Հոռեկավանի մելիքական ապարանքներ
Հոռեկավանի մելիքական ապարանքներ, մելիքական ապարանքներ, որոնք գտնվել են Մարտակերտի շրջանի Թալիշ (Հոռեկավան) գյուղի մոտակայքում։
Հոռեկավանի մելիքական ապարանքներ | |
---|---|
Տեսակ | ապարանք |
Ստեղծում | 1727 |
Երկիր | Արցախ |
Բնակավայր | Թալիշ |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Աշխարհագրական դիրք
խմբագրելԵրկու ապարանքի ավերակները գտնվում են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից արևմուտք, հանդիպակաց բլրալանջի վրա, որոնցից հարավայինի բարձրադիր մասում է գտնվում նշանավոր Հոռեկա կամ Գլեխո վանքը։ Երբեմնի մելիքանիստ բնակավայրի կենտրոնական մասում իրարից մոտ 30 մ հեռավորությամբ կառուցված ապարանքների արանքով ճանապարհը Թալիշից լեռնային անտառների միջով տանում է դեպի մելիքության մյուս նստավայր Գյուլիստան գյուղն ու ամրոցը։ Հռեկավանում է խաչմերուկվում նաև Գանձակից Արցախի խորքերը տանող հին ճանապարհը։
Առաջին ապարանք
խմբագրելՊատմություն
խմբագրելԱռաջին ապարանքը կառուցված է Հոռեկա վանքի դիմաց, արևելահայաց բլրալանջի ստորին դարավանդահարթակի վրա։ Ապարանքի շինարարական արձանագրությունը փորագրված է եղել հյուսիսային եզրի պարսպակից սենյակի ճակատային քարի վրա և պահպանվել է մինչև 20-րդ դարի սկզբները։ Արձանագրությունը շատ հակիրճ է.
«ՅԻՇԱՏԱԿ Է ՈՀԱՆ ԲԱՐՈՒՆ ՏԵՐԻՆ ՄԵԼԻՔ ԹԱՄՐԱԶ Թ. ՌՃՃԶ» (1727) - (1727 թ. կառուցած ապարանքը Մելիք-Թամրազը ընծայում-նվիրում-հիշատակ է թողնում պարոն- տեր Օհանին)[1]
|
Ապարանքների թվագրման և գավառի մելիքության պատմության համար շատ արժեքավոր այդ տապանագրերը մինչև այժմ ամբողջովին ու պատշաճ ձևով չեն վերծանվել ու հրապարակվել։ Արձանագրությունն առաջին հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» թերթում, 1890 թվականին։
Մելիք-Թամրազը Գյուլիստանում իշխել է 18-րդ դարի առաջին կեսին, ամենավաղ հիշատակությունն այդ մասին 1716 թվականից է, ամենավերջինը՝ 1750 թվականից[2][3]։
1723-1726 թվականների բազմաթիվ փաստաթղթերում Մելիք-Թամրազը (բնագրում նաև «Թամրազ ուզբաշի»), որպես Գյուլիստանի մելիք և արցախյան սղնախների հայ ռազմական նշանավոր հրամանատար, հանդես է եկել ազգային-ազատագրական պայքարի երևելի դեմքերի Եսայի կաթողիկոսի, Մելիք-Եգանի, Աբրահամ Սպարապետի, Ավան յուզբաշու և ուրիշների հետ։
Ճարտարապետություն
խմբագրելԱպարանքի շինարարական արձանագրության բովանդակությունը հետևյալն է՝ 1727 թվականին Գյուլիստանի նշանավոր մելիքը ամրոցակերպ ապարանք է կառուցում հնամենի ու նվիրական Հոռեկա վանքի հարևանությամբ և ընծայում նույն սրբավայրի վանահորն ու իր զինակցին՝ որպես երկրամասին սպառնացող վերահաս վտանգին դիմագրավելու ամրոց ու հենակետ։ Իսկ վտանգն առավել քան մեծ էր 1724 թվականին կնքված ռուս-թուրքական պայմանագրից հետո, որով ճանաչվում էր Թուրքիայի իշխանությունը Արևելյան Հայաստանի, այդ թվում նաև Արցախի նկատմամբ։ Ապարանքի կենտրոնում կա ուխտատեղի, որը պահպանվել է։ Ուխտատեղիի առկայությունը մելիքական ապարանքի կազմում եզակի երևույթ է համանման հուշարձանների մեջ[2][4]։
Ապարանքի ավերակները վկայում են, որ այն հատակագծում ուղղանկյուն կազմող պարիսպներով և դրանց անկյունները սնամեջ-բոլորաձև բուրգերով ամրացված համակառույց է եղել՝ պարսպապատերին հպված և դեպի ներքին բակ գնացող սենյակներով։ Ինչպես և նախորդ ուսումնասիրողների ժամանակ, այժմ ևս պահպանվել է ապարանքի արևմտյան կեսը (արտաքուստ՝ 22,1 x 37,8 մ) այդ կողմի պարիսպներով ու երկու բուրգով, ինչպես նաև հյուսիսարևմտյան անկյունամասի շինությամբ։ Վերջինս բաղկացած է լայնական պատով պարսպակից երեք միաչափ ու թաղածածկ բաժանմունքներից (ներքուստ՝ 3,6 x 6,2 մ), որոնցից կենտրոնինը երեսբաց նախասրահ է, իսկ եզրայինները՝ այստեղից բացվող մուտքերով սենյակներ։ Դրանք օջախ-բուխարի ունեն՝ զույգ կամարակապ պահարանախորշերով, իսկ բակահայաց ճակատում մեկական դեպի ներս լայնացող նեղլիկ պատուհան։ Նախասրահի աջակողմյան սենյակը (որի բարավորին եղել է շինարարական արձանագրությունը) հատակից փոքր-ինչ բարձր ու փոքրիկ բացվածքով կապված է նաև անկյունային բուրգի հետ, որն, իր հերթին, երկու հրակնատ-դիտանցքով ուղղված է դեպի հյուսիս-արևելք՝ հարթավայրից բնակավայր բերող ճանապարհի կողմը։ Բուրգը, ըստ երևույթին, հետագա տարիների վերակառուցման կամ հավելման արդյունք է, քանի որ դրա և սենյակի պատերը կառուցվածքային կապ չունեն։
Նախասրահն ու սենյակները ապարանքի կառուցապատման հիմնական մասն են կազմել (ինչի մասին է վկայում նաև շինարարական արձանագրության առկայությունն այստեղ) և պահպանվել համեմատաբար ամբողջական տեսքով։ Ինչպես մեկ դար առաջ, փլված նախասրահի և դրա ձախակողմյան սենյակի ճակատամասն ու թաղածածկի մի մասը, իսկ մուտքերի որմնախորշերի եզրաշարվածքի կանոնավոր քարերը քանդվել ու օգտագործվել են հետագայում։
Ապարանքից պահպանված մյուս բուրգը և պարսպամասերը հիմնականում ծածկված են հողով և նշմարվում են տեղ-տեղ, իսկ հյուսիսային կողմում այն մոտ 1 մ բարձրությամբ կանգուն մինչև պարսպի մուտքի եզրը։
Ավերակներում այլ շինությունների հետքեր չեն նկատվում, բացի Մ․ Բարխուդարյանցի հիշատակած և բակի կենտրոնում փոքրիկ ու թաղակապ կից կիսագետնավոր սենյակից, որը ուխտատեղիի է վերածվել։
տեղի է։ այս սենյակը և սրան կից կառույցները (մեզ չհասած) նկատի ունի Րաֆֆին, երբ գրում է «ախոռատան, ստորերկրյա ներքնատների և զանազան ծածկոցների» մասին։
Ապարանքի արևելյան` չպահպանված մասը, որն, անկասկած, բրգավոր պարիսպներով եզրափակել է բակը, գտնվելով դարավանդահարթակի ամենաստորին մասում, ամենայն հավանականությամբ կառուցապատված չի եղել, ինչպես դրա համար ավելի նպաստավոր մյուս կողմերը։ Կարելի է եզրակացնել, որ ապարանքը հիմնականում պաշտպանական նշանակություն է ունեցել՝ որպես ամրացված հենակետ ու զորակայան-սղնախ հսկելով մելիքության արևելյան՝ տափաստանամերձ սահմանները, միաժամանակ վտանգի ժամանակ ապահով ապաստան դառնալով գյուղի և շրջակայքի բնակչության համար։
Դրանով պետք է բացատրել նաև, որ կառույցը զուրկ է որևէ հարդարանքից և 1,05-1,2 մ հաստությամբ պատերում նույնիսկ բացվածքների ու խորշերի եզրաշարվածքը կոպտատաշ է՝ համանման հուշարձանների մեծ մասի համեմատ։ Պետք է նշել սակայն, որ դարաշրջանի քաղաքական իրադրության հետ մեկտեղ այս հարցում պակաս կարևոր չի եղել նաև ապարանքատեր մելիքի տնտեսական կարողությունն ու հզորությունը, ինչի լավագույն ապացույց-վկաներից մեկը այդտեղ գտնվող մյուս մելիքական ապարանքն է։
Երկրորդ ապարանք
խմբագրելՊատմություն
խմբագրելԵրկրորդ ապարանքը կառուցված է առաջինի դիմաց՝ Հոռեկավանքի բլրի հյուսիսահայաց լանջի ստորին մասում, ետնամասով հպված լանջին։ Ապարանքի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։ Ուսումնասիրողներն այն ավանդաբար վերագրում են Գյուլիստանի Մելիք-Բեգլարյաններին և առնչում է 18-րդ դարի սկզբի իրադարձություններին և Մելիք Թամրազի անվան հետ։
Միաժամանակ երբեմն շփոթվել-նույնացվել են երկու հուշարձանները, իսկ առաջինի շինարարական արձանագրությունը վերագրվել է երկրորդին[5]։ Եվ դա այն պատճառով, որ վերջինս իր չափերով, ճարտարապետական ձևերով ու պահպանվածությամբ առավել ակնառու է, իսկ նախորդից հայտնի են թվակիր արձանագրությունն ու դարասկզբի պատմական անցուդարձերում գործող Մելիք-Թամրազի անունը։
Ուստի ապարանքի թվագրումը նոր հիմնավորման կարիք ունի՝ ըստ երկրամասի պատմության վավերական ընթացքի և հարևան մելիքություններում նմանատիպ խոշոր ապարանքների կառուցման ժամանակագրական պատկերի։
Այս տեսակետից դիտարկելով խնդիրը, պարզ է դառնում, որ մելիքական ապարանքների շինարարության ամենածաղկուն շրջանը 18-րդ դարի երկրորդ կեսն է՝ Շուշվա խաների ահագնացող և արցախյան մելիքությունների համառ գոյապայքարի նոր շրջանը։ Այդ ժամանակահատվածում են կառուցվել Մոխրաթաղի (1771 թվական), Գյուլիստանի (1772 թվական), Ավետարանոցի (1786 թվական), Գյուլաթաղի (1799 թվական) և Տեղի (1783 թվական) ապարանքները։ Այդ ընթացքում Թալիշ-Գյուլիստան «երկրում» իշխում էր Մելիք-Հովսեփը՝ Արցախի ամենահզոր ու ազդեցիկ ռազմաքաղաքական գործիչներից մեկը 18-րդ դարի երկրորդ կեսում։ Եվ բնական է ենթադրել, որ Մելիք-Հովսեփը ևս իր ժամանակի մյուս նշանավոր մելիքների օրինակով կառուցել-ունեցել է իր համբավին ու կարողությանը համապատասխան այնպիսի ապարանք, որպիսին կարող էր լինել նրա հիմնական նստավայր Հոռեկավանում պահպանված այդ ապարանքը։
Այդ ժամանակահատվածի առաջին տասնամյակը համընկնում է Շուշի բերդում Փանահ խանի հաստատման, Վարանդայի Մելիք-Շահնազարի օգնությամբ Խամսայի մելիքությունների պառակտման և այդ ընթացքում մշտատև հալածանքների ու պատերազմների դժվարին տարիների հետ, ուստի ապարանքի կառուցման ամենահավանական տարիները պետք է համարել 1767-1780 թվականները, երբ Գանձակի խանությունում անցկացրած կարճատև տարագրությունից հետո Մելիք-Հովսեփն ու Ջրաբերդի Մելիք-Ադամն իրենց հպատակների հետ 1767 թվականին վերադարձել են հայրենիք և ամրացել իրենց տոհմական նստավայրերում, զբաղվել ավերված երկրի բարեշինական աշխատանքներով ու շարունակել անհաշտ պայքարը Շուշվա նոր բռնակալ Իբրահիմ խանի դեմ, ինչպես նաև Արցախի ազատագրության խնդրով բանակցել են Ռուսաց արքունիքի հետ։ Պատահական չէ, որ հենց այս տարիներին է կառուցվել մասնավորապես Մելիք-Ադամի նմանակերպ-ապարանքը Մոխրաթաղում (1771 թվական)։ Իսկ Մելիք-Հովսեփի ապարանքը, ինչպես նկատել են ուսումնասիրողները (Մ. Բարխուդարյանց, Րաֆֆի, Ե. Լալայան) և ինչպես այսօր էլ կարելի է տեսնել, իրոք մի ամրոցակերպ համակառույց է՝ իշխանական դղյակ, որն առաջին հերթին ապահով էր վտանգի պահերին՝ մելիքական ընտանիքի և մելիքավանի բնակչության համար։
Ճարտարապետություն
խմբագրելԱպարանքի ուղղանկյուն-պարսպապատ ամբողջությունն ունի թույլ արտահայտված արևելք-արևմուրք ձգվածություն (արտաքուստ 32,0 x 40,5 մ) և բաղկացած է ողջ հարավային- լանջակից կողմը զբաղեցնող սենյակների հիմնական խմբից ու երկայնական ներքին բակի (12.0 x 38,5 մ) հյուսիսային կողմի միաշար, պարսպակից սենյակներից։ Լանջի թեքության պատճառով սենյակների հարավային խումբը փոքր-ինչ բարձր է հյուսիսայինից, որոնց միջև պարսպապատի միջին մասում ապարանքի դարպասն է, նույն պարսպի հյուսիսային եզրում բոլորաձև սնամեջ բուրգը, իսկ արևելյան կողմի պարիսպը՝ երկրորդ դարպասով ու բուրգով, չի պահպանվել։
Համակառույցի հարավային թևը բաղկացած է մի շարքով դասավորված չորս դահլիճից. բակի կողմից դրանց ճակատի երկարությամբ ձգված սրահից և սրահի ու սենյակների լայնությունը բռնող, կրկնակի շարքով կառուցված չորս այլ սենյակից։ Դահլիճներից միջին երկուսը միաչափ ու միանման՝ քառակուսի հատակագծով (ներքուստ' 7,0 x 7,0 մ) գլխատներ են, որոնք մուտքերով կապված են սրահի, եզրային դահլիճների և միմյանց հետ։ Գլխատները ծածկված են եղել կիսագնդաձև, քարակերտ, երդիկավոր գմբեթաթաղերով. գմբեթատակ քառակուսուց 2,7 մ բացվածքով անկյունային տրոմպների միջոցով անցում է կատարված ութանկյան։ Զույգ երդիկավոր գմբեթները կանգուն են եղել մինչև 20-րդ դարի սկզբները, պահպանվել են ստորին 2-5 քարաշարքերը։ Գլխատների ներքին հորինվածքում աչքի են ընկնում երկայնական պատերի խորը, լայնաթռիչք կամարախորշերը, որոնք մուտքերի ու տրոմպների կամարների հետ ճոխություն են հաղորդում ընդհանուր առմամբ խուլ պատերին, միաժամանակ, իրենց ռիթմիկ կանոնավորությամբ ընդարձակություն ու հանդիսավորություն ստեղծում։
Գլխատներին երկու կողմից կից թաղածածկ դահլիճները ևս միաչափ և միանման են (ներքուստ' 4,4 x 7,0 մ). մեկական առանցքային ու դրանից վեր նեղ պատուհան ունեն սրահից, որոնց հանդիպակաց լայնական պատերի կենտրոնում օջախ-բուխարիներն են՝ երկու կողմի կամարակապ պահարանախորշերով, որպիսիք ռիթմիկ շարքով կան և երկայնական պատերում։ Դահլիճները հիմնականում կանգուն են։ Մասամբ փլվել են արևմտյանի ծածկը։
Գլխատբերի ու դահլիճների նախամուտք-կամարասրահն ունեցել է քառակուսի հիմքով (0,95 x 0,95 մ) յոթ մույթերի վրա հենվող թաղածածկ՝ միջանկյալ թաղակիր կամարով։ Կամարասրահը 20-րդ դարասկզբին ամբողջովին կանգուն է եղել, իսկ այժմ պահպանվել են մույթերի, թաղի և կամարների մնացորդներն ու դրանց տապալված զանգվածները։ Սրահի երկայնական պատի երկու կամարակապ խորշն ու արևմտյան կողմի բուխարին վկայում են, որ այն բակի կողմից հանդիսավոր ու կամարազարդ նախամուտք լինելուց բացի նաև հյուսիսահայաց ու հովաշունչ պատշգամբ է եղել ամառային բնակության համար։
Արևելյան կողմի սենյակները կամարասրահի հետ կապվում են մի թաղածածկ դահլիճի միջոցով (ներքուստ' 5,0 x 7,0 մ), որը երկու պատուհան ունի բակահայաց ճակատում։ Այդտեղից է բացվում դեպի մի փոքր ու թաղածածկ սենյակ՝ նույնպես բուխարիով ու զույգ խորշերով, իսկ վերջինս մուտքերով կապված է արևմտյան կողմից կից փոքրիկ մութ սենյակի և հյուսիսից կից մեկ այլ՝ հիմքում քառակուսի (ներքուստ' 4,6 x 4,6 մ) սենյակի հետ։ Այդտեղ հատակը զգալիորեն ցածր է մյուսներից և, ըստ պահպանված կանոնավոր քարաշարքերի, ծածկված է քառանիստ, երդիկավոր գոցված թաղերով։
Եզրային դահլիճները մելիքական տան հիմնական բնակելի մաս են կազմել և կամարասրահով կապվել են խոշոր բուխարիով խոհանոցի և մյուս օժանդակ սենյակների հետ։ Ապարանքի հյուսիսային թևում, ի տարբերություն հարավայինի, սենյակները միաշարք են, դեպի բակ են ուղղված երկայնական ճակատի լայն բացվածքներով և համեմատաբար վատ են պահպանվել։ Սենյակաշարը բաղկացած է կենտրոնական երեսբաց սրահից (5,6 x 7,9 մ) և դրան լայնական կողմերով կից երկու դահլիճից (ներքուստ' 4,45 x 6.0մ և 4,45 x 5,4 մ), որոնք, ըստ պահպանված հետքերի, նույնպես թաղածածկ են եղել։ Սրանք երկուական լայն պատուհաններ ունեն բակի կողմից, եզրային պատերում բուխարիներ են՝ կամարակապ խորշերով, իսկ մուտքերը եղել են երեսբաց սրահից՝ այժմ չպահպանված պատերում։ Սրահի ծածկի և ճակատամասում դրա հենարանների մնացորդները չեն պահպանվել։ Ուստի կարելի է ենթադրել միայն, որ այն կամ ունեցել է կից դահլիճների թաղերի շարունակությունը կազմող ծածկ՝ բակահայաց կողմում հենվելով կամարակապ մույթերի վրա, կամ եղել է հարթածածկ՝ ճակատային փայտե սյուներով։ Սրահի ու դահլիճների բակահայաց կողմնորոշումը շեշտված է ոչ միայն դրանց դիրքով ու համաչափ դասավորված ճակատային բացվածքներով, այլն ողջ զբաղեցնող կամարակապ խորշերի շարքով։ Ընդ որում, սրահի մասում դրանք չորսն են և միաչափ, իսկ դահլիճներում երեքական են՝ մուտքերի կողմից առաջինի ընդգըծված խոշորությամբ։ Հատկանշական է նաև, որ սենյակաշարը կառուցված է բնակելի մասի կամարասրահի դիմաց և եզրային-լայնական պատերով որպես առանձին շինություն, առանձնացված է արտաքին պարիսպներից. արևմտյան կողմում բուրգի հետ կապվող նեղլիկ միջանցքով, իսկ արևելքից՝ կառուցապատման բացակայությամբ և այդ ուղղությամբ բացված երկու փոքր պատուհաններով։
Երեսբաց սրահն իր դահլիճներով ու կից ընդարձակ բակով օգտագործվել է հանդիսավոր ընդունելությունների, տոնախմբությունների և ծիսակատարությունների ժամանակ։ Ըստ Րաֆֆու՝ «սրահի երկու կողմերի գեղեցիկ սենյակները երկու հարկանի են եղել։ Վերին հարկը քանդված է»։ Ապարանքի նկարագրությունից երևում է, որ պաշտպանական խնդիրն ունեցել է առաջնային նշանակություն։
Ապարանքի պատերը կառուցված են սպիտակ որձաքարի կոպտատաշ շարվածքով, գմբեթների ու թաղերի վերին մասերում շարվածքը մաքուր տաշած քարից է։ Այդպիսին է նաև տրոմպների կամարների և որոշ խորշերի եզրաշարվածքը, հնարավոր է նույն քարից են եղել նաև սյունասրահի կամարները։
Ապարանքը Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքների հորինվածքային-տիպաբանական, ճարտարապետական-կերպարային և շինարարական-կառուցվածքային առանձնահատկությունների վերհանման գործում եզակի դեր ունի։
Հոռեկավանի ապարանքները մելիքական տան բնորոշ օրինակներ են, որոնք խոսում են դարաշրջանի անհանգիստ ու տագնապալից քաղաքական իրադարձությունների մասին։
Տես նաև
խմբագրել- Հոռեկա վանք
- Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Թալիշ)
- Թալիշի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Մարտակերտի շրջան)
- Խնածախի մելիքական ապարանք
- Խնձորեսկի մելիքական ապարանք
- Տողի մելիքական ապարանք
- Քաղաքատեղու մելիքական ապարանք
- Ավետարանոցի առաջին մելիքական ապարանք
- Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանք
- Ավետարանոցի երրորդ մելիքական ապարանք
- Տեղ գյուղի մելիքական ապարանք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռաֆֆի, նշխ, աշխ, էջ 271, Ե․Լալայան, նշխ, աշխ, էջ 252
- ↑ 2,0 2,1 «Մշակ» 1890, №78, էջ 2,
- ↑ «Արցախ» Բարխուդարեան, Մակար, էջ 227-228
- ↑ «Արցախ» Բարխուդարեան, Մակար, էջ 230
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 5, Էջ 101