Սահարա անապատ
Սահարան[1] (արաբերեն՝ الصحراء الكبرى, աս-սահրա ալ-կուբրա, «Մեծն անապատը», (صحراء )) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ անապատն է, Անտարկտիկայից հետո։ Նա գտնվում է հյուսիսային Աֆրիկայում, Կարմիր ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս և Ատլասի լեռների հարավային լանջերից ու Միջերկրական ծովից մինչև Սուդան։ Արևմուտքից արևելք Սահարան տարածվում է մոտ 5500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 2000 կմ։ Սահարայի տարածքը 8,5 միլիոն կմ² է։ Սահարան համարյա Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Չինաստանի չափ է և Ավստրալիայից ավելի լայն է։
Սահարա անապատ | |
---|---|
Տեսակ | անապատ |
Մայրցամաք | Աֆրիկա |
Երկիր | Ալժիր, Չադ, Եգիպտոս, Մարոկկո, Թունիս, Մավրիտանիա, Նիգեր, Մալի, Սուդան և Ֆրանսիա |
Վարչատարածք | Ալժիր, Չադ, Եգիպտոս, Մարոկկո, Լիբիա, Մալի, Սուդան, Թունիս և Մավրիտանիա |
Երկարություն | 4800 կմ |
Լայնություն | 1800 կմ |
Ամենաբարձր կետ | Էմի Կուսսի |
Ամենացածր կետ | Կատարա |
Մակերես | 9 200 000 կմ² |
Սահարան ամբողջապես ընդգրկված է աֆրիկյան պլատֆորմի մեջ։ Նրա կառուցվածքում տիրապետում են հնագույն բյուրեղային ապարները, որոնք մակերեսից ծածկված են հորիզոնական տեղակայված նստվածքային շերտով։ Տեղ-տեղ հնագույն ծալքավոր հիմքը մերկացվել և դուրս է եկել մակերևույթ՝ առաջացնելով բարձր սարահարթեր ու լեռներ։
Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է ոչ բևեռային գոտում։ Արևմուտքում այն Ատլանտյան օվկիանոսից տարածվում է Հյուսիսային Աֆրիկայով դեպի արևելք՝ Կարմիր ծով՝ ընդգրկելով մոտավորապես 9,100,000 կմ²։ Դրանում կարելի է 70 անգամ տեղավորել Անգլիան կամ ամբողջ ԱՄՆ-ը՝ առանց Տեխաս նահանգի։
Սահարայի մակերեսի 25 տոկոսից ավելին պատված է ավազի սավաններով ու ավազաբլուրներով և դրաաներով։ Առավել մեծ տարածք են զբաղեցնում լեռնային ավազաթմբերը, որոնք կարող են հասնել մինչև 333 մետր բարձրության։ Հակառակ ընդունված պատկերացումների՝ ավազաբլուրները կազմում են անապատի մոտ քառորդ մասը միայն։ Այն մեծ մասամբ կազմված է քարքարոտ բարձրավանդակներից, չոր դաշտավայրերից և աղուտ ցածրավայրերից։ Առաջին հայացքից թվում է, թե շատ մարդկանց կամ կենդանիների կենսագործունեության համար պայմանները բավարար չեն՝ հատկապես ջերմաստիճանի տատանումները հաշվի առնելու դեպքում (գիշերային ջերմաստիճանը ըստ Ֆարենհայթի՝ 21°(-6 °C), ցերեկները որոշ տեղերում հասնում է ըստ Ֆարենհայթի՝ 136°(58 °C)։ Այնուամենայնիվ, մոտավորապես երկուսուկես միլիոն մարդ (ինչպես նաև մեծ թվով շնագայլեր, ճագարամկներ, եղջյուրավոր իժեր և այծքաղներ) այն հաճույքով համարում են իրենց տունը։
Սահարայի կլիմայական պայմաններ
խմբագրելՍահարան աչքի է ընկնում արևադարձային օդի ծայրահեղ չորությամբ։ Սահարան աշխարհի ամենաշոգ վայրերից մեկն է։ Հուլիսին այստեղ տիրապետող է դառնում +30° իզոթերմը։ Այդ նույն ժամանակաշրջանում արևմուտքում անապատի զգալի մասը գտնվում է 35° իզորթերմի տակ։ Սահարան առանձնանում է նաև անձրևազուրկ եղանակով։ Տեղումները բացառիկ քիչ են, կենտրոնական մասում՝ մոտ 3 միլիոն քկմ տարածության վրա տարեկան թափվում են 25 մմ ոչ ավելի անձրևներ։
Սահարայի հյուսիսում տեղումները թափվում են գերազանցապես ձմռանը, իսկ հարավում՝ ամռանը։
Ձմռանը Սահարայում ստեղծվում է անտիցիկլոնային եղանակ. ցերեկը պահպանվում է 20-25° ջերմություն, սակայն գիշերը, ուժեղ ճառագայթման հետևանքով, օդի ջերմաստիճանն իջնում է մինչև 0°։
Ամռանը Սահարայում ստեղծվում են մթնոլորտային դեպրեսիաներ, որոնք մրրկային ուժեղ քամիների առաջացման պատճառ են դառնում։
Տեղումների սակավության հետևանքով Սահարայում է դիտվում աշխարհի ամենամեծ գոլորշիացումը։ Դրան նպաստում են նաև պասսատները, որոնք փչում են հյուսիսից և հյուսիս-արևելքից, բերում են չոր և տաք օդ։
Սահարայի հողերը և բուսականությունը
խմբագրելՍահարան ծածկված է ցածրորակ հողերով։ Այն ունի հումուսից աղքատ, ավազային և խճաքարային անապատ է։
Չնայած հողերի անբերրիությանը, այստեղ հաշվվում են բուսականության մոտ 500 տեսակներ՝ բուսազուրկ տարածություններ հանդիպում են քարքարոտ տեղերում։ Իսկ որոշ բուսատեսակներ կարողանում են հարմարվել կլիմայական պայմաններին։ Սահարային բնորոշ են միամյա և հալոֆիտ բույսերը։ Հատկապես անձրևներից հետո հանդես են գալիս էֆեմերները։
Բուսականությունն համեմատաբար հարուստ է փոքր վագիների և օազիսների շրջանում։ Այստեղ աճում են գլխավորապես չորադիմացկուն ծառեր և թփուտներ։ Օազիսներում առավելապես տարածված են արմավենիներ, միմոզան և այլն։
Կենդանական աշխարհը
խմբագրելԿենդանական աշխարհը մտնում է Հոլպրկտիկականի Եթովպական կենդանաաշխարհագրական մարզի մեջ և հաշվվում է մոտ 4000 տեսակ (40%֊ը՝ աֆրիկական էնդեմիկներ)։ Տիպիկ սահարական տեսակները 10—12% են։ Կենդանիներից բնորոշ են վիթը, մուֆլոնը, անտիլոպը։ Շատ են կրծողները։ Կա այծքաղ, վայրի ոչխար, աղվես, վագրակատու, շնագայլ, բորենի, ավազամուկ, ճագարամուկ, նապաստակ և այլն։ Ամենուրեք տարածված են սողունները։ Ահագգարի մնացորդային ջրավազաններում կան ոչ մեծ կոկորդիլոսներ։ Սահարայի կենդանիների մեծ մասը վարում է գիշերային ապրելակերպ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
Արտաքին հղումներ
խմբագրել- About Sahara subsurface hydrology and planned usage of the aquifers Արխիվացված 2014-08-05 Wayback Machine
- Tassili and Ahaggar National Parks
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 139)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահարա անապատ» հոդվածին։ |