Քրիստափոր Արարատյան

հայ գեներալ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քրիստափոր Գերասիմի Արարատյան (ռուս.՝ Христофор Герасимович Араратов; անունը ի ծնե՝ Խաչատուր Կարապետի Արարատյան) (հունիսի 18, 1876(1876-06-18)[1], Նալչիկ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 10, 1937(1937-12-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար։ Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ ռազմական նախարար, անկուսակցական։ 1937 թ-ին գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»։ Արդարացվել է հետմահու։

Քրիստափոր Արարատյան
Քրիստափոր Արարատով
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Մարտի 27, 1919 - Ապրիլի 3, 1920
Նախորդող Հովհաննես Հախվերդյան
Հաջորդող Ռուբեն Տեր-Մինասյան
 
Կրթություն՝ Թիֆլիսի կադետային կորպուս (1893)[1], Միխայիլովյան հրետանային ուսումնարան (1896)[1], Սպայական հրետանային դպրոց (1914)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1926)[1]
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 18, 1876(1876-06-18)[1]
Ծննդավայր Նալչիկ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր դեկտեմբերի 10, 1937(1937-12-10) (61 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Հայաստան և  ԽՍՀՄ
Ի ծնե անուն Խաչատուր Արարատյան և ռուս.՝ Хачатур Араратян
Ամուսին Նինա Էյուբովա
Զավակներ Կոնստանտին Արարատյան, Ելենա Արարատյան
 
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան Order of St. Anna 2nd class with swords Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Order of St. Anne 3rd class with swords and bow Order of Saint Stanislaus (House of Romanov) Սուրբ Ստանիսլավի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Ռումինիայի թագի շքանշան Russo-Japanese War Medal և Ոսկե զենք «Քաջության համար»
Քրիստափոր Արարատյան
300
հունիսի 18, 1876(1876-06-18)[1] - դեկտեմբերի 10, 1937(1937-12-10) (61 տարեկան)
ԾննդավայրՆալչիկ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստան և  ԽՍՀՄ
Զորատեսակհրետանի
Ծառայության տարիներ1896 - 1937
ԿոչումԳեներալ-մայոր
ՊաշտոնՀայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ
Առաջին Համաշխարհային Պատերազմ
Սարդարապատի ճակատամարտ
Բաշ Ապարանի ճակատամարտ
ԿրթությունԹիֆլիսի կադետային կորպուս (1893)[1], Միխայիլովյան հրետանային ուսումնարան (1896)[1], Սպայական հրետանային դպրոց (1914)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1926)[1]
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդ տարիներ

խմբագրել

Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876 թ-ի հունիսի 18-ին Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ ազնվական Գերասիմ (Կարապետ) Ավետիքի Արարատովի ընտանիքում։ Արարատյանների ընտանեկան զինանշանի վրա եղել է գրվածք «Հայրենիք ու պատիվ»։

10 տարեկանում ընդունվել է Թիֆլիսի կադետային կորպուս, որտեղ ուսումն ավարտել է 1893 թվականի մայիսի 20-ին՝ ենթասպայի կոչումով։ Մայրը առաջարկում էր որդուն ուսումնը շարունակել Մոսկվայի Լազարյան Ճեմարանում, որտեղ դասավանդում էր մոր հարազատ եղբայրը։ Սակայն հոր պնդմամբ Քրիստափորը ընդունվում է Պետերբուրգի Միխայլովյան հրետանու դպրոցը, որն ավարտում է 1896 թվականի օգոստոսի 12-ին։ Այստեղ նա ճանաչվել է լավագույն երեք ուսանողներից մեկը՝ ստանալով պոդպորուչիկի կոչում ու իրավունք ընտրելու հետագա ծառայության վայրը։ Ավարտական արարողության ժամանակ եղել է հեծելազորային վաշտի հրամանատար։ Զորահրապարակ Արարատյանի գլխավորած վաշտը մուտք է գործում քառատրոփ ու հանկարծ կանգ առնում կայսր Ալեքսանդ III-ի դիմաց։ Այդ աննախադեպ հնարքի համար կայսրը Արարատյանին շնորհում է ոսկյա կովկասյան թուր, որի վրա մակագրված էր «Գեներալ Մովսես Արգուտինսկի-Դոլգորուկիին Կովկասյի նահանգապետ Ալեքսեյ Երմոլովից»։

Ընտրելով Կովկասյան նռնակաձգային հրետանու բրիգադը, որը տեղեկայված էր Թիֆլիսից ոչ հեռու Կոջորում ՝ ծառայություն է անցնում՝ ստանալով պորուչիկի կոչում 1899 թվականի հուլիսի 27-ին։

Կովկասյան բրիգադ ու ռուս-ճապոնական պատերազմ

խմբագրել

1902 թ-ին նշանակվում է Կովկասյան երկրորդ կորպուսի հրետանային բրիգադի հրամանատարի գլխավոր ադյուտանտ։ 1902 թվականի օգոստոսի 25-ին ստանում է շտաբս կապիտանի կոչում։ Հետագա տարիներին մի քանի անգամ փոխել է ծառայության վայրը կովկասյան հրետանային բրիգադի շրջանակներում՝ հիմնականում զբաղեցնելով ուսումնական թիմի ղեկավարի կամ ռազմական դատարանի անդամի պաշտոններ։

1903 թվականի մարտին ստանում է Սբ. Ստանիսլավի 3-րդ կարգի մեդալ՝ թրերով ու ժապավենով։ 1904 թվականի օգոստոսի 1-ին տեղափոխվում է Սիբիրսկ քաղաք՝ զբաղեցնելով այնտեղ բրիգադի ուսումնական մասի ղեկավարի պաշտոնը՝ զուգահեռաբար զբաղեցնելով ռազմական դատարանի անդամի պաշտոն։

Ռուս-ճապոնական պատերազմի մեկնարկից հետո խնդրում է տեղափոխել իրեն առաջին գիծ, որտեղ հնարավորություն է ստանում լիարժեքորեն կիրառել հրաձգային բոլոր գիտելիքները։ 1905 թվականի ապրիլի 19-ին գործուղվում է Խարբին՝ Երրորդ Մանջուրյան բանակի առաջին գծային հրետանային բրիգադ։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ին ստանում է Սբ. Աննայի Երրորդ կարգի մեդալ թրերով ու ժապավենով։

1906 թվականի մարտի 26-ին կցվում է 664 էշելոնին ու գործուղվում եվրոպական Ռուսաստան։ Հունիսի 6-ին գործուղվում է կովկասյան նռնականետային հրետանային բրիգադ, որտեղ օգոստոսի 9-ից զբաղեցնում է բրիգադի դատարանի անդամի պաշտոնը։ 1907 թվականի հունվարի 23-ին ստանում է ավագ սպայի կոչում, իսկ մայիսի 10-ին՝ կապիտանի կոչում։ Հունվարի 30-ից փետրվարի 17-ը զբաղեցրել է բրիգադի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնը։ 1910 թվականի դեկտեմբերին ստանում է Սբ. Ստանիսլավի երկրորդ կարգի թրերով մեդալ։ 1912 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 18-ը զբաղեցրել է բրիգադի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնը։ 1914 թ-ի մայիսի 14-ին Արարատյանը ստանում է Սբ. Աննայի երկրորդ կարգի թրերով մեդալ, ու օգոստոսի 31-ին ստանում է փոխգնդապետի կոչում։

Առաջին Համաշխարհային պատերազմ

խմբագրել
 
Քրիստափոր Արարատյանը 1910-ական թվականներին

1914 թ-ի հունիսի 28-ից հուլիսի 28-ը սովորում է Ցարսկոյե Սելոյի սպայական հրետանային դպրոցում, որն ավարտում է ժամանակից շուտ ու մեկնում ռազմաճակատ։ Այստեղ հաջորդ 5 ամիսների ընթացքում նրան շնորհվում է Սբ. Ստանիսլավի չորրորդ կարգի թրերով ու ժապավենով մեդալ, Սբ. Աննայի երկրորդ կարգի թրերով մեդալ, Սբ. Ստանիսլավի երկրորդ կարգի թրերով մեդալ։ 1915 թվականի սեպտեմբերի 9-ից 26-ը հանդիսացել է դիվիզիայի հրամանատարի պաշտոնակատար։

Սեպտեմբերի 24-ին Արարատյանին շնորհվում է Սբ. Գեորգի չորրորդ կարգի մեդալ հետևյալ դրվագի համար։ Կես տարի առաջ ապրիլի 27-ին Նեվմլեն գյուղի մոտակայքում հակառակորդը հարձակում է իրականացրել նույն բրիգադի մյուս երկու գնդերի դեմ։ Արարատյանը սեփական նախաձեռնությամբ առաջ է քաշվել՝ հայտնվելով հարձակման տակ, ստիպելով հակառակորդին դադարեցնել հարձակումը ու թույլ տալով գնդերին ապահով նահանջել։ Արարատյանի գունդը նահանջել է միայն այն ժամանակ, երբ գնդերը ապահովության մեջ էին։

Հաջորդ կես տարվա ընթացքում նրան շնորհվել է Սբ. ՍՏանիսլավի երրորդ կարգի մեդալ թրերով ու ժապավենով, Սբ. Աննայի չորրորդ կարգի մեդալ «Խիզախության համար» գրառումով ու Սբ. Աննայի երրորդ կարգի թրերով ու ժապավենով։

1916 թ-ի հոկտեմբերի 13-ին նրան տեղափոխում են Ռումինական ռազմաճակատ, որտեղ հաջորդ տարվա սեպտեմբերի 20-ին նրան շնորհվում է Ռումինիայի Թագ պարգև՝ Թրերով հրամանատար կոչումով։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո գիտակցելով, որ թուրքական զորքը կօգտվի իրավիճակից ու մուտք կգործի Հայաստան, Արարատյանը տեղափոխվում է Կովկաս։ Իր համհարզ Ալեքսանդր Ղորղանովին նա ասում է. «Ծառայեցինք սպիտակ թագավորին, ժամանակն է նաև մեր՝ հայկական թագավորն ունենալ։ Առաջ, իմ ընկեր, Արարատը սպասում է Արարատովին»։

Հայ-թուրքական պատերազմ (1918)

խմբագրել

1917 թ-ի դեկտեմբերի 5-ին նոր ռուսական իշխանության ու Օսմանյան կայսրության միջև ստորագրվում է Երզնկայի զինադադարը։ Թիֆլիսի Հայկական Ազգային Խորհուրդը փորձեր է ձեռնարկում ստեղծել ազգային բանակ՝ Դենիկինի բանակի աջակցությամբ։ Այդ միավորումը թուրքական բանակի դեմ մարտնչեց 1917 թվականի վերջին -1918 թվականի սկզբին՝ հետագայում դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հիմքը։ Հրամանատար է նշանակվում փորձառու Թովմաս Նազարբեկյանը, ով 1918 թվականի հունվարի 5-ին նշանակում է Արարատյանին հրաձգային հրետանային բրիգադի երկրորդ դիվիզիայի հրամանատար։ Մարտի 4-ին այն անվանափոխվեց հրաձգային հրետանային երկրորդ բրիգադի։ Ապրիլի 5-ին բրիգադը դարձավ Երևանի կորպուսի մաս, որի հրամանատարն էր Մովսես Սիլիկյանը։ Արարատյանը դառնում է Երևանի կորպուսի հրետանու հրամանատար։

Մարտի 3-ին բոլշևիկները ստորագրում են Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը՝ դուրս բերելով Ռուսաստանը Առաջին համաշխարհայինից։ Մարտ-ապրիլին տեղի ունեցած Տրապիզոնի խաղաղության համաժողովը արդյունքներ չտալուց հետո, մայիսի 11-ին Բաթումում մեկնարկում է նոր համաժողով, որի ընթացքում թուրքական կողմը առաջ քաշեց իր կազմի մեջ ներգրավելու Թիֆլիսը, Ալեքսանդրապոլն ու Էջմիածինը, որով նպատակ կար Կարսը Ջուլֆայով կապելու Բաքվի հետ։ Համաժողովի ընթացքում վրացական կողմը հայտարարում է, որ մտնում է գերմանական պրոտեկտորատի տակ, ինչի արդյունքում հայկական կողմը մնում է որպես միակ պահանջատեր կողմ համաժողովի ընթացքում։ Համաժողովին զուգահեռ թուրքական զորքը անցնում է Ախուրյան գետը ու առճակատման գնում հայկական ռազմական ուժերի հետ։ Սարդարապատի (մայիսի 21-29), Ղարաքիլիսայի (մայիսի 24-28) ու Բաշ-Ապարանի (մայիսի 21-24) ընթացքում հայկական բանակին հաջողվում է կասեցնել թուրքական առաջխաղացումը։ Սարդարապատի հաղթանակը հնարավոր դարձրել Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը։

 

Մարտի ժամանակ Արարատյանը եղել է Սարդարապատում հրետանու հրամանատարը, իսկ նրա ղեկավարած ստորաբաժանումը գերի է վերցրել զինվորների մի ամբողջ վաշտ՝ կազմված թուրք ու գերմանացի զինվորներից։ Մոտենալով գերևարված վաշտին իր նժույգով՝ Արարատյանը լսել է վաշտի հրամանատարի զեկույցը կազմի մասին ու հրամայել շրջվել ու բացել կրակ թուրքերի ուղղությամբ։ Վաշտը միացել է հայկական ստորաբաժանումներին։

Թուրքական 9-րդ հետևակային բրիգադի հրամանատարը իր նամակում հրամանատարությանը գրում է.

Ձեր Գերազանցություն,
Պատիվ ունեմ ձեզ տեղեկացնելու հետևյալի մասին. Բաշ-Ապարանում երկու օր առաջ սկսած հարձակումը ի սկզբանե հաջող չէր, քանի որ գյավուրները հավաքել էին զգալի ուժեր այնտեղ... Ավելին հայերը ունեին փայլուն լեռնային հրետանու ուժեր, ես չգիտեմ ով է հրամանատարը, բայց կրակում էին նրանք առանց վրիպումը։ Նա, Ալլահի կողմից անիծվածը, վերացրեց մեր հրետանին ու մի շարք ծանր տեխնիկա, ինչպես նաև լուրջ վնաս հասցրեց մեր հետևազորին։

Հայաստանի Առաջին Հանրապետություն

խմբագրել
 
Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը: Կանգ.՝ Նիկոլ Աղբալյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Սարգիս Արարատյան, Նստ.՝ Ավետիք Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, Քրիստափոր Արարատյան

Արարատյանը դեմ է արտահայտվում Հովհաննես Քաջազնունու նշանակմանը Հայաստանի վարչապետ, ինչպես նաև անձնական շփման ընթացքում կոպիտ արտահայտվում է վերջինիս նկատմամբ։ Դա հանդիսանում է պատճառ, որ նա չի ստանում գեներալի կոչում դեռևս 1918 թվականին։ Օգոստոսին Հայկական բրիգադի հրետանու հրամանատարն է։

1918 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվում է հայ-թուրքական հանձնաժողովի անդամ, որի նպատակն էր սահմանագծելու հայ-թուրքական համատեղ սահմանը. մի պայման, որը մատնանշվել էր հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով։ Մեկնում է Թուրքիա, որտեղ է ստանում է Թուրքական մեդալ ի հիշատակ Հայաստանի կառավարության կողմից Հալիլ փաշայի թուրքական ռազմական ղեկավարությանը այցելության։ Վերադառնալով Հայաստան՝ նշանակվում է Հայկական Հրետանային Բրիգադի հրամանատար։

Դեկտեմբերին իր ստորաբաժանումներով մասնակցել է հայ-վրացական պատերազմին։ 1919 թվականի հունվարին Արարատյանը վերադառնում է Թիֆլիսից, որտեղ մասնակցում էր հայ-վրաց-բրիտանական բանակցություններին։

 
Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը ու ռազմական նախարար գեներալ Քրիստափոր Արարատյանը 1919 թվականի մայիսի 28-ին

1919 թվականի սկզբին Հայաստանի տարբեր ծայրերում բռնկվում են մի շարք ապստամբություններ կովկասյան թուրքերով (ադրբեջանցիներով) բնակեցված շրջաններում, ու այդ միջավայրում վարչապետ Հովհաննես Քաջազնունին վայր դրեց պարտականությունները, վարչապետ նշանակվեց Ալեքսանդր Խատիսյանը, ինչպես նաև ռազմական նախարար Հովհաննես Հախվերդյանը լքեց կառավարությունը նույնպես։ Մարտի 27-ին դեռևս չկազմավորված կառավարության կազմում Արարատյանը ստանում է գեներալ-մայորի կոչում ու նշանակվում ՀՀ ռազմական նախարար։ Խատիսյանը տալիս է փայլուն հանձնարարական Արարատյանին. «Անհրաժեշտ է շնորհել նրան գեներալի արժանի կոչումը ու թող Աստծո օգնությամբ տնօրինի Ռազմական նախարարությունը։ Նա տաքարյուն է, կոշտ ու հայհոյող, հայերենից բացի փայլուն տիրապետում է նաև հրամանատարական լեզվին»։

Նշանակվելով նախարար՝ Արարատյանը նախկին նախարար Հովհաննես Հավերդյանին հրավիրում է որպես խորհրդական, իսկ իր նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանին՝ օգնական։

Հունիսի 7-ին Դիլիջան գործուղման ընթացքում Արարատյանի մեքենան կողաշրջվում է, ու նախարարը տեղափոխվում է հիվանդանոց կրծքավանդակի լուրջ վնասվածքով ու երիկայային արյունահոսություն ախտորոշմամբ, որտեղ նա բուժում է անցնում մինչև հունիսի 25-ը։

1920 թվականի ապրիլի 3-ին Արարատյանը վայր է դնում նախարարի պարտականությունները՝ ստանձնելով Ռազմական նախարարության հրաձգային ուժերի տեսուչի պաշտոնը։ Մայիսի 22-ից Արարատյանը զբաղեցնում է Երևանի պաշտպանության գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Մինչև Կարսի գրավումը թուրքական զորքերի կողմից նա զբաղեցրել է տարբեր զորամիավորումների հրետանու հրամանատարի պաշտոնը։ Արարատյանին գործողում են Կարս որպես ռազմական կոմենդանտ, իսկ Սիլիկյանին՝ Բայազեթ։ 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին Արարատյանը գերի է ընկնում թուրքական բանակի կողմից։ Բանտում գտնվելու ժամանակ նրան մի քանի անգամ այցելել է գեներալ Քյազըմ Կարաբեքիրը, որը առաջարկել է Արարատյանին դասավանդել ռուսական հրետանու արվեստը թուրքական ռազմական համալսարանում, սակայն ամեն անգամ ստացել է մերժում։

Խորհրդային շրջան

խմբագրել
 
Քրիստափոր Արարատյան՝ Թուրքիայում գերությունից հետո

Ալեքսանդր Մյասնիկյանի միջնորդությամբ՝ 1921 թվականի վերջին վերադարձել Հայաստան՝ ըստ որոշ տեղեկությունների 1922 թվականին զբաղեցնելով Հայկական ՍՍՀ հրետանու հրամանատարի պաշտոնը։ Մյասնիկյանին փոխարինած Հայկ Բժշկյանցը Արարատյանի մասին գրել է.

  Հրետանու նախկին գեներալ Քրիստափոր Գերասիմի Արարատյանը՝ անկախ, սրամիտ, նկարային գեղեցկությամբ, հաջողակ, սեփական գինը իմացող, հայտնի է ոչ միայն բանակում, այլ ողջ Հայաստանի տարածքում։ Նա իհարկե ունի բազմաթիվ նախանձողներ ու չարակամներ, մանավանդ այն մարդկանց շրջանում, ովքեր կարծում են, որ աշխատավորական-գյուղական ծագումը բարձր պաշտոններ ստանալու նախապայման է։
- Հայկ Բժշկյանց
 
 
Հայկական հրաձգային դիվիզիայի լուսանկարներից

1923-1925 թվականներին՝ Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, ապա ղեկավարել է ԵՊՀ և ՀԳԻ ռազմագիտական ամբիոնները։

 
Արարատյանը (մեջտեղից աջ կանգնածը՝ գլխարկը ճակատին) կոլտնտեսական աշխատանքների ժամանակ։

1925 թվականի փետրվարին կենտրոնից հայաստան են բերում շուրջ երկու տասնյակ Լենինի կիսանդրի, որոնք վերջինիս մահվան երկրորդ տարելիցի կապակցության առթիվ պետք էր բաշխել զորամասերով հատուկ սենյակներում, որոնք հետագայում պետք է կոչվեին «Լենինյան»։ Արարատյանին այլ ռազմական ղեկավարների հետ կարգադրվում է կիսանդրիները հասցնել տեղ։ Ապարանում մրսելով ճանապարհից նրանք կանգ են առնում թեյարանի մոտ տաքանալու։ Տեղացիները գողանում են կիսանդրիով արկղը՝ հավանաբար կարծելով, որ կարմիր հրամանատարները որևէ արժեքավոր բան են տեղափոխում։ Ռազմական դատարանի առաջ չկանգնելու համար վարորդ Բենիկ Վարդազարյանը խորհուրդ է տալիս իր հորեղբորը, ով գերեզմանաքարեր պատրաստող էր, խնդրել պատրաստել նմանը։ Ղարաքիլիսայում բնակվող ուստա Առաքելը ստեղծում է գիպսե կիսանդրի, որը սակայն հետագայում ճաքճքում է, ու մատնում եղածը։ Արարատյանին փրկում է բանակի հրամանատար Ալեքսանդր Եգորովը, ով Արարատյանին արագ տեղափոխում է Մոսկվա՝ ուսանելու Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որը նա ավարտում է 1926 թ-ի օգոստոսի 20-ին։

Վերադառնալով Հայաստան՝ առավելագույնը, ինչ Արարատյանին առաջարկում են, Երևանի Պետական Համալսարանի ռազմական ամբիոնի, իսկ այնուհետև Երևանի Գյուղատնտեսական Ինստիտուտի ռազմագիտության ամբիոնի վարիչի պաշտոն է։

Ստալինյան բռնաճնշումներ ու մահ

խմբագրել
 
Քրիստափոր Արարատյանը՝ 1930-ական թվականներին

1937 թվականին Հայկական ՍՍՀ Ներքին Գործերի կոմիսար Խաչիկ Մուղդուսիի կողմից ձերբակալվեցին ու գնդակահարվեցին։ Մովսես Սիլիկյանի երրորդ ձերբակալության հաջորդ օրը՝ 1937 թ-ի օգոստոսի 9-ի առավոտյան 9-ին Արարատյանը իր ռազմական ուսապարկում մի քանի հիմնական իրեր վերցնելով գալիս է Ներքին գործերի կոմիսարիատի շենք՝ խնդրելով իրեն ձերբակալել իր հրամանատարի հետ։ Ներքին գործերի կոմիսար Խաչիկ Մուղդուսին փոխանցում է Արարատյանին, որպեսզի վերադառնա տուն, շատ սպասել պետք չի լինի։ Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան Արարատյանին նույնպես ձերբակալում են։ Երեք ամիս բանտարկությունից հետո դեկտեմբերի 10-ին առավոտյան 5-ին Արարատյանին, իր հետ գեներալներ Դմիտրի Միրիմանովին ու Մովսես Սիլիկյանին, ով այդ ժամանակ հիվանդության ու ծերության պատճառով ինքնուրույն քայլել չէր կարող, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Օհանեսյանին, Հակոբ Մկրչտյանին ու Հարություն Հակոբյանին տեղափոխում են Նորքի ձոր (ներկայիս Կենդանաբանական այգու տարածք) ու գնդակահարում։

Երկար տարիներ ի վեր նրա կին Նինա Էյուբովան փաթեթներ էր փոխանցում Պետական Անվտանգության Կոմիտե իր ամուսնուն փոխանցելու՝ չիմանալով, որ ամուսինը վաղուց արդեն սպանված է։ 1955 թ-ի մարտի 19-ին հարազատներին փոխանցեցին Արարատյանի մահվան վկայականը, որտեղ նշված էր, իբր նա մահացել է 1943 թվականի փետրվարի 16-ին սրտի կաթվածից։ Հաջորդ տարի 1956 թվականի հուլիսի 18-ին Հայկական ՍՍՀ գերագույն դատարանը չեղյալ է համարել Արարատյանի դեմ 1937 թվականի նոյեմբերի 16 որոշումը, ինչի արդյունքում հայտնի է դարձել նրա մահվան իրական թվականը։

Անձնական կյանք

խմբագրել
 
Արարատյանը՝ որդու հետ, 1923 թվական

Քրիստափոր Արարատյանը ամուսնացած է եղել քաղաքացիական խորհրդատու Եյուբովի Նինա Էյուբովայի հետ ու ունեցել է երկու զավակ՝ Կոնստանտին ու Ելենա։ Ելենան եղել է շատ տաղանդավոր պարուհի, որի կարիերան մեծապես խաթարվել է հիմք ընդունելով փաստը, որ իր հայրը գնդակահարվել է որպես Սովետական Միության թշնամի։ Ելենա Արարատյանի որդի Յուրի Արարատյանը եղել է Հայաստանում ռուսական զորքերի գնդապետ։

Դավանանքը՝ Հայ առաքելական[2]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Քրիստափոր Արարատյանը տիրապետում էր հայերենի, ռուսերենի ու ֆրանսերենի։
  • 1896 թվականից 1920 թվականն Արարատյանը միայն երեք ամիս արձակուրդ է ունեցել։
  • Բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը իր ուսուցիչների մասին բանաստեղծության մեջ Արարատյանի մասին գրել է.

...Արարատովն էր մեզ զորաշարժի տանում՝
Ղարսի հրացանը կապած ուսին...

Պարգևներ

խմբագրել
  • Սբ. Ստանիսլավ (3-րդ կարգի) թրով ու աղեղով (Մարտ 1903)
  • Սբ. Ստանիսլավ (2-րդ կարգի) թրերով (Դեկտեմբեր 1910)
  • Սբ. Ստանիսլավ (4-րդ կարգի) թրով ու աղեղով (Փետրվարի 26, 1915)
  • Սբ. Վլադիմիր (3-րդ կարգի) թրերով
  • Սբ. Աննա (4-րդ կարգի) «Խիզախության համար» գրառումով (Հունվարի 6, 1916)
  • Սբ. Աննա (3-րդ կարգի) թրով ու աղեղով (Հոկտեմբեր 17, 1905, ապրիլի 27, 1916)
  • Սբ. Աննա (2-րդ կարգի) թրերով (Մայիսի 14, 1914, հունիսի 5, 1915)
  • Սբ. Գեորգի (4-րդ կարգի) (Սեպտեմբերի 24, 1914)
  • Ռումինիայի Թագ պարգև՝ Թրերով հրամանատար կոչումով (Սեպտեմբերի 20, 1917)
  • Թուրքական մեդալ ի հիշատակ Հայաստանի կառավարության կողմից Հալիլ փաշայի թուրքական ռազմական ղեկավարության այցելության
  • Մուգ բրոնզե մեդալ ի հիշատակ ռուս-ճապոնական պատերազմի

Լուսանկարներ

խմբագրել

Ծառայողական ցանկ (1908)

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Послужной список капитана Кавказской Гренадерской Артилерийской бригады Араратова. Կենտրոնական պետական ռազմական արխիվ, ֆոնդ 409, գործ 23318. 1908.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 701  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր Արարատյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր Արարատյան» հոդվածին։