Հուլիոս I (280, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1] - ապրիլի 13, 352, Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի եպիսկոպոս 337 թվականի փետրվարի 6-ից մինչև 352 թվականի ապրիլի 12-ը։

Հուլիոս I
Iulius I
35-րդ Հռոմի պապ
337 փետրվարի 6 — 352 ապրիլի 12
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Մարկոս
Հաջորդող Լիբերիոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ 280
Հռոմ, Հռոմեական կայսրություն[1]
Մահ ապրիլի 13, 352
Հռոմ, Իտալիա
Թաղված է Սանտա Մարիա ին Տրաստևերե

Կենսագրություն

խմբագրել

Ծագումով բնիկ հռոմեական ընտանիքից էր, հռոմեական եկեցեղու գլուխ է ընտրվել 337 թվականին, մահացել է 352 թվականին։ Նրան վիճակվեց գործել այն ժամանակաշրջանում, երբ քրիստոնեությունը, հազիվ ազատագրված լինելով հեթանոս պետության հալածանքներից, պառակտվում էր ուղղահավատների և արիոսականների կամ սրանց հարող ուսմունքների միջև ծագած դաժան պայքարում։ Կոնստանտին Մեծի որդին՝ Կոստանդիոսը, որին բաժին էր հասել Արևելքը, բացահայտ աջակցում էր Նիկեայի տիեզերաժողովի կողմից դատապարտված կրոնական ուսմունքը։ Նիկեական ուսմունքի կողմնակիցները ապաստան գտան Արևմուտքում։ Հռոմեական եկեղեցին սկզբնապես ավանդույթ էր դարձել դավանաբանական առումով կողմնակից լինել միջին, համեմատաբար լայն տարածում ունեցող կարծիքների, այսինքն՝ հավանություն էր տալիս համընդհանուր ճանաչում գտած ուղղափառությանը։ Տվյալ դեպքում նման ավանդույթը ամրապնդվեց նաև պապի կողմից դրսևորվող առանձնահատուկ ձգտմամբ՝ որպես հիմնական դավանանք հռչակել Հիսուս Քրիստոսի աստվածությունը և նրա՝ Հայր Աստծո հետ հավասար լինելը։ Իր նախորդների բռնած ուղուն հավատարիմ՝ Հուլիոս I-ը բարեհաճորեն ընդունեց Հռոմում ապաստան փնտրող ուղղափառության ջատագով Աթանաս Ալեքսանդրացուն։

340 թվականին Հռոմում հավաքված արևմտյան եպիսկոպոսների ժողովը (պապը իզուր հրավիրել էր արևելյան հոգևոր պետերին, չափավոր արիոսականներին, Եվսեբիոս Նիկոդեմիացուն) Աթանասի, ինչպես նաև Մարկել Անկիրացու դեմ հնչած մեղադրանքները ճանաչեց անհիմն։ Հուլիոս I-ը ուղերձ հղեց կայսրության արևելյան մասի եպիսկոպոսներին, որում եռանդագին պաշտպանում էր պապի կողմից Հռոմում հրավիրված ժողովի՝ դավանաբանական հարցերը քննելու իրավունքը։

340 թվականի հռոմեական ժողովում ընդունված վճիռը հաստատվեց 343 թվականին, բարձրագույն հոգևորականության մեկ այլ համագումարում, որը հրավիրվել էր Կոնստանդիոսի համաձայնությամբ։ Այստեղ, սակայն, նույնպես մեծամասնություն էին կազմում արևմտյան եպիսկոպոսները. արևելյաններից շատերը (արիոսականները), դժգոհ լինելով իրենց իսկ պնդմամբ գահընկեց արված Աթանասի ներկայությունից, հրաժարվեցին մասնակցել համաժողովին։ Հոսիոսը՝ Կորդովայի եպիսկոպոսը, ով հայտնի էր որպես նիկեական ուսմունքի ջատագով, համաժողովին առաջարկեց որպես Պողոս առաքյալի (ում ընդունված ավանդույթն արդեն ուղղակիորեն անվանում էր հռոմեական եկեղեցու հիմնադիր) և Հուլիոս հանդեպ հատուկ հարգանքի նշան հռոմեական աթոռին ապագայում ևս գավառական եպիսկոպոսական սինոդների՝ որևէ մեկին եպիսկոպոսական աստիճանից զրկելու մասին որոշումները բողոքարկելու իրավունք շնորհվի։ Պապը պետք է նմանատիպ վճիռները հաստատելու կամ չեղարկելու իրավունք ունենար և ամենավերջում՝ գործընթացի նոր քննության համար հարևան գավառների եպիսկոպոսներից, որոնց մի մասին նշանակում էր պապը, հատուկ տրիբունալ հրավիրել։ Այս տրիբունալը պետք է գործերը քններ պապի կողմից ուղարկված լեգատ-դիտորդի ներկայությամբ։ Հոսիոսի առաջարկը ընդունվեց Սարդիկյան ժողովին մասնակից ամդամների մեծ մասի կողմից, բայց արևելյան եպիսկոպոսները, ովքեր հեռացան Ֆիլիպոպոլ, բողոքարկեցին և նույնիսկ Հուլիոսին և Հոսիոսին հայտարարեցին գահընկեց արված։ Երբ Կոնստանդիոսի փոփոխված տրամադրության արդյունքում Աթանասին վերադարձվեց եպիսկոպոսական տիտղոսը, Հուլիոս I-ը Ալեքսանդրիայի բնակչությանը ուղերձ հղեց՝ գովերգելով ճշմարիտ հովվի նկատմամբ նրանց հավատարմությունը։ Այսպիսով, Հուլիոս I-ի օրոք հռոմեական եկեղեցում արևելյան և արևմտյան հոգևորականության միջև տեղի ունեցավ առաջին կոնֆլիկտը։ Խստաբարո կյանքի և Հռոմի գերակայությունը հաստատակամ առաջ մղելու, ինչպես նաև քաղաքը նոր եկեղեցիներով զարդարելու համար Հուլիոս I-ը հետագայում սրբադասվել է (նրա հիշատակին նվիրված տոնը նշվում է ապրիլի 12-ին)։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլիոս I (Հռոմի պապ)» հոդվածին։