Սեռական բազմացում
Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։
Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։
Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։
Սեռական բջիջների զարգացում
խմբագրելԿենդանիների սպերմատոզոիդները և ձվաբջիջները զարգանում են սեռական գեղձերում՝ սերմնարաններում և ձվարաններում։ Սեռական գեղձերում կան 3 գոտիներ, որոնք են.
- բազմացման գոտի, տեղավորված է սեռական գեղձի ամենասկզբում։ Այս գոտում գտնվում են սկզբնական սեռական բջիջները, որոնք բազմանում են միտոզով, և նրանց թիվը մեծանում է,
- աճման գոտի, որտեղ ընկնում են սկզբնական սեռական բջիջները և արդեն չեն բաժանվում, այլ սկսում են աճել՝ հասնելով այն չափի, որը հատուկ է յուրաքանչյուր կենդանու տեսակի սեռական բջիջներին,
- հասունացման գոտի, այստեղ անցնում են սեռական բջիջները, երբ ավարտվում է աճման պրոցեսը, և այդտեղ փոխարկվում են ձվաբջիջների և սպորմատոզոիդների։
Ձվաբջիջների և սպերմատոզոիդների զարգացումը միակերպ չի կատարվում։ Սերմնարանի հասունացման գոտում բաժանումից հետո ստացված բոլոր 4 բջիջները միանման են, բոլորը դառնում են հասուն սպերմատոզոիդներ։ Ձվարանի հասունացման գոտում նույնպես բաժանումից հետո ստացվում են 4 բջիջներ, սակայն մեծությամբ միանման չեն. բջիջներից մեկը մեծ է, իսկ երեքը՝ փոքր։ Մեծ բջիջը փոխակերպվում է հասուն ձվաբջջի, իսկ երեք փոքրերը, որոնք կոչվում են ուղղորդող մարմնիկներ, ոչնչանում են։
Կենսաբանական նշանակություն
խմբագրելՍեռական բազմացումն ունի զգալի առավելություններ անսեռ բազմացման նկատմամբ, քանի որ առաջացած նոր առանձնյակն ունենում է ծնողական օրգանիզմներին նման, բայց ոչ միևնույն հատկանիշները։ Դրանք ունենում են նաև կառուցվածքային և բջիջների միաձուլման տարբերություններ։ Մայրական և հայրական օրգանիզմների գեների զուգակցումը պայմանավորում է սերունդներում դիտվող գենետիկական զգալի բազմազանությունը։ Այսպիսով, սեռական բազմացումը մի կողմից պայմանավորում է սերունդների նմանությունը ծնողական ձևերին, մյուս կողմից նրանց հատկանիշների զգալի տարբերությունը և ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Սա ունի չափազանց կարևոր կենսաբանական նշանակություն, քանի որ տեսակի ներսում առանձնյակները ժառանգական առումով միմյանցից տարբերվում են, հետևաբար, ունեն տարբեր հատկանիշներ և միջավայրի փոփոխվող պայմաններում կարող են ցուցաբերել հարմարվածության տարբեր դրսևորումներ։ Բնական է, միջավայրի մշտապես փոփոխվող պայմաններում տեսակի ներսում միշտ էլ կգտնվեն առանձնյակներ, որոնց հատկանիշները կհամապատասխանեն փոփոխված պայմաններին։ Այդ իսկ պատճառով սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Դրանք կգոյատևեն և բեղուն սերունդ կտան՝ ապահովելով տվյալ տեսակի սերնդեսերունդ գոյությունը։ Այսպիսով, սեռական բազմացման գլխավոր առավելությունն անսեռ բազմացման նկատմամբ ժառանգական զգալի բազմազանության ապահովումն է, որը մեծացնում է փոփոխականությունը, որն էլ իր հերթին նյութ է բնական ընտրության համար։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է հենց սեռական բազմացմանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսաբանություն, 10-րդ դասարան, Երևան 2010