Լեռնիկ Վարդանյան
Լեռնիկ Արեգի Վարդանյան (1978, Քարին տակ, Շուշիի շրջան, ԼՂԻՄ - սեպտեմբերի 27, 2020, Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ռազմական գործիչ, Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմի զինծառայող, Դրմբոնի դեսանտագրոհային գումարատակի հրամանատար, ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, 44-օրյա պատերազմի մասնակից[1][2]։
Լեռնիկ Վարդանյան | |
---|---|
1978 - սեպտեմբերի 27, 2020 | |
Ծննդավայր | Քարին տակ, Շուշիի շրջան, ԼՂԻՄ |
Մահվան վայր | Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | Արցախ |
Կոչում | ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ |
Պաշտոն | Դրմբոնի դեսանտագրոհային գումարատակի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ |
Կրթություն | Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելԼեռնիկ Վարդանյանը ծնվել է 1978 թվականին, ԼՂԻՄ-ի Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում[1][2]։ Սովորել է Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որից հետո, ռազմական ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում[1]։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին, որից հետո ծառայությունը շարունակել է դիրքերում[1]։ 44-օրյա պատերազմից 9 ամիս առաջ նշանակվել է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի հրամանատար[2]։
44-օրյա պատերազմ
խմբագրել2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։ 00-ին, Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի 2-րդ ու 4-րդ դասակները և առանձին ստորաբաժանումներ՝ ընդհանուր մոտ 60 զինծառայող, գումարտակի հրամանատար Լեռնիկ Վարդանյանի գլխավորությամբ հասնում են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի 165-րդ դիրք, որը գտնվում էր երկրորդ բնագծում[2]։ Առաջին գծի մի քանի դիրք արդեն գրավել էին ադրբեջանական ստորաբաժանումները[2]։ Գումարտակի մի մասը տեղակայվում է 165-րդ դիրքի խրամատներում[2]: Մի քանի րոպե անց սկսվում է հրետակոծություն, որին հաջորդում է տանկային գրոհ գումարտակի զբաղեցրած դիրքի ուղղությամբ, խոցվում են դիրքի ստորոտում կայանված երեք «Ուրալ»-ները և Լեռնիկ Վարդանյանի «ՈւԱԶ»-ը[2]: Լեռնիկ Վարդանյանը գտնվում էր 165-րդ դիրքի առջևում՝ մոտ 70 մ հեռավարության վրա գտնվող հրամանատարական դիտակետում[2]։
Լեռնիկ Վարդանյանի զոհվելու հանգամանքների մասին տեղեկություններ հաղորդում է գումարտակի 2-րդ դասակի նռնակաձիգ Վանուշ Պողոսյանը, որին գումարտակի հրմանատարը հրահանգել էր նռնականետով դիրքավորվել հրամանատարական դիտակետի մոտակա բարձունքում[2]։ Վանուշ Պողոսյանը պատմում է, որ ժամը 11։ 40-ին հրամանատարական դիտակետի վրա տանկի կրակոցից վիրավորվում է գումարտակի հրամանատարը, իսկ այդ պահին բլինդաժում եղել են ինքը, հրամանատարը և Մատաղիսի ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արշակ Ավագիմյանը[2]։ Մի քանի րոպե անց, տանկի երկրորդ հարվածից զոհվում է Արշակ Ավագիմյանը[2]։ Մոտ կես ժամ անց, Վանուշ Պողոսյանը վերադառնալով դիտակետ, նկատում է, որ հրամանատարը դիտակետից զառիվայրով իջել է դեպի ճանապարհ և «պառկած է գետնին»[2]։ Նա իջնում է հրամանատարի մոտ[2]: Վանուշ Պողոսյանը պատմում է, որ մոտենալով հրամանատարին, ստուգել է զարկերակը և հասկացել, որ անոթազարկ չկա[2]։ Ապա կապվել է հրամանատարի տեղակալ Մարատ Իսրայելյանի հետ և զեկուցել տեղի ունեցածի մասին[2]։ Վերջինս հրամայել է վերադառնալ մարտական դիրք[2]։ Դիրքի վրա շարունակվել է ինտենսիվ կրակը ու երբ կրակը թեթևացել է, ժամը 4-5-ի միջակայքում, գումարտակի շտաբի պետ Արթուր Ֆահրադյանը զինծառայողի հետ իջնում են հրամանատարի մոտ, ում մոտ կենդանության նշաններ չկային և ստուգում զարկերակը, ապա նկատում են «նրա ոտքերի վրայով անցած տեխնիկայի հետքեր»[2]։
Սեպտեմբերի 28-ին Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է զոհվածների անունները, որոնց մեջ նշված է եղել Լեռնիկ Վարդանյանի անունը[1][2][3]:
ԴՆԹ փորձաքննության արդյունքներ
խմբագրելԹալիշի մարտերում զոհված Լեռնիկ Վարդանյանը համարվում է անհետ կորած, իսկ նրա հարազատները համարում են, որ նա չի զոհվել ու գտնվում է գերության մեջ[2]։ Լեռնիկ Վարդանյանի հայրը՝ Արեգ Վարդանյանը, նշում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն որդուց[2]։ Միայն տեղեկացել են, որ պատերազմից հետո՝ նոյեմբերին, մարտադաշտից հայտնաբերված զինվորականների անճանաչելի աճյուններն ու մասունքները փորձաքննության են ենթարկել[2]։ Հարազատներին ասել են, որ համընկնում կա իրենց տված ԴՆԹ-ի անալիզների և հայտնաբերված մասունքների միջև[2]։ Սակայն Լեռնիկ Վարդանյանի հարազատները փորձաքննության արդյունքներին չեն վստահել և արտերկրում կրկնակի փորձաքննության են տարել, ինչը իրենց խոսքերով, չի համընկել[2]։ Լեռնիկ Վարդանյանի կինը՝ Լյուդմիլա Վարդանյանը, պատմում է, որ դեպքի օրը՝ սեպտեմբերի 27-ի՝ ժամը 13։ 55-ին, խոսել է Լեռնիկի հետ[2]։ Կինը պնդում է, որ հայտնաբերված մարմինը Լեռնիկինը չէր, քանի որ ուներ անհամապատասխանություններ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր». yelaket.am. 2020 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 «Լեռնիկ Վարդանյան. դեսանտագրոհային գումարտակի հրամանատարը». hetq.am. 2022 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Զոհված զինծառայողների թվում կին կա․ ՊԲ-ն հայտնել է անունները». panarmenian.net. 2020 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 22-ին.