Պոլիգրաֆիա (պոլի... գրաֆիա... բառացի` բազմագրություն), տեխնիկայի բնագավառ, տեքստային նյութերի և գրաֆիկական պատկերների բազմաքանակ վերարտադրման տեխնիկաների միջոցների ամբողջություն։ Ի տարբերություն բազմաքանակ վերարտադրման մյուս եղանակների (օրինակ, լուսապատճենահանման), պոլիգրաֆիական եղանակների դեպքում ներկաշերտը որևէ ռեզերվուարից փոխադրվում է ընդունող մակերևույթի (առավել հաճախ թղթի) վրա, ըստ որում շերտի ձևավորումը կատարվում է նախապես տրված, վերարտադրման ենթակա բնագրին համապատասխան։

«Պոլիգրաֆիա» տերմինի տակ հասկանում են նաև արդյունաբերության բնագավառ՝ տպագրական արտադրանք (գրքեր, թերթեր, ամսագրեր, աշխարհագրական քարտեզներ և այլն) պատրաստող արդյունաբերական ձեռնարկությունները միավորող պոլիգրաֆիական արդյունաբերությունը։ Պոլիգրաֆիայի հիմնական արտադրական պրոցեսներն են․

  • տպաձևերի պատրաստում
  • տպագրություն
  • տպագրված արտադրանքի վերջնամշակում։

Տպաձևերի պատրաստումն ընդգրկում է շարվածքի (տեքստի տպաձևերի) և պատկերազարդման տպաձևերի պատրաստման պրոցեսները։ Տեքստի տպաձևը կարող է ստացվել տպագրական շրիֆտից՝ ձեռքի շարվածքով կամ էլ շարող մեքենայի օգնությամբ։ Լայն տարածում են ստացել ավտոմատ շարվածքի տարբեր մեթոդներ։ Պատկերազարդումների տպաձևերը պատրաստում են լուսամեխանիկական մեթոդներով (ավտոտիպիա, լուսացինկագրություն, լուսավիմագրություն, լուսատպագրություն և այլն), ինչպես նաև էլեկտրոնային փորագրող մեքենաներով։ Տպաքանակը մի քանի մեքենաներով միաժամանակ տպելիս բնագիր տպաձևը պատճենահանում են, ստանում, այսպես կոչված, երկրորդային տպաձև։ Բարձր տպագրության երկրորդային տպաձևերի ստացման համար լայնորեն կիրառվում են ստերեոտիպիան, ինչպես նաև էյեկտրոլիտիկ մեթոդները (տես Գալվանաստերեոտիպիա

Տարբերում են տպագրական պրոցեսների 3 տեսակ

  • ներկող ռեզերվուարում տպագրում (հեկտոգրաֆիա, տուրկինոտիպիա)
  • միջանկյալ մակերևույթի՝ տպաձևի վրա տպագրում (այսպես կոչված, տպագրության դասական եղանակներ)
  • ընկալող մակերևույթի վրա պատկերների ձևավորումներով տպագրում (ներկաշերտի էլեկտրաստատիկ և էլեկտրամագնիսական փոխադրմամբ եղանակներ)։

Տպագրության դասական եղանակները տարբերվում են ըստ տպագրող և բացատային տարրերի բաժանումների մեթոդի։ Ներկաշերտի ձևավորումը կարող է իրականացվել ինչպես տպաձևի միջով ներկի փոխադրման պրոցեսում (տրաֆարետային տպագրություն, միմեոգրաֆիա, ռոտատոր), այնպես էլ ներկը տպաձևի մակերևույթին քսելով։ Վերջին դեպքում կիրառվում է տպագրող կամ բացատային տարրերի տարածական (բարձր տպագրություն և խոր տպագրություն) կամ ֆիզիկաքիմիական (հարթ տպագրություն) բաժանում։

Ժամանակակից պոլիգրաֆիայում կիրառվող տպագրական պրոցեսներում ներկապատկերը տպաձևից ընդունող մակերևույթ են փոխադրում անմիջականորեն կամ էլ մեկ (օֆսեթ տպագրություն) կամ երկու (օրլովյան տպագրություն) միջանկյալ մակերևույթների օգնությամբ։ Տպագրումն իրականացվում է տպագրող մեքենաներով։ Վերջնամշակման պրոցեսների բնույթը կախված է տպագրական արտադրանքի տեսակից։ Առավել բարդ են գրքերի և ամսագրերի պատրաստման ժամանակ կիրառվող բրոշյուրավորման-կազմարարական պրոցեսները (տես նաև Տպագրություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 353
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիգրաֆիա» հոդվածին։