Օլոմոուց (չեխ․՝ Olomouc, գերմ.՝ Olmütz), քաղաք Չեխիայում, Օլոմոուցի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Չեխիայի արևելյան մասում` Մորավիա պատմական կենտրոնում` Մորավա գետի երկու կողմերում։ Քաղաքն ունի մոտ 100.000 բնակիչ, բնակչության խտությունը 993 մարդ է 1 կմ²-ում[7]։ Բացի դրանից` Օլոմոուցում ապրում է ավելի քան 10.000 ուսանող, ովքեր սովորում են Պալացկու համալսարանում և ուսումնական այլ հաստատություններում։ Օլոմոուցը Չեխիայի` մեծությամբ վեցերորդ քաղաքն է։

Բնակավայր
Օլոմոուց
չեխ․՝ Olomouc[1]
չեխ․՝ Statutární město Olomouc[2]
ֆր.՝ Olmütz
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
ՀամայնքՕլոմոուցի շրջան և administrative district of Czech municipality with expanded powers Olomouc?[3]
Ներքին բաժանումBělidla?[4], Černovír?[4], Droždín?[4], Hejčín?[4], Hodolany?[4], Holice?[4], Chomoutov?[4], Chválkovice?[4], Klášterní Hradisko?[4], Lazce?[4], Lošov?[4], Nedvězí?[4], Nemilany?[4], Neředín?[4], Nová Ulice?[4], Nové Sady?[4], Nový Svět?[4], Pavlovičky?[4], Povel?[4], Radíkov?[4], Řepčín?[4], Slavonín?[4], Svatý Kopeček?[4], Topolany?[4], Týneček?[4] և Olomouc?
Հիմնադրված է1017 թ.
Առաջին հիշատակում1055[5]
Մակերես103,334582 կմ²
ԲԾՄ219 մետր
Բնակչություն102 293 մարդ (հունվարի 1, 2024)[6]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ779 00[3], 783 01[3] և 783 35[3]
Ավտոմոբիլային կոդM
Պաշտոնական կայքolomouc.eu(չեխ.)
Օլոմոուց (Չեխիա)##
Օլոմոուց (Չեխիա)

Քաղաքը հիմնադրվել է 1253 թվականին։ Ժամանակին այն եղել է Մորավիա պետության մայրաքաղաքը։

Ներկայումս Օլոմոուցը համարվում է Չեխիայի պատմական ամենագեղեցիկ քաղաքներից մեկը` մշակութային հարուստ կյանքով։ Հաճախ ասում են, որ Օլոմոուցը երկրորդ Պրահան է, բայց ավելի հանգիստ ու խաղաղ։ Քաղաքում պատմական բազմաթիվ տեսարժան վայրեր կան։

Օլոմոուցը արքեպիսկոպոսական նստավայր է։ Քաղաքում են գտնվում երկրի ամենահին համալսարանը` Պալացկու համալսարանը, Չեխիայի ցամաքային զորքերի շտաբը և մշակութային ու քաղաքական շատ այլ հաստատություններ։ Քաղաքին յուրահատուկ գրավչություն են հաղորդում շատրվաններով ընդարձակ հրապարակները, որոնք կառուցվել են 18-րդ դարի սկզբին բարոկկո ոճով։

Պատմություն

խմբագրել

Ըստ վերածննդի շրջանում ստեղծված լեգենդի` Օլոմոուցը հիմնել է Հուլիոս Կեսարը հռոմեական ճամբարի տեղում։ Հիշատակվում է քաղաքի լատիներեն առաջին անվանումը` Juliomontium կամ Juliamons: Եվ չնայած լեգենդը պատմականորեն չի հաստատվել, սակայն պատմաբանները վստահությամբ պնդում են, որ քաղաքը Հուլիոս Կեսարը չի հիմնադրվել։ Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է Ք. ա. II դարի հռոմեական ճամբար, որը Կենտրոնական Եվրոպայում ամենից հյուսիսայինն է։

Օլոմոուցը IX—X դարերում եղել է Մեծ Մորավական տերության կարևորագույն կենտրոն։ Երկար ժամանակ գոյատևել է որպես ամրոց։ 1253 թվականին Օլոմոուցն ստացել է արքայական քաղաքի կարգավիճակ։ Մինչև 1641 թվականը քաղաքը եղել է Մորավիա պատմական շրջանի մայրաքաղաքը։ Օլոմոուցի եպիսկոպոսությունը հիմնադրվել է 1063 թվականին և արքեպիսկոպոսության է վերածվել 1777 թվականին։

Չեխ Վացլավ III արքան Լեհական իշխանություն գնալու իր ճանապարհին կանգ է առել Օլոմոուցում։ Հենց այստեղ էլ նա սպանվել է խորհրդավոր հանգամանքներում։ Նրա մահով ավարտվում է չեխական Պրժեմիսլովիչների արքայատոհմի կառավարումը։

Երեսնամյա պատերազմի ժամանակ` 1640 թվականին Օլոմոուցը գրավվել է շվեդական բանակի կողմից։ Ռազմակալումը տևել է 8 տարի։ Շվեդները քաղաքը վերածել են ավերակների, ինչը հանգեցնում է մայրաքաղաքային դիրքերի զիջմանը։ Այդ կարգավիճակը աստիճանաբար ձեռք է բերում Բռնո քաղաքը։

1758 թվականին Ֆրիդրիխ II-ը փորձում է գրավել Օլոմոուցի ամրոցը։ Շրջապատումը տևում է 6 շաբաթ, սակայն ամրոցն այդպես էլ անառիկ է մնում։

 
Օլոմոուց, 1900
 
Տեսարան հին Օլոմոուցից, 1907

1848 թվականին, Ավստրո-Հունգարիայում տիրող անհանգիստ վիճակից ելնելով, կայսերական պալատը ժամանակավորապես տեղափոխվում է Օլոմոուց։ Կայսր Ֆերդինանդ I-ը հրաժարվում է գահից` հօգուտ իր զարմիկ Ֆրանց Յոզեֆ I-ի։

Քաղաքը, գտնվելով Ավստրիայի հարևանությամբ, միջնադարում կրել է գերմանական ազդեցություն։ Քաղաքական հետագա փոփոխությունները, որոնք վրա հասան երեսնամյա պատերազմի հետևանքով, ուժեղացրին Հաբսբուրգների մշակութային ազդեցությունը։ Օլոմոուցը իրեն էր գրավում բնակիչների ողջ Եվրոպայից։ Չնայած գերմանական ազդեցությանը` գլխավոր լեզուն չեխերենն էր, սակայն ավելի ու ավելի շատ մարդիկ էին սկսում խոսել գերմաներենով. 19-րդ դարի վիճակագրական տվյալներով Օլոմոուցում գերմանախոս բնակչությունը երեք անգամ գերազանցում էր չեխախոս մասին[8]։ Դրությունը փոխվում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ 1918 թվականին ձևավորվում է Չեխոսլովակիա պետությունը։ Մերձակա բնակավայրերին ձուլվելու հանգամանքով պայմանավորված` քաղաքի բնակչությունն սկսում է աճել։ Չեխ և գերմանացի բնակիչների միջև առկա հակասությունը հատկապես մեծանում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ գերմանախոս հատվածը հարում է նացիոնալիստներին։ Պատերազմի վերջին օրերին գերմանական բանակը այրում է քաղաքապետարանի շենքի աստղագիտական ժամացույցը. այն ոչնչանում են։ Ժամացույցից մնացած որոշ մասեր այժմ ցուցադրված են քաղաքային թանգարանում։ Ներկայիս ժամացույցը պատրաստված է հնի օրինակով սոցռեալիզմի ոգով։ Պատերազմի ավարտից հետո գերմանախոս բնակչության մեծ մասը լքում է քաղաքը։

Օլոմոուցը զբոսաշրջիկների շրջանում պակաս հետաքրքրություն է վայելում, քան Պրահան, Չեսկի Կրումլովը կամ Կառլովի Վարին` չնայած պատմական կենտրոնի պահպանման չափով երկրորդն է Պրահայից հետո։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Սուրբ Վացլավի տաճար

Օլոմոուցն ունի ընդարձակ մի քանի հրապարակներ, որոնցից գլխավորը Վերին հրապարակն է (Horní Náměstí), որ զարդարված է Սուրբ երրորդությանը նվիրված ժանտախտի սյունով։ Բարոկկո ոճով քանդակախումբը ներառված է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Սյան բարձրությունը 35 մ է։ Սա համանման կառույցներից ամենից բարձրն է Կենտրոնական Եվրոպայում։ Այն կառուցվել է 1716-1754 թվականներին` քաղաքում ժանտախտի համաճարակի վերացման առթիվ։

Մեկ այլ տեսարժան շինություն է քաղաքապետարանի շենքը, որը կառուցվել է 15-րդ դարում։ Նրա աշտարակը, որն ունի 75 մ բարձրություն, զարդարում է աստղագիտական ժամացույցը։ Սուրբ Հիերոնիմի գոթական մատուռը, որ գտնվում է քաղաքապետարանի հարավային մասում, ներկայումս վերածվել է թանգարանի։ Ներկայումս շենքում է գտնվում քաղաքային վարչության նիստերի դահլիճը և և հարսանիքների գրանցման սրահը։

 
Օլոմոուցի աստղագիտական ժամացույց

Օլոմոուցը հնուց եղել է Մորավիայի հոգևոր և կրոնական կենտրոն։ Նշանակալից է Սուրբ Վացլավի տաճարը, որը երկար պատմություն ունի. բազմիցս փոխվել է նրա արտաքին տեսքը։ Վերջին նշանակալից վերանորոգումը կատարվել է 19-րդ դարի վերջին նեոգոթիկայի ոճով։ Հարավային աշտարակի բարձրությունը 100.65 մ է։ Այն Չեխիայի Հանրապետությունում երկրորդն է Սուրբ Վիտուսի մայր տաճարից հետո։

Եկեղեցու հարևանությամբ գտնվում է Պրժեմիսլովիչների պալատը և Արքեպիսկոպոսական թանգարանը, որը բացվել է 2006 թվականի հունիսի 1-ին։ Թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ Օլոմոուցի եպիսկոպոսության հարուստ հավաքածուին։ Այն մորավիական յուրահատուկ «Լուվրն» է։

Սուրբ Մավրիկիոսի տաճարը Չեխիայի ևս մեկ ազգային հուշարձան է, որ կառուցված է գոթական ոճով։ Տաճարում է գտնվում Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ երգեհոնը, որ կառուցել է վարպետ Ենգլերը։

Օլոմոուցում կան մի քանի այլ տաճարներ ևս` Սուրբ Միքայել հրեշտակապետի, Սուրբ Յան Սարկանդերի, Սուրբ կույս Մարիամի։

Օլոմոուցը ուսանողական և գիտական կարևոր կենտրոն է։ Պալացկու համալսարանը հիմնադրվել է 1573 թվականին և հնագույն երկրորդ համալսարանն է երկրում Կարլի համալսարանից հետո։ Այդ ժամանակ Չեխական թագավորության տասը բնակչից ինը բողոքականներ էին[9]։ Համալսարանն իր 25.000 ուսանողներով երկրի կրթական համակարգում մեծ դեր է կատարում[10]։

Քաղաքի հպարտությունն են բարոկկո ոճով կառուցված շատրվանները։ Միջնադարում դրանք քաղաքում ջրամատակարարման դեր են կատարել։ Այն ժամանակ, երբ եվրոպական շատ քաղաքներում քանդվել են բազմաթիվ շատրվաններ, Օլոմոուցում որոշել են վերականգնել դրանք` որպես ջրի լրացուցիչ պաշար հրդեհների դեպքում։ Շատրվաններում օգտագործվել են հռոմեական դիցաբանության տարրեր. շատ քանդակներում պատկերված են Յուպիտերը, Նեպտունը, Տրիտոնը, Մերկուրին, Հերկուլեսը։ Մի շատրվան պատկերում է Հուլիոս Կեսարին, որը, ըստ ավանդության, հիմնադրել է քաղաքը։

 
Օլոմոուցի համայնապատկեր

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլոմոուց» հոդվածին։