Հասուն տարիք (30-ից, մինչև 60-70 տարեկան), անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որը նախորդում է ծերացմանը։ Հասունությունը մարդկանց մեծամասնության համար կյանքի ամենաերկարատև շրջանն է։ Նրա վերին սահմանը տարբեր հեղինակներ տարբեր կերպ են սահմանում՝ 50-55 տարեկանից մինչև 65-70 տարեկան։ Սովորաբար այս տարիքային փուլի եզրափակումը կապում են կենսաթոշակի անցնելու հետ։ Ըստ Էրիկ Էրիկսոնի՝ հասունությունն ընդգրկում է 25-ից մինչև 65 տարեկանը, այսինքն՝ 40 տարի։ Եթե հաշվի առնենք, որ հասունության վերին սահմանը կախված է մարդու անհատականությունից, ապա նրա տևողությունը կարող է գնահատվել լայն սահմաններում, ընդհուպ մինչև 50 տարի և ավել։

Հասուն տարիքը նշանակալից տարիքային փուլ է, որը պայմանավորում, բնութագրում է մարդու կյանքն ամբողջությամբ։ Հասունությունը երբեմն համարվում է անձի ամբողջական «ծաղկման» շրջանը, երբ մարդը կարող է իրացնել իր ամբողջ պոտենցիալը, հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում։ Սա սեփական առաքելության իրականացման ժամանակաշրջանն է, ինչպես մասնագիտական կամ հասարակական գործունեության, այնպես էլ սերունդների հաջորդականության տեսանկյունից։

Անձի զարգացման առանձնահատկություններ

խմբագրել

Հասունության տարիքում, ինչպես և երիտասարդության ընթացքում, կյանքի գլխավոր կողմեր համարվում էին մասնագիտական գործունեությունը և ընտանեկան հարաբերությունները։ Սակայն դրանք պայմանավորող զարգացման սոցիալական իրադրությունն էապես փոխվում է. եթե երիտասարդության տարիքում այն ներառում էր ընտրած մասնագիտության տիրապետումը և «կյանքի ընկերոջ» ընտրությունն ու ընտանիքի ստեղծումը, այսինքն՝ իշխում էր կյանքի գլխավոր կողմերի ստեղծման, կազմակերպման իրավիճակ, ապա հասուն տարիքում դա սեփական անձի իրացման, սեփական պոտենցիալի բացահայտման իրավիճակն է և մասնագիտական գործունեության մեջ և ընտանեկան հարաբերություններում։

Էրիկսոնը հասունության հիմնական խնդիրը համարում էր արդյունավետության և իներտության միջև ընտրությունը, որոնք բնութագրում են համապատասխանաբար զարգացման պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուղիները։ Արդյունավետություն հասկացությունը ներառում է ինչպես ստեղծագործական և արտադրական արդյունավետությունը, այնպես էլ հաջորդ սերնդի դաստիարակության մեջ ներդրումը։ Արդյունավետության բացակայությունը՝ իներտությունը հանգեցնում է միայն սեփական անձի մեջ պարփակվածության, անձնական պահանջմունքներով տարվածության։

Հասունության կարևոր առանձնահատկությունն է սեփական կյանքի բովանդակության համար պատասխանատվության գիտակցումը՝ և ուրիշների, և ինքդ քո առաջ։

Հասուն մարդու անձնային զարգացումը պահանջում է չարդարացված մաքսիմալիզմից հրաժարում, որը բնորոշ է պատանեկությանն ու մասամբ՝ երիտասարդությանը։ Բանն այն է, որ կուտակված փորձը, գիտելիքները, կարողությունները մարդու համար մեծ արժեք են ներկայացնում, բայց կարող են դժվարություններ առաջացնել նոր առաջընթացային գաղափարների ընկալման ժամանակ, արգելակել նրա ստեղծագործական հնարավորությունների աճը։ Անցած փորձը խելամիտ ճկունության բացակայության պայմաններում կարող է դառնալ կոնսերվատիզմի, ռիգիդության աղբյուր։

Մարդկանց մի մասի մոտ հասուն տարիքում դրսևորվում է ևս մեկ՝ «ոչ պլանային» ճգնաժամ, որը ծագում է ոչ թե երկու կայուն տարիքային փուլերի սահմանին, այլ նույն տարիքային փուլի ներսում։ Դա, այսպես կոչված, 40 տարեկանի ճգնաժամն է։ Այն կարող է դրսևորվել և ավելի վաղ, կամ ավելի ուշ։ Սա կարելի է ասել, 30 տարեկանի ճգնաժամի, կյանքի իմաստի ճգնաժամի կրկնությունն է։ Այն առաջանում է այն ժամանակ, երբ 30 տարեկանի ճգնաժամը չի հանգեցրել էքզիստենցիալ խնդիրների արդյունավետ լուծմանը։

Ինչպես 30 տարեկանի ճգնաժամի արդյունքում, այս տարիքում էլ մարդը զգում է անբավարարվածություն իր կյանքից, կենսական պլանների և դրանց իրացման միջև անհամապատասխանություն։

Մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներից զատ՝ 40 տարեկանի ճգնաժամը կարող է պայմանավորված լինել նաև ընտանեկան հարաբերությունների սրմամբ։ Այս ժամանակահատվածում սովորաբար երեխաները սկսում են ապրել ինքնուրույն կյանքով, մահանում են որոշ մոտիկ բարեկամներ, ավագ սերնդակիցներ։

Ամուսինների կյանքի ընդհանուր կողմի՝ երեխաների կյանքին անմիջական մասնակցության, ինչպես նաև որոշ մոտ մարդկանց կորուստը, նպաստում է ամուսնական հարաբերությունների վերջնական գիտակցմանը։ Եվ եթե երեխաներից բացի՝ ամուսիններն ուրիշ նշանակալից բան չի կապում, ընտանիքը կարող է քայքայվել։

40 տարեկանի ճգնաժամի դրսևորման դեպքում մարդը պետք է մեկ անգամ ևս վերակառուցի իր կյանքի մտահղացումը, վերամշակի իր «Ես»-կոնցեպցիան։ Այս ճգնաժամի հետ կարող են կապված լինել կյանքում տեղի ունեցող լուրջ փոփոխությունները՝ ընդհուպ մինչև մասնագիտության փոփոխություն, նոր ընտանիքի ձևավորում։

Հասունության տարիքի կենտրոնական նորագոյացությունը արդյունավետությունն է՝ որպես ինտեգրալ կազմավորում. մասնագիտական արդյունավետությունը և ներդրումը կյանքում ապագա սերնդի հաստատման և զարգացման մեջ։ Այս կերպ, եթե երիտասարդության տարիքում կենտրոնական նորագոյացությունն են համարվում մի կողմից ընտանեկան հարաբերությունները՝ ներառյալ մայրությունն ու հայրությունը, մյուս կողմից՝ մասնագիտական կոմպետենտությունը, ապա հասունության տարիքում նրանց հիմքում ընկած է արդեն միասնական կազմավորում, նախորդ տարիքի նորագոյացությունների զարգացման ինտեգրալ արդունքները։

40 տարեկանի ճգնաժամի դրսևորման ժամանակ կարելի է խոսել նաև հասունության ևս մեկ կարևոր նորագոյացության մասին. կյանքի մտահղացման շտկումների և դրա հետ կապված Ես-կոնցպցայի փոփոխությունների մասին։

Մասնագիտական գործունեության արդյունավետության խնդիրները շատ հեղինակներ կապում են «ակմե»՝ գագաթնակետ, հասկացության հետ։ Այս հասկացությունն առաջացել է դեռևս անտիկ ժամանակներից։ Հին հույների կողմից հասունության հասկացումը որպես «ակմե», իր արտացոլումն է գտել և տարիքային հոգեբանության այն մասում, որն ուսումնասիրում է հասունությունը՝ «ակմեոլոգիա»։

 

Հետազոտողների մի մասը, ինչպես օրինակ՝ Կլապարեդը, ենթադրում են, որ հասուն տարիքում հասնելով իր մասնագիտական գործունեության գագաթնակետին՝ մարդը դադարեցնում է իր զարգացումը, ստեղծագործական պոտենցիալը։ Այնուհետև տեղի է ունենում անկում, մասնագիտական արդյունավետության աստիճանական նվազում, այն ամենալավը, որ մարդը կարողացել է անել իր կյանքում ար մնացել է անցյալում։

Հասունության տարիքի ներսում «ակմե»-ի՝ զարգացման գագաթնակետի առանձնացումը, համընկնում է այն կարծիքի հետ, որ հասունության տարիքում մարդկանց մեծ մասի մոտ տեղի է ունենում կենսական էներգիայի և ակտիվության անկում։ Հասունությունը կարող է լինել ընտանեկան, մասնագիտական և ստեղծագործական կյանքի ծաղկունքի շրջան, բայց դրա հետ մեկտեղ հենց այս տարիքից են մարդիկ շատ հաճախ մտորում այն մասին, որ իրենք մահկանացու են, որ իրենց ժամանակը «գնում» է։ Որոշ մարդկանց կյանքի կեսում սկսում է անհանգստացնել իրենց ստեղծագործական պոտենցիալի իրացման և եկող սերնդին ինչ-որ բան թողնելու անհրաժեշտության հարցերը, բաց թողնված հնարավորությունները և այլն։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հասուն տարիքում մարդկանց մեծամասնության մոտ որոշակի ժամանակահատվածից սկսած հոգեկան ֆունկցիաների զարգացման մեջ սկսում են ինվոլյուցիոն գործընթացներ։ Դա կապված է սկսվող կենսաբանական ծերացման հետ։ Դրա հետ մեկտեղ Բորիս Անանևի և նրա աշակերտների աշխատանքը ցույց է տվել, որ հոգեկան ֆունկցիաների զարգացումը հասունության տարիքում բարդ է և անորոշ։

Հասունության վաղ և միջին փուլերում շարունակվում է ընդհանուր հատկությունների պրոգրեսիվ զարգացումը։ Սակայն առկա է և պրոգրեսիվ զարգացման երկրորդ փուլը՝ կապված հոգեկան ֆունկցիաների մասնագիտացման հետ մասնագիտական գործունեության ընթացքում։ Այսպես օրինակ, կարող են շարունակվել պրոգրեսիվ զարգանալ հատուկ մտածողության տեխնիկական և այլ տեսակները. ստեղծագործական երևակայությունը, մասնագիտական հիշողությունը և այլն։

Կարելի է առանձնացնել պայմաններ, որոնք նպաստում են «ակմե»-ի օպտիմալ ընթացքին։ Մի շարք մասնագիտությունների համար արդյունավետության տարիքային գագաթնակետը, օպտիմալ ժամանակը պայմանավորված են հենց նրանց բնույթով։ Դրանք մասնագիտական գործունեության այն տեսակներն են, որոնցում վարպետությունը, գիտելիքները և փորձը պետք է համադրվեն ֆիզիկական և ֆունկցոնալ պատրաստվածության հետ։ Օդաչուները, պրոֆեսիոնալ մարզիկները, բալետի դերասանները և այլն, իրենց «ակմե»-ին հասնում են հասունության ամենասկզբում, որից հետո շատ արագ սկսվում է անկումը։ Այլ մասնագիտություններում, օրինակ՝ բժիշկ-վիրաբույժի, «ակմե»-ն կարող է դրսևորվել միջին հասնության տարիքում, երբեմն նույնիսկ հասունության երկրորդ կեսում։

Բոլոր այս դեպքերում մասնագիտական արդյունավետության գագաթնակետը կախված է վարպետության, գիտելիքների, փորձի և մյուս կողմից՝ ֆիզիկական պատրաստվածության օպտիմալ համադրությունից։ «Ակմե»-ի տևողության վրա ազդում են մարդու անհատական-անձնային առանձնահատկությունները։

 

Դրա հետ մեկտեղ շատ մասնագիտությունների համար արդյունավետության գագաթնակետը և դրանից հետո անկումը, բնորոշ չեն։ Ասենք, օրինակ՝ պարտադիր չէ նշել դերասանի կամ ուսուցչի մասնագիտական արդյունավետության «ակմե»-ի մասին, և առհասրակ այն մասնագիտությունների ներկայացուցիչների մոտ, որոնցում մասնագիտական վարպետությունը խիստ կախվածություն չունի ֆիզիկական և ֆունկցոնալ պատրաստվածությունից։

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում «ակմե»-ի խնդիրը ստեղծագործական մասնագիտությունների համար՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ։ Կան ստեղծագործական «փայլուն բռնկումների» բավական հայտնի օրինակներ։

Դրա հետ մեկտեղ կան շատ այլ օրինակներ, որոնք վկայում են մինչև կյանքի վերջ շարունակվող ստեղծագործական բարձրագույն արդյունավետության մասին։ (Լեոնարդո դա Վինչի, Ալբերտ Այնշտայն Անտոն Չեխով և այլք)։

Ինչպես տեսնում ենք մասնագիտական, ստեղծագործական գագաթնակետի առկայություն շատ մասնագիտությունների համար պարտադիր չէ և որոշվում է մարդու անհատական առանձնահատկություններով։ Երբեմն ստեղծագործական արդյունավետության ժամանակավոր կամ վերջնական անկումը կախված է ծանր կենսական հանգամանքներից։ Իհարկե, «ակմե»-ի փուլում որոշիչ նշանակություն ունի անձի ուղղվածությունը, նրա համար գերակա դրդապատճառը։

Երեխաների հետ հարաբերություններ

խմբագրել

Հասունությունը կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետության ժամանակահատվածն է։ Հասուն մարդու կարևորագույն խնդիրներից մեկը իր երեխաներին մեծացնելն է։ Ծնողների մոտ մեծացող երեխաների հետ հարաբերությունները տարբեր կերպ են հաստատվում՝ կախված տարբեր հանագամանքներից։ Որոշիչ գործոններից մեկը երեխայի հետ հուզական կապվածությունն է։ Հոգեբանության մեջ սովորաբար դիտարկվում է 3 տարբերակ՝ հուզական հիմք կարող է դառնալ անպայման սերը, պայմանական սերը, երեխային մերժումը։

Անպայման սիրո պարագայում երեխային սիրում են անկախ նրանից, թե նա ինչպիսին է։ Հենց այսպիսի սեր է անհրաժեշտ երեխային, չնայած վերջինս դեռ վերջնականապես չի պայմանավորում նրա բարենպաստ անձնային զարգացումը։

Պայմանական սերը ոչ անկեղծ սերն է։ Երեխային սիրում են, և այդ սերը ցույց տալիս այն ժամանակ, երբ երեխան պատասխանում է ծնողների պահանջներին և սպասելիքներին։ Նրան սիրում են, երբ անհանգստություն չի պատճառում, լավ է սովորում, ընտրում է կյանքի այն ուղին, որը նպատակահարմար է ընտանիքի ավագ անդամներին, երբ երեխայի հաջողություններով կարելի է ուրախանալ։ Ինչքան քիչ են ծնողների այսպիսի ուրախություն պարգևող պահերը, այնքան քիչ է երեխան ստանում ջերմություն, սեր։

Երեխային մերժումը տարբեր ընտանիքներում արտահայտվում է տարբեր կերպ, կարող է գիտակցվել կամ չգիտակցվել ծնողների կողմից։ Երեխայի համար այսպիսի անբարենպաստ իրավիճակը կարող է առաջանալ ինչպես ոչ բարեկեցիկ, այնպես էլ արտաքնապես բարեկեցիկ ընտանիքներում։

 

Այսպիսի վերաբերմունքը վաղ, թե ուշ ազդում է երկու սերունդների հարաբերությունների վրա։ Երեխայի մեկուսացումը, օտարումը ծնողներից առավել լավ արտահայտվում է դեռահասության տարիքում։ Պատանեկության և երիտասարդության տարիքում երեխաներին հնարավորություն է ընձեռնվում հեռանալու տնից՝ օգտագործելով տվյալ իրավիճակը, ստեղծելու իրենց սեփական ընտանիքները։

Սակայն ծնող-երեխա հարաբերությունների առանձնահատկությունները որոշվում են ոչ միայն հուզական հիմքով, այլև դաստիարակության ոճով։ Ծնող-երեխա հարաբերությունները կախված են նաև երեխայի անձնային առանձնահատկություններից։ Հայտնի է, որ երեխայի անհատական առանձնահատկություններն անհրաժեշտ է հաշվի առնել դաստիարակության և ուսուցանման գործընթացում։

Հասունության տարիքում հարաբերությունների յուրօրինակությունը պայմանավորված է նրանով, որ մեծանալո երեխաներն աստիճանաբար լքում են իրենց հայրական տունը, արդյունքում՝ ծնողները մնում են մենակ, զրկվում սովորական կապերից, հոգսերից և ստիպված են լինում որոշակիորեն վերակառուցել իրենց հարաբերություններն ու կենսակերպը։

Ծնողների և մեծահասակ երեխաների հոգեբանական բաժանումը բնական, օրինաչափ երևույթ է, առանց որի՝ անհնարին է ինքնուրույնության ձեռքբերումը, երիտասարդ սերնդի կողմից իր սեփական կյանքի կառուցումը։ Իդեալական տարբերակ է, երբ նախկին հարաբերությունների համակարգը ժամանակին վերակառուցվում են, չեն առաջանում լուրջ կոնֆլիկտներ։

Հասունություն և հոգեբանական տարիք

խմբագրել

Հասուն տարիքում մարդու զարգացումը սերտ կապված է նրա հոգեբանական տարիքի դինամիկայի հետ։

Առանձնացվում են երեք փոխկապակցված, բայց բայց միմյանց հետ չհամընկնող տարիքներ՝ խրոնոլոգիական (անձնագրային), ֆիզիկական կամ կենսաբանական, հոգեբանական։ Շատ հաճախ մարդու ֆիզիկական տարիքը խիստ տարբերվում է նրա անձնագրային տարիքից։ Օրինակ՝ 40 տարեկանում օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերը կարող են գործառնել, ինչպես երիտասարդինը, բայց կարող են հայտնաբերվել և ծերության բոլոր հատկանիշները։

Հոգեբանական տարիքը բնութագրում է այն, թե ինչպես է մարդը իրեն զգում և գիտակցում։ Այն մեծապես ազդում է ֆիզիկական տարիքի վրա, և ոչ միշտ է համընկնում նրա հետ։

Տարիքային փուլերի սահմանաները շատ պայմանական են. ինչպես նշում է Անանևը, ինչքան ավելի ուշ է տարիքային փուլը, այնքան անորոշ են դառնում նրա սկիզբն ու վերջը։

Հոգեբանական տարիքը տարիքային նույնականացումն է, որը կարող է ունենալ գիտակցվածության տարբեր աստիճաններ։ Մարդը, վերագրելով իրեն որոշակի տարիքային փուլի, կողմնորոշվում է ոչ այնքան այդ տարիքի սահմանների վրա, որքան այդ տարիքային փուլի բովանդակության վրա. իր համար առանձնահատուկ հարաբերությունների ոլորտ, կենսակերպ՝ գործունեություն, հետաքրքրություններ, կենսական ռիթմ, ձեռք բերվող անձնային նորագոյացություններ։

Հոգեբանական տարիքը, տարիքային նույնականությունը ինքնագիտակցության ասպեկտ են՝ կապված ժամանակի մասին պատկերացումների հետ։ Ժամանակային հեռանկարը տարիք հետ ընդլայնվում են։ Հասունության տարիքում հեռանկարի փոփոխությունները կապված են ժամանակի ընթացքի տարբեր զգացողությունների հետ, որը կարող է սուբյեկտիվորեն արագանալ կամ դանդաղել, ապրվել որպես անընդհատ կամ ընդհատվող ընթացք։

Տարիքի հետ փոխվում է և ժամանակի արժեքը, առավել նշանակալից է դառնում անձնական ժամանակը՝ ինքնագիտակցության զարգացման, սեփական գոյության վերջավորության և սեփական հնարավորություններն իրացնելու անհրաժեշտության գիտակցման շնորհիվ։ Հոգեբանական տարիքը լցված է իրադարձություններով, ապագայի նպատակներով, դրդապատճառներով, որոնք զարգանում են ներկայիս գործունեության մեջ։

Հոգեբանական տարիքն անմիջականորեն կախված է մարդու ժամանակային հեռանկարից, առանց նրա գոյություն չունի։ Հասունության տարիքում հոգեբանական տարիքը մեծապես կախված է մարդու անհատական առանձնահատկություններից, նրա աձնային ուղղվածությունից, կենսանպատակների և դրանց իրացման առանձնահատկությունից։ Միևնույն ժամանակ, անձի հետագա զարգացումը մեծապես որոշվում է հոգեբանական տարիքի դինամիկայով։

 

Հասունության տարիքում հնարավոր են հոգեբանական և խրոնոլոգիական տարիքների հարաբերակցության երեք տարբերակներ՝ ադեկվատություն, դանդաղում (հետ ընկնել) և առաջ անցում։ Հասունության տարիքում զարգացման սոցիալական իրադրությունը բարդ է և բազմանշանակ։ Դա կապված է և տարիքի ընդհանուր յուրահատկության հետ, որի շրջանակներում ինչ-որ պահի սկսվում է կենսաբանական ծերացումը, և անձնային-անհատական առանձնահատկությունների նշանակության կտրուկ մեծացման հետ։

Հոգեբանական տարիքով խրոնոլոգիական տարիքից առաջ անցնելը նշանակում է վաղաժամ ծերացում։ Շատ հաճախ դա կապված է դրված նպատակների և նրանց իրացման վերջավորության հետ։ Հոգեբանական տարիքն այս դեպքում մի փոքր ավելի մեծ է խրոնոլոգիականից։ Վաղաժամ ծերությունը երբեմն կապված է լինում ծանր հիվանդության, բնական կամ սոցիալական աղետի և այլնի հետ։

Որոշ մարդկանց մոտ սերը, ստեղծագործական ձեռքբերումները կամ հաջողությունները կարող են հանգնել հակառակ ուղղվածությամբ շարժմամբ՝ այսինքն՝ հոգեբանական երիտասարդացման ուղղությամբ։

Հոգեբանական տարիքի դանդաղումը խրոնոլոգիական տարիքից հասուն տարիքում տարբեր բնույթ է կրում։ Հայտնի է, օրինակ ՝ «հավերժ պատանի» տիպը, ով չի կարող և չի ցանկանում մեծանալ։ Նրանք անձնագրային տարիքով հասուն մարդիկ են՝ արտահայտված ինֆանտիլ գծերով։

Բավական տարբեր է ինքդ քեզ երիտասարդ զգալը ստեղծագործական անձանց մոտ։ Այստեղ երիտասարդության զգացման պահպանումը կապված է ներկայում իրական արդյունավետ աշխատանքի և ապագայի նշանակալից պլանների հետ։ Եթե մարդը տրվում է իր սիրած գործին, ապա նրա աշխատանքը կապված չէ վերջնական նպատակների հետ, հետևաբար հոգեբանական անցյալն ինչքան էլ մեծ լինի, այն միշտ փոքր է հոգեբանական ապագայից։ Սեփական աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դեպքում մարդու առաջ անընդհատ բացվում են նոր հեռանկարներ. «չէ՞ որ ստեղծագործելու գործընթացն անսահման է»։

Այս երկրորդ դեպքում հոգեբանական տարիքի դանդաղումը, ըստ էության այդքան էլ դանդաղում չէ. երիտասարդական գծերի պահպանումը ամենվին չի խոչընդոտում սեփական անձի իրացմանը, այլ ընդհակառակը առավել հաջող է դա իրականացնում։ Բոլոր հիմնավորումները կան այս դեպքում խոսելու ավելի բարձր, քան ադեկվատ հոգեբանական տարիքի դեպքում, հասունության մակարդակի մասին։

Օնտոգենեզի հիմնական ուղիներ

խմբագրել

Անձի հեդոնիստական ուղղվածություն

խմբագրել

Այս դեպքում անձը փաստացի չի հասնում հասունության, նա այս տարիքային փուլ է մտնում միայն խրոնոլոգիապես։ Նրա անձային զարգացումը, ինչպես նախկինում, չի իրագորվում. նա չի իրագործում իր մարդկային առաքելությունը։ Մեծ մասամբ դեպքերում այս ուղղվածությունը հանգեցնում է ամեն տեսակի բարոյական նորմերի բացակայության, մանր քրեական գործողությունների, երբեմն թմրամոլության, ալկոհոլիզմի։ Արդյունքում, այսպիսի անձինք ֆիզիկապես են հեռանում կյանքից՝ չհասնելով խրոնոլոգիական ծերության։

Անձի էգոիստական ուղղվածություն

խմբագրել

Եվ մասնագիտությունը, և ընտանեկան հարաբերությունները որոշվում են էգոիստական դրդապատճառով։ Չնայած նրան, որ այս ուղղվածությամբ մարդիկ ոչ այնքան իրագործում են իրենց մասնագիտական գործունեությունը, որքան մասնագիտական գործողություններ, որոնք նպաստում են գերակայող էգոիստական դրդապատճառի իրացմանը, այնուամենայնիվ այստեղ կարելի է խոսել մասնագիտական արդյունավետության մասին։

Որոշակի մասնագիտության հետ կապելով նյութական բարեկեցությունը, հեղինակությունը, առաջինը լինելու հնարավորությունը՝ մարդը պետք է հասնի մասնագիտական որոշակի վարպետության։ Առաջին հերթին, դա վերաբերում է հեղինակության դրդապատճառին։ Գերազանցության ձգտումը մարդուն ստիպում է աշխատել ուժերի գերլարմամբ. Ամեն ինչ անել արագ և բոլորից լավ։ Համապատասխան ընդունակությունների առկայության դեպքում այսպիսի ձգտումներով կարելի է հասնել բարձր արդնունավետության։

Իհարկե պետք է նշել, որ էգոիստական դրդապատճառները, այդ թվում և հեղինակության դրդապատճառը, հնարավորություն չեն տալիս ստեղծագործական պոտենցիալի դրսևորմանը։

Ստացվում է, որ էգոիստական ուղղվածությունը ենփադրում է «ակմե»-ի՝ մասնագիտական արդյունավետության «գագաթնակետի» առկայություն։

Այս ուղղվածությամբ մարդկանց մոտ ընտանեկան հարաբերություններին ևս բնորոշ են էգոիստական դրդապատճառները։ Այսպիսի մարդկանց բնորոշ չեն էական, արժեքավոր հարաբերությունները։

Հոգևոր-բարոյական, էական ուղղվածություն

խմբագրել

Այս դեպքում մարդը ձգտում է իր կյանքի բոլոր կողմերի էությանը։ Կյանքի հիմնական բովանդակությունը որոշվում է էական կապերով, ինչի արդյունքում տեղի է ունենում կյանքի նկատմամբ վերաբերմունքի գեներալիզացիա. Կյանքի դժվարությունն ու բարդությունն այս պարագայում նշանակալից չեն։ Նույնիսկ կյանքի առանձին, չիրացված կողմեր չեն ազդում կյանքի նկատմամբ վերաբերմունքի վրա։

Կյանքի առավել կարևոր կողմեր են մասնագիտական գործունեություն ու ընտանեկան հարաբերությունները։ Կարևոր նշանակություն ունեն ծնաև մասնագիտության հետ չկապված սիրելի զբաղմունքները։ Երբեմն չափազանց որոշիչ դեր է կատարում սերը հայրենիքի, բնության նկատմամբ։

Անկախ այն բանից՝ գտնում է մարդն իր մասնագիտության մեջ կոչում, թե ոչ, նրա միակ «առաքելությունը», նրա հոգևոր-բարոյական ուղղվածությունը, պայմանավորվում են իր կյանքի, աշխատանքի, ընտանիքի նկատմամբ, հետաքրքրվածությամբ։ Դրա հետ կապված ստեղծվում են նախադրյալներ նրա ստեղծագործական պոտենցիալի իրացման համար։

Այսպիսով, հասունությունը ամենաերկարատև, ամենանշանակալից փուլն է մարդու կյանքում, երբ նա պետք է բացահայտի իր պոտենցիալը, իրացնի ինքն իրեն բոլոր ոլորտներում, իրականացնի իր առաքելությունը։ Այս առումով, հասունությունը զարգացման նպատակն է, բայց այդ նպատակը պարտադիր չի ենթադրում նրա ավարտ։ Հասունությունը վերջնականապես դուրս է բերում օնտոգենեզի տարբեր ուղիները՝ հասցնելով դրանք իրենց տրամաբանական ավարտին։ Շատ մարդկանց համար հասունությունը միայն խրոնոլոգիական հասկացություն է, որը ոչինչ չի ավելացնում նրանց նախկին ստերեոտիպային գոյությանը։ Ուրիշները շարունակում են հասունության տարիքում իրացնել իրենց, հասնում են որոշակի նպատակների և նվազեցնում իրենց կենսական ակտիվությունը։ Երրորդները շարունակում են զարգանալ, անընդհատ ընդլայնելով իրենց կենսական հեռանկարները։ Մարդկանց մի մասի մոտ էլ առաջանում է ևս մեկ ճգնաժամ տարիքային փուլի միջնամասում, տեղի է ունենում կյանքի ուղու ևս մեկ ճշգրտում։

Աղբյուրներ

խմբագրել
  • Кулагина И.Ю., Колюцкий В.Н.Возрастная психология։ Полный жизненный цикл развития человека. Учебное пособие для студентов высших учебных заведений. — М.։ ТЦ «Сфера», 2001.-464с.
  • Кулагина И.Ю. Психологический возраст։ диагностика и тенденции изменения в онтогенезе // Вестник Университета РАО. 2000. № 1.
  • Крайг Г. Психология развития. СПб., 2000.
  • Абулъханова-Славская К.А. Стратегия жизни. М., 1991.
  • Ананьев Б.Г. К проблеме возраста в современной психологии // Избр. психол. тр. М., 1980. Т. 1.
  • Кроник А.А., Головаха Е.И., Пажитнов А.Л., Членов М.А. Сколько Вам лет? Линии жизни глазами психолога. М., 1993
  • Толстых А.В. Возрасты жизни. М., 1988
  • Франкл В. Человек в поисках смысла. М., 1990.