Եղինջ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղինջ (այլ կիրառումներ)
Եղինջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Եղինջազգիներ (Urticaceae) |
Ցեղ | Եղինջ (Urtica) L., 1753 |
Եղինջ (լատին․՝ Urtica), կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող (Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։
Աշխարհագրական տարածում
խմբագրելՏարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում, աղբոտում խոտհարքները և այլն։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունն ուղղաձիգ է, քառանիստ, բարձրությունը՝ 1,5-2 մ։ Տերևները հակադիր են, սրտաձև, ձվանշտարաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկտուն (կամ միատուն), մանր, կանաչավուն՝ խմբված տերևանութներում։ Ամբողջ բույսը ծածկված է կոշտ և այրող գեղձամազիկներով։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով։ Եղինջազգիների ընտանիքին պատկանող 60-170 սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Ունի ձվանշտարաձև, ատամնաեզր հակադիր տերևներ, որոնք, ինչպես և ցողունը, ծածկած են գեղձային այրող մազիկներով։ Վերջիններս, շփվելով մաշկի հետ, մխրճվում են նրա մեջ ու բեկվում, որի հետևանքով դրանց պարունակած թույնը (ուրտիցին, հիստամին, մրջնաթթու) ներթափանցում է մաշկ` առաջ բերելով ուժեղ այրոցի զգացում։ Ծաղիկները մանր են, միասեռ, կանաչ։ Պտուղը փոքր ընկուզիկ է, արմատը` սողացող ու ճյուղավոր։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում` հուլիսից։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բոլոր գոտիներում, իր երկու տեսակներով՝ երկտուն և այրող, որոնք դեղորայքային առումով ունեն գրեթե նույն նշանակությունը։ Բույսն աճում է ստվերոտ վայրերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Վատ է տանում երաշտը, քիչ զգայուն է ցրտի նկատմամբ։
Նշանակություն
խմբագրելՔիմիական բաղադրություն
խմբագրելՏերևներում հայտնաբերվել են վիտամիններ՝ K, C (մինչև 269 մգ %), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ (մինչև 5 %), դաբաղանյութեր (2 %-ից ավելի), խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում և այլն։ Պտուղները պարունակում են մինչև 32,5 % ճարպայուղ։ Բույսի մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին։
Բուժական նշանակություն
խմբագրելԵղինջը դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ 2 տարի։ Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։
Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդեսը և Պլինիոսը նշել են եղինջի` արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ` հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամաքարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով` մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով` եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում[1][2][3]։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից՝ կանաչ, իսկ կոճղարմատից՝ դեղին ներկ։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 50[4] (այլ տվյալներով՝ 40) տեսակ, Հայաստանում՝ 2 տեսակ՝ եղինջ երկտուն (Ս. dioica) և եղինջ այրող (լատին․՝ Ս. urens).
- Urtica andicola,
- Urtica angustifolia` Չինաստան, Ճապոնիա, Կորեա,
- Urtica ardens` Չինաստան,
- Urtica aspera` Պետրի հարավային կղզի, Նոր Զելանդիա,
- Urtica atrichocaulis` Հիմալայներ, Չինաստանի հարավ-արևմուտք,
- Urtica atrovirens` արևմտյան Միջերկրածովյան ավազան,
- Urtica cannabina` Արևմտյան Ասիա, Սիբիր, Իրան,
- Urtica chamaedryoides (սրտատերև եղինջ)` Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևելք,
- Urtica dioica (եղինջ երկտուն)` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա,
- Urtica dubia` Կանադա,
- Urtica ferox` Նոր Զելանդիա,
- Urtica fissa` Չինաստան,
- Urtica galeopsifolia` Կենտրոնական և Արևելյան Եվրոպա,
- Urtica gracilenta` Արիզոնա, Նյու Մեքսիկո, Արևմտյան Տեխաս, Հյուսիսային Մեքսիկա,
- Urtica hyperborea` Հիմալայներ, Պակիստանից մինչև Բութան, Մոնղոլիա և Տիբեթ,
- Urtica incisa` Ավստրալիա,
- Urtica kioviensis` Արևելյան Եվրոպա,
- Urtica laetivirens` Ճապոնիա,
- Urtica mairei` Հիմալայներ, Հնդկաստան,
- Urtica membranacea` Միջերկրածովյան ավազան, Ազորյան կղզիներ, Մադեյրա
- Urtica morifolia` Կանարյան կղզիներ (էնդեմիկ),
- Urtica parviflora` Հիմալայներ,
- Urtica pilulifera` Հարավային Եվրոպա,
- Urtica platyphylla` Չինաստան, Ճապոնիա,
- Urtica pubescens` Հյուսիսային Ռուսաստան, Կենտրոնական Ասիա,
- Urtica rupestris` Սիցիլիա (էնդեմիկ),
- Urtica sondenii` Հյուսիսարևելյան Եվրոպա, Հյուսիսային Ասիա,
- Urtica taiwaniana` Թայվան,
- Urtica thunbergiana` Ճապոնիա, Թայվան,
- Urtica triangularis,
- Urtica urens` Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Хлорофилл из листьев крапивы
- ↑ Великие ученые XX века: Рихард Вильштеттер. Многоликий хлорофилл.
- ↑ «Список растений Нечерноземья, обладающих красильными, дубильными свойствами, а также пригодных для получения волокон». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ The Plant List: Urtica
Արտաքին հղումներ
խմբագրել- Brennnessel, die ungeliebte Pflanze Արխիվացված 2013-05-30 Wayback Machine, aus der Reihe Geheimnisvolle Pflanzen (ARTE)
- NATIONAL GEOGRAPHIC։ Wissenswert: Warum brennen Brennnesseln? Արխիվացված 2014-08-15 Wayback Machine
- Brennnessel als Heilpflanze Արխիվացված 2015-09-07 Wayback Machine
- Große Brennnessel
- Pillen-Brennnessel
- Australische Brennnessel
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 506)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղինջ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղինջ» հոդվածին։ |
Ընթերցե՛ք «եղինջ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |