Հեմփթոն Քորթ
Հեմփթոն Քորթ (անգլ.՝ Hampton Court), պալատական համալիր Լոնդոնում։
Հեմփթոն Քորթ | |
---|---|
անգլ.՝ Hampton Court | |
Երկիր` | Միացյալ Թագավորություն |
Ճարտարապետական ոճ` | ուշ գոթիկա, բարոկկո |
Ճարտարապետ` | Քրիստոֆեր Ռեն |
Կառուցման ժամանակաշրջան` | 1514-1733 |
Գտնվում է Թեմզայի ձախ ափին` Թեմզայի Ռիչմոնդ շրջանում` քաղաքի կենտրոնից 18 կմ հեռավորության վրա։
Կառուցվել է 1514 թվականին թագավորի սիրելի կարդինալ Թոմաս Ուոլսիի համար, ով իր հերթին 1529 թվականին այն նվիրել է Հենրի VIII-ին։ XVII դարի երկրորդ կեսին` Վիլհելմ III-ի օրոք, ճարտարապետ Քրիստոֆեր Ռենի նախագծով այն վերակառուցվել է բարոկկո ոճով . Ռենը երազում էր պալատը դարձնել անգլիական Վերսալ։
Պատմություն
խմբագրելՊալատի պատմությունը սկսվում է 1514 թվականից, երբ Հենրի VIII արքայի սիրելի կարդինալ Թոմաս Ուոլսին ձեռք է բերում հողակտոր, որը նախկինում պատկանել էր Հիվանդախնամների միաբանությանը։ Հաջորդ 7 տարիներին վերածննդի և գոթիկայի ոճերով կառուցվել է պալատը, որի համար Ուոլսին ծախսել է 200 հազար կրոն։ Ճարտարապետության բրիտանացի պատմաբան Ջոնաթան Ֆոյլը 2002 թվականին առաջ է քաշել վարկած, որի համաձայն` Ուոլսիի նախընտրության վրա ազդեցություն կարող էր թողած լինել կարդինալների համար նախատեսված De Cardinalatu ձեռնարկը, որը պալատական ճարտարապետական կառույցների շինարարության խորհրդատվություն էր պարունակում[1]։ Ուոլսիի մտահղացումներն իրականություն է դարձրել իտալացի վարպետների խումբը։
1529 թվականին կարդինալի պալատն անցել է Հենրի VIII-ին, որի օրոք պալատն ընդարձակվել և վերակառուցվել է` պահպանելով ճարտարապետական նախնական ոճը։ 1530-ական թվականներին կառուցվել են մեծ սրահը և թենիսի թագավորական դաշտը։ 1540 թվականին երկրորդ ներքին բակի դարպասները զարդարվել են 4.6 մ տրամագծով աստղագիտական ժամացույցով։ 1537 թվականին՝ Էդուարդ VI-ի ծննդաբերության ժամանակ, պալատում մահացել է Հենրի VIII-ի երրորդ կինը` Ջեյն Սեյմուրը։ Հետագա մեկուկես դարերի ընթացքում Հեմփթոն քորթը եղել է անգլիացի միապետների հիմնական նստավայրը քաղաքից դուրս։
1647 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին այստեղ է պահվել կալանավորված Չարլզ I Ստյուարտ-ը։ Նրա գլխատումից հետո պալատը դարձել է Անգլիայի հանրապետության սեփականությունը։ Միապետության վերականգնումից հետո Հեմփթոն Քորթը դատարկ է մնացել այնքան, մինչև Վիլհելմ III Օրանացին և նրա կինը` Մարիա II-ը, որոշել են այդ տեղում բարոկկո ոճով պալատ կառուցել Վերսալի օրինակով[2]։ Պալատի ընդարձակումն ու կառուցումը վստահվում է անգլիացի ճարտարապետ Քրիստոֆեր Ռենին։ Այդ ժամանակ պալատի առաջ հոլանդական Հեթ Լոոյի օրինակով հիմնվում է ֆրանսիական այգի լաբիրինթոսով։ Մարիա II-ի մահից հետո` 1694 թվականին, թագավորը անտեսել է Հեմփթոն Քորթի վերակառուցումը, և աշխատանքները դադարեցվել են։ Գեորգ II արքան (մահացել է 1760 թվականին) եղել է վերջին միապետը, ով ապրել է Հեմփթոն քորթում։ Նրա օրոք ևս շարունակվել են պալատի ինտերիերի ձևավորման աշխատանքները։
XIX դարի սկզբին Հեմփթոն Քորթը դատարկվել է։ Միայն ռոմանտիզմի դարաշրջանում Հենրի VIII-ի հարկաբաժինը վերանորոգվել է, իսկ Վիկտորյա թագուհին բացել է պալատը հասարակության այցելությունների համար։ Հենց այդ ժամանակ էլ պալատի կառավարումը հանձնվել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը։ 1988 թվականից Հեմփթոն Քորթը գտնվում է «Թագավորական պատմական պալատներ» ֆոնդի հոգածության ներքո[3]։
2015 թվականին նշվել է Հեմփթոն Քորթի 500-ամյակը։ Տոնակատարությունների ժամանակ բեմադրվել ու ներկայացվել են պատմական տեսարաններ[4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hampton Court: The Lost Palace». // bbc.co.uk. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Холлис, Лео. Люди, которые создали современный Лондон = The Men Who Made Modern London. — Orion Books. — Лондон: The Phoenix, 2011. — С. 1686.
- ↑ Hampton Court // Энциклопедия Лондона = The London Encyclopaedia. — 3-е издание. — McMillan, 2008. — С. 378—380. — 1119 с. — ISBN 978-1-4050-4925-2(անգլ.)
- ↑ Historic Royal Palaces. "Hampton Court Palace celebrates its 500th anniversary in 2015". hrp.org.uk. Retrieved 11 February 2015
- ↑ Historic Royal Palaces. "Historic Royal Palaces". hrp.org.uk. Retrieved 11 February 2015
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմփթոն Քորթ» հոդվածին։ |