Մուսաներ
Մուսաներ՝ Զևսի դուստրերը։ Ըստ հին հունական դիցաբանության՝ մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՀունական առաջին մեծ գրողները՝ Հոմերոսը և Հերոդոտոսը, իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին։
Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են
- Կալլիոպե - էպիկական պոեզիայի՝ էպոսի,
- Կլիո - պատմության,
- Եվտերպե - քնարերգության,
- Թալիա - կատակերգության,
- Մելպոմենե - ողբերգության,
- Տերփսիքորա - պարերի,
- Էրատո - էրոտիկ (սիրո) պոեզիայի և երաժշտության,
- Պոլիհիմնիա (կամ Պոլհիմնիա) - հիմների,
- Ուրանիա - աստղագիտության։
Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա։ Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք։ Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց։ Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա։ Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա։
Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը։ Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները՝ մեղուներն ու ճպուռները։
Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ։ Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ։
Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն։ Մուսաները տիրապետում են ճշմարտության։ Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան[1]։
9 մուսաներ
խմբագրելՆկար | Անուն | Հովանավորում են | ||
---|---|---|---|---|
Հայ. | Հին հուն. | Լատ.. | ||
Կալլիոպե | Καλλιόπη | Calliopē | էպիկական պոեզիա | |
Եվտերպե | Εὐτέρπη | Euterpē | Քնարերգություն | |
Մելպոմենե | Μελπομένη | Melpomenē | Ողբերգություն | |
Թալիա | Θάλεια, Θαλία | Thalīa | Կատակերգություն | |
Էրատո | Ἐρατώ | Eratō | էրոտիկ (սիրո) պոեզիա և երաժշտություն | |
Պոլիհիմնիա | Πολυύμνια, Πολύμνια | Polyhymnia, Polymnia | Հիմներ | |
Տերփսիքորա | Τερψιχόρα | Terpsichorа | Պարեր | |
Կլիո | Κλειώ | Clīō | Պատմություն | |
Ուրանիա | Οὐρανία | Ūrania | Աստղագիտություն |
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Առաքել Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 23-24.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսաներ» հոդվածին։ |