Գեղամ Սարյան
Գեղամ Սարյան (իրական անունը՝ Գեղամ Բաղդասարի Բաղդասարյան) (դեկտեմբերի 25, 1902, Թավրիզ, Իրան[1] - նոյեմբերի 14, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ բանաստեղծ, թարգմանիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, «Քրիզանթեմ» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ Ուկրաինական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ 1946 թվականին, 1962 թվականին և 1970 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Գեղամ Սարյան | |
---|---|
Ծննդյան անուն | Գեղամ Բաղդասարի Բաղդասարյան |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1902 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1976 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Իրան և ԽՍՀՄ |
Կրթություն | Արամյան (1920) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Ավանգարդ, Մաճկալ, Բանվոր և Խորհրդային գրականություն |
Պարգևներ | |
Գեղամ Սարյան Վիքիքաղվածքում | |
Գեղամ Սարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1902 թվականի դեկտեմբերի 25-ին Իրանի Թավրիզ քաղաքում։ 1920 թվականին ավարտել է Թավրիզի Կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը։ Թեմական դպրոցն ավարտելուց հետո Սարյանը մի երկու տարի ուսուցչություն է անում Պարսկաստանի հեռավոր գյուղերից մեկում, այդ ժամանակ էլ գրում է իր առաջին, տխրությամբ ու թախիծով համակված բանաստեղծությունները։ 1922 թվականից հաստատվել է Խորհրդային Հայաստանում, Գյումրիում զբաղվել ուսուցչությամբ։ 1927-1928 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», 1928-1931 թվականներին՝ «Բանվոր» թերթերում, 1934-1935 թվականներին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում։ Այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով[2]։
Ստեղծագործությունը
խմբագրելԴեռ դպրոցական նստարանից Գեղամ Սարյանը հափշտակությամբ էր կարդում Պետրոս Դուրյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, պարսից մեծ բանաստեղծներ Ֆիրդուսու, Օմար Խայամի, Սաադիի, Հաֆեզի ստեղծագործությունները։ Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն)։ Տպագրվել է 1919 թ.-ից։ 1925 թվականին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», 1930 թվականին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» (1933 թ.), «Միջօրե» (1935 թ.), «Գյուլնարա» (1935 թ.), «Բանաստեղծություններ» (1940 թ.), «Բալլադներ» (1944 թ.), «Հատընտիր» (1951 թ.), «Քրիզանթեմ» (1968 թ., ՀԽՍՀ պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» (1928 թ.) ժողովածուն, «Օտար մարդը» (1929 թ.) վիպակը, «Երեք երգ» (1936 թ.), «Գրիգոր Դերեն» (1967 թ.) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» (1950 թ.) չափածո վեպը և թատերգություններ։ Իսկ ահա «Սերմնացանները» բանաստեղծությունը ողողված է պայծառ ու լուսավոր տրամադրությամբ։
Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները («Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Նա մի տասնյակի չափ ուրախ ու գողտրիկ ոտանավորներ է գրել նաև մանուկների համար։ Նշանակալից է Գեղամ Սարյանի ավանդը ուկրաինական մեծ կոբզարի` Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունները հայերեն հնչեցնելու գործում։ Հայերեն է թարգմանել Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Հ. Հայնեի, Ի. Ճավճավաձեի, Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև Մ. Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովուրդների լեզուներով։ Սարյանի հուզական, ջերմ ու մտերմիկ բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգի ու մնայուն տեղ գրավել հայ երգացանկում։
Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանում։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Շիրակի հարսանիքը, Լենինական, 1925, 16 էջ։
- Յունկերսի խորտակումը (պոեմ), Լենինական, 1926, 16 էջ։
- Պատմվածքներ, Յերևան, Պետհրատ, 1928 թ., 60 էջ։
- Օտար մարդը (վիպակ), Յերևան, Պետհրատ, 1929 թ., 76 էջ։
- Երկիր խորհրդային, Յերևան, Պետհրատ, 1930 թ., 64 էջ։
- Յերկաթե ոտնաձայներ, Յերևան, Պետհրատ, 1933 թ., 113 էջ։
- Միջօրէ, Յերևան, Պետհրատ, 1935 թ., 224 էջ։
- Գյուլնարա, Երևան, Պետհրատ, 1935, 36 էջ։
- Յերեք յերգ (դրամատիկական պոեմ), Յերևան, Պետհրատ, 1936 թ., 98 էջ։
- Իսպանիայի պատանի հերոսները, Երևան, Պետհրատ, 1936, 32 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1940, 304 էջ։
- Տղան ու մահը, Երևան, Հայպետհրատ, 1941, 16 էջ։
- Հայրենիքի համար, Երևան, Հայպետհրատ, 1942, 14 էջ։
- Պահակը, Երևան, Հայպետհրատ, 1942, 13 էջ։
- Բալլադներ, Երևան, Հայպետհրատ, 1944 թ., 92 էջ։
- Փառքի տաճարը, Երևան, Հայպետհրատ, 1944, 15 էջ։
- Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1945 թ., 216 էջ։
- Բանաստեղծություններ (միհատորյակ), Երևան, Հայպետհրատ, 1947 թ., 488 էջ։
- Հրաշալի սերունդ (չափածո վեպ), Երևան, Հայպետհրատ, 1950 թ., 148 էջ։
- Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1951 թ., 272 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1954 թ., 376 էջ։
- Երկեր, (միհատորյակ), Երևան, Հայպետհրատ, 1956 թ., 542 էջ։
- Բալլադներ, Երևան, Հայպետհրատ, 1957 թ., 140 էջ։
- Խաղընկերներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 28 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1958 թ., 328 էջ։
- Մանուկն ու ձյունը, Երևան, Հայպետհրատ, 1958, 8 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1961 թ., 468 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Բալլադներ և պոեմներ, Երևան, 1961 թ., 408 էջ։
- Սայաթ-Նովա, Երևան, Հայպետհրատ, 1964, 16 էջ։
- Ընտրված էջեր, Երևան, «Հայաստան», 1965 թ., 408 էջ։
- Հատուցում (դրամատիկական պոեմ), Երևան, «Հայաստան», 1966 թ., 144 էջ։
- Գրիգոր Դերեն (դրամատիկական ավանդություն), Երևան, «Հայաստան», 1967 թ., 184 էջ։
- Քրիզանթեմ, Երևան, «Հայաստան», 1968 թ., 72 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1969 թ., 452 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Բալլադներ և պոեմներ, Հրաշալի սերունդ, Երևան, «Հայաստան», 1969 թ., 412 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Գիրք դրամաների. Ընտանիքի պատիվը, Խաղաղության զանը, Գուրգեն զորավար, Գրիգոր Դերեն, Երևան, «Հայաստան», 1970 թ., 444 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Արձակ էջեր. Պատմվածքներ, Հուշեր, Թերթելով կյանքիս էջերը, Հոդվածներ, Խոսք սրտագին, Երևան, «Հայաստան», 1971 թ., 464 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 5. Աշխարհի բանաստեղծները (թարգմանություններ), Երևան, «Հայաստան», 1972 թ., 412 էջ։
- Մտերիմ էջեր, Երևան, «Հայաստան», 1972 թ., 208 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1974 թ., 480 էջ։
- Բալլադներ, Երևան, «Հայաստան», 1977 թ., 140 էջ։
- Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, «Հայաստան», 1982 թ., 312 էջ[3]։
- Կարոտ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 2003 թ., 92 էջ։
- Մանուկն ու ձյունը։ Բանաստեղծություններ։ Նախադպրոցական տարիքի համար։ Արևիկ, 1989, 12 էջ[4]։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Տվեն Մարկ, Հեկլբերի Ֆիննի արկածները, Երևան, Պետհրատ, 1934, 305 էջ։
- Կիպլինգ Ռ., Մաուգլի, Երևան, Պետհրատ, 1937, 171 էջ։
- Պուշկին Ա. Ս., Կովկասի գերին, Երևան, Պետհրատ, 1937, 48 էջ։
- Պուշկին Ա. Ս., Հոդվածներ և նյութեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Սարյանը), Երևան, 1937, 399 էջ։
- Պուշկին Ա. Ս., Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Սարյանը), Երևան, Պետհրատ, 1937, 214 էջ։
- Շևչենկո Տարաս, Կոբզար, Երևան, Պետհրատ, 1939։
- Մարշակ Ս., Այն տունը, որ մի օր շինեց Ջեկոն, Երևան, Հայպետհրատ, 1946, 15 էջ։
- Շևչենկո Տարաս, Կոբզար, Երևան, Հայպետհրատ, 1954։
- Շևչենկո Տարաս, Կոբզար, Երևան, Հայպետհրատ, 1961, 307 էջ։
- Կիպլինգ Ռ., Մաուգլի, Երևան, Հայպետհրատ, 1962, 193 էջ։
- Շևչենկո Տարաս, Պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1964, 92 էջ։
- Նեկրասով Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Սարյանը), Երևան, «Հայաստան», 1971, 246 էջ։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Լենինի շքանշան (28.12.1972)
- Աշխատանքային Կարմիր դրոշի 2 շքանշան (31.01.1959, 27.06.1956)
- «Պատվո նշան» շքանշան (23.01.1963)
Գրականություն
խմբագրել- Բազյան Ս., Երեք ուրվագիծ, Երևան, 1941 թ.
- Մանուկյան Ս., Գեղամ Սարյան, Երևան, 1954 թ.
- Հեկտոր Ռշտունի, Գեղամ Սարյան, Երևան, 1958 թ.
- Վազգեն Մնացականյան, Գեղամ Սարյանի պոեզիան, Երևան, 1963 թ.
- Ինչ է, ով է-հանրագիտարան-4, Երևան, 1987թ., էջ 123-124։
Մամուլ
խմբագրել- Լայնորեն ծավալենք բոլշևիկյան քննադատությունն ու ինքնաքննադատությունը (ընկ.ընկ Գեղամ Սարյանի և Հրաչյա Քոչարի հոդվածների առթիվ)։ «Գրական թերթ», 1948, № 5:
Աղբյուրներ
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003 թ.
- Ով ով է /Հայեր։ Կենսագրական հանրագիտարան/, հատ. 2, Երևան, 2007 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Сарьян Гегам Багдасарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Սարյան Գեղամ | armenianlanguage.am». www.armenianlanguage.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Բաղդասարյան), Գեղամ Սարյան (pseud van Գեղամ Բաղդասարի (1982). Բանաստեղծություններ և պոեմներ. Սովետական գրող.
- ↑ Սարյան, Գեղամ Բաղդասարի (1989). Մանուկն ու ձյունը։ Բանաստեղծություններ ։ Նախադպրոցական տարիքի համար. Արևիկ. ISBN 9785807701442.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 237)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Սարյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Սարյան» հոդվածին։ |