Մկրտիչ Էմին
Մկրտիչ Հովսեփի Էմին (իսկական ազգանունը՝ Կարապետյան, նոյեմբերի 25, 1815[1][2], Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան[1][2] - դեկտեմբերի 13 (25), 1890[1] կամ դեկտեմբերի 25, 1890[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), հայ պատմաբան, հայագետ։ Լազարյան ճեմարանի պրոֆեսոր և հայագիտության ամբիոնի վարիչ։
Մկրտիչ Էմին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1815[1][2] Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 13 (25), 1890[1] (75 տարեկան) կամ դեկտեմբերի 25, 1890[2] (75 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իրան և Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր, պատմաբան, ուսուցիչ և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Լազարյան ճեմարան[1][2] և Q19819669?[1] |
Ալմա մատեր | Լազարյան ճեմարան (1834)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Mkrtich Emin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում։ 1834 թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1838 թ.՝ Մոսկվայի համալսարանի փիլիսոփայի ֆակուլտետի բանասիրական բաժինը։ 1838 թվականից եղել է Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ, 1840 թվականից՝ նաև տեսուչ, 1848-1855 թվականներին՝ ճեմարանի լիցեյական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր, 1866-1869 թվականներին՝ Վլադիմիրյաև նահանգի դպրոցների վերատեսուչ, 1870 թվականին՝ Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրեն, 1871-1882 թվականներին՝ Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, 1883-1890 թվականներին՝ նաև հայագիտական ամբիոնի վարիչ։
Մկրտիչ Էմինի ժառանգությունը
խմբագրել19-րդ դարում պատմագրության բնագավառում բացերը լրացնելու է գալիս Մկրտիչ Էմինը։ Էմինի ներդրումը հայագիտության մեջ անգնահատելի է, քանի որ նա առաջինն էր, որ իր հետազոտությունները ներկայացրեց ժամանակի գիտական նոր մեթոդների համակարգում և համապատասխանեցրեց դրանք այդ կանոններին։ Էմինը հայագիտական բազում և բազմաբնույթ ուսումնասիրությունների հեղինակ է, որոնք նվիրված էին հայոց դիցաբանության, հնագիտության, պատմության, գրականության և մատենագիտության հարցերին։ Նրա հայագիտական գործունեության հիմնական առանցքը հայոց պատմությունն էր, որին էլ նվիրել է իր աշխատությունների զգալի մասը։ Նա հիմնականում թարգմանել է հին ձեռագիր մատյանները և հանձնել տպագրության՝ դրանով հայ գրական մշակույթը տարածելով Եվրոպայում և Ռուսաստանում։
Էմինի առաջին թարգմանություններից մեկը պատմահոր «Հայոց պատմությունն» է՝ 1858 թ․, որին հաջորդում են Ասողիկի և Վարդան Մեծի աշխատությունների հրատարակումը։ Բայց որպես այդպիսին դեռ 1853 թվականին հայագետը հրատարակել էր Ղազար Փարպեցու մասին հոդվածը, որին հաջորդում է Հովհաննես Դրասխանակերտցու մասին ընդարձակ հոդվածը։ Նա նշում է, որ մտադիր էր գրել ու ներկայացնել ուսումնասիրությունների շարք, որը պետք է կոչվեր «Շարք կաթողիկոսաց»։ Այս շարքում նա անդրադարձավ հայոց եկեղեցու պատմության հարցերին։ Նա առաջինն էր հայագիտության մեջ, որ մանրամասն անդրադարձավ Հովհաննես կաթողիկոսին և հետ պահեց նրան ժամանակի կեղծ բնութագրումներից։ Դրասխանակերտցուն բնութագրում էին որպես քաղկեդոնական, այնինչ նա նրանց քշնամին էր։ Ուշագրավ է 1864 թվականին գրված «Արշակունիների մասին» հոդվածը։
Վարդան Մեծի պատմության ներածականում Էմինը ոչ միայն ռուս ընթերցողին է ներկայացնում հայ պատմիչի աշխատությունը, այլև քննադատորեն է մոտենում հայ պատմիչների գործերին։ Սկզբում նա հաստատում է, որ հայոց պատմական գրականությունը քննելիս անհրաժեշտությունը օրեցօր զորեղանում է եվրոպացի գիտնականների շրջանում։ Սակայն նա անհանգստացած էր, որ հայոց պատմական գրականությունն անծանոթ է մնացել իրենց։ Ուստի այդ պահանջն էլ ստիպեց նրան ռուսական գիտական շրջանակներին ներկայացնել հայ պատմիչների աշխատությունները։ 1858 թվականին Մոսկվայում լույս տեսավ Մկրտիչ Էմինի «Երկասիրություններ հայոց լեզվի, գրականության և պատմության մասին (1840-1855)» աշխատությունը։ Դարավերջին լույս տեսավ աշխատության ռուսերեն տարբերակը։ Լազարյանների արխիվում պահվող նամակներից տեղեկանում ենք, որ Էմինին մշտապես քաջալերել և նյութական օժանդակություն է ցուցաբերել Խաչատուր Լազարյանը։ Առաջին նամակը թվագրված է 1854 թվականի նոյեմբերի 12-ին։ Խ․ Լազարյանը հայտնում է, որ այդ նամակով Մկրտիչ Էմինը տեղեկացնում էր իր մոտ գտնվող հայերեն հին ձեռագիր մատյանների մասին, որոնք ինքը ցանկություն ունի հրատարակելու։ «Ձեր մտադրություններն ու առաջադրած պայմանները բավականին իրատեսական են և գնի տեսակետից էլ ընդունելի»[3]։ Հաջորդ նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ Էմինը նախատեսում էր նախապես հրատարակել Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղուանից» աշխատությունը, այն էլ՝ 600 օրինակով։
Բացի վերը նշվածներից` Մկրտիչ Էմինը զբաղվել է նաև Կովկասի ուսումնական օկրուգի հաստատությունների համար իր հայ քերականության և քրեստոմատիայի դասագրքերի տպագրությամբ՝ որպես ուսումնական ձեռնարկ։
1867 թվականին Էմինը հանդես եկավ նոր հրապարակմամբ, որը նվիրված էր Փավստոս Բուզանդին։ Բացի թարգմանություններն ու հրատարակումները` նշանավոր հայագետը գիտաժողովներում հանդես էր գալիս հայոց պատմության հիմնահարցերին նվիրված զեկույցներով ու հրապարակումներով։
1872 թվականին Մոսկվայի համլսարանի տպարանում լույս տեսավ «Հայկական Արևելյան եկեղեցու պատմության համառոտ ուրվագիծ» աշխատությունը, որի ներածությունը գրվել է Էմինի կողմից։ Այստեղ հեղինակը խոսում է այնպիսի հիմնախնդրի մասին, ինչպիսին է հայկական եկեղեցու երկու թևերի միավորումը։ Նա այս հարցի լուծումը տեսնում էր հոգևորի մերձեցման մեջ։
«Հայկյանների դինաստիական ցուցակը Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ»
խմբագրելՊատմագիտական կարևոր արժեք է ներկայացնում «Հայկյանների դինաստիական ցուցակը Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ» հրապարակումը, որը լույս է տեսել 1884 թվականին։ Այստեղ նա, բարձր գնահատելով Խորենացու պատմագիտական ժառանգությունը, նշում է, որ նա հայոց պատմությունը ուսումնասիրել ու մեկնաբանել է ամենատարբեր տեսանկյուններից։ Նրա կարծիքով հայկական դինաստիաներից երեքը՝ Արշակունիները, Բագրատունիները և Ռուբինյանները բավականին մանրամասն ներկայացված են, ինչը չի կարելի ասել Հայկյանների մասին։ Միաժամանակ նա Խորենացուն չի համարում բացարձակ ճշմարտություն։ Հակառակը, նա քննադատորեն է մոտենում և պնդում, որ աշխատության՝ Հայկյաններին նվիրված մասը փաստազուրկ է, մինչդեռ հարուստ է տոհմապետերի, թագավորների անունների ցանկով։ Հոդվածի հաջորդ մասում նա փորձում է ներկայացնել, թե ինչ սկզբնաղբյուրներից է օգտվել Խորենացին աշխատությունը շարադրելիս։ Նա առանձին բաժին է նվիրել Հայկյանների ժամանակագրական աղյուսակի այն մեկնաբանություններին, որոնք արել է Միքայել Չամչյանը։
«Հին Հայաստանի վեպերը»
խմբագրելՄկրտիչ Էմինի ներդրումը մեծ է եղել նաև աղբյուրագիտական բնագավառում։ Հայոց պատմության աղբյուրագիտական հարցերին է նվիրված նրա «Հին Հայաստանի վեպերը», որը լույս է տեսել 1850 թ․։ Այս հրապարակման հիմքում ընկած էր հայագիտության մեջ արմատացած այն թույր կարծիքի հերքումը, թե իբր հայերը ստեղծել են հարուստ մատենագրություն, սակայն վիպական երկեր՝ ոչ։ Այստեղ նա բացատրում է պատմահոր հիշատակած բառերի՝ վեպ, վիպասք, զրույց, առասպել իմաստը։ Հեղինակը մանրամասն քննարկում է այստեղ հայկական առասպելներն ու առանձնացնում առանձին դրվագներում նկարագրված պատմականությունը՝ դրանք համարելով պատմության անբաժանելի մասը։
Այս հոդվածի շարունակությունը դարձավ 1881 թ․ գրված «Մովսես Խորենացին և հին հայկական էպոսը» ուսումնասիրությունը։ Այստեղ Էմինը հիմնավորում է այն համոզմունքը, որ պատմահոր կողմից մեզ հասած առասպելները հենց հայոց հին էպոսն է։
«Ակնարկ հեթանոսական հայերի կրոնի և հավատալիքների մասին»
խմբագրելԻր արժեքով յուրահատուկ տեղ է զբաղեցնում «Ակնարկ հեթանոսական հայերի կրոնի և հավատալիքների մասին» ուսումնասիրությունը։ Առաջաբանում նա ասում է, որ հեթանոսական կրոնի մասին հարցերը գիտնականների կողմից լուրջ ուսումնասիրությունների չեն ենթարկվել ու դրանց բացն էլ ստիպել է նրան գրել մի ուսումնասիրություն՝ նվիրված հեթանոս հայերի կրոնին։ Նա դասակարգում է հայկական դիցարանի աստվածներին, ցույց տալիս նրանց կապը Արևմտյան Ասիայի ժողովուրդների աստվածների հետ։ Այնուհետև նա անհատապես ներկայացնում է հեթանոս աստվածներին։ Հիմնվելով անտիկ պատմագրության վրա՝ նա փորձում է ցույց տալ հայ հեթանոս հայերի հայկականությունը։
Այլ աշխատություններ
խմբագրելՀոդվածների շարքում նշանավոր է նաև պատմագիտական հատուկ կարևորություն ունեցող «Վահագն վիշապաքաղ» հոդվածը։ Այսպեղ ևս մանրամասն պատմվում է Վահագնի աստվածացման ողջ պատմությունը։
Նա առանձին հոդվածով անդրադառնում է Մեսրոպ Մաշտոցին ու նրա ունեցած ներդրմաը հայոց տառերի ստեղծման գործում։ «Հայկական այբուբենի մասին» հոդվածում նա կարծիք է հայտնում, որ նախամեսրոպյան գրերը՝ դանիելյան նշանագրերը, իրապես գոյություն ունեն և ամենևին էլ փոխառություն չեն, այլ հայկական ծագմամբ։
Մկրտիչ Էմինի մի շարք ուսումնասիրություններով («Հրեա գաղթականությունը հին հայոց մեջ», 1880, «Մեդացիները հին Հայաստանում», «Ժյուլի Օպերտի՝ Աժդահակ բառի նոր բացատրությունը», 1880, «Արմավիր», 1882 և այլն, բոլորն էլ՝ ռուսերեն) հիմք դրվեց Հայաստանում օտար գաղութների և գաղթականության վերաբերյալ պատմությանը։
Մկրտիչ Էմինը հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է Ղազար Փարպեցու «Թուղթը» (1853), Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» (1860), Մխիթար Այրիվանեցու «Պատմություն Հայոց» (1860), Վարդան Արևելցու «Պատմություն տիեզերական» (1861) աշխատությունների քննական բնագրերը։
Մկրտիչ Էմինը ռուսերեն է թարգմանել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը» (1858), Վարդան Արևելցու «Պատմությունը» (1861), Ստեփանոս Տարոնեցու «Պատմությունը» (1864), ֆրանսերեն՝ Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» (1867) և այլն։ Մկրտիչ Էմինի երկերի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Մոսկվայում (հ. 1-3, 1893-97)։ Մկրտիչ Էմինի կտակած միջոցներով հրատարակվել է «Էմինյան ազգագրական ժողովածուն» (9 հ.)[4]։
Երկեր
խմբագրել- Երկասիրութիւններ հայոց լեզուի, գրականութեան եւ պատմութեան մասին (1840-1855), Մ., 1898:
Գրականություն
խմբագրել- Շահազիզ Ե., Մ. Հ. Էմին, Թ., 1900:
- Բատիկյան Լ., Մկրտիչ էմինը հայոց հին հեթանոսական կրոնի մասին, ԲԵՀ, № 1, 1974:
- Веселовский Ю. А., Очерки армянской литературы, истории и культуры, Е., 1972.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Հովհաննիսյան, Հայկազ. Հայագիտության հովանավոր․Խաչատուր Լազարյան.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Աղբյուրներ
խմբագրել- Պետրոս Հովհաննիսյան, Մովսես Խորենացին օտար թարգմանություններով, «Էջմիածին» ամսագիր, Զ, 2010։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Էմին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Էմին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 45)։ |