Վանո Սիրադեղյան

հայ լրագրող, քաղաքական գործիչ, գրող
(Վերահղված է Վանիկ Սիրադեղյանից)

Վանո Սմբատի Սիրադեղյան (անձնագրով՝ Վանիկ Սիրադեղյան[6], նոյեմբերի 13, 1946(1946-11-13), Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 2021(2021-10-15)[3][Ն 1]), Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վանո Սմբատի Սիրադեղյան
ՀՀՇ վարչության նախագահ[1]
1990–1992 և 1997–2000
Նախորդող Դավիթ Վարդանյան
Հաջորդող Տեր Հուսիկ Լազարյան, Ալեքսանդր Արզումանյան
Հայաստանի ներքին գործերի նախարար[2]
10 փետրվարի 1992 - 08 նոյեմբերի 1996
Նախորդող Վալերի Պողոսյան
Հաջորդող Սերժ Սարգսյան
Երևանի քաղաքապետ
08 նոյեմբերի 1996 - 02 փետրվարի 1998
Նախորդող Աշոտ Միրզոյան
Հաջորդող Սուրեն Աբրահամյան
 
Կուսակցություն՝ ՀՀՇ
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ բանասեր
Գործունեություն՝ քաղաքական
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր 1946 թ. նոյեմբերի 13
Ծննդավայր Հայաստան, Տավուշի մարզ, գյուղ Կոթի
Վախճանի օր հոկտեմբերի 15, 2021(2021-10-15)[3] (74 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Ամուսին Ռուզաննա Տոնոյան[4][5]
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր[7], մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր[8]։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ[9]։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ[10]։

Կենսագրություն

խմբագրել

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը[1]։

Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել[10]։

Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին[11]։

Ընտանիք

խմբագրել

Վանո Սիրադեղյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրենն է[4][5][12]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1996 թվականի նախագահական ընտրություններ

խմբագրել

ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք՝ Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունն են ունեցել երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվել է 1996 թվականին Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ Հայաստանի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև ընթացել է սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկել է պաշտոնական արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վազգեն Մանուկյանը[13]։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարել է, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է եկել փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժել են Հայաստանի Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսել մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ [փա՞ստ] ցրել են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել մոտ 60 հոգի[13]։ Արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ է դարձել երկրորդ անգամ։

Ցույցերից հետո երկրում հաստատվել է ռազմական դրություն, զենքի ուժով ճնշվել են ժողովրդի ցույցերը։ Այս առնչությամբ Հայաստանի Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հանդես է եկել իր հայտնի ելույթներից մեկով.

  Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է)։ Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին։ Ջրով կարելի էր էդ ամբողջ ժողովրդին, էդ ի՜նչ ժողովուրդ էր է, 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու։ Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է)։ Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ նաև մենք պտի կրակեինք, բայց հնարավոր էր մի 50 - 800 հոգի սպանվեր։ Հետո գոնե մի քանի մարդ "առնվազն" կսպանվեր...[14][15] (Վանո Սիրադեղյան)  

Հետընտրական լարված զարգացումների պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված է եղել ազատել Վանո Սիրադեղյանին Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից։

Առաջադրված մեղադրանքներ

խմբագրել

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվել էր Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների՝ իշխանությունից հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվել է նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով․

  • 72 հոդվածով (բանդիտիզմ)
  • 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով (հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության)
  • 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 8-րդ կետով
  • 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով
  • 185 հոդվածի 3-րդ մասով (կաշառքի ստացում)
  • 182 հոդվածի 1-ին մասով (իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում)
  • 17-96 հոդվածի 2-րդ մասով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)։

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից[16]։ Հայաստանի Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Վանո Սիրադեղյանի փախուստը։ Նա մինչև մահը գտնվել է հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից։ Դրանք են.

  • Լինելով Հայաստանի Ներքին գործերի նախարար՝ Վանո Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները[16]։
  • 1993 թվականի մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության շենքում, Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է սպանել Հայաստանի Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին։ Հետագա երկու ամիսների ընթացքում Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդան իրագործել են սպանության առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ հափշտակել են ավտոմեքենաներ՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար[16]։
  • 1994 թվականի ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը, կանչելով Արմեն Տեր-Սահակյանին իր աշխատասենյակ, և նրա հետ միասին, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով գնալով Հրազդանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, նրան հանձնարարել է սպանել Հայաստանի դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը միաժամանակ հանդիսացել է բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994 թվականի փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը[16]։
  • Հետագայում նույնպես Վանո Սիրադեղյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ակտիվ միջոցներ է ձեռնարկել բանդայի միջոցով իր կատարած հանցագործությունները, այն է՝ Հովհաննես Սուքիասյանի, Համբարձում Ղանդիլյանի և մյուսների՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստության ու նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի իրական հանգամանքների բացահայտումը կանխելու և այդ փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու ուղղությամբ[16]։
  • Մասնավորապես այդ նպատակով 1994 թվականին կազմակերպել ու նախապատրաստել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ վերջիններիս կողմից իրենց ծառայական և հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, որը ավարտին չի հասցվել կազմակերպիչների կամքից անկախ պատճառներով[16]։
  • 1993 թվականի դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը, որը մինչև վերջ չի հասցվել իր կամքից անկախ պատճառներով, դրանով իսկ կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ[16]։
  • Սերժ Ջիլավյանի սպանության նախապատրաստության հանգամանքները թաքցնելու նպատակով և Ջիլավյանի սպանելու պատվերը ձախողելու համար 1994 թվականի հունվարին հանձնարարել է ՀՀ ՆԳՆ ՆԶՎ աշխատակիցների միջոցով կազմակերպել Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը, որն իրականացվել է 1994 թվականի հունվարի 25-ին[16]։
  • Բացի այդ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վանո Սիրադեղյանը մեղադրվում է նաև Արմեն Տեր-Սահակյանի միջոցով Ռազմիկ Աթոյանից 40.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի աշխատակիցների միջոցով՝ հրկիզման եղանակով, դիտավորությամբ Հրազդանի կիրճում տեղակայված հասարակական սննդի օբյեկտը ոչնչացնելու համար[16]։

Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։ 2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով[16]։ Չնայած այն հանգամանքին, որ նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում[10], այնուամենայնիվ հայաստանյան հասարակության մեջ շրջանառվում են որոշակի կարծիքներ, համաձայն որոնց՝ Վանո Սիրադեղյանի գտնվելու մասին հայտնի է ՀՀ իշխանություններին ու համապատասխան իրավական մարմիններին։

Գրական գործունեություն

խմբագրել
Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ։ Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր։ Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված։ Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու»[17]։

- Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Վանո Սիրադեղյանի մասին

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)[18]
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։ Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»[19][20]
  • «Գյադաների Ժամանակը»
  • Կիրակի (պատմվածքներ), Երևան, 1983, 105 էջ[21]
  • Ծանր լույս (պատմվածքներ), Երևան, 1987, 224 էջ[22]
  • Շատ չհամարվի, Երևան, 1993, 64 էջ[23]
  • Ձեռքդ ետ տար ցավի վրայից, Երևան, 2000, 308 էջ[24]
  • Գյադաների ժամանակը, Երևան, 2005, 224 էջ[25]։
  • Երկիր Ցպահանջ, Երևան, 2011, 224 էջ[26]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակել է քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ[27]։

Գրականություն

խմբագրել
  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 512։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 472։

Նշումներ

խմբագրել
  1. Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրի, կենդանի կամ մահացած լինելու մասին հրապարակային տեղեկություններ չկան։ Նա գտնվում է հետախուզման մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ՀՀՇ Վարչության նախագահները:
  2. Հայաստանի կառավարություն. նախկին նախարարներ
  3. 3,0 3,1 3,2 Մահացել է Վանո Սիրադեղյանը
  4. 4,0 4,1 Վանո Սիրադեղյանի կինը մերժում է ամուսնու մահվան մասին լուրը:
  5. 5,0 5,1 Վանո Սիրադեղյանի կինն ասում է՝ «Երբ որ նա այստեղ էր, ցեխ էին շպրտում, հիմա էլ որ չկա, աղմկում են»:
  6. «National Assembly of Armenia». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին. {{cite web}}: Text "Official Web Site" ignored (օգնություն); Text "parliament.am" ignored (օգնություն)
  7. «Վանո Սիրադեղյանը իմ կնոջը «Ֆլամինգո» լողափը չի նվիրել. Անդրիաս Ղուկասյան», 1in.am:
  8. ««Լիզա Ճաղարյան. Հայերեն Վիքիպեդիայի պերճանքն ու թշվառությունը - 3», ilur.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  9. ««Ինչ սպանությունների համար է Վանո Սիրադեղյանը հետախուզվում», politik.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  10. 10,0 10,1 10,2 Վ. Սիրադեղյանի անձնական տվյալները Ինտերպոլի կողմից հետախուզվողների ցուցակում
  11. Մահացել է Վանո Սիրադեղյանը
  12. «Խնկո Ապոր մանկական գրադարանի աշխատակազմը։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  13. 13,0 13,1 Սվետլանա Մարգարյան, «Կրակոց թիկունքից, մաս 17»
  14. «Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք. Վանո Սիրադեղյան.»:
  15. ««Գոնե մի 800 մարդ կսպանվեր. Վանո Սիրադեղյան»։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը՝ 9 դրվագից:
  17. «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»
  18. Վանո Սիրադեղյանի Շատ չհամարվի գիրքը freebooks կայքում:
  19. admina (2018 թ․ նոյեմբերի 13). «Վանո Սիրադեղյան. «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  20. «Ձեռքդ ետ տար ցավի վրայից». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  21. ‎Կիրակի, Sunday (ամերիկյան անգլերեն).
  22. «Ծանր լույս Quotes by Vano Siradeghyan». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  23. ‎Շատ չհամարվի, A Fair Blessing (ամերիկյան անգլերեն).
  24. «ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՁԵՌՔԴ ԵՏ ՏԱՐ ՑԱՎԻ ՎՐԱՅԻՑ (տեսանյութ)». mediaroom.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  25. «Վանո Սիրադեղյան |Գյադաների ժամանակը (հատված)․ Հակառակ մեր կամքին՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  26. «ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ԵՐԿԻՐ։ Ց´ՊԱՀԱՆՋ…»». Hovikcharkhchyan's Blog. 2012 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  27. Վանո Սիրադեղյանի վերադարձի առիթով

Արտաքին հղումներ

խմբագրել

Տեսանյութեր

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանո Սիրադեղյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանո Սիրադեղյան» հոդվածին։
Նախորդող
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ
Վանո Սիրադեղյան

1990—10 փետրվարի 1992
Հաջորդող
Տեր Հուսիկ Լազարյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի գծով խորհրդական
Վանո Սիրադեղյան

13 դեկտեմբերի 1991—10 փետրվարի 1992
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Վալերի Պողոսյան
ՀՀ Ներքին գործերի նախարար
Վանո Սիրադեղյան

10 փետրվարի 1992—08 նոյեմբերի 1996
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Սերժ Սարգսյանը որպես ՀՀ Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարար
Նախորդող
Աշոտ Միրզոյան
Երևանի քաղաքապետ
Վանո Սիրադեղյան

08 նոյեմբերի 1996—02 փետրվարի 1998
Հաջորդող
Սուրեն Ջ. Աբրահամյան
Նախորդող
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ
Վանո Սիրադեղյան

1997—2000
Հաջորդող
Ալեքսանդր Արզումանյան