Արթուր Կոնան Դոյլ
Սըր Արթուր Կոնան Դոյլ (անգլ.՝ Sir Arthur Ignatius Conan Doyle; մայիսի 22, 1859[1][2][3][…], Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 7, 1930[2][3][4][…], Windlesham Manor, Քրոուբորո, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի գրող (ծագումով շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։ Գրել է նաև պատմական, արկածային և գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Կոնան Դոյլը նաև պիեսների և բանաստեղծությունների հեղինակ է։ Դոյլի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն[11][12][13][14][15][16][17]։
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Կոնան Դոյլը ծնվել է իռլանդացի կաթոլիկների ընտանիքում, որը հայտնի էր արվեստի ու գրականության մեջ իր նվաճումներով։ Կոնան անունը նրան տրվել է հոր հորեղբոր՝ գեղանկարիչ ու գրականագետ, Մայքլ Կոնանի (անգլ.՝ Michael Conan)[18] պատվին։ Հայրը՝ Չարլզ Օլթեմոնտ Դոյլը[19], ճարտարապետ ու գեղանկարիչ, 23 տարեկանում ամուսնացել է 17-ամյա Մերի Ֆոուլիի հետ, որը չափազանց գրքասեր էր և պատմողական մեծ տաղանդ ուներ։ Նրանից Արթուրը ժառանգել է իր հետաքրքրությունը դեպի ասպետական ավանդույթները, քաջագործություններն ու արկածները։ «Գրականության նկատմամբ իսկական սերը, ստեղծագործելու հակումը ինձ մոտ, ես կարծում եմ, մորիցս է գալիս,- գրում է Կոնան Դոյլը իր ինքնակենսագրության մեջ,- մանկությանս տարիներին մորս պատմած պատմությունների վառ կերպարները հիշողությանս մեջ լիովին փոխարինեցին այն տարիների կյանքիս կոնկրետ իրադարձություններին»։
Ապագա գրողի ընտանիքը լուրջ նյութական խնդիրներ ուներ՝ բացառապես հոր տարօրինակ պահվածքի պատճառով. նա ոչ միայն հարբեցողությամբ էր տառապում, այլև ուներ ծայրահեղ անհավասարակշիռ բնավորություն։ Արթուրի դպրոցական կյանքն անցել է Գոդդերի նախապատրաստական դպրոցում։ Երբ տղան դարձավ 9 տարեկան, հարուստ բարեկամներն առաջարկեցին վճարել նրա կրթության համար և նրան 7 տարով սովորելու ուղարկեցին Սթոնիհերստ ճիզվիտական փակ քոլեջ (Լանկաշիր կոմսություն), որը ապագա գրողի մեջ ատելություն առաջացրեց կրոնական ու դասային նախապաշարմունքների, ինչպես նաև ֆիզիկական պատժի նկատմամբ։ Այդ տարիների փոքրաթիվ երջանիկ պահերը կապված էին մորը նամակներ ուղարկելու հետ. կյանքի իրադարձությունները մանրամասն նկարագրելու սովորությունը նրան չլքեց ամբողջ կյանքի ընթացքում։ Բացի այդ, գիշերօթիկում Դոյլը հաճույքով զբաղվում էր սպորտով, հիմնականում կրիկետով, ինչպես նաև բացահայտեց իր մեջ պատմողական տաղանդը՝ իր շուրջ հավաքելով տարեկիցներին, որոնք հաճույքով լսում էին հընթացս հորինվող պատմությունները։
1876 թվականին Արթուրը ավարտում է քոլեջը և վերադառնում տուն. նրա առաջին գործը եղավ հոր փաստաթղթերն իր անվամբ ձևակերպելը /հայրն այդ ժամանակ արդեն գրեթե լրիվ կորցրել էր գիտակցությունը/։ Ավագ Դոյլին հոգեբուժարան տեղափոխելու մասին դրամատիկ իրադարձությունները գրողը հետագայում նկարագրում է իր՝ «Գաստերյան ճահիճների վիրաբույժը» (անգլ.՝ The Surgeon of Gaster Fell, 1880) պատմվածքում։ Դոյլը արվեստով զբաղվելուն (որին պիտի որ գերապատվություն տար՝ ելնելով իր ընտանեկան ավանդույթներից) գերադասեց բժշկի մասնագիտությունը՝ մասնավորապես Բրայան Չ. Ուոլլերի ազդեցությամբ՝ մի երիտասարդ բժշկի, որը սենյակ էր վարձել իրենց տանը։ Բժիշկ Ուոլլերը կրթությունը էր ստանում Էդինբուրգյան համալսարանում. այդտեղ էլ ուղևորվեց Արթուր Դոյլը՝ ուսումը շարունակելու համար։ Այստեղ նրան հանդիպած ապագա գրողներից են Ջեյմս Բարրին ու Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը։
Երրորդ կուրսում սովորելիս Դոյլը որոշում է իր ուժերը փորձել գրական ոլորտում։ Նրա առաջին պատմվածքը «Սեսասսյան հովտի առեղծվածը» (անգլ.՝ The Mystery of Sasassa Valley), որը ստեղծվել է այդ տարիների իր սիրած գրողների՝ Էդգար Ալլան Պոյի ու Բրետ Հարտի ազդեցությամբ, հրապարակվել է համալսարանական Chamber’s Journal-ում, որտեղ լույս էին տեսել նաև Թոմաս Հարդիի առաջին գործերը։ Նույն թվականին Դոյլի երկրորդ պատմվածքը՝ «Ամերիկյան պատմություն»-ը (անգլ.՝ The American Tale) հրատարակվեց London Society ամսագրում։ 1880 թվականի փետրվարից սեպտեմբեր Դոյլը որպես նավի բժիշկ 7 ամիս անցկացրեց արկտիկական ավազանում «Հոուփ» (անգլ.՝ Hope - «հույս») կետորսական նավի վրա, աշխատանքի դիմաց ստանալով ընդհանուր առմամբ 50 ֆունտ։ «Ես այդ նավը բարձրացա որպես մի մեծ ու անշնորհք երիտասարդ, իսկ իջա որպես ուժեղ, հասուն տղամարդ», -գրում է նա ավելի ուշ ինքնակենսագրության մեջ։ Արկտիկական ճանապարհորդության տպավորությունները հիմք հանդիսացան «”Բևեռային աստղի” նավապետը» (անգլ.՝ Captain of the Pole-Star) պատմվածքի ստեղծման համար։ Երկու տարի անց նա նույնատիպ ճամփորդություն կատարեց դեպի Աֆրիկայի արևմտյան ափերը «Մայումբա» նավով, որը երթևեկում էր Լիվերպուլի ու Աֆրիկայի արևմտյան ափի միջև։
1881 թվականին ստանալով համալսարանական դիպլոմ ու բժշկության բակալավրի աստիճան՝ Կոնան Դոյլը զբաղվում է բժշկական պրակտիկայով, սկզբում՝ ընկերակցի հետ (չափազանց ոչ-բարեխիղճ գործընկերոջ հետ. այս փորձը նկարագրվել է «Սթարք Մունրոյի նոթեր»-ում), հետո անհատական՝ Պորտսմութում։ Վերջապես, 1891 թվականին Դոյլը որոշում է գրականությունը դարձնել իր հիմնական մասնագիտությունը։ 1884 թվականի հունվարին Cornhill ամսագիրը հրապարակեց «Հեբեքուք Ջեֆսոնի հաղորդագրությունը» պատմվածքը։ Այդ օրերին նա ծանոթանում է ապագա կնոջ՝ Լուիզա «Տույա» Հոքինսի հետ. հարսանիքը տեղի ունեցավ 1885 թվականի օգոստոսի 6-ին։
1884 թվականին Կոնան Դոյլը սկսել է աշխատել «Հերդլսթոն առևտրային տունը» քրեադետեկտիվ սյուժեով սոցիալ-կենցաղային վեպի վրա, որը ցինիկ ու դաժան, ընչաքաղց առևտրականների մասին է։ Վեպը, որը գրված էր Դիքքենսի ակնհայտ ազդեցությամբ, հրապարակվել է 1890 թվականին։
1886 թվականին Կոնան Դոյլը սկսում և արդեն ապրիլին ավարտում է, աշխատանքը «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ի (ի սկզբանե պլանավորվում էր A Tangled Skein անվանումը, իսկ երկու գլխավոր հերոսների անուններն էին Շերիդան Հոուփ և Օրմոնդ Սեքեր) վրա։ «Ուորդ Լոքք ընդ Քո» հրատարակչությունը գնում է վեպի հրապարակման իրավունքները 25 ֆունտ ստերլինգով և տպագրում այն 1887 թվականի Beeton’s Christmas Annual-ի ամանորյա համարում՝ առաջարկելով հեղինակի հորը՝ Չարլզ Դոյլին, նկարազարդել վեպը։
1889 թվականին լույս է տեսնում Դոյլի երրորդ (և հավանաբար ամենատարօրինակ) վեպը՝ «Քլուբմերի առեղծվածը» (անգլ.՝ The Mystery of Cloomber)։ Երեք վրեժխնդիր բուդդիստական միապետների «հետմահու կյանքի» պատմությունը գերբնական երևույթների նկատմամբ հեղինակի հետաքրքրության առաջին գրական վկայությունն է, հետաքրքրվածություն, որը հետագայում նրան դարձրեց սպիրիտուալիզմի համոզված հետևորդ։
Պատմական շարք
խմբագրել1888 թվականին փետրվարին Ա. Կոնան Դոյլը ավարտում է «Միխեյ Քարկի արկածները» վեպը, որը պատմում էր Մոնմուտի ապստամբության (1685) մասին, որի նպատակն էր Հակոբ II-ի գահընկեցությունը։ Վեպը լույս է տեսնում նոյեմբերին ու քննադատության կողմից ջերմորեն է ընդունվում։ Այդ պահից սկսած՝ Կոնան Դոյլի ստեղծագործական կյանքում կոնֆլիկտ է առաջանում. մի կողմից՝ հասարակությունն ու հրատարակիչները պահանջում էին Շերլոկ Հոլմսի մասին նոր ստեղծագործություններ, մյուս կողմից՝ ինքը՝ հեղինակը, ավելի ու ավելի էր ձգտում ընդունվել որպես լուրջ ստեղծագործությունների (հիմնականում՝ պատմական), ինչպես նաև բանաստեղծությունների ու պիեսների հեղինակ։
Կոնան Դոյլի առաջին պատմական լուրջ ստեղծագործությունը համարվում է «Սպիտակ ջոկատը»։ Դրանում հեղինակը դիմում է դեպի ֆեոդալական Անգլիայի կրիտիկական ժամանակաշրջանը՝ որպես հիմք ընդունելով 1366 թվականի իրական պատմական դրվագը, երբ Հարյուրամյա պատերազմում վրա հասավ խաղաղությունը և սկսեցին հայտնվել կամավորական և վարձու «սպիտակ ջոկատները»։ Ֆրանսիայի տարածքում շարունակելով պատերազմը՝ նրանք նույն ժամանակ խաղացին իսպանական գահի հավակնորդների պայքարում որոշիչ դերը։ Կոնան Դոյլը օգտագործում է այս դրվագը իր գեղարվեստական նպատակի համար, այն է՝ վերակենդանացնել այդ ժամանակվա առօրյան ու սովորույթները, իսկ ամենակարևորը՝ հերոսական լուսապսակի մեջ ներկայացնել ասպետությունը, որը այն ժամանակ արդեն անկում էր ապրում։ «Սպիտակ ջոկատներ»-ը տպագրվում է Cornhill ամսագրում (որի հրատարակիչ Ջեյմս Փեննը հռչակեց այն «Այվենհո»-ից հետո ամենալավ պատմավեպը), իսկ առանձին գրքի տեսքով լույս տեսավ 1891 թվականին։ Կոնան Դոյլը միշտ ասում էր, որ համարում է այն իր ամենալավ ստեղծագործություններից մեկը։
Որոշակի վերապահումով պատմականների շարքին կարելի է դասել նաև «Ռոդնի Սթոուն» (1896) վեպը։ Այստեղ գործողությունները տեղի են ունենում XIX դարի սկզբին, հիշատակվում են Նապոլեոնն ու Նելսոնը, դրամատուրգ Շերիդանը։ Ի սկզբանե այս ստեղծագործությունը մտածված էր, որպես պիես՝ «Թեմպերլների տուն» ժամանակավոր վերնագրով և գրվում էր այդ ժամանակվա հայտնի բրիտանական դերասան ΄Հենրի Իրվինգին գլխավոր դերը վստահելու նպատակադրումով։ Վեպի վրա աշխատանքի ընթացքում գրողը աչքի է անցկացնում բազմաթիվ գիտական և պատմական գրքեր («Նավատորմի պատմություն», «Բոքսի պատմություն» և այլք)։
Կոնան Դոյլը Թրաֆալգարից մինչև Վաթերլոո Նապոլեոնյան պատերազմներին է նվիրել Ժերար բրիգադավարի «Քաջագործություններ»-ը ու «Արկածներ»-ը։ Այս կերպարի ծնունդը վերաբերում է հավանաբար 1892 թվականին, երբ Ջորջ Մերեդիտը նվիրում է Կոնան Դոյլին Մարբոյի եռահատոր «Մեմուարներ»-ը, գրողն առաջին անգամ դրանք կարդաց 1894 թվականին ԱՄՆ ճամփորդելու ժամանակ։ Նույն թվականի դեկտեմբերին պատմվածքը տպագրվեց Strand Magazine ամսագրում, որից հետո շարունակության վրա աշխատանքը գրողը շարունակեց Դավոսում։ 1895 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր «Ժերար բրիգադավարի քաջագործությունները» տպագրվում է Stand-ում։ Հենց այստեղ էլ առաջին անգամ լույս տեսան «Արկածները» (1902 թ. օգոստոս- 1903 թ. մայիս)։ Չնայած Ժերարի մասին պատմվածքները ֆանտաստիկ են, պատմական ժամանակաշրջանը նկարագրված է մեծ հավաստիությամբ։ «Այս պատմվածքների շունչն ու ընթացքը հոյակապ են, անունների ու անվանումների կիրառման ստույգությունը ինքնին արտացոլում է ձեր քրտնաջան աշխատանքի չափը։ Ոչ բոլորը կկարողանային այստեղ գտնել ինչ-որ սխալներ։ Իսկ ես, ունենալով այսպիսի սխալների հանդեպ հատուկ հոտառություն, այդպես էլ չգտա ոչինչ, չնչին բացառություններով», - Կոնան Դոյլին գրում է հայտնի բրիտանական պատմաբան Արչիբալդ Ֆորբսը։
1892 թվականին Դոյլն ավարտեց «ֆրանս-կանադական» արկածային վեպ «Արտաքսյալներ»-ը և պատմական պիես «Վաթերլոո»-ն, որի գլխավոր դերը խաղաց այդ տարիների հայտնի դերասան Հենրի Իրվինգը (որը հեղինակից գնեց բոլոր իրավունքները)։
Շերլոկ Հոլմս
խմբագրել«Շերլոկ Հոլմսի արկածերը» շարքի առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է Strand ամսագրում 1891 թվականին։ Գլխավոր հերոսի նախատիպը, որը հետագայում դարձավ աշխարհահռչակ լրտես-խորհրդատու, Ջոզեֆ Բելլն էր՝ Էդինբուրգի համալսարանի պրոֆեսորը, որը հռչակվել էր մանրագույն դետալներով մարդու բնավորությունն ու անցյալը գուշակելու ունակությամբ։ Երկու տարվա ընթացքում Դոյլը ստեղծում է պատմվածքներն իրար հետևից, և վերջապես սկսեց քաշվել իր իսկ կերտած կերպարից։ Սակայն Հոլմսին պրոֆեսոր Մորիարտիի հետ պայքարում («Հոլմսի վերջին դեպքը», 1893 թ.) «վերացնելու» նրա փորձը հաջողություն չունեցավ,. և նա ընթերցողների կողմից սիրված հերոսին ստիպված էր «վերակենդանացնել»։ Հոլմսյան զենիթը դարձավ «Բասկերվիլների շունը» (1990), որը մտնում է դետեկտիվն ժանրի դասական ցանկի մեջ։
Շերլոկ Հոլմսի արկածներին նվիրված է 4 վեպ՝ «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ը, «Չորսի նշան»-ը, «Բասկերվիլների շուն»-ը, «Սարսափի հովիտ»-ը, և հինգ հատոր պատմվածքներ, որոնցից ամենահայտնիներն են՝ «Շերլոկ Հոլմսի արկածները», «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» և «Շերլոկ Հոլմսի վերադարձը»։ Գրողի ժամանակակիցները հակված էին նվազեցնելու Հոլմսի համբավը՝ նրան ներկայացնելով որպես Դյուպենի (Էդգար Ալլեն Պո), Լեկոկի (Էմիլ Հաբորիո) ու Կաֆֆի (Ուիլքի Քոլլինս) ինքնատիպ մի խառնուրդի։ Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ, ակնհայտ դարձավ, որ Հոլմսը զգալի չափով տարբերվում է իր նախորդներից. ինքնատիպ հատկանիշների համադրությունը նրան բարձրացրեց իր ժամանակից էլ վեր և դարձրեց բոլոր ժամանակների ակտուալ կերպար։ Շերլոկ Հոլմսի և իր մշտական օգնական ու կենսագիր բժիշկ Վաթսոնի (Ուոթսոնի) արտառոց համբավը աստիճանաբար աճեց՝ վերածվելով դիցաբանության նոր ճյուղի, որի կենտրոնը մինչ օրս մնում է Լոնդոնի Բեյքեր Սթրիթ 221B տունը։
1900-1910
խմբագրել1900 թվականին Կոնան Դոյլը վերադառնում է բժշկական պրակտիկային. որպես ռազմական հոսպիտալի վիրաբույժ նա մեկնում է անգլո-բուրական պատերազմի մարտադաշտ։ 1902 թվականին նրա հրատարակած «Անգլո-բուրական պատերազմ» գիրքը ջերմորեն ընդունվեց պահպանողականների շրջանում, գրողին մերձեցրեց կառավարական մարմինների հետ, որից հետո նրա անվանը կցվեց հեգնական «Հայրենասեր» մականունը, որը իրականում նրա հպարտության առարկան էր։ Դարի սկզբին գրողը ստացավ արքունական ու ասպետական աստիճան և Էդինբուրգում երկու անգամ մասնակցեց տեղական ընտրություններին (երկու անգամն էլ պարտություն կրեց)։
1906 թվականի հուլիսի 4-ին տուբերկուլյոզից մահացավ Լուիզա Դոյլը, որից գրողն երեխաներ ուներ։ 1907 թվականին նա ամուսնացավ Ջին Լեքքիի հետ, որին գաղտնի սիրահարված էր 1897 թվականին ծանոթանալու պահից։
Հետպատերազմյան բանակցությունների ավարտից հետո Կոնան Դոյլը ծավալեց հրապարակախոսական և իրավապաշտպան լայն գործունեություն։ Նրա ուշադրությունը գրավեց այսպես կոչված «Էդալջիի դեպքը», որի կենտրոնում հայտնվեց մի երիտասարդ, որին դատել էին սուտ մեղադրանքով (մեղադրվել է ձիերին տանջելու մեջ)։ Կոնան Դոյլը, ստանձնելով «լրտես-խորհրդատուի» դերը, ներգրավելով նաև քրեագետների, մանրամասնորեն քննեց դեպքը և միմիայն լոնդոնյան «Դեյլի թելեգրաֆ» թերթում պարբերական հրապարակումներով ապացուցեց երիտասարդի անմեղությունը։ 1907 թվականի հունիսից սկսած Համայնքների պալատում սկսեցին անցկացվել Էդալջիի դեպքի դատական լսումներ, որոնց ընթացքում բացահայտվեց իրավաբանական համակարգի թերացումը, որը զրկված էր այնպիսի կարևոր գործիքից, ինչպիսին է բողոքարկման դատարանը։ Վերջինս Բրիտանիայում ստեղծվեց հիմնականում Կոնան Դոյլի ակտիվության շնորհիվ։
1909 թվականին Կոնան Դոյլի հասարակական ու քաղաքական հետաքրքրությունների շրջանակի մեջ կրկին մտան իրադարձություններն Աֆրիկայում։ Այս անգամ նա հանդես եկավ Բելգիական Կոնգոյում դաժան գաղութային քաղաքականության բացահայտմամբ և քննադատ ության ենթարկեց այս հարցում բրիտանական դիրքորոշումը։ Կոնան Դոյլի՝ այդ թեմայով գրած նամակները, տպագրվելով The Times -ում, պայթյունի էֆեկտ ունեցան։ «Հանցագործություն Կոնգոյում» (1909) գիրքը նույնպիսի ուժգին արձագանք գտավ. բազմաթիվ քաղաքական գործիչներ հենց դրա շնորհիվ հարկադրված էին հետաքրքրվել այդ խնդրով։ Կոնան Դոյլի կողմն անցան Ջոզեֆ Քոնրադն ու Մարկ Տվենը։ Սակայն ժամանակի իշխող գաղափորախոսությանը հավատարիմ Ռեդյարդ Կիպլինգն ընդունեց գիրքը սառնորեն, նկատելով, որ այն, քննադատելով Բելգիային, անուղղակիորեն խաթարում է նաև բրիտանական դիրքերը գաղութներում։ 1909 թվականին Կոնան Դոյլը զբաղվեց նաև հրեա Օսկար Սլեյթըրի պաշտպանությամբ, որը դատապարտված էր սպանության համար, և հասավ նրա ազատմանը, թեև 18 տարի անց։
Հարաբերությունները գրչակից ընկերների հետ
խմբագրելԳրականության մեջ Կոնան Դոյլի համար գոյություն ունեին կասկածից վեր գտնվող մի շարք հեղինակություններ. առաջին հերթին Վալտեր Սքոթը, որի գրքերով էր մեծացել, ինչպես նաև Ջորջ Մերիդիթը, Մայն Ռիդը, Ռ.Մ. Բալանթայնը և Ռ.Լ. Սթիվենսոնը։ Բոքս-Հիլլում Մերեդիթի հետ հանդիպումը սկսնակ-գրողի վրա թողում է ծանր տպավորություն. նա նկատեց, որ մետրը քամահրանքով է է արտահայտվում իր ժամանակակիցների մասին և հիացած է ինքն իրենով։ Սթիվենսոնի հետ Կոնան Դոյլը միայն նամակագրական կապ էր պահպանում, սակայն նրա մահն ընդունեց ծանր, որպես անձնական կորուստ։
1890-ականների սկզբին Կոնան Դոյլը մտերմիկ հարաբերություններ հաստատեց The Idler ամսագրի աշխատակիցների ու ղեկավարության՝ Ջերեմ Ք. Ջերեմի, Ռեբերտ Բարրի և Ջեյմս Բարրիի հետ։ Վերջինս, գրողի մեջ սեր արթնացնելով թատրոնի նկատմամբ, նրան ներգրավեց (արդյունքում ոչ այնքան բարեբեր) դրամատուրգիական ոլորտում համագործակցության մեջ։
1893 թվականին Դոյլի քույր Կոնստանցիան ամուսնանում է Էրնեստ Վիլյամ Հորնունգի հետ։ Դառնաով բարեկամներ՝ գրողները պահպանում էին լավ հարաբերություններ, չնայած հաճախ չէին գալիս տեսակետային համաձայնության։ Հորնունգի գլխավոր հերոսը՝ «ազնիվ կողոպտիչ» Ռաֆլզը շատ էր հիշեցնում «ազնիվ լրտես» Հոլմսի ծաղրակերպարին։
Ա. Կոնան Դոյլը բարձր էր գնահատում Քիպլինգի ստեղծագործությունները, նրա մեջ տեսնում էր նաև քաղաքական համախոհի (երկուսն էլ մոլեռանդ հայրենասերներ էին)։ 1895 թվականին ամերիկյան ընդդիմախոսների հետ վեճում նա կանգնեց Քիպլինգի կողմը և հրավիրվեց Վերմոնթ, ուր նա ապրում էր ամերիկուհի կնոջ հետ։ Ավելի ուշ, Աֆրիկայում Անգլիայի վարած քաղաքականության մասին քննադատական հրապարակումներից հետո, գրողների հարաբերությունները պաղեցին։
Լարված էին Դոյլի հարաբերությունները Բերնարդ Շոուի հետ, որը մի անգամ Շերլոք Հոլմսի մասին արտահայտվել է, իբրև «մի թմրամոլի, որը չունի ոչ մի դուրեկան հատկանիշ»։ Հիմքեր կան համարելու, որ Դոյլի սուր ելույթները այժմ քիչ հայտնի Հոլլ Քեյնի դեմ, որը չարաշահում էր ինքնագովազդը, իռլանդացի մեծ թատերագիրն ընդունել է իր հասցեին։ 1912 թվականին Կոնան Դոյլն ու Շոուն ներգրավվեցին հրապարակային վիճաբանության մեջ, որը տեղ գտավ թերթերի էջերին. առաջինը պաշտպանում էր «Տիտանիկ»-ի թիմին, մյուսը՝ դատափետում ջրասույզ եղած նավի սպաների պահվածքը։
Կոնան Դոյլը ծանոթ էր Հերբերթ Ուելսի հետ և արտաքնապես պահպանում էր նրա հետ լավ հարաբերություններ, սակայն իրականում նրան համարում էր հակոտնյա։ Խնդիրը սրվեց այն փաստով, որ եթե Ուելսը պատկանում էր բրիտանական գրականության «լուրջ» էլիտայի շարքին, ապա Կոնան Դոյլը, թեև համարվում էր տաղանդավոր, սակայն նա դեռահասների համար զվարճացնող գրականության հեղինակ էր, որի հետ նա կտրականապես համաձայն չէր։ Կոնֆլիկտը ստացավ բացահայտ բնույթ Daily Mail-ի հրապարակային քննարկման մեջ։ 1912 թվականի հունիսի 20-ի բանվորական խռովության մասին Ուելսի ծավալուն հոդվածին ի պատասխան Կոնան Դոյլը հանդես եկավ հիմնավորված պատասխանով («Բանվորների խռովմունքը. պատասխան Պրն. Ուելսին»), ցույց տալով Բրիտանիայի համար ցանկացած հեղափոխական գործունեության մահաբերությունը.
Պարոն Ուելսը թողնում է այնպիսի մարդու տպավորություն, որը այգում զբոսնելու ժամանակ կարող է հայտարարել. «Ինձ դուր չի գալիս այս մրգատու ծառը։ Բերքատվությունը լավը չէ, չի փայլում, կատարյալ տեսք չունի։ Եկե՛ք կտրենք այն և փորձենք այդ տեղում աճեցնել մեկ այլ ծառ, ավելի լավը»։ Ա՞յս է սպասում բրիտանական ժողովուրդը իր հանճարից։ Շատ ավելի բնական կլիներ լսել նրանից հետևյալը. «Ինձ դուր չի գալիս այս ծառը։ Եկե՛ք փորձենք բարելավել դրա կենսունակությունը այնպես, որ չվնասենք բնին։ Միգուցե կհաջողվի ստիպել, որ այն աճի և բերք տա այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Սակայն չոչնչացնե՛նք այն, քանի որ նախորդած ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի, և դեռ անհայտ է, թե ինչ կստանանք ապագայում»։
Արթուր Կոնան Դոյլ, 1912 |
Կոնան Դոյլը իր հոդվածում կոչ էր անում ժողովրդին արտահայտել իր կարծիքը դեմոկրատական եղանակով, ընտրությունների միջոցով, նկատելով, որ բարդությունների առջև է կանգնած ոչ միայն պրոլետարիատը, այլև մտավորականությունն ու միջին խավը, որոնց նկատմամբ Ուելսը համակրանք չէր տածում։ Համաձայնվելով Ուելսի հետ հողային բարեփոխումերի անհրաժեշտության հարցում՝ Դոյլը ժխտում է նրա ատելությունը իշխող դասի նկատմամբ և հետևություն է անում. «Մեր բանվորը գիտի. նա, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ապրում է որոշակի հասարակական կանոնների համաձայն, և իր հետաքրքրություններից դուրս է քայքայել իր երկրի բարօրությունը՝ սղոցելով այն ճյուղը, որի վրա նստած է նաև ինքը»։
1910-1913 թվականներ
խմբագրել1912 թվականին Կոնան Դոյլը հրատարակում է գիտաֆանտաստիկ վեպ՝ «Կորուսյալ աշխարհ»-ը (որը հետագայում բազմիցս էկրանավորվել է), որին հաջորդեց «Թունավորված գոտի»-ն (1913)։ Երկու վեպերի գլխավոր հերոսը՝ պրոֆեսոր Չելլենջերը, մոլեռանդ գիտնական է, որն օժտված է գրոտեսկային հատկանիշներով, բայց դրա հետ մեկտեղ յուրովի մարդկային ու հմայիչ է։ Այդ ժամանակաշրջանումլ լույս տեսավ նաև գրողի վերջին դետեկտիվ վեպը՝ «Սարսափների հովիտ»-ը։ Այս ստեղծագործությունը, որը բազում քննադատներ հակված են թերագնահատելու, Դոյլի կենսագիր Ջ. Լ. Քարրը համարում է նրա ամենաուժեղ երկերից մեկը։
«Կորուսյալ աշխարհ»-ը, չնայած ուներ մեծ հաջողություն, ժամանակակիցների կողմից չէր ընկալվում որպես լուրջ գիտաֆանտաստիկ ստեղծագործություն, չնայած հեղինակը նկարագրել է իրական վայր՝ Ռիկարդո Ֆրանկո-Հիլլս լեռները, որ գտնվում են Բոլիվիայի ու Բրազիլիայի սահմանին։ Այստեղ եղել է գնդապետ Ֆոսսեթի արշավախումբը. նրանց հետ հանդիպումից հետո է Կոնան Դոյլի գլխում ծագել վեպի գաղափարը։ «Թունավորված գոտի» վեպում ներկայացվող պատմությունը բոլորին թվաց առավել ևս ոչ «գիտական»։ Դրա հիմքում դրված է տարածված վարկածն այն մասին, որ տիեզերական ընդհանուր միջավայրն է եթերանյութը, որը լցնում է տարածությունը։ Ընդ որում՝ այդ վարկածը պսակազերծվել էր Այնշտայնի կողմից ընդհանուր հարաբերականության տեսության սահմաններում, սակայն հետագայում վերածնունդ ապրեց գիտական ֆանտաստիկայում (օրինակ՝ [[Ա. Ազիմով «Տիեզերական հոսքեր») և մասամբ գիտության մեջ՝ այդպես ժամանակակից ֆիզիկական տեսությունների օբյեկտների հատկությունները զուտ մոտավորապես նկարագրվում էին 19-րդ դարի վերջում եթերի հիպոթեզներում։
Կոնան Դոյլի 1911-1913 թվականների հրապարակախոսության հիմնական թեմաներն էին 1912 թվականի Օլիմպիական խաղերում Բրիտանիայի անհաջողությունը, Արքայազն Հենրիի ավտոարշավը Գերմանիայում, մարզական կառույցների շինարարությունն ու 1916 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը Բեռլինում (դրանք տեղի չունեցան)։ Բացի այդ, զգալով պատերազմի մոտենալը, Կոնան Դոյլը իր լրագրային ելույթներում կոչ էր անում վերականգնել յոմենների բնակատեղիները, որոնք կարող էին դառնալ նոր մոտոցիկլետային ուժերի հիմքը (Daily Express, 1910, «Ապագայի յոմենները»)։ Նրան հետաքրքրում էր նաև բրիտանական հեծելազորի շտապ վերապատրաստման խնդիրը։ 1911-1913 թվականներին գրողն ակտիվորեն արտահայտվում է Իռլանդիայում ,,հոմրյուլ,,-ի մտցման օգտին, քննարկման ժամանակ բազմիցս արտահայտելով իր «իմպերիալիստական» հավատամքը։
1914-1918 թվականներ
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմի սկիզբն ամբողջությամբ փոխեց Կոնան Դոյլի կյանքը։ Նախ՝ կամավոր գրվեց ռազմաճակատ՝ մեկնելու համար՝ վստահ լինելով, որ իր առաքելությունն այն է, որ հերոսության և հայրենիքին ծառայելու անձնական օրինակ ցույց տա։ Այն բանից հետո, երբ նրա առաջարկը մերժվեց, նա իրեն նվիրեց հրապարակախոսական գործունեությանը։ 1914 թվականի օգոստոսի 8-ից սկսած լոնդոնյան «The Times»-ում սկսեցին հայտնվել Դոյլի՝ ռազմական թեմայով նամակները։ Նա առաջարկեց առաջնահերթ կարգով ստեղծել զանգավածային պահեստազոր և քաղաքացիական բնակչության ջոկատներ՝ «երկաթուղային կայարանների և կենսական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունն իրագործելու, ամրությունների կառուցմանը օգնելու և բազմաթիվ այլ ռազմական առաջադրանքներ կատարելու համար»։ Քրոուբորոյում (Սասսեքս կոմսություն) Դոյլն ինքն անձամբ զբաղվեց նման ջոկատների կազմակերպմամբ և առաջին իսկ օրը զինեց 200 մարդու։ Հետո իր գործունեության ոլորտը ընդլայնեց մինչև Իսթբորն, Ռոթերֆորդ, Բաքսթեդ։ Գրողը կապի մեջ մտավ Կամավորական ստորաբաժանումների պատրաստման միության հետ (նախագահ՝ լորդ Դենսբորո)՝ խոստանալով ստեղծել հսկայական միացյալ բանակ՝ կեսմիլիոնանոց կամավորականներով։ Նրա առաջարկած նորարարություններից էր նավերում հակաականային եռաժանիների տեղադրումը («The Times, 1914 թվականի սեպտեմբերի 8), նավաստիների համար անհատական փրկագոտիների ստեղծումը («Daily Mail», 1914 թվականի սեպտեմբերի 29), անհատական զրահապատ պաշտպանական միջոցների կիրառումը (The Times, 1915 թվականի հուլիսի 27)։ Daily Chronicle-ում տպագրված «Գերմանական քաղաքականություն. սպանության խաղադրույք» հոդվածների շարքում Դոյլն իրեն հատուկ համոզելու եռանդով և ուժով նկարագրեց գերմանական բանակի չարագործությունները օդում, ծովում և Ֆրանսիայի ու Բելգիայի բռնագրավված տարածքներում։ Պատասխանելով ամերիկացի ընդդիմախոսին (ոմն պարոն Բեննեթին)՝ Դոյլը 1915 թվականի փետրվարի 6-ի Նյու Յորք Թայմս-ում գրեց. «Այո՛, մեր օդաչուները ռմբակոծում էին Դյուսելդորֆը (այնպես ինչպես Ֆրիդրիխսխաֆենը), բայց ամեն անգամ հարձակվում էին նախապես նշված ռազմավարական նշանակետերի վրա (ավիացիոն անգարներ), որոնց պատճառում էին, ինչպես խոստովանել էին, ծանրակշիռ վնասներ։ Նույնիսկ թշնամին իր գրառումներում չփորձեց մեզ մեղադրել անորոշ ռմբահարման համար։ Ի դեպ, եթե մենք կիրառեինք գերմանական ռազմավարությունը, հեշտությամբ կռմբահարեինք Քյոլնի և Ֆրանկֆուրտի բազմամարդ փողոցները, որոնք բաց էին օդային հարվածների համար»[20]։
Ավելի է դաժանանում Դոյլը, երբ իմանում է Գերմանիայում անգլիացի ռազմագերիների կտտանքների մասին։
Դժվար է ձևակերպել եվրոպական ծագմամբ կարմրամորթ հնդկացիների վարքագիծը, որոնք կտտանքների են ենթարկում ռազմագերիներին։ Պարզ է, որ մենք նույն կերպ չենք կարող տանջել մեզ մոտ գտնվող գերմանացիներին։ Մյուս կողմից, անիմաստ են նաև գթասրտության կոչերը, քանզի միջին գերմանացին ունի նույն պատկերացումները մեծահոգության մասին, ինչ կովը՝ մաթեմատիկայի… Նա անկեղծորեն ի զորու չէ հասկանալու, թե ինչն է մեզ ստիպում ջերմությամբ արտահայտվելու վեդդինգենցի ֆոն Մյուլլերի և մեր՝ նրան նմանվող այլ թշնամիների մասին, ովքեր փորձում են ինչ-որ չափով պահպանել մարդկային կերպարը։ - Արթուր Կոնան Դոյլ, «The Times», 13 ապրիլի 1915 [20]
|
Շուտով Դոյլը կոչ է անում Արևելյան Ֆրանսիայից «հատուցման հարձակումներ» ձեռնարկել և Վինչեսթերի եպիսկոպոսի հետ բանավեճի մեջ է մտնում (վերջինիս դիրքորոշումն այն էր, որ «դատապարտման ենթակա է ոչ թե մեղսագործը, այլ նրա մեղքը»).
Թող մեղքն ընկնի նրանց վրա, ովքեր ստիպում են մեզ մեղանչել։ Այս պատերազմին Քրիստոսի պատվիրաններով մասնակցելը միանգամայն անիմաստ կլինի։ Եթե մենք, հետևելով համատեքստից պոկված հայտնի խորհրդին՝ «մյուս այտն էլ դեմ անեինք», Հոհենցոլերների կայսրությունը կտարածվեր ողջ Եվրոպայով, և Քրիստոսի ուսմունքի փոխարեն կքարոզեին նիցշեականություն։ - «The Times», 31 դեկտեմբերի 1917 թվական[20]
|
1916 թվականին Կոնան Դոյլն անցավ բրիտանական զորքերի դիրքերով, եղավ նաև դաշնակիցների բանակներում։ Ուղևորության արդյունքը եղավ «Երեք ճակատներում» գիրքը (1916)։ Հասկանալով, որ պաշտոնական աղբյուրները նշանակալիորեն գեղազարդում են իրերի իրական վիճակը, նա, այնուամենայնիվ, ձեռնպահ մնաց բոլոր տեսակի քննադատություններից՝ իր պարտքը համարելով բարձր պահել զինվորների մարտական ոգին։ 1916 թվականին սկսեց լույս տեսնել նրա «Ֆրանսիայում և Ֆլանդրիայում անգլիական զորաջոկատների գործողությունների պատմություն» աշխատությունը։ 1920 թվականին արդեն հրատարակվել էին բոլոր 6 հատորները։
Դոյլի եղբայրը, որդին և երկու զարմիկները մեկնեցին ռազմաճակատ և այնտեղ զոհվեցին։ Դա ուժեղ ցնցում էր գրողի համար և ծանր դրոշմ թողեց նրա հետագա ստեղծագործության, հրապարակախոսական և հասարակական գործունեության վրա։
1918-1930թ
խմբագրելՊատերազմի ավարտին, ինչպես ընդունված է կարծել, հարազատ մարդկանց կորստով պայմանավորված ցնցումների ազդեցության տակ Կոնան Դոյլը դարձավ ոգեպաշտության ակտիվ քարոզիչ, որով հետաքրքրված էր դեռևս 1880-ական թվականներին։ Նոր աշխարհայացքի ձևավորմանն օժանդակող գրքերի շարքին է դասվում Ֆ.ՈՒ.Գ. Մայերսի «Մարդկային անհատականությունը և նրա հետագա կյանքը մարմնական մահից հետո»։ Այս թեմայով Կոնան Դոյլի հիմնական աշխատություններն են համարվում «Նոր հայտնություն»-ը (1918), որտեղ նա ներկայացնում է անհատի հետմահու գոյության մասին իր հայացքների զարգացման պատմությունը, և «Մշուշների երկիրը» վեպը (անգլ.՝ The Land of Mist, 1926). «Հոգեբանական» ֆենոմենի մասին նրա երկարամյա հետազոտությունների արդյունքը եղավ «Սպիրիտուալիզմի պատմություն» կոթողային աշխատությունը (անգլ.՝ The History of Spiritualism, 1926):
Կոնան Դոյլը մերժում էր պնդումներն այն մասին, որ ոգեպաշտության հանդեպ իր հետաքրքրությունը ձևավորվել է պատերազմի ավարտին.
Շատերը չէին բախվել Սպիրիտիզմին և նույնիսկ ոչինչ չէին լսել մինչ 1914 թվականը, երբ շատ տների դռներ բախեց մահվան հրեշտակը։ Սպիրիտիզմի հակառակորդները կարծում են, որ մեր աշխարհը ցնցած սոցիալական աղետներն են հոգեբանական հետազոտությունների նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառը։ Այդ անսկզբունք ընդդիմախոսները հայտարարեցին, որ Սպիրիտիզմի սկզբունքների հեղինակի պնդումները և դրանց պաշտպանությունը նրա ընկեր Օլիվեր Լոջի կողմից բացատրվում են նրանով, որ նրանք երկուսն էլ որդիներ են կորցրել՝ զոհված 1914 թվականի պատերազմում։ Դրանից ելնելով՝ եզրակացնում են, որ,,ցավը մթագնել է նրանց բանականությունը, և նրանք հավատացել են նրան, ինչին չէին հավատա խաղաղ ժամանակ,,։ Հեղինակը բազմիցս հերքել է այդ անամոթ սուտը և ընդգծել այն փաստը, որ հետազոտությունները սկսվել են դեռևս 1886 թվականին՝ պատերազմից շատ առաջ[21]։ - Արթուր Կոնան Դոյլ, Սպիրիտիզմի պատմություն. Գլուխ 23. Սպիրիտիզմը և պատերազմը
|
Կոնան Դոյլի ամենավիճելի աշխատությունների թվին է պատկանում 1920-ական թվականների սկզբում գրված «Փերիների հայտնությունը» գիրքը (անգլ.՝ The Coming of the Fairies, 1921), որում նա փորձում է ապացուցել «Կոտլինգի փերիների» լուսանկարներիի ճշմարտացիությունը և առաջ է քաշում սեփական տեսակետներն այս ֆենոմենի էության մասին։ Բացի այդ, 1923 թվականին գրողը հանդես եկավ ի պաշտպանություն,,փարավոնների անեծքի,, գոյության։
1924 թվականին լույս տեսավ Արթուր Կոնան Դոյլի «Հիշողություններ և արկածներ» ինքնակենսագրական գիրքը։ Գրողի վերջին մեծ ստեղծագործությունը դարձավ «Մարաքոթի անդունդը» (1929) գիտաֆանտաստիկ վեպը։
Վերջին տարիները
խմբագրել1920-ական թվականների ամբողջ երկրորդ կեսը գրողն անցկացրեց ճանապարհորդություններում՝ լինելով բոլոր մայրցամաքներում, չդադարելցնելով հրապարակախոսական գործունեությունը։ 1929 թվականին կարճ ժամանակով վերադարձավ Անգլիա, որպեսզի նշի 70-ամյակը։ Այնուհետև Դոյլը մեկնեց Սկանդինավիա նույն նպատակով՝ քարոզելու «… կրոնի և նրանից անքակտելի պրակտիկ ոգեպաշտության վերածնունդը, որն էլ միակ հակաթույնն է գիտական մատերիալիզմի դեմ»[22]. Այս վերջին ուղևորությունը քայքայեց նրա առողջությունը. հաջորդ տարվա գարունը նա անցկացրեց անկողնում մտերիմների շրջանում։
Որոշ ժամանակահատված նկատվեց առողջության բարելավում, և գրողն անմիջապես մեկնեց Լոնդոն, որպեսզի արտաքին գործերիի նախարարի հետ զրույցում պահանջի մեդիումներին հետապնդող օրենքների չեղարկում։ Այս ջանքը վերջինը եղավ. 1930 թվականի հուլիսի 7-ի վաղ առավոտյան Քրոուբորոյի (Սասսեքս) իր տանը սրտի կաթվածից մահացավ Կոնան Դոյլը։ Նա թաղված է իր այգու տնակից ոչ հեռու։ Տապանաքարի վրա այրու խնդրանքով փորագրվել է ասպետական կարգախոս՝ Steel True, Blade Straight («Հավատարիմ ինչպես պողպատ, ուղիղ ինչպես շեղբ»)[22]։
Ընտանիքը
խմբագրել1885 թվականին Կոնան Դոյլն ամուսնացել է Մերի Լուիզ (Լուիզա) Հոքինսի հետ, որը Դոյլի հաճախորդներից մեկի քույրն էր։ Նա երկար տարիներ տառապում էր տուբերկուլյոզով և վախճանվել է 1906 թվականի հուլիսի 4-ին։
Հաջորդ տարի՝ 1907 թվականին, Կոնան Դոյլն ամուսնացել է Ջին Էլիզաբեթ Լեկկիի հետ, ում սիրահարված էր դեռևս 1897 թվականին իրենց առաջին հանդիպումից։ Հավատարիմ մնալով առաջին կնոջը՝ կենդանության օրոք՝ Դոյլը Ջինի հետ պլատոնական հարաբերությունների մեջ էր երկար ժամանակ։ Ջինը կիսում էր նրա՝ ոգեհարցության հանդեպ հետաքրքրությունը և անգամ համարվում էր բավականին ուժեղ ոգեմիջնորդ (մեդիում)[23]։ Մահացել է 1940 թվականի հունիսի 27-ին։
Դոյլն ունեցել է 5 զավակ, որոնցից երկուսը՝ Մերի Լուիզը (1889 թվականի հունվարի 28 – 1976 թվականի հունիսի 12) և Արթուր Ալեյն Քինգսլին (1892 թվականի նոյեմբերի 15 – 1918) առաջին կնոջից, իսկ երեքը՝ երկրորդից՝ Դենիս Պերսի Սթյուարտը (1909 թ. մարտի 17 – 1955 թ. մարտի 9, 1936 թ. նա դարձավ վրաց իշխանուհի Նինա Մդիվանիի երկրորդ ամուսինը), Ադրիան Մալքոլմը (1910 թ. նոյեմբերի 19 – 1970 թ. հունիսի 3, հետագայում նույնպես գրող, հոր կենսագրության և մի շարք այլ ստեղծագործությունների հեղինակ, լրացրել է Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքների ու վեպերի կանոնական շարքը), Ջին Լենա Անեթը (1912 թ. դեկտեմբերի 21 – 1997 թ. նոյեմբերի 18)[24]։
1893 թ. Կոնան Դոյլի ազգականն է դարձել 20-րդ դարասկզբի հայտնի գրող Էռնեստ Ուիլյամ Հորնունգը, ով ամուսնացավ Դոյլի քրոջ՝ Կոննի (Կոնստանցիա) Դոյլի հետ։
Ադրիան Կոնան Դոյլը հոր կենսագրական «Ճշմարիտ Կոնան Դոյլ» գրքում գրում է.
- Անգամ տան մթնոլորտը շնչում էր ասպետական ոգով։ Կոնան Դոյլը սովորել էր գլուխ հանել զենքերից ավելի վաղ, քան կծանոթանար լատիներենի խոնարհմանը։
|
2004 թվականի գտածոն
խմբագրել2004 թվականի մարտի 16-ին Լոնդոնում հայտնաբերվեցին սըր Արթուր Կոնան Դոյլի անձնական փաստաթղթերը։ Ավելի քան երեք հազար թերթ գտնվեց մի իրավաբանական ընկերության գրասենյակում։ Գտնված թղթերի շարքում էին անձնական նամակները, այդ թվում Ուինսթոն Չերչիլից, Օսկար Ուայլդից, Բերնարդ Շոուից և ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտից, օրագրային գրառումներ, սևագրություններ և Շերլոք Հոլմսին արարած գրողի անտիպ գործերի ձեռագրերը։ Գտածոյի մոտավոր արժեքը կազմում է 2 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ստեղծագործությունների էկրանավորում
խմբագրել- «Կորուսյալ աշխարհ» Հարրի Հոյթի (համր կինոնկար, 1925)
- Կորուսյալ աշխարհ (1998)
- և այլն։
- Ամերիկյան կինոցիկլում «Շերլոկ Հոլմսի արկածները»» Բեյզիլ Ռեթբոունի և Նայջել Բրյուսի մասնակցությամբ՝ նկարահանված 1939-1946 թվականներին, դուրս եկան 14 կինոնկարներ, որոնցից առաջինը դարձավ «Բասկերվիլեյի շունը».
- Խորհրդային հեռուստատեսային ցիկլում՝ «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները (1979-1986) Վասիլի Լիվանովի և Վիտալի Սոլոմինի գլխավոր դերակատարությամբ նկարահանվեցին նաև այլ կինոնկարներ։
- Բի-Բի-Սիի «Շերլոկ» հեռուստանովել, ռեժիսորներ՝ Սթիվեն Մոֆֆաթ և Մարկ Գեթիս։ Գլխավոր դերերում՝ Բենեդիկտ Քամբերբեչ և Մարթին Ֆրիմեն. 2010 թվականից ի վեր նկարահանվել են հետևյալ սերիաները՝
- Վարդագույն երագներով էտյուդ
- Կույր բանկիրը
- Մեծ խաղ
- Սկանդալ Բելգրավիայում
- Բասկերվիլի շները
- Ռեյհենբահյան ջրվեժ
- Դատարկ դիակառք
- Երեքի նշանը
- Նրա վերջին երդումը
Գեղարվեստական ստեղծագործություններում
խմբագրելԱրթուր Կոնան Դոյլի կյանքն ու ստեղծագործությունը դարձան վիկտորիանյան դարաշրջանի անքակտելի մասը, որը օրինաչափորեն բերեց գեղարվեստական գրականության ստեղծման, որոնցում գրողը հանդես էր գալիս որպես գործող անձ, ընդ որում շատ հաճախ իրականությունից բավականին հեռու կերպարով։
- Քրիստոֆեր Գոլդենի և Թոմաս Է. Սնիգոսկու «Գազանանոց» (անգլ.՝ The Menagerie) վիպաշարում Կոնան Դոյլը հանդես է գալիս որպես «մեր աշխարհի՝ հզորությամբ երկրորդ կախարդ»։
- Մարկ Ֆրոսթի ( «Թվին պիկս» հեռուստանովելի սցենարի հեղինակ) «Յոթի ցուցակը» (անգլ.՝ The List of Seven) միստիկական վեպում Դոյլն օգնում է խորհրդավոր անծանոթ Ջեք Սփարքսին աշխարհի իշխանությունը խլել փորձող չար ուժերի դեմ պայքարում։
- Համեմատաբար ավելի ավանդական լույսի ներքո գրողի կյանքի փաստերն օգտագործվել են «Մահվան սենյակներ. Շերլոկ Հոլմսի գաղտնի ծագումը» (անգլ.՝ Murder Rooms: The Dark Beginnings of Sherlock Holmes, 2000) բրիտանական հեռուստանովելու, որտեղ երիտասարդ ուսանող-բժիշկ Արթուր Կոնան Դոյլը դանում է պրոֆեսոր Ջոզեֆ Բելլի (Շերլոկ Հոլմսի նախատիպը) և օգնում է նրան բացահայտել հանցագործություններ։
- Արթուր Կոնան Դոյլի կերպարը ներկա է «Պարոն Սելֆրիջ» բրիտանական հեռուստանովելում։
Ստեղծագործություններ
խմբագրելՇարք Շերլոկ Հոլմսի մասին
խմբագրել- Ալ կարմիր գույներով էտյուդը (1887)
- Չորսի նշանը (1890)
- Շերլոկ Հոլմսի արկածները (հավաքածու) (1891 - 1892)
- Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին (պատմվածքների հավաքածու, 1892 - 1893)
- Բասկերվիլների շունը (1901 - 1902)
- Շերլոկ Հոլմսի վերադարձը (պատմվածքների հավաքածու, 1903 - 1904)
- Սարսափների հովիտը (1914 - 1915)
- Նրա հրաժեշտի խոնարհումը (պատմվածքների հավաքածու, 1908 - 1913, 1917)
- Շերլոկ Հոլմսի արխիվը (պատմվածքների հավաքածու, 1921 - 1927)
Պրոֆեսոր Չելլենջեր
խմբագրել- Կորուսյալ աշխարհը (The Lost World, 1912)
- Թունավորված գոտին (The Poison Belt, 1913)
- Մշուշների երկիրը (The Land of Mists, 1926)
- Դեինտեգրացնող մեքենա (The Disintegration Machine, 1927)
- Երբ ճչում է երկիրը (When the World Screamed, 1928)
Շարք նավապետ Շարկիի մասին
խմբագրել- Ինչպես Սենտ-Կիտտի նահանգապետը վերադարձավ հայրենիք (How the Governor of St. Kitt’s Came Home, 1897)
- Ինչպես կապիտան Շարկին և Ստիվեն Կրեդդոկը խորամանկեցին միմյանց (The Dealings of Captain Sharkey with Stephen Craddock, 1897)
- Ինչպես Կոլլի Բենկսը վերացրեց կապիտան Շարկիին (How Copley Banks Slew Captain Sharkey, 1897)
- Կապիտն Շարկիի սխալը (The Blighting of Sharkey, 1910)
Շարք Բրիգադիր Ժերարի մասին
խմբագրել- Բրիգադիր Ժերարի սխրանքները (The Exploits of Brigadier Gerard, 1896)
- Բրիգադիր Ժերարի արկածները (The Adventures of Gerard, 1903)
- Բրիգադիրի ամուսնությունը (The Marriage Of The Brigadier, 1910)
Պատմավեպեր
խմբագրել- Միխեյ Կլարկ (Micah Clarke, 1888), վեպ Մոնմուտայի ապստամբության մասին, Անգլիա XVII դար
- Սպիտակ ջոկատը (The White Company, 1891)
- Մեծ ստվերը (The Great Shadow, 1892)
- Վտարանդիները (The Refugees) (տպագրվել է 1893, գրվել՝ 1892), վեպ Ֆրասնիայի հուգենոտների մասին, XVII դար
- Ռոդնի Սթոուն (Rodney Stone, 1896)
- Քեռի Բեռնակը (Uncle Bernac, 1897)
- Սըր Նայջլ Լորինգ (Sir Nigel, 1906)
Ֆանտաստ ժանրի ստեղծագործություններ
խմբագրել- Ռաֆլզ Հոուի հայտնագործությունը (The Doings of Raffles Haw, 1891)
- Մարաքոտի անդունդը (The Maracot Deep, 1927)
- Մութ կողմի տիրակալը (The Lord of the Dark Face, 1929; «Մարաքոտի անդունդը» վեպի շարունակությունը։ VI - VII գլուխներ)
Պոեզիա
խմբագրել- Գործողության երգեր (Songs of Action, 1898)
- Ճանապարհային երգեր (Songs of the Road, 1911)
- (The Guards Came Through and Other Poems, 1919)
Դրամատուրգիա
խմբագրել- Ջեյն Էննի, կամ Նվեր լավ վարքի համար (Jane Annie, or the Good Conduct Prize, 1893)
- Դուետ (A Duet. A duologue, 1899)
- Բրիդադիր Ժերար (Brigadier Gerard, 1910)
- Ձկնկիթով զամբյուղը (A Pot of Caviare, 1912)
- Խայտաբղետ զամբյուղը (The Speckled Band, 1912)
- Վաթերլոու (Waterloo. (A drama in one act, 1919)
- Ադամանդե հերակալ. Երեկոն պարոն Շերլոկ Հոլմսի հետ (The Crown Diamond: An Evening With Mr Sherlock Holmes, 1921)
- Շերլոկ Հոլմս (Sherlock Holmes: A Drama in Four Acts, 1899, համահեղինակ Ուիլյամ Գիլպետի հետ)
Հրապարակախոսություններ
խմբագրել- Անգլո-պրուսական պատերազմ (1899 - 1902) (The Great Boer War, 1900)
- Պատերազմի որոշ դասեր (Some Lessons of the War, 1900)
- Հանցագործություն Կոնգոյում (The Crime of the Congo, 1909)
- Մեծ Բրիտանիան նոր պատերազմում (Great Britain and the Next War, 1914)
- Ֆրանսիայում և Ֆլանդրիում անգլիական զորաջոկատների գործողությունների պատմություն (The British Campaign in France and Flanders: 1914, 1916)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Дойл, Артур Конан // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wilson P. K. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Наркевич А. Ю. Дойл Артур Конан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 8 : Дебитор — Евкалипт. — С. 397.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 6,0 6,1 Conan Doyle reburial — Cardiff: Reach plc, 1955. — Iss. 26804. — P. 1. — ISSN 0307-5214
- ↑ The Gazette — 1903.
- ↑ The Gazette — 1902.
- ↑ 9,0 9,1 9,2 Lundy D. R. The Peerage
- ↑ The Surprising Link Between Benedict Cumberbatch and Sir Arthur Conan Doyle | Ancestry Blog - News & Updates
- ↑ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին։ Կորուսյալ աշխարհ / Ա. Կոնան-Դոյլ; Ռուս. թարգմ.՝ Խ. Հրաչյան, Մ. Մեսրոպյան; Խմբ.՝ Ռ.Հ. Քալաշյան; Նկ.՝ Ա.Կ. Կարագյան; Վերջաբ.՝ Կ. Չուկովսկի. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 504 էջ։
- ↑ Կորուսյալ աշխարհ / Ա. Կոնան-Դոյլ ; Ռուս. թարգմ.՝ Խ. Հրաչյան; Խմբ.՝ Վ. Դանիելյան. - Երևան։ Հայպետհրատ, 1957. - 269 էջ։
- ↑ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին / Ա.Կ. Դոյլ; Թարգմ.՝ Խ. Հրաչյան, Վ. Տալյան, Գ. Վիրապյան; Առաջաբ.՝ Կ. Չուկովսկի; Խմբ.՝ Ա. Ղուկասյան. - Երևան։ Հայպետհրատ, 1958. - 535 էջ։
- ↑ Բրիգադիր Ժերարի սխրանքները։ Պատմվածքներ / Ա.Կ. Դոյլ; Թարգմ. ռուս.՝ Ա. Սարգսյան; Վերջաբ. հեղ.՝ Դ. Ուռնով; Խմբ.՝ Էդ. Ավագյան. - Պատմվածքներ - Երևան։ Հայաստան, 1990. - 535 էջ
- ↑ Մարաքոտի անդունդը։ [Վիպակ] / Ա.Կ. Դոյլ; Թարգմ.՝ Հ.Ա. Դոլուխանյան; Վերջաբ.՝ Ն. Ժորով; Խմբ.՝ Ա. Ղուկասյան. - Երևան։ Հայաստան, 1965. - 102 էջ
- ↑ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին։ Վիպակ, պատմվածքներ / Ա.Կ. Դոյլ; - Երևան։ Արևիկ, 1989. - 432 էջ
- ↑ Ինժեների բթամատը / սըր Արթուր Կոնան Դոյլ; Անգլ․ թարգմ.՝ Հ․ Ափրիկյան; Նկ.՝ Ս․ Փեջըթ. - Երևան։ 2015. - 28 էջ։
- ↑ Գրողի իսկական ազգանունն է Դոյլ։ Կոնան ազգանունով իր սիրելի քեռու մահից հետո (որը նրան դաստիարակել էր), նա վերցրեց քեռու ազգանունը՝ որպես երկրորդ անուն։ Այսպիսով՝ Կոնանը նրա միջին անունն է, սակայն հասուն տարիքում նա սկսեց կիրառել այն, որպես գրական կեղծանուն՝ Կոնան Դոյլ
- ↑ «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքում Շերլոկ Հոլմսը որպես կեղծանուն վերցնում է Օլթեմոնտ անունը։
- ↑ 20,0 20,1 20,2 Կոնան Դոյլ, 2003
- ↑ Արթուր Կոնան Դոյլ. «Սպիրիտիզմը և պատերազմը». Սպիրիտիզմի պատմություն. SBNet.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 22,0 22,1 Քառ, 2001
- ↑ Janet B. Pascal (2000). "Arthur Conan Doyle:Beyond Baker Street: Beyond Baker Street". p. 95. Oxford University Press
- ↑ "Obituary: Air Commandant Dame Jean Conan Doyle" Արխիվացված 2014-04-08 Wayback Machine. The Independent; retrieved 6 November 2012
Արտաքին հղումներ
խմբագրել- Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործությունների հայերեն աուդիոտարբերակները
- Արթուր Կոնան Դոյլը գրապահարանում Արխիվացված 2020-07-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Կոնան Դոյլ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 435)։ |