Աբխազա-ադըղեական լեզուներ, արևմտյան կովկասյան լեզուներ, աբխազ-ադիգական լեզուներ, աբխազ-ադիգեական լեզուներ, աբխազ-չերքեզական լեզուներ[1], իբերո-կովկասյան լեզվաընտանիքի խումբ, որի մեջ մտնում են աբխազերենը, աբազերենը, ադըղեերենը, կաբարդա-չերքեզերենը և ուբիխերենը, որոնց ժողովուրդները պատկանում են աբխազա-ադըղեական ժողովուրդներին։ Աբխազա-ադըղեական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի՝ աբխազական (աբխազերեն, աբազերեն) և ադըղեական կամ չերքեզական (ադըղեերեն, կաբարդա-չերքեզերեն, ուբիխերեն)։ Այս լեզուները յուրահատուկ են իրենց բարդ հնչյունական համակարգով՝ բաղաձայնների առատությամբ և ձայնավորների սակավությամբ։ Շեշտն ուժգնություն է և շարժական։ Լեզուներն ունեն բարդ բայական համակարգ։ Հոլովները սակավ են կամ բացակայում են, առկա է նախադասության էրգատիվ կառուցվածք[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։