«Մեղու», բանասիրական, գրական, գիտական, տնտեսական և երգիծական կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1856-1865, 1870-1874 թվականներին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիրներ՝ Հարություն Սվաճյան (1856-1862, 1870-1872), Հ․ Հովվյանց, Ա․ Մուրադյան, Արմենակ Հայկունի (1863-1865), Հակոբ Պարոնյան (1872-1874)։ Համարվել է իր ժամանակի առաջադիմական պարբերականներից։ Պայքարել է հայ հոսանքների, կղերապահպանողական գաղափարախոսության, հոգևոր դասի, հայ մեծահարուստների և սուլթանական կառավարության դեմ։ Սվաճյանի խմբագրության տարիներին լայն տեղ է հատկացրել Միքայել Նալբանդյանի սոցիալ-քաղաքական հայեցակետին, տպագրել նրա բանաստեղծությունները, ճառերը, հատվածներ «Կոմս Էմմանուելի հիշատակարանից»։ Ներկայացրել է նմուշներ արևմտահայ արձակից, Սայաթ-Նովայի, Ազբար Ադամի և այլ աշուղների երգերը, Հարություն Սվաճյանի, Գ․ Օտյանի երգիծական գործերն ու թատերախոսականները, կատարել արտատպումներ Գամառ-Քաթիպայից։ Բազմաթիվ հոդվածներ նվիրված են հայոց լեզվին, գրականությանը։ Պարոնյանի խմբագրության տարիների թերթը համարվել է երգիծաբանի գրական ժառանգության անքակտելի մասը։ Այստեղ են լույս տեսել նրա աֆորիզմները («Թե որ», «Ապտակք», «Ասկե անկե» և այլ խորագրերով), քաղաքական քրոնիկների շարքը, պատմվածքներ, ակնարկներ, որոնցում քննադատվել են եվրոպական դիվանագիտության խաղերը Հայկական հարցի շուրջ, սուլթանական կառավարության հակաժողովրդական քաղաքականությունը, հայ կղերի և լիբերալ խավի հաշտվողական գործելակերպը, հայ կենցաղին խորթ եվրոպական նորամուծությունները։ «Մեղու»-ում են տպագրվել նաև Հակոբ Պարոնյանի հայատառ թուրքական գործերից շատերը («Ալաֆրանկա», «Պարահանդես», «Պարի դաս» և այլն)[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԵՂՈՒ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 452