Հայաստանի երգի պետական թատրոն

Երգի պետական թատրոն, հիմնադրվել է 1994 թվականի ապրիլի 1-ին, Երևանում[1]։

Հայաստանի երգի պետական թատրոն
Հայաստանի երգի պետական թատրոնի շքամուտքը
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվապրիլի 1, 1994
Գեղարվեստական ղեկավարԱրթուր Գրիգորյան

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1994 թվականի ապրիլի 1-ին, Երևանում՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերակազմավորման արդյունքում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ով մինչ այդ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր։

Թատրոնն իր գործունեությունն սկսել է Երևանի Խանջյան 13ա (հետագայում՝ Խանջյան 13/1) հասցեում գտնվող շենքում, որի 2-րդ հարկում գտնվող դահլիճի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են թատրոնի հիմնադիր արտիստների նախաձեռնությամբ և ջանքերով։

Թատրոնի մեկնարկային համերգը կայացել է 1994 թվականի դեկտեմբերին, ելույթ են ունեցել թատրոնի հիմնադիր արտիստները՝ Գրիշա Աղախանյանը, Իդա Ջանիբեկյանը, Արաքսյա Մուշեղյանը, Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Անահիտ Մանուկյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, Արմեն Գևորգյանը, Արթուր Իսպիրյանը, Նունե Եսայանը, Գրիգոր Անտոնյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը, Անահիտ Շարյանը, Ֆորշը, Աշոտ Հախեյանը, Իրինա Դանիելյանը և ուրիշներ։ Թատրոնը զբաղվել է համերգային գործունեությամբ, երաժշտաթատերական ժանրի զարգացմամբ, տաղանդավոր երիտասարդների բացահայտմամբ, բեմական դաստիարակությամբ։ Թատրոնում նախաձեռնվել և իրականացվել են ավելի քան 100 երաժշտական նախագծեր, մրցանակաբաշխություններ, մրցույթ-փառատոներ, որոնցից են՝ «Ասուպ» ամենամյա մրցանակաբաշխությունը, «Այո» շոուները, «Հենց այնպես», «Տես» հեռուստանախագծերը, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, «Ընծա» ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնը, «Հենդելի Մեսսա», «Ուրախ նոտաներ», «Իրական պատմություն» (2009 թվական) և այլ մյուզիքլներ, հեղինակային երեկոներ, մանկական մյուզիքլներ։ Հիմնադրման օրվանից թատրոնի արտիստական կազմը, գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ, համերգային ելույթներով հանդես է եկել Արցախի և Հայաստանի բազմաթիվ զորամասերում, սահմանամերձ գոտիներում, առաջնագծում։ Համերգներով հանդես է եկել նաև Հայաստանի և Արցախի պետական նշանակության տոնական միջոցառումների ժամանակ, Արցախի անկախության և Շուշիի ազատագրման տարելիցներին նվիրված մասսայական միջոցառումներին։

1995 թվականից Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական կազմը համալրվել է մի շարք արտիստներով, ովքեր իրենց երաժշտական գործունեությունն սկսել են հենց թատրոնից. նրանցից են՝ Վարդուհի Վարդանյանը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը, Իրինա Մալխասյանը, Անդրեն, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Տիգրան Պետրոսյանը, Նանե պարախումբը, Արսեն Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Քրիստինե Պեպելյանը, Լիանան, Արման Աղաջանյանը, Արամ Ավագյանը, Արա Մարտիրոսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ռազմիկ Ամյանը, Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Հայկոն, Նարեկ Բավեյանը և այլք։ Որպես հաղորդավար թատրոնում են սկսել իրենց գործունեությունը Արթուր Բախտամյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը և ուրիշներ։

Թատրոնի արտիստական կազմը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ավստրալիայում, Իրանում և այլուր, բարեգործական համերգներով ելույթներ է ունեցել Հայաստանի մանկատների, հաշմանդամ երեխաների համար։

2011 թվականին թատրոնում բեմադրվել է «Կոմիտաս. Եկել եմ» երաժշտական ներկայացումը, որտեղ հանդես են եկել թատրոնի արտիստներ Ռուսլան Էլյազյանը, Միլենա Մելիքյանը, Գրիգոր Կյոկչյանը, Նարե Գրիգորյանը, Անուշ Բադալյանը, Մարտա Կիրակոսյանը և այլք։ Ներկայացումը 2012 թվականին արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի, իսկ գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ Հատուկ մրցանակի։

2019 թվականից թատրոնի շենքում սկսվել է շինարարական աշխատանքներ, հիմնովին վերանորոգվել են նաև թատրոնի ճեմասրահն ու համերգային դահլիճը։

2020 թվականին թատրոնում ստեղծվել է երիտասարդ երաժիշտներից կազմված նվագախումբ, ովքեր 2020 թվականի մարտի 8-ին «Էլվինա 70» խորագիրը կրող մեկնարկային համերգով հանդես են եկել Երևանում։ Համերգը նվիրված է եղել երգչուհի Էլվինա Մակարյանի ծննդյան 70-ամյակին։ Թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, իսկ 2019 թվականի ապրիլից մինչև 2022 թվականի մարտ թատրոնի տնօրենն է եղել հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը[2], 2022 թվականից թատրոնը ղեկավարում է Մանե Գրիգորյանը[3]։

Տնօրեններ

խմբագրել

Գեղարվեստական ղեկավար

խմբագրել

Արթուր Գրիգորյան

Թատրոնում աշխատած արտիստներ

խմբագրել

Թատրոնը գտնվում է Երևանի Խանջյան 13/1 հասցեում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի երգի պետական թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն
  3. Bavnews (2022 թ․ մարտի 14). «Երգի պետական թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից. Նրան այդ պաշտոնում փոխարինել է կոմպոզիտորի դուստրը». Bavnews․am. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.