Մեծ հարթավայրեր, նախալեռնային սարավանդ ԱՄՆ-ում և Կանադայում։ Արևմուտքից եզրավորվում է Հյուսիսային Ամերիկայի Կորդիլիերաներով։ Ձգվում է հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, հս․ լայնության 29° և 62°-ների միջև։ Երկարությունը 3600 Կմ է, լայնությունը՝ 500—800 Կմ։ Հանդիսանում է Հյուսիս-Ամերիկյան պլատֆորմի ծայրամասը։ Սարավանդի մինչքեմբրյան բյուրեղային հիմքը ծածկված է նստվածքային ապարներով։ Մակերևույթն արլ-ից արմ․ աստիճանաբար բարձրանում է 500—1700 մ։ Շատ տեղերում երկրակեղևի վերին շերտերի ապարները լվացվել և տեղատարվել են գետերով՝ առաջացնելով 200—300 Կմ երկարությամբ հովիտների խիտ ցանց և մինչև 300 մ բարձրության ելուստներ։ Վերջիններս Մ․ հ․ բաժանում են առանձին մասերի՝ Լյանո Էստականդո, բարձր հարթավայրեր, էդուարդի և Միսսուրիի սարավանդներ։ Հվ-ում տիրապետում են կարստային ձևերով սեղանաձև բարձրությունները։ Մ․ հ․ հարուստ են նավթի, քարածխի, բնական գազի, կերակրի աղի հանքավայրերով և հազվագյուտ հողերի տարրերով։ Կլիման ցամաքային է, հս-ում՝ բարեխառն, հվ-ում՝ մերձարևադարձային։ Գետերը սակավաջուր են, արագահոս, հոսում են խոր հովիտներով։ խոշոր գետերն են Միսսուրին, Պլաթը, Արկանզասը, Կոլորադոն, Փեքոսը։ Հողերը առավելապես շագանակագույն են, հս-ում՝ սևահողային, գորշ անտառային, ծայր հվ-ում՝ դարչնագույն։ Մ․ հ-ի մեծ մասը ծածկված է չոր տափաստաններով, կանադական մասում գերակշռում է անտառատափաստանը։ Կենդանական աշխարհն աղքատ է։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ (մշակում են բամբակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, կերաբույսեր) և անտառային տնտեսությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 436)։