Միլանի հրովարտակ (լատ․՝ Edictum Mediolanense) — համաձայնություն, որը կայացել է 313 թ․ հռոմեական կայսրեր Կոնստանտինի և Լիկինիուսի միջև՝ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հայտնի է «Միլանի հրովարտակ» անունով, Հռոմեական կայսրության տարածքում հռչակել է կրոնական հանդուրժողականություն։ Միլանի հրովարտակը կարևոր քայլ հանդիսացավ կայսրության մեջ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ճանապարհին։ Հրովարտակի անմիջական տեքստը մեզ չի հասել, սակայն այն մեջբերված է Լակտանցիուսի կողմից իր «Հալածիչների մահվան մասին» աշխատության մեջ։

Միլանի հրովարտակին նվիրված հուշատախտակ Միլանում

Ժամանակագրություն

խմբագրել

Այս հրովարտակը Հալերիուս կայսեր կողմից արձակված Նիկոմեդյան հրովարտակի շարունակությունն էր 311 թ․ ապրիլի 30-ից։ Նիկոմեդյան հրովարտակն օրինականացնում էր քրիստոնեությունը և թույլ էր տալիս ծեսերի իրականացումն այն պայմանով, որ քրիստոնյաները պիտի աղոթեին հանրապետության ու կայսեր բարեկեցության համար։ Սակայն, պետք է նշել, որ Նիկոմեդյան հրովարտակը քրիստոնյաներին չէր տալիս այն, ինչ նրանք էին խնդրել՝ արդյունքում չխաղալով այն դերը, որը Հալերիուսն էր վերագրում դրան։ Քրիստոնյաներին չվերադարձվեցին պաշտամունքային կառույցները՝ տաճարներ, գերեզմանատներ, հուշարձաններ և շարժական ու անշարժ գույք։ Չեղավ նաև ոչ մի փոխհատուցում հուշարձանների, տաճարների, թանկարժեք իրերի և այլնի ոչնչացման դիմաց։

Միլանի հրովարտակն ավելի հեռուն գնաց։ Այն ուղղված էր կայսրության նահանգային վարչությունների բոլոր ղեկավարներին։ Եվսեբիոս Կեսարացին գրում է․ «․․․Կոնստանտինը և, նրա հետ միասին, Լիկինիուսը, դեռ խելացնորության մեջ չընկած իրենց տիրապետության հետագա շրջանում, Աստծուն համարելով իրենց ուղարկված բոլոր բարիքները պարգևող, միաձայն ընդունեցին քրիստոնյաների համար չափազանց հրաշալի օրենք։ Նրանք դիմեցին Մաքսիմուսին, որը դեռ կառավարում էր Արևելքում և շողոորթում էր նրանց»[1]։

Բովանդակություն

խմբագրել

Միլանի հրովարտակի համաձայն՝ բոլոր կրոններն օրենքով հավասարվում էին և, այդպիսով, ավանդական հռոմեական հեթանոսությունը կորցրեց պաշտոնական կրոնի դերը։ Հրովարտակը, հատկապես, առանձնացնում էր քրիստոնյաներին և նախատեսում էր քրիստոնյաներին ու քրիստոնեական համայնքներին վերադարձնել ողջ սեփականությունը, որ զավթվել էր նրանցից հետապնդումների ժամանակ։ Հրովարտակը նախատեսում էր նաև գանձարանի հաշվին փոխհատուցել նրանց․ ովքեր տիրում էին նախկինում քրիստոնյաներին պատկանած սեփականության, ստիպված էին այն վերադարձնել նախկին տերերին[2]։

Որոշ գիտնականների կարծիքով՝ Միլանի հրավարտակը քրիստոնեությունը հռչակել է կայսրության միակ կրոն։ Ուրիշների կարծիքով՝ այս տեսակետը չունի իր հիմնավորումն ինչպես հրովարտակի պահպանված վերաշարադրանքների, այնպես էլ՝ դրա կազմման հանգամանքների մեջ[3]։ Եկեղեցու պատմության հայտնի մասնագետ Վ․ Վ․ Բոլոտովը նշում է, որ «հրովարտակը կայսրության ողջ բնակչությանն ազատություն էր տալիս դավանել իր կրոնը, միևնույն ժամանակ, չէր սահմանափակում հեթանողների արտոնությունները և հնարավորություն էր տալիս անցնելու ոչ միայն քրիստոնեությանը, այլև ուրիշ, հեթանոսական պաշտամունքների»[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
  2. Bose, K. S.; Sarma, R. H. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Delineation of the intimate details of the backbone conformation of pyridine nucleotide coenzymes in aqueous solution». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1173–1179. doi:10.1016/0006-291x(75)90482-9. ISSN 1090-2104. PMID 2.
  3. Smith, R. J.; Bryant, R. G. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Metal substitutions incarbonic anhydrase: a halide ion probe study». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1281–1286. doi:10.1016/0006-291x(75)90498-2. ISSN 0006-291X. PMID 3.
  4. Wiesmann, U. N.; DiDonato, S.; Herschkowitz, N. N. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Effect of chloroquine on cultured fibroblasts: release of lysosomal hydrolases and inhibition of their uptake». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1338–1343. doi:10.1016/0006-291x(75)90506-9. ISSN 1090-2104. PMID 4.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլանի հրովարտակ» հոդվածին։