Քյոսեմ սուլթան, հայտնի է նաև որպես Մահփեյքեր սուլթան (թուրքերեն՝ Mâh-Peyker Kösem, մոտ 1589, Թինոս, Tinos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - սեպտեմբերի 2, 1651(1651-09-02), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան սուլթան Ահմեդ I-ի երկրորդ կամ երրորդ հարճը (կրել է հասեկի տիտղոսը) և սուլթաններ Մուրադ IV-ի և Իբրահիմ I-ի մայրը։ Որդիների օրոք կրել է վալիդե սուլթանի (սուլթանի մայր) տիտղոսը և Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ կանանցից մեկն է եղել։ Սուլթան Մեհմեդ IV-ի տատիկն էր, նրա կառավարման սկզբում, որպես կանոն, կրել է «բյույուկ վալիդե» տիտղոսը (սուլթանի տատիկ)։ Ընդհանուր առմամբ, իշխանության ղեկին է եղել մոտ 30 տարի։ Ահմեդի վրա նրա ունեցած ազդեցությունը կապում են Մուստաֆա I-ի կյանքի պահպանմամբ և դրանով իսկ Օսմանյան կայսրությունում գահաժառանգության կարգի փոփոխությամբ։ Սպանվել է Թուրհան սուլթանի կողմնակիցների կողմից նախապատրաստվող հեղաշրջման ժամանակ։

Քյոսեմ սուլթան
թուրքերեն՝ Mahpeyker Kösem Sultan
օսման.՝ كوسم صولتان
Վալիդե սուլթան
 1623 թ․ սեպտեմբերի 10 — 1648 թ․ օգոստոսի 12
1648 թ․ օգոստոսի 18 — 1651 թ․ սեպտեմբերի 2
Նախորդող Հալիմե սուլթան
Հաջորդող Թուրհան սուլթան
Օսմանյան կայսրության ռեգենտ
1623 թ․ սեպտեմբերի 10
1648 թ․ օգոստոսի 18 - 1632 թ․ մայիսի 20
1651 թ․ սեպտեմբերի 2
 
Մասնագիտություն՝ գահի խնամակալ և ստրուկ
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր մոտ 1589
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր 1651 թ․ սեպտեմբերի 2
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Թաղված Q55698720?
Դինաստիա Օսմանյան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ամուսին Ահմեդ I
Զավակներ Մուրադ IV, Իբրահիմ I [⇨]

Կենսագրություն

խմբագրել

Ծագումը և առաջին տարիները հարեմում

խմբագրել

Մինչև հարեմում հայտնվելը նրա կյանքի մասին հավաստի վկայություններ չկան, հայտնի չէ նույնիսկ ծննդյան տարին[1], համարվում է, որ նա հույն էր[2] կամ բոսնիացի[3]։ Ըստ երևույթին, նրա հունական ծագման մասին առաջին հաղորդագրությունը եղել է իտալացի ճանապարհորդ Պեդրո դելլա Վալլեի նամակում։ Քյոսեմ սուլթանի մասին 1615 թվականի հոկտեմբերի 25-ին Ստամբուլից նա գրել է՝ «Եթե ես ճիշտ եմ հասկացել, նա հույն քահանայի դուստր է՝ հեռավոր երկրից կամ քաղաքից, Կոստանդնուպոլսից մոտ երկու հարյուր մղոն հեռավորության վրա գտնվող»[4]։ Նրա քրիստոնեական անունը հայտնի չէ[5], բայց տարածում գտած տարբերակի համաձայն (շարադրված ոչ հեղինակավոր աղբյուրներում[6]) նրա անունը Անաստասիա է եղել[7]։ Իբր նա գնվել է որպես Բոսնիայի սանջակբեյի ստրկուհի[8] և արդեն տասնհինգ տարեկանում հայտնվել է հարեմում[9]։ Նրան տվել են Մահփեյքեր անունը, ինչը նշանակում է «լուսներես»։ Նրա մյուս անունը՝ Քյոսեմը՝ «ամենասիրելի» նշանակությամբ, նրան տվել է Ահմեդը, ում հարճն է եղել[9]։ Կան Քյոսեմ անվան այլ մեկնաբանություններ ևս։ Պեդրո դելլա Վալլեն, ով ինքն էլ օսմաներեն էր սովորում, գրել է, որ այդ անունը նշանակում է «անմազ» (թուրքերեն köse ՝ առանց մազերի, առանց մորուքի), և նա այն ստացել է իր՝ բուսականությունից զուրկ մաշկի համար։ Բացի այդ, ըստ Իսլամի հանրագիտարանի, օսմանյան kösem/kösemen-ը կարող է նշանակել «առաջնորդ, պարագլուխ, ազատ, անկախ»[10]։

 
Ահմեդ I

Ահմեդը սուլթան դարձավ 13 տարեկանում, նա դեռ հարճեր ու երեխաներ չուներ, ինչը վտանգավոր էր դինաստիայի համար։ Այդ պատճառով, խախտելով ավանդույթները, նրա եղբայր Մուստաֆան ողջ թողնվեց, իսկ երիտասարդ սուլթանի առաջնային խնդիրը դարձավ ժառանգների ծնունդը։ Նրան հարճ նվիրեցին։ Այն ժամանակ, երբ Քյոսեմը հայտնվեց Ահմեդի հարեմում, սա արդեն առնվազն մեկ ֆավորիտուհի (հասեկի) ուներ։ Ահմեդի ավագ որդուն՝ Օսմանին, 1604 թվականին, Քյոսեմի ավագ որդի Մեհմեդի ծնվելուց մի քանի ամիս առաջ, լույս աշխարհ բերեց Մահֆիրուզը։ Լեսլի Փիրսը գրում է, որ Քյոսեմ սուլթանը եղել է հարճերից երկրորդը կամ երրորդը[11]։ Հավանաբար, սկզբում Քյոսեմը հարեմում բացառիկ դիրք չի զբաղեցրել, քանի որ Օսմանից հետո Մահֆիրուզը ծնել է առնվազն ևս մեկ որդի։ Պեդրո դելլա Վալլեն գրել է, որ սուլթանը երկու կանանցից չորս որդի ունի[12]։ Իր մտքի և գեղեցկության շնորհիվ Քյոսեմը դառնում է Ահմեդի սիրելի հասեկին[6], 1610-ական թվականների կեսերին Քյոսեմի ազդեցության տակ գտնվող սուլթան Ահմեդ I-ն իր առաջնեկի մորը՝ Մահֆիրուզին, ուղարկել է Հին պալատ։ Հնարավոր է, որ հենց այս մասին է գրել Վենետիկի դեսպան Կոնտարինին, երբ հայտնում էր, որ 1612 թվականին սուլթանը ծեծել է մի կնոջ, ով զայրացնում էր Քյոսեմին[13]։ Քյոսեմը սուլթանից բազմաթիվ երեխաներ է ունեցել, ինչը նրան թույլ է տվել մեծ իշխանության հասնել՝ կազմակերպելով իր դուստրերի և թոռների ամուսնությունները բարձր դասի պաշտոնյաների հետ[14]։

Մուստաֆա I-ի և Օսման II-ի կառավարման տարիներին

խմբագրել

Ահմեդ I–ի օրոք Քյոսեմը քաղաքական ոլորտում առանձնապես ազդեցություն չուներ։ Նրա մահից հետո 1617 թվականի նոյեմբերի 22-ին գահ բարձրացրեցին նրա եղբորը՝ Մուստաֆա I-ին, որը, հակառակ Օսմանյան արքունիքի ավանդույթների, չէր սպանվել այն պահին, երբ Ահմեդը գահ էր բարձրացել։ Նման փաստը բացատրվում է նախևառաջ նրանով, որ Ահմեդը 13 տարեկան հասակում գահ բարձրանալիս դեռ երեխաներ չուներ, ինչը նշանակում էր, որ նրա մահը կսպառնար ընդհատել դինաստիան։ Ավելի ուշ դեր խաղացին երկու գործոններ։ Նախ, Մուստաֆան մտավոր հետամնաց էր կամ առնվազն տառապում էր հոգեկան խանգարմամբ և վտանգավոր չէր ապստամբության առումով, երկրորդ՝ Մուստաֆային մահից փորձել է փրկել Քյոսեմը։ 1612 թվականին Վենետիկի դեսպան Սիմոն Կոնտարինին հայտնել է, որ Քյոսեմը Ահմեդին համոզել է մահապատժի չենթարկել Մուստաֆային։ Նա ասում էր, որ Ահմեդն ինքը սուլթանի ավագ որդին չի, բայց ճակատագիրը նրան գահին է բերել։ Այդ պատճառով Ահմեդը չպետք է վնասի իր եղբորը, նույնիսկ եթե դա հակասում է օսմանների սովորույթին։ Քյոսեմի շարժառիթը, ըստ Կոնտարինիի, կայանում էր նրանում, որ «Ահմեդի՝ եղբոր նկատմամբ ցուցաբերած ողորմությունը ավելի ուշ կիրառվի նաև իր որդիների՝արքայազնի [առաջնեկի] եղբայրների նկատմամբ»[15]։

   
Ձախից Մուստաֆա I–ը, աջից՝ Օսման II–ը

Մուստաֆայի գահակալումից հետո Քյոսեմ սուլթանն ուղարկվեց Հին պալատ[11], ուր ավանդաբար ուղարկում էին մահացած սուլթանների բոլոր հարճերին ու դուստրերին։ Մուստաֆան սուլթան եղավ ընդամենը երեք ամիս, 1618 թվականի փետրվարի 26-ին նա գահընկեց արվեց, թեև չսպանվեց։ Սուլթան դարձավ Ահմեդի 14-ամյա որդին՝ Օսմանը։ Օսմանի մայրը վաղ էր մահացել, դեռևս 1615 թվականին Պեդրո Դելլա Վալլեն գրել էր, որ «սուլթանի առաջնեկ որդու մայրը մեռած է»[12]։ Դեռ Օսմանի մանկությունից Քյոսեմ սուլթանը փորձել է բարեկամական հարաբերություններ հաստատել նրա հետ։ Օսմանը Քյոսեմ սուլթանի և նրա որդիների ընկերակցությամբ զբոսնում էր քաղաքում, մինչև Ահմեդը 1616 թվականին արգելեց այդ զբոսանքները։  Օսմանը հարգանքով էր վերաբերվում խորթ մորը, և 1619 թվականին նրան պատվեց՝ որպես սուլթան եռօրյա այցով եղավ Հին պալատում։ Այնուամենայնիվ, Խոտինյան պատերազմ մեկնելուց առաջ Օսմանը, վախենալով մրցակցությունից, հրամայեց մահապատժի ենթարկել շեհզադե Մեհմեդին[11]՝ Քյոսեմի ավագ որդուն։ Արշավանքն անհաջող եղավ, օսմանյան բանակը պարտություն կրեց Խոտինյան ճակատամարտում, ինչը սրեց սուլթանի և ենիչերիների հակամարտությունը։ 1622 թվականի մայիսի 19-ին Մուստաֆայի մոր՝ Հալիմե սուլթանի և նրա փեսա Կարա Դավուդ–փաշայի կողմից աջակցություն ստացած խռովության հետևանքով Օսմանը գահընկեց արվեց, բռնվեց և փակվեց Եդիկուլեում, իսկ մայիսի 20-ին սպանվեց[16]։ Մանկություն վերապրած երեխաներ Օսմանը չուներ, թեև մի քանի հասեկիներ ուներ։ Նորից սուլթան դարձավ Մուստաֆան, իսկ Հալիմեն կրկին ստացավ վալիդեի կոչումը։ «Չորս օր տևած ընդվզումն անմիջապես դադարեցվեց, կարծես հուզումներ չէր էլ եղել»[17]։ Քյոսեմի համար դա բարդ ժամանակահատված էր, քանի որ «Դավուդ–փաշան սուլթանի (Մեհմեդ III) աղջկանից երկու որդի ուներ, և կարծում էր, որ եթե ճանապարհից հեռացնի» սուլթան Ահմեդի ողջ մնացած որդիներին, «իր որդիները մի օր, որոշակի պայմաններում կկարողանան բարձրագույն իշխանություն ստանալ», ուստի նա մահափորձ է կազմակերպում Քյոսեմի ավագ որդու՝ Մուրադի դեմ։ Զբարաժսկին այսպես է նկարարգրում այդ իրադարձությունները՝ «Վեզիրը նախևառաջ ներքինիին, որը մեծ իշխանություն ուներ արքունիքում, ուղարկեց եղբայրներից ավագին՝ Մուրադին խեղդելու։ Սակայն տղայի մայրը, ով ապրում էր մեկ այլ՝ Հին արքունիքում, զգուշացում ստանալով կամ հենց ինքը գլխի ընկնելով, պալատական հաջիի, դպիրների կամ ուսուցիչների օգնությամբ ապահովեց որդու ուժեղացված հսկողությանը, որպեսզի թույլ չտա նրա սպանությունը։ Երբ ներքինին եկավ տղային խեղդելու, իսկ վեզիրն էլ մոտ էր, և լարը արդեն գցվել էր զոհի պարանոցին, այնտեղի պահապաններից մեկը դանակի հարվածով սպանեց ներքինիին»[18]։

Մուստաֆայի երկրորդ կառավարումը տևեց մինչև 1623 թվականի սեպտեմբերի 10-ը։ Աբազա–փաշան ապստամբություն բարձրացրեց և պատիժ պահանջեց Օսման II-ի մարդասպանների համար։ Հալիմեի և մեծ վեզիր դարձած Կարա Դավուդ–փաշայի կառավարումից դժգոհները շատ էին։ Արդեն հունիսի 13-ին վալիդեի խռովարարներին հանգստացնելու նպատակով Կարա Դավուդ–փաշան պաշտոնանկ արվեց, սակայն այդ միջոցը չմարեց հակամարտությունը, և դեկտեմբերին ապստամբությանը միացան սիփահիները։ 1623 թվականի հունվարին Օսմանին սպանողների համար պատիժ էին պահանջում արդեն վիզիրները։ Երբ նախկին սուլթանի սպանության մասնակիցների վրա որս սկսվեց, Դավուդ–փաշան թաքնվեց Թոփքափըի հարեմում գտնվող կնոջ ննջարանում, սակայն նրան այնտեղ գտան, բռնեցին ու ուղարկեցին Եդիկուլե։ Հունվարի 7-ին դիվանի խորհուրդը որոշում կայացրեց Կարա Դավուդին մահապատժի ենթարկելու մասին, և 1623 թվականի հունվարի 18-ին նա գլխատվեց։ Այնուամենայնիվ, Հալիմե սուլթանի բոլոր փորձերը փրկելու իրավիճակը և զոհերի գնով Մուստաֆային պահպանելու գահին, հաջողության չհասան։ Աբազա–փաշան 1623 թվականի մայիսին 40–հազարանոց բանակի գլխավորությամբ պաշարեց Անկարան[19]։ 1623 թվականի օգոստոսի 30-ին մեծ վեզիր նշանակվեց Քեմանքեշ Կարա Ալի–փաշան, ում հաջողվեց ուլեմների օգնությամբ Հալիմե սուլթանին համոզել գահից իջեցնել իր որդուն՝ պայմանով, որ կպահպանվի Մուստաֆայի կյանքը[20]։ Արդյունքում, 1623 թվականի սեպտեմբերի 10-ին Օսմանյան գահին հայտնվեց 11-ամյա Մուրադ IV-ը՝ Ահմեդ I–ի և Քյոսեմի որդին[21]։ Հալիմեն վերադարձավ Հին պալատ, Մուստաֆան կրկին ուղարկվեց Կաֆես, որտեղ անցկացրեց իր մնացած կյանքը[20]։ Ընդհանուր առմամբ Քյոսեմ սուլթանը Հին պալատում ապրել է մոտ վեց տարի[21]։

Վալիդե սուլթան

խմբագրել
   
Քյոսեմի՝ սուլթան դարձած որդիները՝ ձախից Մուրադ IV–ը, աջից՝ Իբրահիմ I–ը

Մուրադի գահակալումից հետո Քյոսեմ սուլթանի կողմից հեղաշրջում կազմակերպելու վերաբերյալ կասկած առաջացավ, և նա ստիպված եղավ արդարանալ շեյխ ալ-իսլամի առաջ։ Որպես նոր փադիշահի մայր՝ Քյոսեմը դարձավ վալիդե և Հին պալատից տեղափոխվեց Թոփքափը։ Մուրադ IV-ը սուլթան դարձավ ընդամենը տասնմեկ տարեկան հասակում, որի պատճառով մինչև 1632 թվականը, փաստորեն, ամբողջ իշխանությունը գտնվեց Քյոսեմի և նրա կուսակցության ձեռքում։ Ինքը՝ Քյոսեմը, պաշտոնապես կրեց ռեգենտի տիտղոսը և իշխեց հինգ տարի[22], մինչև Մուրադն իր ձեռքը կվերցներ կառավարումը՝ մորը հեռացնելով պետական գործերից[6]։ Սակայն նա լսում էր մոր կարծիքը, գնահատում նրա փորձն ու միտքը, բացի այդ, մայրը իր ձեռքն էր վերցնում իշխանությունը Մուրադի հաճախակի ռազմական արշավանքների ժամանակ։ Նա կարողացել էր փրկել Իբրահիմին, երբ Մուրադը հրամայել էր մահապատժի ենթարկել իր բոլոր եղբայրներին[6]։

1640 թվականին Մուրադի մահից հետո Իբրահիմը, որպես դինաստիայի միակ ներկայացուցիչ, քանի որ Մուրադը ողջ մնացած որդիներ չուներ, հաջորդեց եղբորը։ Իբրահիմի կառավարման առաջին տարիներին իշխանությունը կրկին հայտնեց Քյոսեմի ձեռքում։ Հետագայում մոր և որդու միջև հարաբերությունները փչացան։ Իբրահիմի հոգեկան վիճակը, ինչպես և նրա կառավարման արդյունքում Օսմանյան պետության կրիտիկական վիճակը, սրընթաց վատացան։ Իբրահիմը հայտնվել էր հարճերի ազդեցության տակ, և մորը ուղարկեց Թոփքափըից հեռու գտնվող ամառային տնակը։ Այնուհետև Իբրահիմը իմացավ, որ Քյոսեմը և մեծ վեզիրը ծրագրում են իրեն պաշտոնանկ անել, վեզիրին նա մահապատժի ենթարկեց, իսկ մորը տեղավորեց Իսքանդեր–չելեբիի այգիներում[23]։ Իբրահիմի նախաձեռնած Կանդիական պատերազմը բնակչության մոտ դժգոհություն առաջացրեց[6], իսկ 1648 թվականին բոլոր պալատական խմբավորումները, ներառյալ ինքը՝ Քյոսեմը, եկան այն համոզման, որ անհրաժեշտ է շուտափույթ գահընկեց անել նրան[24]։ Արդյունքում 1648 թվականի օգոստոսի 8-ին սուլթանը տապալվեց և մի քանի օր անց, ըստ ֆետվեի, սպանվեց[25]։ Մեծ երկրի գլուխ կանգնեց Իբրահիմի վեցամյա որդին և Քյոսեմի թոռը՝ Մեհմեդը։ Մեհմեդի գահ բարձրանալով՝ նրա մայրը՝ Թուրհանը, ստացավ վալիդեի տիտղոսը, սակայն բոլոր հասանելիք արտոնությունները բաժին ընկան Քյոսեմին, ով վերցրեց «բյույուկ վալիդե (ավագ վալիդե)» տիտղոսը, որը երբեք չէր օգտագործվել ո՛չ առաջ և ո՛չ էլ հետո այլևս չօգտագործվեց։ Այդ ժամանակ անփորձության և տարիքի պատճառով Թուրհանը, ով քսան տարեկան էլ չկար, իշխանությունից հեռացվեց ավելի փորձառու Քյոսեմի կողմից[26]։ Թուրհանն անգամ օրական 2000 ասպեր էր ստանում՝ ի տարբերություն Քյոսեմի, ով 3000 ասպեր էր ստանում՝ և՛ որպես վալիդե, և՛ որպես բյույուկ վալիդե[27]։

Ամբիցիոզ Թուրհանը հրաժարվեց հանձնվել առանց մարտի։ Երեք տարվա ընթացքում, որ Քյոսեմն անցկացրեց իշխանության ղեկին, Թուրհանը հասցրեց ձեռք բերել բազմաթիվ կողմնակիցներ, որոնց թվում՝ սև ներքինիների առաջնորդն ու մեծ վեզիրը, այնուամենայնիվ, Քյոսեմի կողքին էլ շարունակում էին կանգնել ենիչերիները։  Չնայած նրան, որ Քյոսեմն արդյունավետորեն կատարում էր վալիդե–ռեգենտի պարտականությունները, ժողովրդի մեջ հուզումներ սկսվեցին երկրի քաղաքականության վրա ենիչերիների մեծ ազդեցության պատճառով[28]։ Մեծ վեզիր Մելեք Ահմեդ–փաշայի և ենիչերիների կորպուսի ղեկավարության կողմից բյուջետային դեֆիցիտի փակման համար ձեռնարկված միջոցառումները 1651 թվականի օգոստոսին խռովություն առաջացրեցին մայրաքաղաքում[21]։

   
Քյոսեմ սուլթանի սպանությունը։ Փորագրություններ Պոլ Ռիկոյի «Պատմություններ»–ի գերմանական (1694) և ֆրանսիական (1670) հրատարակություններից[29].

Մոտավորապես նույն ժամանակ Թուրհանին հայտնի է դառնում, որ ենիչերիները, Քյոսեմ սուլթանի համաձայնությամբ, ծրագրում են թունավորել Մեհմեդ IV-ին և գահին նստեցնել նրա մյուս թոռանը՝ շեհզադե Սուլեյմանին, որի մայրը՝ Սալիհ Դիլաշուբ սուլթանը, նրանց ավելի համակերպվող ու զիջող էր թվում։ Թուրհանն այդ ծրագրերի մասին իմացել էր Քյոսեմի աղախիններից մեկից՝ Մելիկե-խաթունից, որը, պարզվեց, երկակի գործակալ էր։ 1651 թվականի սեպտեմբերի 2-ի գիշերը Քյոսեմ սուլթանը սպանվեց իր ննջարանում, Թուրհանի կողմնակիցների կողմից, չնայած հաստատապես հայտնի չէ, թե արդյո՞ք սպանությունը ծրագրված էր և կատարվել է Մեհմեդ IV–ի մոր անմիջական հրամանով[30]։ Ըստ պատմիչ Կարաչելեբիզադեի խոսքերի, ով այդ ժամանակ շեյխ ալ–իսլամ է եղել, սպանությունն իրականացնողը եղել է Ուզուն Սուլեյման-աղան՝ իր մարդկանցով։ Նրանք գտել են հարեմի պահարաններից մեկում թաքնված Քյոսեմին և խեղդել են նրան վարագույրի պարանով։ Քյոսեմի մահից հետո նրա մարմինը նախ տեղափոխվել է Հին պալատ և նոր միայն թաղվել Սուլթանահմեդի մզկիթում, Ահմեդ I–ի կողքին[21]։

Երեխաներ

խմբագրել

Հաստատապես նրա որդիներն էին սուլթաններ Մուրադ IV-ը և Իբրահիմ I–ը ու շեհզադե Կասըմը, իսկ դուստրերը՝ Այշեն և Ֆաթման։ Շեհզադե Մեհմեդի, շեհզադե Սուլեյմանի, Հանզադեի, Աթիկեի և Գևհերհանի վերաբերյալ հետազոտողների կարծիքները տարբերվում են։ Քյոսեմն իր դուստրերին ամուսնացրել է ազդեցիկ պետական գործիչների հետ, ովքեր վայելում էին նրա աջակցությունը և փաստացի կազմում էին նրա կուսակցությունը[11]։

Որդիներ՝

Դուստրեր՝

«Օսմանյան կայսրության պատմական բառարան»–ում Քյոսեմը հիշատակվում է որպես պալատի ամենահայտնի կանանցից մեկը[3]։ Քյոսեմ սուլթանի՝ ֆավորիտուհի եղած ժամանակ նրան հիմնականում նկարագրում են որպես գեղեցիկ և խելացի կին։ Մեծ իշխանություն և հնարավորություններ նա չուներ։ Պեդրո դելլա Վալլեն նրա մասին գրել է, որ նա «ավելի շուտ լավիկն է, քան՝ գեղեցիկ»[12]։ 1612 թվականին վենետիկյան դեսպան Սիմոն Կոնտարինին Քյոսեմին նկարագրել է որպես «գեղեցիկ և խորաթափանց և, բացի դա,... շատ տաղանդներ ունեցող... նա հիանալի երգում է, ինչի հետևանքով շարունակում է վայելել սուլթանի սերը... այնպես չէ, թե նրան հարգում են բոլորը, բայց որոշ գործերում նրան լսում են, և նա տիրակալի ֆավորիտուհին է, ով ցանկանում է, որ նա մշտապես իր կողքին լինի... <...> նա մեծ իմաստությամբ իրեն զսպում է սուլթանի հետ հաճախակի չխոսելու պետության և լուրջ գործերի շուրջ»։ Նման զգուշավորությունը ուղղված էր նրան, որ չզրկվեր սուլթանի բարեհաճությունից, ով չէր պատրաստվում կախում ունենալ կանանցից։ Կոնտարինիին դեսպանի պաշտոնում փոխարինած Քրիստոֆոր Վալյերը 1616 թվականին Քյոսեմի մասին գրել է՝ «Նա սուլթանի հետ կարող է անել այն ամենը, ինչ կամենում է, և ամբողջությամբ տիրացել է նրա սրտին, և նա նրան ոչ մի բանում չի մերժում»[11]։ Մինչև կյանքի վերջին տարիները նա պահպանել է իր գեղեցկությունը։ Ինչպես 1645 թվականին նրա մասին արտահայտվել է Սիմոն Կոնտարինին՝ «գլխավոր թագուհին՝ հայտնի Քյոսեմ սուլթանը, ծեր է, բայց դեռ գեղեցիկ»[35]։

Ամեն ինչ փոխվեց, երբ Քյոսեմ սուլթանը դարձավ վալիդե։ Քսանհինգ տարի նա վալիդե է եղել Մուրադի և Իբրահիմի, և ևս երեք տարի կրել է «ավագ վալիդե սուլթան» (buyuk valide) տիտղոսը Մեհմեդ թոռան օրոք[36]։ Եվրոպացիները հիշում են Հյուրեմին, բայց թուրքերը կանանցից ամենահզորը համարում են հենց Քյոսեմին։ Պիրսը Քյոսեմին անվանում է «կանանց սուլթանատի վառ ու ազդեցիկ հասեկիներից վերջինը»[37]։ Քյոսեմը «հմուտ էր դավադրությունների ու ինտրիգների մեջ»[38], հենց նրան են վերագրում երկու որդիներին գահին բազմեցնելու և Ժառանգման կարգը փոխելու վաստակը[37]։

«Իսլամի հանրագիտարան»–ի համաձայն՝ նա իր մասին հիշողություն է թողել որպես «մեծահոգի, շռայլ և բարձր մտքի տեր կնոջ»[39]։

Նկարներ

խմբագրել
«Zelome Sultane» ստորագրությամբ» փորագրանկարը
Կերակրող կնոջ նկարը
2012 թվականի հոկտեմբերի 4-ին աճուրդում վաճառված նկարը

Եվրոպացիներին միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի տեսք է ունեցել Քյոսեմ սուլթանը։ Դրա համար էլ Քյոսեմի դիմանկարների բացակայության պատճառով սկսել են այլ մարդկանց նկարներ տրամադրել։  1688 թվականին Համբուրգում լույս է տեսել «Thesaurus exoticorum» գիրքը։ Հեղինակները որպես Քյոսեմ սուլթանի նկար տեղադրել են «Zelome Sultane» ստորագրությամբ» փորագրանկարը[40]։ Սակայն դա Մելխիոր Լորկի աշխատանքն էր[41], ով մահացել էր 1583 թվականին[42]։

Մեհմեդ IV-ին կերակրող կնոջ՝ կըզլյար–աղայի ստրկուհու նկարը, ով որդու հետ ապրում էր սուլթանի հարեմում և գերի էր ընկել մալթայան ասպետներին 1644 թվականին[43], օգտագործվում է որպես Քյոսեմ սուլթանի նկար՝ հիմնականում հայտնի և գեղարվեստական գրականության մեջ[44]։

Առանց վերնագրի և ստորագրության նկարը, որի վրա կինը կրծքով կերակրում է երեխային, Սոթբիսի աճուրդում վաճառվել է 2012 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ըստ Sotheby's-ի փորձագետների եզրակացության, այն վերաբերում է XVII դարի երկրորդ քառորդին, նկարի հեղինակը Ֆրանց Հերմանի և Հանս Գեմինգերի շրջապատից մի անհայտ նկարիչ է[45]։ Վերջիններս ավստրիացի նկարիչներ են, որոնք գտնվել են 1628 թվականին Ֆերդինանդ II-ի կողմից Մուրադ IV-ի մոտ ուղարկված դեսպանության պատվիրակության մեջ[46]։ Նկարին կից եզրակացության համաձայն՝ նրա վրա պատկերված է «սուլթան Ահմեդ 1-ի (1603-1617) սիրելի կինը, որը հայտնի է որպես Քյոսեմ կամ Մահպեյքեր սուլթան, ով կրծքով կերակրում է ապագա սուլթան Մուրադ IV-ին (1623-1640) կամ ապագա սուլթան Իբրահիմի (1640-1648)»[45]։ Հայտնի չէ, թե ինչ հիմքեր են եղել նման եզրակացության համար․ Քյոսեմը չէր կարող կերակրող մայր լինել 1628 թվականին, որովհետև Իբրահիմը ծնվել է 1615 թվականին, Մուրադը՝ 1612 թվականին, հետևաբար նկարիչների՝ Ստամբուլ ժամանելու պահին Քյոսեմի որդիները 16 և 13 տարեկան են եղել[21]։

Իլբեր Օրտայլիի՝ Milliyet-ում հրապարակված հոդվածում որպես Քյոսեմի նկար զետեղվել է Ժոզեֆինա Գրասինիի դիմանկարը[47]։

 
Չինիլի մզկիթը, որը կառուցվել է Քյոսեմ սուլթանի կողմից, Սկյուտարում, Ստամբուլ

Բարեգործություն

խմբագրել

Քյոսեմ սուլթանը Սկյուտարում մզկիթի կառուցման նախաձեռնողն էր։ Սա Մուրադ IV-ի օրոք կառուցված միակ մզկիթն է[21]։

Մշակույթում

խմբագրել

Քյոսեմ սուլթանը հետևյալ գրքերի կերպարն է կամ գլխավոր գործող անձը՝

  • 1722 թվականին Մադլեն դե Գոմեսի կողմից գրված «Anecdotes, ou Histoire secrette de la maison ottomane» կեղծ պատմական ստեղծագործության մեջ երկու գլու է նվիրված Քյոսեմ սուլթանին[48]։ Այն թարգմանվել է Պ․ Պ․ Օստրոգորսկու կողմից և հրատարակվել է Ռուսաստանում 1787 թվականին՝ «Անեկդոտներ կամ Օտտոմանյան արքունիքի արժանահիշատակ պատմական թաքուն գործերը» վերնագրով[49]։
  • Քյոսեմ սուլթանի մասին գրքեր գրել են բազմաթիվ հեղինակներ, այդ թվում՝ Ռեշաթ Էկրեմ Կոչուն[50], Ահմեդ Ռեֆիկ Ալթինայը[51], Էբուբեքիր Սուբաշին[52], Էրհան Աֆիոնջուն[53]։

Քյոսեմ սուլթանը հետևյալ ֆիլմերի կամ սերիալների կերպարն է կամ գլխավոր գործող անձը՝

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. İlgürel 2002; Tezcan 2008; Somel 2003.
  2. İlgürel 2002; Tezcan 2008; Britannica.
  3. 3,0 3,1 Somel, 2003, էջ 158
  4. Viaggi, vol.1, 1843, էջ 53—54
  5. İlgürel 2002; Tezcan 2008; Somel 2003; Britannica.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bosworth, 1986, էջ 272
  7. Sonyel, 1993
  8. Sonyel 1993; Augustinos 2007.
  9. 9,0 9,1 Davis 1970; Augustinos 2007.
  10. Viaggi, vol.1 1843; Bosworth 1986.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Peirce, 1993, էջ 105
  12. 12,0 12,1 12,2 Viaggi, vol.1, 1843, էջ 54
  13. Peirce, 1993
  14. Peirce, 1993, էջ 111
  15. Peirce, 1993, էջեր 106, 232
  16. Imber 2009; Финкель 2012.
  17. Сулишовский, 1984
  18. Збаражский, 1984
  19. Финкель, 2012, էջ 281
  20. 20,0 20,1 Börekçi, 2009, էջ 409
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 İlgürel, 2002
  22. Peirce, 1993, էջ 249
  23. Bosworth 1986; Peirce 1993.
  24. Финкель, 2012, էջ 322
  25. Thys-Şenocak, 2006, էջ 26
  26. Финкель 2012; Peirce 1993.
  27. Peirce, 1993, էջ 127
  28. Peirce, 1993, էջ 252
  29. Rycaut 1670; Rycaut 1694.
  30. Peirce 1993; Финкель 2012; Carsten 1961.
  31. Tezcan, 2008
  32. 32,0 32,1 Alderson, 1956, table XXXIV
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 Peirce 1993; Alderson 1956.
  34. Peirce, 1993, էջ 105, 365
  35. Sakaoğlu, 2008, էջ 225
  36. Peirce 1993; Bosworth 1986.
  37. 37,0 37,1 Peirce, 1993, էջ 106
  38. Augustinos, 2007, էջ 24
  39. Bosworth, 1986, էջ 273
  40. Happel, Lange, 1688, էջեր 133—134
  41. Zelome Sultane
  42. Fischer, 2009, էջ 5
  43. Lotichius 1707; Mignot 1787.
  44. Ерёмин 2013; Фрили 2017; Koçu 2015; Altınay 2015; Subaşı 2017; Afyoncu 2015; Taylan 2015; Sakaoğlu 2015.
  45. 45,0 45,1 KÖSEM SULTAN
  46. Ådahl, 2006, էջեր 105—106
  47. Ortaylı
  48. Gomez, 1722, էջ 49—95
  49. Рак
  50. Koçu, 2015
  51. Altınay, 2015
  52. Subaşı, 2017
  53. Afyoncu, 2015
  54. Genç Osman
  55. IV.Murad
  56. Istanbul Kanatlarimin Altinda
  57. Mahpeyker - Kösem Sultan
  58. Muhteşem Yüzyıl: Kösem

Գրականություն

խմբագրել

Ռուսաց լեզվով

խմբագրել

Այլ լեզուներով

խմբագրել

Հանրաճանաչ գրականություն

խմբագրել

Հղումներ

խմբագրել
  • Рак В.Д. «ОСТРОГОРСКИЙ Павел Петрович //Словарь русских писателей XVIII века». Электронные публикации Института русской литературы (Пушкинского Дома) РАН. Վերցված է 04-09-2017-ին.
  • «Kosem Sultan (Ottoman sultana)». Britannica Online Encyclopedia. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  • «Zelome Sultane». www.britishmuseum.org. The British Museum. Վերցված է 06-09-2017-ին.
  • «KÖSEM SULTAN AND HER SON, THE FUTURE SULTAN MURAD IV OR SULTAN IBRAHIM». www.christies.com. Cristie's. Վերցված է 06-09-2017-ին.
  • Ortaylı I. «Kösem Sultan'ı yargılamak zor». milliyet.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  • «Genç Osman (1962)». www.imdb.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  • «IV.Murad». www.imdb.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  • «Istanbul Kanatlarimin Altinda (1996)». www.imdb.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  • «Mahpeyker - Kösem Sultan(2010)». www.imdb.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  • «Muhteşem Yüzyıl: Kösem». tims.tv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.