար։ Այդուհանդերձ պալատը և բազիլիկը կորցրեցին իրենց նախկին հմայքը։ Երբ պապական աթոռը Ավինյոնից վերադարձավ Հռոմ, բազիլիկն ու պալատը չէին համապատասխանում որպես նստավայր, և պապերը հաստատվեցին Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկում, իսկ ավելի ուշ՝ Սանտա Մարիա Մաջորեում։ Ի վերջո Վատիկանի պալատը կառուցվեց Սուրբ Պետրոսի տաճարին կից, և այդուհետ պապերը շարունակեցին ապրել այնտեղ, բացառությամբ Ֆրանցիկոս Պապի, որն ապրում էր Վատիկանում Domus Sanctae Marthae հյուրատանը։
Վերակառուցում
խմբագրելՄինչ կիրականացվեր Սիքստոս V Պապի վերջնական ծրագիրը, եղել են մի քանի վերակառուցման փորձեր։ Պապը վարձեց իր սիրելի ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանային, որ հսկեր նախագիծը։ Նախնական Լաթերանյան պալատը քանդվեց և փոխարինվեց նոր շենքով։ Պալատի դիմաց, հրապարակի կենտրոնում աշխարհի ամենամեծ կանգուն սյունն է, հայտնի է որպես Լաթերանյան կոթող։ Այն կշռում է 455 տոննա։ Պատվիրել է եգիպտական Թութմոս III փարավոնը, իսկ կանգնեցվել է Թութմոս IV կողմից Եգիպտոսում Կարնակ տաճարի դիմաց։ Կոստանդնուպոլիս գնալու փոխարեն մտազբաղ Կոստանդիոս II նավարկում է դեպի Հռոմ, որտեղ էլ սյունը 357 թվականին կանգնեցվում է Մեծ Կրկեսում։ Որոշ ժամանակ անց կոտրվում է և թաղվում Կրկեսի տակ։ 16-րդ դարում հայտնաբերվում է և պեղվում, իսկ Սիքստոս V Պապը վերստին կանգնեցնում է պատվանդանի վրա իր ներկայիս տեղում, 1588 թվականի օգոստոսի երեքին[9][10][11]։ Բազիլիկի ինտերիերի վերականգնումը իրականացել է Ֆրանչեսկո Բորրոմինիի հսկողությամբ, իսկ լիազորել է Իննովկենտիոս X Պապը։ Նրա ճարտարապետական նախագծով ստեղծվեցին 12 որմնախորշեր, որոնցում 1718 թվականին տեղադրվեցին 12 առաքյալների արձանները՝ կերտված հռոմեական ամենանշանավոր քանդակագործների կողմից։
Կղեմենտ XII Պապը նոր ճակատամասի ձևավորման համար մրցույթ է հայտարարում։ Ավելի քան 23 ճարտարապետ մրցում են, և հաղթող է ճանաչվում Ալեսսանդրո Գալիլեյը։ Ճակատամասը, որը մնայուն է մինչև օրս, ավարտվել է 1735 թվականին։ Գալիլեյի ճակատամասը հեռացրեց բոլոր՝ ավանդական, հին բազիլիկական ճարտարապետության հետքերը և տվեց նեո-դասական ճակատամաս։
Ճարտարապետության պատմություն
խմբագրելԱբսիդը պատված է խճանկարով, որի կենտրոնում Հիսուսն է։ Նա առաքյալներին տալիս է իրենց առաքելությունները։ Ձախ կողմում նա Աստծո թագավորության բանալիները տալիս է Սուրբ Սիլվեստր Պապին և լաբարոնը՝ Կոստանդիանոս կայսրին։ Աջ կողմում Սուրբ Պետրոսը Պապը պապական ուրարը տալիս է Լևոն III Պապին և դրոշակը՝ Կառլոս Մեծին։ Նախորդ շինությունների մի քանի մնացուկները դեռևս կարելի է տեսնել քաղաքի պարիսպներում, Porta San Giovanni դարբասից դուրս, իսկ մի ընդարձակ պատ՝ զարդարված նկարներով, բացվել է 18-րդ դարում բազիլիկի ներսում։ 1880 թվականի պեղումների ընթացքում հին շինությունների մի քանի մնացորդներ ևս վեր հանվեցին, երբ ընթանում էին աբսիդը ընդլայնելու աշխատանքները։ Սակայն ոչ մի կարևոր բան չհրապարակվեց։ 897 թվականի երկրաշարժը համարյա ամբողջապես ոչնչացրեց բազիլիկը՝ ab altari usque ad portas cecidit ("խորանից մինչև դուռ փլուզվեց"): Վնասն այնքան մեծ էր, որ դժվար էր գտնել հին շինության սահմանները։ Սակայն նոր շինությունը կառուցվեց նախորդի չափսերով։ Այս երկրորդ բազիլիկը կանգուն մնաց 400 տարի։ 1308 թվականի հրդեհի ժամանակ այն այրվեց։ Կղեմենտ V և Հովհաննես XXII պապերը վերակառուցեցին բազիլիկը։ 1360 թվականին կրկին բազիլիկը հրդեհվեց։ Վերակառուցվեց Ուրբանոս V Պապի կողմից։ Չնայած փոփոխականությանը Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկը պահպանեց իր հին ձևը։ Ճակատամասն ուներ երեք պատուհան և զարդարված էր խճանկարով, որում Հիսուսն էր՝ որպես աշխարհի Ամենափրկիչ։ Սյունասրահները ֆրեսկոապատ էին, հավանաբար արվել էին 12-րդ դարից ոչ շուտ։ Նվիրված էին Վեսպասիանոսի ժամանակաշրջանի հռոմեական նավատորմին, Երուսաղեմը գրավելուն, Կոստանդիանոս կայսեր մկրտությանը և նրա «Donatio Constantini» դեկրետին, ըստ որի Հռոմեական կայսրության արևմտյան մասը տրվում էր Կաթոլիկ եկեղեցուն։ Վերակառուցումներից մեկի ժամանակ, ենթադրաբար, որը իրականացվում էր Կղեմենտ V Պապի կողմից, ներկառուցվեց լայնակի նավ, որն անկասկած կրկնում էր Սուրբ Պողոսի բազիլիկին։ Հավանաբար հենց այս ժամանակ էլ բազիլիկը ընդարձակվեց։ Հին շինությունների որոշ մասեր մնացել են։ Դրանցից են միջնադարյան «cosmatesco» ոճով սալիկապատված աշխատանքը, Սուրբ Պետրոսի և Պողոսի արձանները, որոնք ներկայումս գավիթում են։ Բարձր խորանի վերևում նրբագեղ ամպհովանին էր, որը թվագրվում է 1369 թվականին։ Կարմիր մարմարից գահը, որի վրա նստում էին պապերը, ներկայումս Վատիկանի թանգարաններում է։ 5-րդ դարից սկսած կային 7 աղոթատեղիներ, որոնք շրջապատում էին բազիլիկը:Սրանք հետագայում վերածվեցին եկեղեցիների։ Այս աղոթատեղիները այցելելու նվիրվածությունը պահպանվել է միջնադարից, որը տեղիք է տվել յոթ խորանների նվիրվածությանը, որը դեռևս տարածված է շատ հռոմեական եկեղեցիներում և այլուր։ Ալեսսանդրո Գալիլեյի ճակատամասը (1735թ.) գնահատվել է որպես պալատի ճակատամաս, այլ ոչ թե եկեղեցու։ Գալիլեյը նախագծեց՝ ընդգրկելով կամարանցումների շրջանակը, տարածեց կենտրոնական պատուհանը՝ կողաշարելով սյուներով, որոնք պահում էին կամարը։ Կենտրոնական ելուստը Գալիլեյը թեթևակի առաջ է բերել և ծածկել ֆրոնտոնով, որը երիզվում է տանիքի ճաղաշարքին։ Շքամուտքը վիթխարի է, շրջափակված է մի զույգ կորնթոսյան սյուներով, որոնք միասին կապում են ճակատամասն այնպես, ինչպես Միքելանջելոյի Կապիտոլիումի պալատում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ "Papal basilicas". vatican.va. Վերցված է փետրվարի 18-ին, 2016 թ.
- ↑ Pope Benedict XVI's theological act of renouncing the title of "Patriarch of the West" had as a consequence that the "patriarchal basilicas" are now officially known as "Papal basilicas.
- ↑ "Basilica Papale" (in Italian). Vicariatus Urbis: Portal of the Diocese of Rome. Վերցված է 2013-11-07.
- ↑ Landsford, Tyler (2009).The Latin Inscriptions of Rome: A Walking Guide. JHU Press. Վերցված է հոկտեմբերի 21-ին, 2014 թ.
- ↑ The Archbasilica is within Italian territory and not the territory of the Vatican City State. (Lateran Treaty of 1929, Article 15 (The Treaty of the Lateran by Benedict Williamson; London: Burns, Oates, and Washbourne Limited, 1929; pages 42–66) Արխիվացված 2018-05-23 Wayback Machine) However, the Holy See fully owns the Archbasilica, and Italy is legally obligated to recognize its full ownership thereof (Lateran Treaty of 1929, Article 13 (Ibidem Արխիվացված 2018-05-23 Wayback Machine)) and to concede to it "the immunity granted by International Law to the headquarters of the diplomatic agents of foreign States" (Lateran Treaty of 1929, Article 15 (Ibidem) Արխիվացված 2018-05-23 Wayback Machine).
- ↑ "Arcibasilica Papale San Giovanni in Laterano – Cenni storici" (in Italian). Holy See. Վերցված է 2013-11-07.
- ↑ Marchione, Margherita. Yours Is a Precious Witness: Memoirs of Jews and Catholics in Wartime Italy, Paulist Press, 2001 ISBN 9780809140329
- ↑ Fanny Davenport and Rogers MacVeagh, Fountains of Papal Rome (Charles Scribner's Sons, 1915), pp. 156 et seq.
- ↑ Lunde, Paul (March–April 1979)."A Forest of Obelisks". Saudi Aramco World. Houston, Texas: Aramco Services Company. pp. 28–32. Վերցված է 2013-11-07.
- ↑ PBS:NOVA:A World of Obelisks-Rome
Մատենագրություն
խմբագրել- Barnes, Arthur S. (1913). Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. . In Herbermann, Charles (ed.).
- Claussen, Peter C.; Senekovic, Darko (2008). S. Giovanni in Laterano. Mit einem Beitrag von Darko Senekovic über S. Giovanni in Fonte, in Corpus Cosmatorum, Volume 2, 2. Stuttgart: Franz Steiner Verlag. ISBN 3-515-09073-8.
- Krautheimer, Richard; Frazer, Alfred; Corbett, Spencer (1937–77). Corpus Basilicarum Christianarum Romae: The Early Christian Basilicas of Rome (IV–IX Centuries). Vatican City: Pontificio Istituto di Archeologia Cristiana (Pontifical Institute of Christian Archaeology). OCLC 163156460.
- Webb, Matilda (2001). The Churches and Catacombs of Early Christian Rome. Brighton: Sussex Academic Press. էջեր 41. ISBN 1-902210-57-3.
- Lenski, Noel (2006). The Cambridge Companion to the Age of Constantine. Cambridge: Cambridge University Press. էջ 282. ISBN 0-521-52157-2.
- Stato della Città del Vaticano (2009). «Arcibasilica Papale Di San Giovanni In Laterano» (Italian). Holy See. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- High-resolution virtual tour of St. John Lateran, from the Vatican.
- Satellite Photo of St. John Lateran
- Constantine's obelisk
- San Giovanni in Laterano Արխիվացված 2011-07-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաթերանի բազիլիկ եկեղեցի» հոդվածին։ |