Մարոկկո

Երկիր Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում
(Վերահղված է Մարոկոից)

Մարոկկո (արաբ․՝ المغرب‎‎), երկիր Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում, Մաղրիբի շրջանում։

Մարոկկո
Մարոկկոյի դրոշ Զինանշան


Կարգավիճակսահմանափակ միապետություն, ինքնիշխան պետություն, Mediterranean country? և երկիր
Ներառում էTangier-Tetouan-Al Hoceima?, Oriental?, Fès-Meknès?, Rabat-Salé-Kénitra?, Béni Mellal-Khénifra?, Կասաբլանկա Սետատ, Marrakesh-Safi?, Drâa-Tafilalet?, Souss-Massa?, Guelmim-Oued Noun?, Laâyoune-Sakia El Hamra? և Dakhla-Oued Ed-Dahab?
Պետական լեզուարաբերեն[1] և Standard Moroccan Amazigh?[1]
ՄայրաքաղաքՌաբաթ
Պետական կարգՄիապետություն
Օրենսդիր մարմինParliament of Morocco?
Երկրի ղեկավարՄոհամմեդ VI
Կառավարության ղեկավարAziz Akhannouch?
Մակերես446 550 կմ²
Ջրային %0.056% ջրային
Ազգաբնակչություն36 828 330 մարդ (2024)[2]
Խտություն73.1 մարդ/կմ²
ԿրոնՍուննի Իսլամ
ՀիմնCherifian Anthem?
Կարգախոսالله، الوطن، الملك և Gwlad, Mamwlad, y Brenin
Հիմնադրված է789[3] թ.
ԱրժույթՄարոկկոյի դիրհամ
Կենտրոնական բանկԱլ-Մաղրիբ բանկ
Ազգային տոնՆոր տարվա օր, Մայիսի մեկ, Մուսուլմանական Ամանոր, Mawlid?, Eid al-Fitr?, Կուրբան Բայրամ, Throne Day?, Revolution of the King and the People?, Proclamation of Independence of Morocco?, Ամանոր, Proclamation of Independence of Morocco?, Youth Day?, Green March?, Yennayer?, Օգոստոսի 14 և Isra and Mi'raj?
Ժամային գոտիUTC+1, Africa/Casablanca?[4] և UTC+0
Հեռախոսային կոդ+212
Ինտերնետ-դոմեն.ma
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,683[5]
maroc.ma/en(անգլ.), maroc.ma/es(իսպ.), maroc.ma/fr(ֆր.), maroc.ma/amz և maroc.ma/ar(արաբ.)

Մակերևույթը լեռնային է. գերակշռում են միջին բարձրության լեռներն ու սարավանդները։ Հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ձգվում է Ատլասիի լեռնային համակարգը՝ Բարձր Ատլաս (առավելագույն բարձրությունը՝ 4165 մ, Թուբկալ լեռ), Միջին Ատլաս, Անտիատլաս։ Ատլանտյան ափին կան դաշտավայրեր (Գարբ, Աբդա, Սուս), հյուսիս-արևմուտքում Մարոկկոյական Մեսետայի հարթավայրերն ու սարավանդներն են, հյուսիս-արևելքում՝ խոշոր գոգավորություններով Ալժիրա-Մարոկկոյական Մեսետան (1000–1200 մ)։ Ատլասից հարավ տարածված սարավանդները Սահարայում վերածվում են քարքարոտ հարթավայրերի։

Պատմություն

խմբագրել

Հնագույն շրջան

խմբագրել

Հնագույն ժամանակներից Մարոկկոյի տարածքում բնակվել են լիբիական կամ հին բերբերական ցեղեր։ Մարոկկոյում մ․թ․ա․ II հազարամյակի վերջին առափնյա շրջաններում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են Կարթագենի իշխանության տակ։ Մ․թ․ա․ 2-րդ դարում Մարոկկոյի հյուսիսային շրջաններն իր ազդեցությանն է ենթարկել, իսկ մ․թ․ա․ 27-ին նվաճել Հռոմը։ 5-րդ դարում Մարոկկոյի տարածքի հյուսիսային մասը նվաճել են վանդալները, 6-րդ դարում՝ Բյուզանդիան, 8-րդ դարում․՝ արաբները (որոնք տարածեցին արաբերենն ու իսլամը)։ 788 թվականին Մարոկկոյի հյուսիս-արևմուտքում հիմնվել է Իդրիսյանների պետությունը, 11-րդ դարում՝ Աչմորավյանների, ապա՝ Ալմոհաղների խալիֆայությունը։ 13-րդ դարի 2-րդ կեսին Մարոկկոյում իշխանությունն անցել է Մարինյանների բերբերական դինաստիային, որոնց տիրապետության ժամանակ նկատելիորեն զարգացել է գյուղատնտեսությունը, տնտեսական լայն կապեր են հաստատվել Մարոկկոյի և Եվրոպայի ու Արևմտյան Աֆրիկայի միջև, ծաղկել է ֆեոդալական մշակույթը։ 15-րդ դարում սկսվել է եվրոպացիների մուտքը Մարոկկո, պորտուգալացիները և իսպանացիները գրավել են ատլանտյան ծովափը։ 16-րդ դարի վերջին մարոկկացիներին հաջողվել է գաղութարարներին վտարել առափնյա քաղաքների զգալի մասից։ Մարոկկոյի սուլթաններ Իսմայիլի (1672-1727) և Աիդի Մուհամմադ բեն Աբդուլլահի (1757-1790) ժամանակ ազատագրվել է երկրի ամբողջ առափնյա շրջանը։

Մարոկկոյի գաղութացում և մասնատում

խմբագրել

19-րդ դարի 40-ական թվականներին սկսվել է եվրոպացիների զինված ներխուժումը Մարոկկո։ 1844 թվականին Ֆրանսիան, պարտության մատնելով մարոկկացիների բանակը, անիրավահավասար պայմանագիր պարտադրեց Մարոկկոյին։ 1859 թվականին Իսպանիան ներխուժեց Մարոկկո՝ գրավելով աննշան տարածք։ 20-րդ դարի սկզբին Մարոկկոյի համար պայքար սկսեցին նաև Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։ 1912 թվականին ստորագրվեցին ֆրանս-մարոկկոյական և ֆրանս-իսպանական պայմանագրերը, որոնցից առաջինով Մարոկկոյում հաստատվում էր ֆրանսիական պրոտեկտորատ, երկրորդով Մարոկկոյի մի փոքր մասն անցնում էր Իսպանիայի տիրապետությանը։ Մարոկկոյի տարածքը բաժանվեց 3 գոտու՝ ֆրանսիական (տարածքի մոտ 80 %-ը, բնակչության 90 %-ը), իսպանական (մի Փոքր տարածք Մարոկկոյի հյուսիսում և ծայր հարավում․ վերջինս Իսպանական Հարավային Մարոկկո անունով միացվեց Իսպանական Արևմտյան Սահարային) և միջազգային (Տանժերը)։ Երկրում իշխանությունն անցավ ֆրանսիական գլխավոր ռեզիդենտին և իսպանական գերագույն կոմիսարին։ Մարոկկոյի սուլթանի և իսպանական գոտում նրա փոխարքայի՝ խալիֆայի, իշխանությունը ձևական էր։

Իսպանական տիրապետության տապալում

խմբագրել

Ֆրանսիական պրոտեկտորատի հաստատման դեմ ապստամբեց ժողովուրդը։ Մարոկկոյում նոր վերելք ապրեց ազգային-ազատագրական շարժումը։ 1921 թվականին Ռիֆի (մարզ Մարոկկոյի հյուսիսում, իսպանական գոտում) ցեղերը Մարոկկոյի ազգային հերոս Աբդալ Քերիմի գլխավորությամբ ջախջախեցին իսպանական բանակը և վտարեցին Ռիֆից։ Ստեղծվեց Ռիֆի հանրապետությունը։ 1926 թվականին Ռիֆի զորքերը պարտվեցին ֆրանսիական և իսպանական միացյալ ուժերի դեմ կռվում։

Ֆրանսիական տիրապետությունը Մարոկկոյում

խմբագրել

1920-ական թվականներին Մարոկկոյի տնտեսության հիմնական ճյուղերում տիրապետում էր օտարերկրյա, գլխավորապես՝ ֆրանսիական կապիտալը, մարոկկոյական բուրժուազիայի բաժինն աննշան էր (ակցիաների 5 %-ից ոչ ավելին)։ Ավելի քան 1 մլն հա բարեբեր հողեր բռնագրավվեցին բնիկներից և ի սեփականություն տրվեցին եվրոպական գաղութարարներին։ Երկրի բնակչության և բնական հարստությունների անխնա շահագործումը խորացնում էր դասակարգային շերտավորումը, միաժամանակ արագացնում քաղաքների զարգացումը, քաղաքային միջին խավերի ու բանվոր դասակարգի ձևավորումը։ 1930-ական թվականներին քաղաքներում ուժեղացավ հակագաղութային, հակաիմպերիալիստական շարժումը։ Ազգային-ազատագրական շարժման ղեկավարությունը ցեղային կամ ֆեոդալական առաջնորդներից անցավ Մարոկկոյի ազգային բուրժուազիային և մտավորականությանը։ 1934 թվականին Մարոկկոյի բուրժուա-ազգայնականները և հայրենասեր մտավորականության ներկայացուցիչները ստեղծեցին Ազգային գործողության մարոկկոյական դաշինք, որը պահանջում էր մարոկկացիների մասնակցությունը երկրի կառավարմանը։ 1937 թվականին կոմիտեն արգելվեց, որից հետո ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ Մարոկկոյի ֆրանսիական գոտին գտնվում էր «Վիշիի կառավարության» իշխանության տակ։ 1940 թվականին Իսպանիան զավթեց Տանժերը և ներառեց իսպանական գուոու մեջ։ 1942 թվականի նոյեմբերին անգլո-ամերիկյան դաշնակցային զորքերը մտան Մարոկկո։ Մարոկկոյի ֆրանսիական գոտում ստեղծվեցին ռազմական բազաներ։ Պատերազմի տարիներին երկրին անկախություն տալու պահանջով հանդես էին գալիս 1943 թվականին ստեղծված Մարոկկոյի կոմկուսը, «Իստիքլյալ» կուսակցությունը ինչպես նաև 1927 թվականից սուլթան Սիդի Մուհամմադ բեն Ցուսուֆը։

Հետպատերազմյան շրջան

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ ֆրանսիական գաղութային վարչակարգը պահպանվում էր անփոփոխ։ 1945 թվականին Տանժերում վերականգնվեց միջազգային ռեժիմը։ Մարոկկոյում նոր թափ ստացավ ազգային-ազատագրական շարժումը, որտեղ կարևոր դեր էր խաղում բանվոր դասակարգը։ 1950 թվականին Մարոկկոյի սուլթանը Ֆրանսիային հուշագրեր ներկայացրեց՝ Մարոկկոյին լրիվ ինքնուրույնություն տալու պահանջով, որը, սակայն, մերժվեց։

Մարոկկոյի անկախացում

խմբագրել

1952 թվականին Մարոկկոյի քաղաքներում տեղի ունեցան հակագաղութային զանգվածային ելույթներ և ընդհարումներ զորքերի հետ։ 1953 թվականի օգոստոսին ֆրանսիացիները գահընկեց արեցին և երկրից արտաքսեցին սուլթանին։ Երկրում ծավալվեց զինված դիմադրություն։ Ֆրանսիական իշխանությունները հարկադրված 1955 թվականի նոյեմբերին վերադարձրին սուլթանին։ 1956 թվականի մարտի 2-ին Մարոկկոն հռչակվեց անկախ։ 1956 թվականի ապրիլին վերացվեց պրոտեկտորատը իսպանական գոտում, հոկտեմբերի 29-ին՝ Տանժերի միջազգային ռեժիմը (1957 թվականի հունվարի 1-ից Տանժերը մտավ Մարոկկոյի կազմի մեջ)։ 1956 թվականի նոյեմբերին Մարոկկոն ընդունվեց ՄԱԿ։ Անկախության նվաճումից հետո թագավոր (1957 թվականից) Մուհամմադ V (նույն Սիդի Մուհամմադ բեն Յուսուֆը) հռչակեց երկրի ազգային վերածննդի, ազգային տնտեսություն ստեղծելու և օտարերկրյա կապիտալիստական տերությունների տնտեսական ու քաղաքական կախվածությունից ազատվելու կուրս։

Արտաքին և ներքին կյանք

խմբագրել

Մինչև 1961 թվականի նոյեմբերը ամբողջովին դուրս բերվեցին ֆրանսիական զորքերը, վերացվեցին ֆրանսիական և ամերիկյան ռազմական բազաները։ Արտաքին ասպարեզում Մուհամմադ V-ի կառավարությունը վարում էր չեզոքության քաղաքականություն, աջակցում Ալժիրի ազատագրական շարժմանը։ Մուհամմադ V-ի մահից (1961) հետո գահ բարձրացավ որդին՝ Հասան II։ 1962 թվականին ընդունվեց Մարոկկոյի առաջին սահմանադրությունը, 1963 թվականի մայիսին կայացան առաջին Խորհրդարանական ընտրությունները։ 1960-ական թթ․ ժողովրդական զանգվածների դրության վատթարացումը սրեց սոցիալական հակասությունները, տեղի ունեցան գործադուլներ, հաճախակի փոխվում էին կառավարությունները։ 1970-ական թթ․ կառավարությունը ձեռնարկեց երկրի ներքին դրությունը կայունացնելու մի շարք միջոցառումներ։ 1972 թվականի մարտին ընդունվեց նոր սահմանադրություն, որն ընդլայնեց խորհրդարանի ու կառավարության իրավունքները։ 1975-ին Մադրիդում կնքվեց իսպանա-մարոկկո-մավրիտանական համաձայնագիր՝ Արևմտյան Սահարան Մարոկկոյին և Մավրիտանիային հանձնելու վերաբերյալ, որի հիման վրա Մարոկկոյի և Մավրիտանիայի զորքերը մտան Արևմտյան Սահարա։ Նրանց դեմ մարտական գործողություններ ծավալեցին Արևմտյան Սահարայի ազատագրական ճակատի ուժերը։ Ալժիրը ճանաչեց 1976 թվականին հռչակված Սահարայի արաբական դեմոկրատական հանրապետությունը, որի պատճառով Մարոկկոն խզեց դիվանագիտական հարաբերություններն Ալժիրի հետ։ 1977 թվականի փետրվարին Մարոկկոն դադարեցրեց իր գործունեությունը Աֆրիկյան միասնության կազմակերպությունում։

Պետական կարգ

խմբագրել

Մարոկկոն սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1972 թվականին։ Պետության և կառավարության գլուխը թագավորն է (իշխանությունն ստանձնում է ժառանգաբար), որը նշանակում է և ազատում է կառավարության անդամներին, հրապարակում օրենքի ուժ ունեցող հրամանագրեր, կնքում և հաստատում միջազգային պայմանագրեր, նշանակում դատավորներին, հայտարարում պատերազմ, արտակարգ դրություն և այլն։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ խորհրդարանն է։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Պրովինցիաները կառավարում են նահանգապետները, պրեֆեկտուրաները՝ մերերը, համայնքները՝ կաիդսերը։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, ապելյացիոն և, այսպես կոչված, սադադի դատարանները կամ հաշտարար տրիբունալները (ստորին ատյանի դատարաններ)։

Աշխարհագրություն

խմբագրել

Մարոկկոն լեռնային երկիր է։ Գերակշռում են միջին բարձրության և բարձր լեռները, սարավանդները բարձրադիր հարթավայրերը։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվում է Ատլասի լեռնային համակարգը՝ Բարձր Ատլասը (բարձրությունը՝ 4165 մ, Թուբկալ լեռ, Մարոկկոյի ամենաբարձր կետը), Միջին Ատլասը, Անտիատլասը, հյուսիսում, Միջերկրական ծովի երկայնքով՝ էր Ռիֆ լեռները, Ատլանտյան ափին՝ Գարբ, Աբդա, Աուս դաշտավայրերը, հյուսիս-արևմուտքում՝ Մարոկկոյական Մեսետայի հարթավայրերն ու սարավանդները։ Հյուսիս-արևելքում խոշոր շոթերի գոգավորություններով Ալժիրա-Մարոկկոյական Մեսետան է (1100—1200 մ)։ Ատլասից հարավ տարածված քարքարոտ սարավանդները Սահարայում փոխարկվում են քարքարոտ հարթավայրերի։

Երկրաբանական կառուցվածք

խմբագրել

Մարոկկոն բաժանվում է մինչքեմբրյան հիմքով Անտիատլասի լեռների, հերցինյան ծալքավորության Ատլասի և ալպյան ծալքավորության էր Ռիֆ լեռների լայնական զոնաների։ Մարոկկոյի տարածքին բնորոշ է սեյսմիկությունը, հաճախակի են ավերիչ երկրաշարժերը։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Կան ֆոսֆորիտների, քարաղի, պղնձի, ցինկի, կապարի, երկաթի, կոբալտի, քարածխի, նավթի և գազի հանքավայրեր։

Մարոկկոյի մեծ մասն ունի մերձարևադարձային, հյուսիսում՝ միջերկրածովյան կլիմա (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24—28 °C, հունվարինը 10—12 °C)։ Ատլանտյան օվկիանոսին հարող շրջաններում կլիման ավելի մեղմ է, երկրի հարավում և հարավ-արևելքում՝ չորային։ Տարեկան տեղումները ափամերձ շրջաններում և լեռներում մոտ 1000 մմ են, հարավում՝ մինչև 200 մմ, Սահարային հարող շրջաններում՝ մոտ 100 մմ։ Երկրի հարավային շրջաններում հաճախակի են ավազային փոթորիկները։

Ներքին ջրեր

խմբագրել

Մշտահոս գետերը քիչ են։ Խոշոր գետերն են Մուլույան, Սեբուն, Ումմ էր Ռբիան, Թենսիֆթը, որոնց բնորոշ են աշնան ու ձմռան անձրևային վարարումները։ Ումմ էր Ռբիա և Սեբու գետերի վրա կառուցված են խոշոր ջրամբարներ ու ՀԷԿ-եր։ Լճերի մեծ մասը աղի է։ Արևելքում տարածված են ցամաքող, աղի լճերը (սեբխեր), Ատլանտյան օվկիանոսի ափերին ճահճացած ծովալճակները (մերժեր)։

Հողեր, բուսական և կենդանական աշխարհ

խմբագրել

Ափամերձ հարթավայրերում և միջլեռնային հովիտներում տարածված են ավազային, կավավազային ու կավային առավել բերրի սևահողերը։ Լեռներում գերակշռում են լեռնաանտառային գորշ, ծայր հարավում՝ անապատային հողերը։ Անտառները գրավում են երկրի տարածությաև 12%-ը և պահպանվել են լեռներում ու երկրի հյուսիս-արևմուտքում։ Հիմնական ծառատեսակներն են կաղնին, խցանակաղնին, մայրին, գաճաճ արմավենին, սոճին։ Մեծ տարածում ունեն մակվիսի ու կենսածառի թփուտները։ Չոր տափաստանները և կիսաանապաաները ծածկված են ալֆա խոտով, աղուտները օշանով։ Կենդանական աշխարհը խիստ տուժել է մարդու տնտեսական գործունեության հետևանքով և համեմատաբար աղքատ է։ Կան նապաստակ, վարազ, շնագայլ, կապիկ, բորենի, հովազ, լուսան և այլն, լեռնային գետերում՝ կարմրախայտ։ Տարածված են կրծողները, սողունները, երկկենցաղները։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։ Բուսական և կենդանական աշխարհի պահպանման նպատակով ստեղծվել են արգելանոցներ, ազգային պարկեր (Թուբկալ, Թազեկա)։

Բնակչություն

խմբագրել

Մոտ 99%-ը բերբերա-արաբական ծագման մարոկկացիներ են[6]։ Կան նաև եվրոպացիներ (ֆրանսիացիներ, իսպանացիներ) և մարոկկոյական հրեաներ[6]։ Պետական լեզուն արաբերենն է, կրոնը՝ իսլամը, տոմարը՝ լուսնային հիջրան։ Միջին խտությունը 1 կմ2-ի վրա մոտ 75 մարդ է (2015), քաղաքային բնակչությունը՝ 60%[7] (2015)։ Խոշոր քաղաքներն են Կասաբլանկան, Ռաբաթը, Մառակեշը, Ֆեսը[8]։

Տնտեսություն

խմբագրել

Մարոկկոն հետարդյունաբերական երկիր է։ Համախառն Ներքին Արդյունքի ընդհանուր արժեքի (252 մլրդ դոլար[9], 2014) 14%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը[10], 25%-ը արդյունաբերությանը[10], իսկ 61%-ը ծառայություններին[10]։ Երկրի ակտիվ բնակչության թիվը 12 միլիոն է[11]։

Արդյունաբերություն

խմբագրել

Արդյունաբերությանը բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի 25%-ը[10]։ Զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը, հատկապես՝ ֆոսֆորիտների, նաև երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, կոբալտի, նավթի, գազի արդյունահանումը։ 2014 թվականին արտադրվել է 23.6 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա[12]։ Կարևոր դեր ունի մշակող արդյունաբերությունը, որը ներկայացված է սննդի, տեքստիլ, քիմիական, նավթամշակման, մետաղամշակման և այլ ձեռնարկություններով։ Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղերն են ձկան, մրգի և բանջարեղենի պահածոների, մրգահյութի, շաքարի, ալյուրի արտադրությունը։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Բարձրապրանքային գյուղատնտեսական ֆերմաների և ժամանակակից արդյունաբերական ձեռնարկությունների կողքին մեծ տեղ են գրավում մանրապրանքային գյուղատնտեսությունը և տնայնագործական մանր ձեռնարկությունները։ Զարգանում է պետական սեկտորը։ Գյուղատնտեսությունը տնտեսության հիմնական ճյուղն է։ Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում է հացահատիկը։ Մշակում են նաև կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, լոլիկ, բամբակ, խաղող։ Կան ցիտրուսայինների և ձիթենու ընդարձակ պլանտացիաներ։ Անասնապահությունը հետամնաց է, էքստենսիվ։

Տրանսպորտ

խմբագրել

Երկաթուղիների երկարությունը 2000 կմ է[13], ավտոճանապարհներինը՝ 58,4 հզ կմ[14] (2014)։ Արտաքին առևտրի մեծ մասը կատարվում է ծովային նավատորմով։ Գլխավոր նավահանգիստներն են Կասաբլանկան, Սաֆին, Մոհամեդիան, Տանժերը։ Երկրում գործում են 55 օդանավակայաններ[14]։

Արտաքին առևտուր

խմբագրել

2014 թվականին Մարոկկոյի արտահանումը կազմել է 20 մլրդ դոլար[15], ներմուծումը՝ 40 մլրդ դոլար[15]։ Արտահանում է հագուստ, անօրգանական քիմիկատներ, հանքային պարարտանյութեր, նավթամթերքներ, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն ձուկ և այլն[15], ներմուծում՝ արդյունաբերական և գյուղատնտեսական սարքավորում, նավթ, ցորեն, սև և գունավոր մետաղներ, և այլն*։ Առևտրական հիմնական գործընկերներն են Ֆրանսիան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Բրազիլիան[15]։ Տնտեսության համար կարևոր նշանակություն ունի տուրիզմը, տուրիստների քանակը տարեկան ավելի քան 10 միլիոն[16] է (1-ինը Աֆրիկայում)։ Հիմնական կենտրոններն են Ագադիրը, Ֆեսը, Մառակեշը, Տանժերը, Թեթուանը։ Դրամական միավորը Մարոկկոյան դիրհամն է։

Զինված ուժեր

խմբագրել

Մարոկկոյի զինված ուժերը (ավելի քան 200 հզ․ մարդ, 2014) կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը թագավորն է։ Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում են պաշտպանության գերագույն խորհուրդը և գլխավոր շտաբը։ Համալրվում են վարձու կամավորներով։ Ցամաքային զորքերը (160 հզ․ մարդ), Ռազմաօդային ուժերը (25 հզ. մարդ), ռազմածովային ուժերը (15 հզ․ մարդ)։ Կան նաև ռազմականացված կազմակերպություններ (40 հզ․ մարդ), այդ թվում՝ ժանդարմերիա (18 հզ․ մարդ), ոստիկանություն (շուրջ 35 հզ․ մարդ)։

Բժշկա-աշխարհագրական բնութագիր

խմբագրել

2014-ին Մարոկկոյում ծնունդը կազմել է 1000 բնակչին 18,2[17], մահացությունը՝ 5[17]։ Առողջապահության հիմնական խնդիրը պայքարն է վարակիչ և մակաբուծական հիվանդությունների դեմ։ Տարածված են տրախոման, կարմրուկը, դիզենտերիան, տիֆերը և պարատիֆերը, վեներական հիվանդությունները, դիֆթերիան, բորը, մալարիան և այլն։

Կրթություն և գիտական հիմնարկներ

խմբագրել

Մինչև Ֆրանսիայի կողմից երկրի նվաճումը Մարոկկոյում գործել են մուսուլմանական դպրոցներ։ Ֆրանսիական տիրապետության շրջանում ստեղծվել են 2 տիպի պետական աշխարհիկ դպրոցներ՝ ֆրանսիացիների և բնիկների երեխաների համար (ուսուցում ֆրանսերեն)։ Պարտադիր կրթության մասին առաջին օրենքն ընդունվել է 1963 թվականին։ Ժողկրթության ժամանակակից համակարգի մեջ մտնում են 5-ամյա տարրական և 6-ամյա միջնակարգ դպրոցները (հիմնականում՝ պետական, ուսուցումը՝ ֆրանսերեն և արաբերեն)։ Պրոֆտեխնիկական կրթություն են տալիս միջնակարգ դպրոցի տեխնիկական բաժանմունքները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում ուսուցչական դպրոցները, միջնակարգի՝ Բարձրագույն նորմալ դպրոցը և համալսարանները։ Մարոկկոյի բարձրագույն ուսումնական հաստատություներն են՝ Մուհամմադ V-ի անվան համալսարանը (հիմնադրվել է 1957-ին), վարչական, ինժեներական դպրոցները (բոլորն էլ՝ Ռաբաթում), Կարաուին իսլամական համալսարանը Ֆեսում (առաջինը Աֆրիկայում, 1959)։ Ռաբաթի պետական արխիվին կից գործում է Մարոկկոյի խոշորագույն գրադարանը (1920, 208 հազար գիրք)։ Կան հնագիտության թանգարաններ (Ռաբաթում և Թեթուանում), զինաթանգարան (Ֆեսում) են։ Գիտական հիմնարկներից են Շերիֆյան գիտական ինստիտուտը (հիմնվել է 1920 թվականին, Ռաբաթ), Ագրոնոմիական հետազոտությունների ազգային ինստիտուտը (1924), Մուհամմադ V-ի անվան համալսարանին կից գործող գիտական հետազոտությունների կենտրոնը (1962), Արաբական երկրների լիգային կից Արաբականացման բյուրոն։ Կան մի շարք գիտական ընկերություններ (աշխարհագրական, ֆիզիկայի և այլն)։ Մարոկկոյում գտնվում են նաև արտասահմանյան որոշ ԳՏԻ-ների և ծառայությունների մասնաճյուղեր (ֆիզիկայի ֆրանսիական ինստիտուտի, Պաստյորի ինստիտուտի և այլն)։

Մշակույթ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Գոյություն ունի արաբերեն, բերբերերեն և ֆրանսերեն լեզուներով։ Մարոկկոյի՝ դասական շրջանի արաբական գրականության մեջ ներկայացված են եղել արաբական դասական գրականության բոլոր հիմնական ժանրերը։ Ինքնուրույնության գծերը երևան են եկել XI—XII դդ․։ XIII դ, սկզբին ծայր է առել գեղարվեստական տարեգրությունը, որը շարունակվել է նաև XIX դ.։ XV—XVI դդ․ ստեղծվել է կենսագրական ու կենցաղագրական հարուստ գրականություն։ Արաբական դասական պոեզիայի ավանդույթները Մարոկկոյի գրականության մեջ հասել են ընդհուպ մինչև XX դ․ կեսերը։ Արաբերենով ու բերբերերենով ժողովրդական գրականությունը, առավելապես բանավոր, հայտնի է XIV—XV դարերից և ներկայացված է բանահյուսական ու հեղինակային գործերով (չափածո և արձակ)։ Արաբերենով ու ֆրանսերենով ժամանակակից գրականությունը նկատելի երևույթ դարձավ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ 1950-ական թթ․ առաջատար էր ֆրանսալեզու վեպը, որի հիմնական ներկայացուցիչն է Դ․ Շրայբին (ծնվել է 1928 թվականին)։ 1960-ական թթ․ կեսերից սկսվեց արաբալեզու արձակի բուռն վերելքը։

Երաժշտություն

խմբագրել

Մարոկկոյի երաժշտությունը բերբերական և արաբական մշակույթների փոխազդեցության արդյունք է։ Բերբերական երաժշտական արվեստին, որի «մաքուր» նմուշները պահպանվել են Մարոկկոյի կենտրոնական մասում, բնորոշ է երաժշտության սերտ կապը բանաստեղծության և պարի հետ․ ամենատարածված ժանրը խմբական երգ-պարն է։ Առանձնանում է ախիդու և ախուախ բերբերների արվեստը։ Բերբերների երաժշտական գործիքներից են՝ կասբա (ֆլեյտա), բենդիր (դափ), էլ-կալալջա և ուէր-ռբաբ (ջութակներ) և այլն։ Բազմազան է արաբական երաժշտական արվեստը։ Գոյություն ունի դասական և ժողովրդական արաբական երաժշտություն։ Ալան աշխարհիկ, պալատական արվեստ է, որի հիմքը արաբական դասական պոեզիան է, ռաման՝ կրոնական բովանդակությամբ արվեստ։ Գրիխան հասարակ մարդկանց երգերն են՝ հիմնված խոսակցական լեզվի վրա։ Արաբական երաժշտական գործիքներից են՝ լյուտնյա, քնար, ռեբաբ, ցիտրա։ Մարոկկացիների ժողովրդական ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կրոնական երաժշտությունը՝ դիկրը։ Այլ ժանրերից տարածված են օրորոցային, աշխատանքային երգերը, ծիսական պարերի, շքահանդեսների երաժշտությունը ևն։ Մարոկկոյում գործում են Երաժշտության, պարի և դրամատիկ արվեստի ազգային կոնսերվատորիա (Ռաբաթ), Երաժշտության և պարի ազգային դպրոց (Թեթուան)։ 1960 թվականից Մառակեշում անց են կացվում երաժշտական բանահյուսության ամենամյա ազգային փառատոներ։

Մարոկկոյում առաջին կինոնկարահանումներին (1907) և առաջին գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը մասնակցել են արտասահմանցի, հիմնականում՝ ֆրանսիացի, ռեժիսորներ և օպերատորներ։ Արաբերենով ֆիլմերի ստեղծման նպատակով 1944 թվականին Ռաբաթում կառուցվել է «Սուսսի» կինոստուդիան, հիմնադրվել Մարոկկոյական կինոկենտրոնը։ Սակայն ազգային կինոարտադրությունն սկզբնավորվել է Մարոկկոյի անկախությունից (1956) հետո միայն։ 1958 թվականից թողարկվել է «Մարոկկոյական նորություններ» կինոժուռնալը։ 1970 թվականին Այն Շոկում (Կասաբլանկայի արվարձան) հիմնադրվել է երկրորդ կինոստուդիան։ Ստեղծվել են ժամանակակից խնդիրներ արծարծող գեղարվեստական ֆիլմեր՝ «Հաղթել՝ ապրելու համար» (1968), «Հետքեր» (1970), «Հազար ու մի ձեռք» (1973) և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 5 // Constitution of Morocco
  2. 2024 Moroccan census / High Commission for Planning
  3. https://www.jewishvirtuallibrary.org/rulers-of-morocco-789-present
  4. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
  5. Human Development ReportUNDP, 2022.
  6. 6,0 6,1 «Մարոկկոյի Բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Մարոկկոյի Բնակչություն ուրբանիզացման մակարդակ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Մարոկկոյի խոշոր քաղաքներ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «Մարոկկոյի Տնտեսություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Մարոկկոյի Տնտեսության Կառուցվածք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Մարոկկոյի Ակտիվ բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. «Մարոկկոյի Էներգետիկան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «Մարոկկոյի Տրանսպորտային համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. 14,0 14,1 «Մարոկկոյի Տրանսպորտային Համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Մարոկկոյի Առևտրաշրջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. Համաշխարհային Տուրիզմ
  17. 17,0 17,1 «Մարոկկոյի Առողջապահություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարոկկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 332