Էրազմուս (անգլ.՝ Erasmus), Եվրոպական միության (ԵՄ) ուսանողների փոխանակման ծրագիր, որը ստեղծվել է 1987 թվականին[1]։ «Էրազմուս+»-ը կամ «Էրազմուս պլյուս»-ը նոր ծրագիր է, որը միավորում է ԵՄ-ի՝ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի համար ներկայումս գործող բոլոր սխեմաները, որոնք մեկնարկվել են 2014 թվականի հունվարին։

5 երկրներից ուսանողներ հավաքվել են Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում

«Էրազմուս» ծրագիրը մի շարք այլ անկախ ծրագրերի հետ ներառված է եղել 1994 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված «Սոկրատես» ծրագրի մեջ։ «Սոկրատես» ծրագիրը ավարտվել է 1999 թվականի դեկտեմբերի 31-ին և 2000 թվականի հունվարի 24-ին փոխարինվել «Սոկրատես II» ծրագրի, որն էլ իր հերթին 2007 թվականի հունվարի 1-ին փոխարինվել է «Շարունակական ուսուցում 2007-2013» ծրագրով (անգլ. Lifelong Learning Programme 2007-2013):

Պատմություն

խմբագրել

Անվան առաջացումը

խմբագրել
 
Էրազմ Ռոտերդամցի

Ծրագիրն իր անվանումը ստացել է՝  ի պատիվ հոլանդացի փիլիսոփա, աստվածաբան, Վերածննդի հումանիստ, վանական և կաթոլիկություն դավանող Էրազմ Ռոտերդամցու, որին անվանում էին «քրիստոնյա հումանիստների բարձրագույն փառք»[2]։ Վերածննդի դարաշրջանում Էրազմն ու իր լավ ընկեր Թոմաս Մորը դարձել էին եվրոպական մտավորական կյանքի կենտրոնը։ Հայտնի լինելով իր երգիծանքով՝ նա կոչ էր անում կաթոլիկ եկեղեցու ներսում բարեփոխումներ իրականացնել։ Խրախուսել է վերականգնել կաթոլիկ հայրաբանության ավանդույթը ժամանակակից չարաշահումների դեմ, որոնք կապված էին Սրբազան խորհուրդների և չափից ավելի նվիրական որոշ գործելակերպերի հետ։ Հայտնի է, որ ազատ կամքի հարցի շուրջ ժամանակին մեծ բախում է տեղի ունեցել Էրազմ Ռոտերդամցու և բողոքական հեղափոխական Մարտին Լյութերի միջև։

ERASMUS-ի լրիվ անվանումն է «Համալսարանական ուսանողների շարժունության համար եվրոպական համայնքի գործողությունների սխեմա», որն անգլերեն «EuRopean community Action Scheme for the Mobility of University Students»-ի հապավումային տարբերակն է[2]։

Եվրոպական հանձնաժողովի 1987 թվականի առաջարկությունը

խմբագրել

Այն ժամանակ, երբ «Էրազմուս» ծրագիրը դեռ կյանքի չէր կոչվել, Եվրոպական հանձնաժողովն արդեն 6 տարի էր, ինչ փորձնականորեն աջակցում էր ուսանողների փոխանակումներին։ 1986 թվականի սկզբին Եվրոպական հանձնաժողովը նույն հարցի շուրջ առաջարկով դիմեց Էրազմուսի նախօրինակ ծրագրին, սակայն անդամ պետություններից արձագանքները տարբեր էին. նրանք, որոնք ունեին փոխանակման սեփական ծրագրերը (հիմնականում Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը), բացասաբար վերաբերվեցին առաջարկին, իսկ մնացած երկրները, հակառակը,  դրականորեն էին տրամադրված։ Արդյունքում անդամ երկրների և Եվրոպական հանձնաժողովի միջև հարաբերությունները վատթարացան, և Եվրոպական հանձնաժողովը 1987 թվականի սկզբին հրաժարվեց իր առաջարկից՝ ի նշան որոշ անդամ պետությունների կողմից առաջարկված եռամյա բյուջեի անբավարարության դեմ բողոքի[2]։

Մի քանի ամիս անց փոխզիջում վերջապես եղավ, երբ ձեռք բերվեց անդամ պետությունների մեծամասնության համաձայնությունը։ 1987 թվականի հունիսին ծրագիրն ընդունվեց։

Եվրոպական դատարանի որոշումը

խմբագրել

Այնուամենայնիվ, քվեարկության մեթոդը (պարզ մեծամասնություն) անդամ որոշ պետությունների կողմից չընդունվեց, և նրանք Եվրոպական դատարանում բողոքարկեցին ծրագրի ընդունումը։ Դատարանը հաստատեց, որ ընթացակարգային որոշ թերացումներ եղել են, սակայն պահպանեց որոշման բովանդակությունը, ինչի արդյունքում ծրագիրն արագորեն ընդունվեց Նախարարների խորհրդի կողմից։

Ծրագրի ընդունում և զարգացում

խմբագրել

Ծրագիրը հենվեց 1981-1986 թվականների ուսանողների պիլոտային փոխանակումների վրա, և չնայած այն պաշտոնապես ընդունվեց միայն 1987-1988 թվականների ուսումնական տարվա սկզբից շատ կարճ ժամանակ առաջ, այնուամենայնիվ 3,244 ուսանողներ հնարավորություն ունեցան մասնակցել ծրագրին` դրա մեկնարկի հենց առաջին տարում։ 2005 թվականին մասնակիցների թիվը հասավ 144,032-ի, որը Եվրոպայի ողջ ուսանողության գրեթե 1%-ն էր կազմում։ Հարաբերակցությունը բարձր էր համալսարանական դասախոսների շրջանում. Էրազմուսի դասախոսների շարժունությունը կազմում էր Եվրոպայի դասախոսների ընդհանուր թվի 1.9%-ը (20,877 մասնակից)[3]։

«Շարունակական ուսուցում 2007-2013» ծրագիր

խմբագրել

«Շարունակական ուսուցում 2007-2013» ծրագիրը փոխարինել է «Սոկրատես» ծրագրին՝ որպես մի ընդհանուր հովանոց, որի շրջանակներում 2007 թվականից գործում են Էրազմուսի (նաև ուրիշների) ծրագրերը։

Էրազմուս Մունդուս

խմբագրել

«Էրազմուս Մունդուս»-ը զուգահեռ իրականացվող մեկ այլ ծրագիր է, որը ուղղված է եվրոպական կրթության գլոբալացմանը։ Եթե «Էրազմուս»-ը բաց է եվրոպացիների համար, ապա «Էրազմուս Մունդուսը»-ը բաց է ոչ եվրոպացիների համար։

Դիմելով «Էրազմուս Մունդուս» միջազգային ծրագրերին՝ ուսանողը կարող է ամբողջական կրթաթոշակ ստանալ և ներգրավվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերի մեջ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մեկ կամ երկու տարի տևողութամբ մագիստրոսական կրթություն ստանալ ծրագրի կոնսորցիումի նվազագույնը երկու երկրներում գտնվող բուհերում։

Ծրագրին դիմելու նախապայմանները հետևյալն են՝

  • դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ
  • եթե նախկինում դիմորդը ստացել է «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ, ապա իրավասու չէ կրկին դիմել և օգտվել նույն կրթաթոշակից, իսկ 12 ամսից ավել Ծրագրային երկրներում բնակված կամ սովորած ոչ ԵՄ դիմորդը կարող է դիմել միայն մասնակի կրթաթոշակի
  • յուրաքանչյուր անհատ կարող է դիմել տարեկան առավելագույնը երեք ծրագրի
  • կրթաթոշակակիրը չի կարող միաժամանակ օգտվել Էրազմուս Մունդուս կրթաթոշակից և ԵՄ-ի կողմից տրամադրվող այլ կրթաթոշակային ծրագրերից[4]։

Քաղաքացիների նախաձեռնություն ավելի շատ գումարի համար 2014-2020

խմբագրել

2012 թվականի մայիսի 9-ին[5] Fraternité 2020-ը գրանցվել է՝ որպես Եվրոպայի առաջին Եվրոպացի քաղաքացիների նախաձեռնություն։ Դրա նպատակն էր 2014 թվականից մեծացնել ԵՄ-ի փոխանակման այն ծրագրերի բյուջեն, ինչպիսիք են Էրազմուսը կամ Եվրոպական կամավորական ծառայությունը։ Այն իրականացնելու համար անհրաժեշտ էր մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը հավաքել 1 միլիոն ստորագրություն, սակայն արդյունքում ԵՄ-ի քաղաքացիներից հնարավոր եղավ հավաքել միայն 71.057 ստորագրություն[6]։

Էրազմուս+ 2014-2020

խմբագրել

«Էրազմուս+ (2014-2020)»-ը, որը հայտնի է նաև նաև «Էրազմուս պլյուս» անունով, կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով զբաղվող 14,7 միլիարդ եվրո բյուջեով ծրագիր է[7]։ Համեմատաբար նոր «Էրազմուս+»-ը փոխարինում և ընդգրկում է ընթացիկ 7 ծրագրերը՝ ներառելով «Շարունակական ուսուցում» («Էրազմուս», «Լեոնարդո դա Վինչի», «Կոմենսկի», «Գրունդտվիգ»), «Երիտասարդությունը գործողության մեջ» և միջազգային համագործակցության 5 ծրագրեր («Էրազմուս Մունդուս», «Տեմպուս», «Ալֆա», «Էդուլինկ» և արդյունաբերական երկրների հետ համագործակցության ծրագիր)։ «Էրազմուս+ կանոնակարգ»-ը[8] ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին։

«Էրազմուսը+»-ը տրամադրում է գործողությունների լայն շրջանակի համար դրամաշնորհներ՝ ներառելով ինչպես ուսանողների համար հնարավորություններ՝ արտասահմանում աշխատելու, այնպես էլ ուսուցիչների և կրթական անձնակազմի համար հնարավորություններ՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու։

Իր նպատակներին հասնելու համար «Էրազմուս+» ծրագիրը իրականացնում է հետևյալ 3 հիմնական գործողությունները և այլ միջոցառումները`

  • Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ1)
  • Նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում (ՀԳ2)
  • Աջակցություն քաղաքական բարեփոխումներին (ՀԳ3)
  • Ժան Մոնե գործողություններ
  • Գործողություններ սպորտի ոլորտում

«Էրազմուս+» ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածը ներառում է`

Հիմնական գործողություն 1

  • Միջազգային կրեդիտային շարժունություն
  • Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր,

Հիմնական գործողություն 2

  • կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում
  • գիտելիքահենք գործընկերություններ և ռազմավարական համագործակցություններ, որոնք բաց են Գործընկեր երկրի մասնակցության համար

Հիմնական գործողություն 3

  • բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմեր
  • հանձնաժողովի քաղաքական երկխոսություն Գործընկեր երկրների/տարածաշրջանների հետ
  • հետազոտություններ
  • Գործընկեր երկրներում «Էրազմուս+»-ի շրջանավարտների ասոցիացիաների տարածաշրջանային մասնաճյուղեր[9]։

«Էրազմուսը+ հիմնական գործողություններ 1»-ը եզակի հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին, տնօրեններին, վերապատրաստողներին և կրթական հաստատությունների այլ աշխատակիցներին` մասնակցելու եվրոպական տարբեր երկրներում իրականացվող միջազգային դասընթացների։ Ուղարկող հաստատության աշխատակազմը դիմում է ներկայացնում՝ իր անձնակազմի անդամներին արտերկրում վերապատրաստելու համար դրամաշնորհ ստանալու[10]։

«Էրազմուս+» ծրագիրը բաց է Ծրագրային և Գործընկեր երկրների համար։ Ծրագրային են ԵՄ-ի 28 անդամ պետությունները և ԵՄ-ի անդամ չհանդիսացող 5 երկրները՝ նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա։ Ծրագրային երկրները կարող են լիարժեք մասնակցել «Էրազմուս+»-ի բոլոր գործողություններին։ Գործընկեր են համարվում այն երկրները, որոնք կարող են մասնակցել ծրագրի առանձին գործողություններին` հենվելով հատուկ չափանիշների և պայմանների վրա։ Այս խմբի մեջ մտնում են՝

Ծրագրի որոշ գործողություններ բաց են աշխարհի ցանկացած Գործընկեր երկրի համար։ Որոշ այլ գործողությունների համար աշխարհագրական շրջանակը ավելի նեղ է[9]։

«Էրազմուսը+»-ը ծրագրեր է իրականացնում նաև Կենտրոնական Ասիայում՝ Ղազախստանում։ Այն ֆինանսավորել է Ղազախստանի 47 համալսարանների մասնակցությամբ 40 ծրագրեր։ Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 35.5 միլիոն եվրո[11]։

Մասնակցություն

խմբագրել

Ներկայումս 37 երկրներից ավելի քան 4000 բարձրագույն հաստատություններ և 3 միլիոն ուսանողներ (2013 թվականի տվյալներով) մասնակցում են Էրազմուս ծրագրին[12]։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի տվյալների՝ 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում եվրոպացի ուսանողների մոտ 10%-ը վերապատրաստվել է արտասահմանում, ընդ որում՝ մոտավորապես կեսը՝ Էրազմուսի շրջանակներում։ Կազմակերպիչները կանխատեսում էին, որ 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում ծրագրին կմասնակցեին շուրջ 3 միլիոն ուսանողներ, իսկ ծրագրի բյուջեն կհասներ 489 միլիոն եվրոյի[13]։ Նախատեսվում էր, որ 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում մասնակիցների թիվը կավելանար մինչև 5 միլիոն մարդ[14], իսկ 2020 թվականին յուրաքանչյուր 5-րդ եվրոպացի ուսանող կդառնա ծրագրի մասնակից[15]։

2012-2013 ուսումնական տարում Էրազմուսի ուսանողների համար ամենատարածված ուղղությունները եղել են Իսպանիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Իսկ արտերկրում սովորելու համար ամենաշատ ուսանողներ ուղարկել են Լյուքսեմբուրգը, Լիխտենշտայնը, Ֆինլանդիան, Լատվիան և Իսպանիան[7]։

Անհրաժեշտ պայմաններ

խմբագրել

Ծրագրին մասնակցելու ընդհանուր պայմանն այն է, որ դիմորդները լինեն Ծրագրային երկրի ներկայացուցիչ։ Որոշ գործողություններ (մասնավորապես բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտներում) բաց են նաև Գործընկեր երկրների մասնակիցների համար։

Ծրագրին մասնակցելու կոնկրետ պայմանները կախված են գործողությունների տեսակից։

Ընդհանուր առմամբ՝

  • Բարձրագույն կրթության ոլորտին առնչվող ծրագրերի հիմնական թիրախներն են բարձրագույն կրթությամբ ուսանողները (բարձրագույն կրթության կարճ շրջանի (անգլ. short cycle), բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ներկայացուցիչները), բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, պրոֆեսորները, բուհի աշխատակիցները, վերապատրաստող կամ ձեռնարկության մասնագետները,
  • Մասնագիտական կրթության և վերապատրաստման ոլորտին վերաբերող ծրագրերի հիմնական թիրախներն են աշակերտները և մասնագիտական կրթությամբ ուսանողները, մասնագիտական վերապատրաստման մասնագետներն ու վերապատրաստողները, նախնական մասնագիտական կրթության կազմակերպությունների աշխատակիցները, ձեռնարկություններում  դասավանդողներն ու մասնագետները,
  • Դպրոցական կրթության ոլորտին առնչվող ծրագրերի համար հիմնական թիրախներն են դպրոցական առաջնորդները, դպրոցի ուսուցիչները և դպրոցական անձնակազմը, նախադպրոցական, տարրական և միջնակարգ կրթության աշակերտները,
  • Մեծահասակների կրթության ոլորտին առնչվող ծրագրերի համար հիմնական թիրախներն են մեծահասակների ոչ մասնագիտական կրթություն ապահովող կազմակերպությունների անդամները, վերապատրաստողները, մեծահասակների ոչ մասնագիտական կրթության բնագավառի անձնակազմը և սովորողները,
  • Երիտասարդական ոլորտին առնչվող ծրագրերի համար հիմնական թիրախներն են 13-ից մինչև 30 տարեկան երիտասարդները, երիտասարդական աշխատողները, երիտասարդական դաշտում գործող կազմակերպության անդամներն ու աշխատակիցները,
  • Սպորտի ոլորտին վերաբերող ծրագրերի համար հիմնական թիրախներն են սպորտի ոլորտի մասնագետները և կամավորները, մարզիկներն ու մարզիչները[16]։

Մշակութային փորձ

խմբագրել

Եվրոպացի շատ ուսանողների համար «Էրազմուս» ծրագիրը այլ երկրում առաջին անգամ ապրելու և սովորելու լավագույն հնարավորությունն է։ Ահա թե ինչու այն դարձել է մշակութային ֆենոմեն։ Նկարահանվել են մի շարք գեղարվեստական (ֆրանսիական «Իսպանական պանդոկ»-ը)[17] և վավերագրական («Էրազմուս 24 7»-ը)[18] ֆիլմեր, որոնք պատմում են էրազմուսյան ուսանողական կյանքի մասին։

Էրազմուսի փորձը դիտվում է ոչ միայն որպես լրացուցիչ կրթություն ստանալու, այլև սոցիալականացվելու հնարավորություն։

Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Էրազմուսի նախկին ուսանողները կդառնան հզոր ուժ համաեվրոպական ինքնության ստեղծման գործում։ Քաղաքագետ Ստեֆան Վոլֆը, օրինակ, պնդում է. «Տվեք 15, 20 կամ 25 տարի, և Եվրոպան կղեկավարվի այսօրվա իրողությունից ամբողջապես տարբերվող սոցիալականացմամբ առաջնորդների կողմից»,- այսպես կոչված, «Էրազմուսյան սերնդի» կողմից[19]։

Զանգվածային մշակույթում

խմբագրել

«Իսպանական պանդոկ» ֆիլմի կերպարների մեծ մասն ընդգրկված է «Էրազմուս» ծրագրում, և ծրագիրը կենտրոնական դեր է խաղում սյուժեում։

Պակիստանցի վիպասան Նիմրա Ահմեդի «Jannat Kay Pattay / جنت کے پتے» («Դրախտի տերևներ») վեպը հիմնված է Էրազմուս ծրագրի վրա, որտեղ գլխավոր կերպար Հայան «Էրազմուս Մունդուս»-ի միջոցով սովորելու է գնում Սաբանջի համալսարան, որն էլ նրա կյանքում շրջադարձային նշանակություն է ունենում[20]։

Հանրային  առցանց «Cafébabel» հարթակը ստեղծվել է 2001 թվականին «Էրազմուս» փոխանակման  ծրագրի ուսանողների կողմից։ Դրա գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։ Հարթակը հիմնված է քաղաքացիական լրագրության սկզբունքների վրա։ 2013 թվականի հուլիսի դրությամբ այն ունեցել է ավելի քան 16.000 գրանցված անդամներ, մինչև 1500 մասնակիցներ և 20 «տեղական գրասենյակներ», որոնք գրում են Եվրոպայի մասին այնպես, ինչպես իրենք են տեսնում այն։ Կամավոր մասնակիցները «Cafébabel»-ի գրառումները համաժամանակյա թարգմանում են վեց լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և լեհերեն[21]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 87/327/EEC: Council Decision of 15 June 1987 adopting the European Community Action Scheme for the Mobility of University Students (Erasmus) (անգլերեն), 1987-06-25, Վերցված է 2018-11-10-ին
  2. 2,0 2,1 2,2 «"What's in a name? History of the Erasmus Programme"». 2013 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «European Commission - PRESS RELEASES - Press release - Erasmus @ 20: the Commission launches the celebrations for the anniversary of its flagship education programme». europa.eu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր – NEO-Armenia». erasmusplus.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Open initiatives - European Citizens' Initiative - European Commission». ec.europa.eu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «European Citizens Initiatives – one year of challenges». European Public Affairs (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 «European Commission - PRESS RELEASES - Press release - Green light for Erasmus+: More than 4 million to get EU grants for skills and employability». europa.eu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «EUR-Lex - 32013R1288 - EN - EUR-Lex». 2014 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 «Ծրագրի մասին – NEO-Armenia». erasmusplus.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «Erasmus Plus Funding for Teacher Training Courses | Erasmus+ KA1». TEACHER TRAINING (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «Kazakh universities take part in European projects: Erasmus+ Projects Fair opened at the Eurasian National University - EEAS - European External Action Service - European Commission». EEAS - European External Action Service (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. «Education and Training» (PDF). Education and Training - European Commission (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. https://www.nytimes.com/2012/07/30/world/europe/30iht-educside30.html The New York Times
  14. «Европа обеспечила себе светлое будущее — «Вести FM»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. http://ru.osvita.ua/abroad/news/29401/ - Освіта.ua
  16. Erasmus+. Programme Guide. Version 1 (2018) (PDF). 2017. էջ 20.
  17. L'auberge espagnole, Վերցված է 2018-11-12-ին
  18. «erasmus247.com». erasmus247.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  19. «Quietly sprouting: A European identity». 2006 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  20. «Nimra Ahmed Archives - Urdu Novels Online». 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  21. «cafébabel, the first European media - European Commission». 2015 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրազմուս» հոդվածին։