Մարդու սեռականություն
Սեռականություն[1][2] (սեռական վարքագիծ), մարդու անհատականության կարևորագույն բաղադրիչ։ «Սեռականություն» բառի նշանակությունը հասկանալով պետք է գիտակցել, որ սեռական հարաբերությունները, սեռական ակտիվ կամ պասիվ կյանք ունենալը սեռականության բաղադրիչներ են, այլ ոչ թե հենց մեր սեռականությունը։ Սեռականության թեման լայն է և բազմաբովանդակ, որի մասին կխոսենք ստորև։
Սեռականությունը յուրաքանչյուր անձի կենսաբանական, մտավոր, վարքագծային և սոցիալական բնութագրիչների ամբողջությունն է, որը սահմանում է մարդու ինքնությունը, վարքագիծը, կերպարն ու դերը որպես անհատ և որպես հասարակության անդամ:
Սեռականությունը վերաբերում է անհատի սեռին, գենդերային ինքնությանը և դրա արտահայտմանը, սեռական կողմնորոշմանը և ինքնությանը, սեռական ցանկություններին։ Այնուամենայնիվ, սեռականության մասին խոսելիս պետք է հիշել սեռային և սեռական տերմինների տարբերությունը։ Սեռային տերմինով բնութագրվում է այն ամենը, ինչ վերաբերում է մարդու կենսաբանական սեռին և անատոմիային, իսկ սեռական տերմինով բնութագրվում է այն ամենն ինչը վերաբերում է զգացմունքներին, հույզերին, զգայականությանը, ինքնագիտակցությանը և ինքնությանը, նաև սեռական բնույթի գործողություններին, սեռական հարաբերություններին ու սեռական ակտին։
Սեռականությամբ օժտված է յուրաքանչյուր կենդանի էակ․ մարդիկ, կենդանիները և այլն։ Բոլորը ծնվում են արական, իգական կամ միջին կենսաբանական սեռի (ինտերսեքս) անհատ, այնուհետև` կառուցում սեռի ներքին ընկալումը` սեռային ինքնությունը։ Որոշակի տարիքում անցնում ենք սեռահասունացման փուլը և հիմնականում հարմարվում մեր մարմնի ու ինքնընկալման փոփոխություններին կամ չենք կարողանում հարմարվել մեր կենսաբանական սեռին ու դրա առանձնահատկություններին (բնորոշ է տրանսսեքսուալ (փոխսեռական) անձանց)։ Կյանքի ընթացքում դրսևորում ենք այս կամ այն տեսակ սեռական վարքագիծ ու ստեղծում ինտիմ հարաբերություններ։ Բոլորիս բնորոշ է որևէ տեսակի սեռական կողմնորոշումը (տարասեռական, նույնասեռական, երկսեռական, անսեռական), և կյանքի ինչ-որ պահի հասկանում ենք մեր սեռական կողմնորոշման ներքին ընկալումը` սեռական ինքնությունը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուրս, կրելով սեռականության նույն բաղկացուցիչները, տարբեր կերպ ենք դրանք ընկալում, հասկանում ու գիտակցում։ Հետևաբար, տարբեր կերպ ենք արտահայտում մեր սեռականության բաղադրիչները և տարբեր կերպ էլ ընկալում ու հասկանում ենք այլոց սեռականության դրսևորումները։
Բոլորս տարբեր ենք որպես սեռականություն կրող անհատներ։
Կենսաբանական սեռ
խմբագրելԿենսաբանական սեռն առանձնացվում է անհատի վերարտադրողական համակարգի կառուցվածքով և ֆունկցիայով` արտաքին ու ներքին սեռական օրգաններով և դրանց կողմից արտադրվող միավորների տեսակներով։ Ձվաբջիջն իգական սեռի միավորն է, իսկ սպերմատոզոիդը` արական սեռինը, որոնք նախատեսված են վերարտադրության համար։ Արտաքին և ներքին սեռական օրգանների հիման վրա տարանջատում ենք անհատի կենսաբանական սեռը` արական, իգական, երրորդ կամ միջին։
Սեռն անհատի կենսաբանական կարգավիճակն է որպես արական, իգական, ինտերսեքս և որոշվում է այնպիսի չափորոշիչներով, ինչպիսին են սեռական քրոմոսոմները, գոնադները, արտաքին ու ներքին սեռական օրգանները։
Կաթնասունների մոտ արական օրգանիզմը սովորաբար կրում է XY սեռական քրոմոսոմներ, իսկ իգական օրգանիզմի մոտ առկա են XX քրոմոսոմները։ Սա XY սեռի որոշման համակարգն է։ Քրոմոսոմների հավաքակազմը հաճախ տարբեր է մարդկանց մոտ, իսկ կենդանիների մոտ նույնիսկ ունի այլ հավաքակազմ, օրինակ թռչունների մոտ ZW քրոմոսոմային հավաքակազմը, իսկ միջատների մոտ՝ X0 հավաքակազմը։
Արական սեռի պատկանող է համարվում այն անհատը, որն ունի արական սեռը բնութագրող առաջնային հատկանիշներ` արտաքին և ներքին արական սեռական օրգաններ։ Արտաքին սեռական օրգաններն են առնանդամը և ամորձապարկը` փոշտը, որն արտաքինից պաշտպանում է նրա մեջ գտնվող զույգ ամորձիները։ Արական սեռի ներքին սեռական օրգաններն են` ամորձիները, սերմնաբշտերը, սերմնածորանները և շագանակագեղձը։ Ամորձիներն արական սեռական գեղձերն են, որտեղ առաջանում են արական սեռական բջիջները` սպերմատոզոիդները, և սեռական հորմոնները։ Սերմնածորանները զույգ խողովակներ են, որոնց միջով շարժվում են սպերմատոզոիդները, իսկ սերմնաբշտերը և շագանակագեղձը արտադրում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդների հետ, առաջացնում է սերմը (սպերման)։
Իգական սեռի պատկանող համարվում է այն անհատը, որն ունի իգական սեռը բնութագրող առաջնային հատկանիշներ` արտաքին և ներքին իգական սեռական օրգաններ։ Արտաքին սեռական օրգաններն են` կրծքերը, մազածածկույթով պատված ամոթույքը, մեծ և փոքր սեռական շուրթերը, ծլիկը (կլիտոր), որից ներքև գտնվում է միզածորանը, այնուհետև` հեշտոցամուտքը, որն աղջիկների մոտ հիմնականում ծածկված է լինում կուսաթաղանթով (hymen): Կուսաթաղանթի վրա կան անցքեր, որոնցով դուրս է գալիս դաշտանային արյունը։ Կուսաթաղանթն ամբողջությամբ չի պատում հեշտոցամուտքը և կարող է լինել տարբեր ձևերի, չափսերի և հաստության։ Իրականում կուսաթաղանթի ամբողջականությունը չի կարող վկայել աղջկա սեռական կյանքի առկայության կամ բացակայության մասին, քանի որ կուսաթաղանթը կարող է վնասվել կամ պատռվել մանկության տարիքում տարբեր ֆիզիկական վարժությունների կամ ինչ-որ առարկաների օգտագործման արդյունքում։ Իսկ որոշ աղջիկների մոտ այն կարող է ի ծնե մասնակի լինել կամ ընդհանրապես բացակայել։ Աղջիկների միայն 0.03%-ն է ծնվում տեսանելի կուսաթաղանթով։ Իգական սեռի ներքին սեռական օրգաններն են` ձվարանները, արգանդափողերը` ֆալոպյան փողերը, արգանդը և հեշտոցը։ Ձվարաններն իգական սեռական գեղձերն են, որոնցում առաջանում են իգական սեռական բջիջները` ձվաբջիջները, և սեռական հորմոնները։ Արգանդը տանձաձև մկանային օրգան է, որում զարգանում է սաղմը։ Արգանդափողերը մկանային խողովակներ են, որոնցով անցնում են ձվաբջիջները և որտեղ տեղի է ունենում ձվաբջջի բեղմնավորումը` սպերմատոզոիդի միացումը ձվաբջջին։ Յուրաքանչյուր 28 օրը մեկ անգամ ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ։ Մինչև հասունանալը ձվաբջիջը գտնվում է հատուկ բշտիկում` ֆոլիկուլում։ Հասունացման ընթացքում ֆոլիկուլը լցվում է հեղուկով և տեղաշարժվում ձվարանի մակերեսային շերտ, այնուհետև` պատռվում է, և ձվաբջիջն ընկնում է արգանդափող ու շարժվում դեպի արգանդ։ Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, ապա առաջացած սաղմը կպչում է արգանդի պատին։ Եթե այն չի բեղմնավորվում, ապա այն արգանդի լորձաթաղանթի հետ պոկվում է և հեռանում հեշտոցի միջով։ Այս գործընթացն ուղեկցվում է քիչ քանակությամբ արյունահոսությամբ և կոչվում է դաշտան։
Անհատի սեռը միջին է համարվում, երբ անհատի մոտ հանդիպում են արական և իգական ներքին ու արտաքին սեռական օրգանների համակցություններ։ Ինտերսեքս լինելը բնության մեջ անվանվում է հերմաֆրոդիտություն։ Անվանումն առաջացել է հին հունական աստծո` Հերմափրոդիտոսի անունից։ Ինտերսեքս լինելու տարբեր տեսակներ կան, և երբեմն ինտերսեքսներին կամ երրորդ սեռի անձանց արտաքնապես անհնար է լինում տարբերել արական կամ իգական սեռի անհատներից։ Հիմնականում պարզ է դառնում մարդու ինտերսեքս լինելու փաստը մահվանից և դիահերձումից հետ, երբ, օրինակ բացահայտվում է, որ բացի առնանդամից, մարդն ունի ձվարաններ ևս։ Անհատը կարող է իմանալ սեփական ինտերսեքս կարգավիճակի մասին նաև վաղ հասակում։ Հաճախ ինտերսեքս անձանց ստիպում են հարմարվել սեռերի երկբևեռ մոդելին (միայն արական և իգական)` նրանց ենթարկելով վիրահատությունների, և հետագայում դաստիարակելով կա´մ որպես աղջիկ, կա´մ էլ որպես տղա։ Այդ վիրահատությունները հաճախ խիստ բացասական դեր են թողնում անհատի վրա, ոմանք նույնիսկ իսպառ կորցնում են սեռական հաճույք ստանալու հնարավորությունը և ունակությունը։ Իրավունքի տեսակետից սա ոչ միայն ոտնձգություն է անհատի մարմնի նկատմամբ, որը նախ և առաջ պատկանում է հենց այդ անհատին, այլև մարդու սեռական և վերարտադրողական իրավունքների ոտնահարում է։ Այստեղ կա նաև էթիկական խնդիր. ճի՞շտ է անհատից թաքցնել նրա հետ կապված այդ աստիճան կարևոր տեղեկությունը։
Բացի կենսաբանական սեռից մարդիկ ունեն նաև հետևյալ սեռերը.
- Քրոմոսոմային կամ գենետիկական սեռ, որը որոշվում է քրոմոսոմների կազմով։ Մարդու, ինչպես նաև որոշ կենդանիների դեպքում, սեռը որոշվում է հատուկ տեսակի քրոմոսոմներով` սեռական քրոմոսոմներով. X-իգական քրոմոսոմ, Y-արական քրոմոսոմ, XY քրոմոսոմային կազմ (արական սեռ), XX քրոմոսոմային կազմ (իգական սեռ)։ ինտերսեքս մարդկանց մոտ հանդիպում են XXY և XO քրոմոսոմային կազմեր, սակայն ոչ բոլոր ինտերսեքսները (ինտերսեքս) ունեն վերոնշյալ քրոմոսոմային կազմերը։
- Հորմոնալ սեռ, որը որոշվում է մարմնի կողմից արտադրվող հորմոններով. էստրոգենները բնորոշ են իգական սեռին, անդրոգենները` արականին, որոնք էլ հետագայում սահմանում են անհատի երկրորդային սեռային հատկանիշները, օրինակ` ցածր և թավ ձայնը տղաների մոտ, կրծքի մեծացում և դաշտան աղջիկների մոտ, ինչպես նաև` ցայլքի շրջանում մազերի աճ երկու սեռերի մոտ էլ և այլ փոփոխություններ։ Չնայած արական և իգական սեռերն էլ ունենում են և´ անդրոգեններ, և´ էստրոգեններ, սակայն դրանց քանակությունը տատանվում է, և քանակը որոշիչ է լինում։ Էստրոգենի մեծ քանակության շնորհիվ է, որ աղջիկների դեմքին մազածածկույթ չի առաջանում, իսկ մաշկն ավելի հարթ է լինում։ Եվ անդրոգենների մեծ քանակությունն է տղաների մոտ, որ նրանց դարձնում է ավելի առնական։ Պատահում է նաև, որ արական սեռի անհատների էստրոգենի քանակությունն ավելի բարձր է լինում, և նրանք ավելի կանացի տեսք են ունենում, իսկ աղջիկների մոտ ավելի շատ են լինում անդրոգեններ, հետևաբար, նրանք էլ առավել առնական տեսք են ունենում։
- Պրենատալ սեռ, որը բժշկի կողմից կնոջ հղիության ժամանակ պտղին տրվող կամ ակնկալվող սեռն է։
- Ծննդյան սեռ, որը տրվում է նորածնին մանկաբարձուհու կամ մանկաբարձի կողմից։
- Մորֆոլոգիական սեռ, որը որոշվում է անհատի արտաքին սեռական օրգանների հիման վրա։
- Գոնադային սեռ, որը որոշվում է մարդու սեռական գեղձերի առկայությամբ. իգականի դեպքում ձվարաններն են, իսկ արականի դեպքում` սերմնարանները։ ինտերսեքս մարդկանց մոտ հնարավոր է երկու սեռական գեղձերի միաժամանակյա կամ միջանկյալ տարբերակների առկայությունը։
- Գամետային սեռ, որը որոշվում է սեռական վերարտադրության համար մարմնի կողմից արտադրվող միավորների` գամետների միջոցով. արական սեռական օրգանները արտադրում են սերմնաբջիջ կամ սպերմատոզոիդ, իգականները` ձվաբջիջ։
- Անձնագրային կամ քաղաքացիական սեռ, որը կնքված է անհատի անձնագրում։
- Հոգեբանական սեռ, որը հիմնված է անհատի սեռային ինքնության վրա։
Սեռային ինքնություն
խմբագրելՍեռային ինքնությունը անհատի կողմից սեփական սեռի հոգեբանական զգացումն ու ընկալումն է` արական, իգական, միջին, չեզոք և այլն։ Եթե կենսաբանական սեռն այն է, ինչը որոշվում է արտաքին և ներքին սեռական օրգանների և արտադրվող միավորների հիման վրա, ապա սեռային ինքնությունն այն է, ինչը մեր գլխում է. «ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանն է անհատի կողմից։
Սովորաբար կենսաբանական սեռը և սեռային ինքնությունը համապատասխանում են մեկը մյուսին։ Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք զգում են տարբերություն և անհամապատասխանություն իրենց կենսաբանական սեռի ու սեռային ինքնության միջև։ Նման անհամապատասխանության զգացումը բնորոշ է տրանսսեքսուալ մարդկանց։
Տրանսսեքսուալ եզրույթն այժմ քիչ օգտագործվող և ոչ հովանի եզրույթ է, ի տարբերություն «տրանսգենդեր»-ի։ Այն ծագել է բժշկական, հոգեբուժական և հոգեբանական համայնքներում։ Առաջին անգամ օգտագործվել է Մագնուս Հիրշֆելդի կողմից 1923թ․՝ «seelischer Transsexualismus» ձևակերպմամբ, որը նշանակում է «հոգեկան տրանսսեքսուալիզմ»։ Տրանսսեքսուալ մարդն իրեն լիովին նույնականացնում է հաստատված սեռին հակառակ գենդերային դերի հետ և մշտապես ցանկանում է ապրել նախընտրած գենդերային դերով։ Այն հաճախ ուղեկցվում է սեփական առաջնային և երկրորդային սեռային հատկանիշների ուժեղ մերժմամբ և նախընտրած գենդերին բնորոշ մարմին ունենալու ցանկությամբ։ Տրանսսեքսուալ անհատը կարող է ցանկանալ բժշկական միջամտություն իրականացնել, սակայն վերջինս պարտադիր պայման չի հանդիսանում, ինչպես նաև կարող է իրականացնել սոցիալական դերի փոփոխություն արականից իգական կամ իգականից արական, որը շատ դեպքերում, ներառում է նաև սոմատիկ փոփոխություն հակառակ սեռի հորմոնային թերապիայի և/կամ սեռական օրգանների վիրահատությամբ։ Վերջինս կրում է գենդերի վերահաստատման վիրահատություն անվանումը (նախկինում՝ սեռի փոփոխության վիրահատություն)[3]։
Սեռահասունացումը կյանքի ժամանակաշրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար վերափոխվում է հասուն մարդու` կնոջ կամ տղամարդու մարմնի։ Այն մեկ օրում տեղի չի ունենում, այլ տևում է տարիներ։ Այդ տարիներին մարդու ուղեղն ազդակներ է ուղղարկում սեռական և մարմնի այլ օրգաններին։ Դրանք սկսում են արտադրել հորմոններ, որոնք ձևափոխում ու ձևավորում են մարդու օրգանիզմը մինչև հասունացման ավարտը։ Սեռահասունացումը սկսվում է երկրորդային սեռային հատկանիշների առաջացումով։
Արական սեռի անհատների սեռահասունացումը սովորաբար սկսվում է 11 տարեկանում, սակայն կարող է սկսվել նաև ավելի շուտ` 9-10 տարեկանում կամ ավելի ուշ` 13-14 տարեկանում` կախված օրգանիզմի յուրահատկությունից։ Սեռական հասունացման ընթացքում արական սեռի անհատների մոտ մեծանում են ամորձիները և առնանդամը, ի հայտ են գալիս երկրորդային սեռային հատկանիշները` մազերի առաջացում` կրծքավանդակի, թևատակերի, դեմքի, սեռական օրգանների և մարմնի այլ մասերի շրջանում, աճում և զարգանում են մարմնի ոսկրերը և մկանները, լայնանում են ուսերը և կրծքավանդակը, մաշկը կոպտանում է, ձայնը դառնում է խռպոտ և խորը։ Արական սեռի անհատների սեռահասունացման ցուցանիշներից են` երազախաբությունները և էրեկցիաները։ Այս տարիքում տղաները երբեմն առավոտյան կարող են արթնանալ թաց վարտիքով, որովհետև գիշերը` քնած ժամանակ որոշ քանակությամբ սերմնահեղուկ է արտադրվել։ Այս երևույթն անվանում են երազախաբություն (պոլուցիա), որը կարող է ուղեկցվել սեռական բնույթի երազներով։ Երազախաբությունները բնական երևույթներ են և կազմում են սեռահասունացման ընթացքի մի մասը։ Էրեկցիան ֆիզիոլոգիական երևույթ է, որը բնորոշվում է առնանդամի մեծացումամբ ու պնդացումամբ։ Էրեկցիա առաջանում է սեռական ցանկության կամ գրգռված լինելու ժամանակ։
Իգական սեռի անհատների սեռահասունացումը սովորաբար սկսվում է 10 տարեկանում, կարող է սկսվել նաև ավելի շուտ` 8-9 տարեկանում, կամ ավելի ուշ` 12-13 տարեկանում։ Այս ընթացքում իգական սեռի անհատների մոտ ի հայտ են գալիս երկրորդային սեռային հատկանիշները. մեծանում են կրծքագեղձերը, թևատակերին, սեռական օրգանների շրջանում և մարմնի այլ հատվածներում մազեր են աճում, մարմինը սկսում է աճել և դառնալ նրբակազմ, մաշկը դառնում է նուրբ և փափուկ, ձայնը նրբանում է և դառնում ավելի բարձր։ Իգական սեռի անհատների սեռահասունացման հիմնական ցուցանիշը դաշտանի սկսվելն է։ Սովորաբար 12-13 տարեկանում աղջիկների մոտ սկսվում է առաջին դաշտանը։ Դաշտանի սկսվելը բնական երևույթ է և խոսում է այն մասին, որ մարդու օրգանիզմը սեռահասունանում է։ Դաշտանի սովորական պարբերաշրջանը (երկու դաշտանների միջև ընկած ժամանակահատվածը) տևում է 28-32 օր, սակայն կարող է լինել նաև 22-35 օր։ Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող են գալ հեղուկ կամ մածուցիկ անգույն արտազատուկներ, որոնք կոչվում են ֆիզիոլոգիական արտազատուկներ։ Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է ընթանում, այսինքն` հեշտոցից կարող են գալ արյան մի քանի կաթիլներ։ Որոշ աղջիկների մոտ հենց սկսվելու ամսից դաշտանը լինում է պարբերական, իսկ որոշների մոտ` ընդհատումներով։ Դա բնական երևույթ է, քանի որ օրգանիզմին ժամանակ է անհրաժեշտ հարմարվելու փոփոխություններին։ Դաշտանի սկսվելու նախանշաններն են` որովայնի շրջանում թեթև կծկումները, փքվածությունը, գերզգայուն կրծքագեղձերը, գլխացավերը։
Սեռահասունացման ընթացքում մարդու մոտ սկսում է արտահայտվել սեռական ցանկությունը և սեռական հակումը, որոնք շատ բնական զգացողություններ են։
Սեռական ցանկությունը զգացողություն է, որի ժամանակ անհատը ցանկանում է ունենալ սեռական ապրումներ և մղվում է սեռական ակտիվության։ Սեռական հակումը հրապուրանքն է մեկ այլ մարդու մարմնի նկատմամբ, երբ ցանկություն է առաջանում մոտենալ ու հպվել նրան։ Սեռական ցանկությունը և հակումը միահյուսված են և անհատի մոտ առաջացնում են ներքին լարվածության զգացում, որից ազատվելու համար անհատը մղվում է սեռական ակտիվության (սեռական բնույթ կրող գործողությունների)։
Սեռական լարվածությունից ազատվելու ճանապարհներից մեկը ձեռնաշարժությունն է (օնանիզմ, մաստուրբացիա)։ Ձեռնաշարժության ժամանակ մարդը հաճույք ստանալու նպատակով գրգռում է իր սեռական օրգանները ձեռքով կամ այլ առարկաներով։ Սա բնական երևույթ է և բնորոշ է բոլոր տարիքի մարդկանց` սկսած մանկության տարիքից մինչև հասունություն։ Սեռական լարվածությունից ազատվելու մեկ այլ ճանապարհ է սեռական ակտը կամ սեռական հարաբերությունը (սեքսը)[4]։
Սեռական վարքագիծ
խմբագրելՍեռական վարքագիծը[5] սեռական բնույթի գործողությունները սեռական կենսակերպն է արական, իգական կամ այլ սեռի անձի, ինչպես նաև սեփական մարմնի հետ (ձեռնաշարժություն)։ Սեռական հարաբերությունները մարդկանց միջև տեղի ունեցող ներթափանցող սեռական գործողություններն են, որոնք կարող են լինել հեշտոցային (վագինալ), բերանային (օրալ) և հետանցքային (անալ)։
Սեռական վարքագծի հիման վրա մարդիկ բաժանվում ենք հետևյալ խմբերի.
- ԿՍՏ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ,
- ԿՍԿ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ,
- ԿՍՏԿ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց և կանանց հետ,
- ՏՍԿ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ,
- ՏՍՏ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ,
- ՏՍՏԿ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց և կանանց հետ։
Եվ´ կենդանական, և´ մարդկային աշխարհում սեռական հարաբերությունները, բացի իրենց առաջնային նպատակից (վերարտադրությունից), ծառայում են նաև հաճույք ստանալու, սթրեսներից ձերբազատվելու և այլ նպատակներով։ Մարդիկ նաև ունեն վերարտադրողական և սեռական իրավունքներ, որոնց թվում` սեռական և վերարտադրողական հարցերի վերաբերյալ ինքնուրույն որոշումների կայացման իրավունք։
Սեռական կողմնորոշում
խմբագրելՍեռական կողմնորոշումը սեռականության բաղադրիչներից մեկն է և բնորոշ է յուրաքանչյուր անհատին, այն անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջությունն, ինտիմ և սեռական հարաբերություններն են այլ անհատի նկատմամբ։
Առանձնացվում են սեռական կողմնորոշման հետևյալ տեսակները` տարասեռական, նույնասեռական, երկսեռական, ինչպես նաև` անսեռական։
Տարասեռական (հետերոսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` այլ սեռի կամ գենդերի անձանց նկատմամբ։
Նույնասեռական (հոմոսեքսուալ` լեսբի կամ գեյ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` նույն սեռի կամ գենդերի անձանց նկատմամբ։ Նույնասեռական տղամարդկանց անվանում են գեյ, իսկ նույնասեռական կանանց` լեսբի։
1973թ. Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը հանել է «նույնասեռականությունը» Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկից (DSM-II), որով ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում առաջնորդվում են հոգեկան և վարքային խանգարումներն ախտորոշելիս։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս 1990թ. մայիսի 17-ին հեռացրել է «նույնասեռականություն» ախտորոշումը Հիվանդությունների միջազգային դասակարգման (ICD-10) հոգեկան խանգարումների շարքից, որով առաջնորդվում են նաև ՀՀ երկրի հոգեկան առողջության մասնագետները, ինչպես նաև 2018թ․ ԱՀԿ-ն «տրանսսեքսուալությունն» է հանել հիվանդությունների ցանկից, ՀՀ հոգեկան առողջության մասնագետները նույնպես առաջնորդվում են այս որոշմամբ:
Երկսեռական (բիսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի մեկից ավելի սեռերի նկատմամբ։
Անսեռական (ասեքսուալ) մարդը սեռական հրապուրանք, գրավչություն և/կամ ցանկություն գրեթե կամ ընդհանրապես չի զգում ոչ մի սեռի մարդու նկատմամբ։ Ասեքսուալ մարդիկ ունենում են նույն հուզական կարիքները, ինչ բոլորը և ընդունակ են ձևավորել ինտիմ հարաբերություններ։ Ասեքսուալությունը համարվում է սեռական կողմնորոշման տեսակ, չնայած ոմանք այլ կարծիքի են։
Ի գիտություն. Եթե անհատն անսեռական է, դեռևս չի նշանակում, որ նա սեռական հարաբերություններ չի կարող ունենալ։ Անսեռական անհատը ևս կարող է զուգընկեր/ուհի ունենալ, ի վիճակի է երեխաներ ունենալ։ Հարկ է անսեռականությունը տարանջատել ամլությունից և սեռական անկարությունից։ Անսեռականությունը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջության (բոլորը միասին) բացակայությունն է, սակայն ոչ անկարությունը (իմպոտենցիա)։
Կարևոր է նաև անսեռականությունը տարբերել ժուժկալությունից, որը սեռական կյանք վարելուց դիտավորյալ հրաժարվելն է։ Մարդկանց մեծ մասամբ ժուժկալության դրդում են որոշ կրոնական գաղափարներ կամ ուղղություններ, և հիմնականում ժուժկալության հիքմը հոգևոր-կրոնական է։ Ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող անհատ կարող է ժուժկալ կենսակերպ վարել։ Բնական ու կանոնավոր սեռական կյանք վարելը կամ դրանից իսպառ հրաժարվելն անհատի ընտրությունն է։
Եթե կինը սիրում է այլ գենդերի անհատի կամ անհատների (զգացմունքային գրավչություն), անհանգստանում է նրա համար կամ հետաքրքրված է նրանով (հուզական գրավչություն), սեռական ցանկություն և հակում է ունենում նրա նկատմամբ (սեռական գրավչություն), ցանկանում է և/կամ սեռական կյանք վարում նրա հետ (սեռական հարաբերություն), ցանկանում է և/կամ ավելի շատ ժամանակ է անցկացնում նրա հետ (ինտիմ հարաբերություն), ապա այդ անհատը տարասեռական է։ Նույնն էլ հակառակ դեպքում։ Նույն ձևով, եթե կինը կամ տղամարդը նույն բոլոր գրավչությունների ամբողջությունը, ցանկությունները և/կամ հարաբերությունները ունի նույն գենդերի (տղամարդը` տղամարդու, կինը` կնոջ) անձի նկատմամբ, ապա նա նույնասեռական է իր սեռական կողմնորոշմամբ։
Սեռականության տեսանկյունից նույնասեռականների ու տարասեռականների հիմնական տարբերությունը նրանց սեռական կողմնորոշումն է, իսկ մյուս առումներով նրանք ունեն շատ ընդհանրություններ։ Ե´վ արական, և´ իգական սեռի անհատների նկատմամբ բոլոր վերոնշյալ հակումներ ունեցող անձիք էլ, անկախ իրենց կենսաբանական սեռից, երկսեռական են համարվում։
Սեռական կողմնորոշումը հաճախ սխալմամբ նույնացվում է նաև սեռական վարքագծի հետ։ Սովորաբար անհատի սեռական վարքագիծը համապատասխանում է նրա սեռական կողմնորոշմանը, սակայն որոշ դեպքերում այն կարող է և չհամապատասխանել։ Օրինակ` նույնասեռական տղամարդը կարող է իր սեռական վարքագծով լինել ոչ թե տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում տղամարդու հետ, այլ` տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում կնոջ հետ։ Ինչպես նաև տարասեռական տղամարդը կարող է լինել տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում տղամարդկանց հետ, այլ ոչ թե` տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում կանանց հետ։ Նույնն էլ` կանանց դեպքում։ Պատճառները և շարժառիթները երկու դեպքում էլ կարող են տարբեր լինել։ Այսպես, նույնասեռականը կարող է ինքն իրեն որպես տարասեռական ներկայացնել հանրությանը, այդ թվում` ցուցաբերել տարասեռականներին բնորոշ սեռական վարքագիծ (սեռական կենսակերպ այլ սեռի կամ գենդերի անհատի/անհատների հետ) հոմոֆոբիայից, խտրականությունից, անհանդուրժողականությունից խուսափելու համար և այլ պատճառներով։ Տարասեռականը կարող է ցուցաբերել նույնասեռականներին բնորոշ սեռական վարքագիծ (սեռական կենսակերպ նույն գենդերի անհատի կամ անհատների հետ), օրինակ, գտնվելով քրեակատարողական հիմնարկներում, մենաստաններում, բանակում և այլ տիպի փակ հաստատություններում։ Որոշ տղամարդիկ երբեմն ստիպված են լինում (ոմանց պարտադրում են) ցուցաբերել ՏՍՏ սեռական վարքագիծ` կնոջ բացակայության պայմաններում սեռական կարիքներն ու բնական սեռական ցանկությունները բավարարելու համար։ Քանի որ սեռական կողմնորոշումը ներառում է գրավչությունների ամբողջություն, և սեռական վարքագծի երկարաժամկետ կամ կարճաժամկետ փոփոխությունը չի փոփոխում սեռական, զգացմունքային և այլ գրավչությունները ինչպես տարասեռականների, այնպես էլ նույնասեռականների և այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց մոտ, ապա եթե ինչ-որ մեկին ստիպում են փոփոխել իր սեռական վարքագիծը, իր համար ոչ գրավիչ սեռի հետ սեռական հարաբերությունները կամ ամուսնությունը չեն փոփոխում տվյալ անձի սեռական կողմնորոշումը։ Օրինակ` եթե նույնասեռականին պարտադրեն ամուսնանալ կնոջ հետ, դա դեռևս նրան տարասեռական չի դարձնում, և ոչ էլ տարասեռականին է հնարավոր նույնասեռական դարձնել։
Ի գիտություն. Սեռական կողմնորոշումը չի կառավարվում կամ ընտրվում անհատի կողմից, իսկ սեռական վարքագիծը երբեմն կարող է լինել համեմատաբար փոփոխական (և´ կանանց, և´ տղամարդկանց, և´ նույնասեռականների, և´ տարասեռականների դեպքում) և համեմատաբար կառավարելի:
Սեռական ինքնություն
խմբագրելՍեռական ինքնությունն անհատի սեռականության այն բաղադրիչն է,որը վերբերում է նրան, թե ինչ տեսակ սեռական կողմնորոշում ունեցող ենք մենք մեզ ընկալում և համարում (տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական)։
Սեռական ինքնությունն անհատի` նույնասեռական, երկսեռական, տարասեռական կամ անսեռական լինելու ներքին զգացողությունն է։ Այս հասկացությունն օգտագործվում է որպես իրավաբանական հասկացություն Գերմանիայում, Չեխայում, Սլովակիայում, Հունգարիայում և Իսպանիայում։
Անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա սեռային ինքնությունից։ Եթե սեռային ինքնությունը սեփական սեռի ընկալումն է. «ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանը` արական, իգական կամ այլ, ապա սեռական ինքնությունը անհատի սեռական կողմնորոշման ներքին ընկալումն է. «ի՞նչ սեռական կողմնորոշում ունեմ ես» հարցի պատասխանը` տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական։ Մյուս կողմից, անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա գենդերային ինքնությունից։ Դրանք երկուսն էլ սեռականության առանձին բաղադրիչներ են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "ՓԻՆՔ", Արմենիա (2016). «Սեռականություն». PINK Armenia. PINK Armenia.
- ↑ «ILGA-Europe Glossary | ILGA-Europe». www.ilga-europe.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ (Փինք Արմենիա) (2017). «ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց. հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագետների համար» ուղեցույց. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Gender and Genetics». World Health Organization (WHO).
- ↑ "Հանուն ընտանիքի և առողջության", համահայկական ասոցիացիա (2008 հունիսի 18). «Զրույց սեռականության մասին» (PDF). UNFPA Armenia. "Հանուն ընտանիքի և առողջության" համահայկական ասոցիացիա.