Լորին Մաազել
Լորին Մաազել (մարտի 6, 1930[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն[4] - հուլիսի 13, 2014[1][2][3][…], Ռապհաննոկ շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][6][7]), գերմանացի դիրիժոր, կոմպոզիտոր։ Եղել է Մյունխենի ֆիլհարմոնիայի երաժշտական տնօրենը (2012 թվականից), Վալենսիայի (Իսպանիա) Սոֆյա թագուհու անվան արվեստների պալատ օպերայի առաջին երաժշտական տնօրեն և Քասթելթոն փառատոնի հիմնադիր և գեղարվեստական տնօրեն։
Լորին Մաազել | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1930[1][2][3][…] Նյոյի սյուր Սեն[4] |
Երկիր | ԱՄՆ և Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 13, 2014[1][2][3][…] (84 տարեկան) Ռապհաննոկ շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][6][7] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտական ղեկավար և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Bayerischer Rundfunk |
Լեյբլ | RCA Records |
Կրթություն | Փիթսբուրգի համալսարան, Peabody ավագ դպրոց, Ֆանի Էդել Ֆալկի լաբորատոր դպրոց և Interlochen արվեստի կենտրոն |
Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Dietlinde Turban և Իսրայելա Մարգալիտ |
Պարգևներ | |
Կայք | maestromaazel.com |
Lorin Maazel Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելՆրա առաջին օպերայի՝ «1984» (գրված Ջորջ Օրուելի գրական գլուխգործոցի հիման վրա) համաշխարհային պրեմիերան ունեցել է 2005 թվականի մայիսին, Քովենթ Գարդեն թագավորական օպերայում և հեռարձակվել Բի-Բի-Սի ռադիոհեռուստատեսությամբ և բազմաթիվ այլ ազգային ռադիոցանցերով ողջ աշխարհում։ Այս օպերան կրկին բեմադրվել է 2008 թվականի մայիսին Միլանի Լա Սկալայում, նույն ամսին իրականացել է լոնդոնյան բեմադրության DVD թողարկումը։ «1984» օպերայի հաջորդ բեմադրությունն իրականացել է Վալենսիայի Սոֆյա թագուհու անվան արվեստների պալատ օպերայում, 2011 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Լորին Մաազելի կոմպոզիտորական ստեղծագործությունը ներառում է նաև կոնցերտների եռերգություն (թավջութակի, ֆլեյտայի և ջութակի համար), մի սիմֆոնիկ շարժում («Հրաժեշտներ», op. 14), որի պրեմիերան կայացել է 2000-ին Վիեննայի ֆիլհարմոնիայում, ինչպես նաև «1984» օպերայի սիմֆոնիկ տարբերակը, որն առաջին անգամ կատարվել է Վիեննայի ֆիլհարմոնիայի կողմից Մաազելի ծննդյան 80-ամյակի առթիվ (2010) և նվագախմբի հետ կատարվող մի քանի պատմողական տեքստեր, այդ թվում՝ երկու մանկական պատմություն՝ ՙՏվող ծառը՚ և ՙԴատարկ անոթը՚։ Փարիզում ծնված երկրորդ սերնդի ամերիկացի Լորին Մաազելը հինգ տարեկանում սկսել է ջութակի, իսկ յոթում՝ դիրիժորական դասերը։ Նա սովորել է Վլադիմիր Բակալեյնիկովի մոտ և ութ տարեկանում ունեցել առաջին հրապարակային ելույթը՝ ղեկավարելով համալսարանական նվագախումբը։ Իննից տասնհինգ տարեկանում նա ղեկավարել է ամերիկյան խոշոր նվագախմբերը, այդ թվում Արթուրո Տոսկանինիի հրավերով՝ NBC սիմֆոնիկ նվագախումբը։ 17 տարեկանում ընդունվել է Փիթսբուրգի համալսարան, ուսանել լեզուներ, մաթեմատիկա և փիլիսոփայություն։ 1951 թվականին Ֆուլբրայթի կրթաթոշակով մեկնել է Իտալիա՝ շարունակելու ուսումը, և երկու տարի անց որպես դիրիժոր ունեցել իր եվրոպական դեբյուտը, դարձել Մասիմո Բելլինի թատրոնի դիրիժորը Կատանիայում (Իտալիա)։ Նա արագ հաստատել է իրեն որպես խոշոր արվեստագետ՝ հանդես գալով Բայրոթի փառատոնում 1960 թվականին (դառնալով այնտեղ ելույթ ունեցած առաջին ամերիկացին), Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 1961 թվականին և Զալցբուրգի փառատոնում 1963 թվականին։
Մաազելը ղեկավարել է ավելի քան 150 նվագախումբ, առնվազն 5000 օպերային և համերգային կատարումներ, կազմել է ավելի քան 300 ձայնագրություն, այդ թվում՝ սիմֆոնիկ շարքեր՝ Բեթհովենի, Բրամսի, Դեբյուսիի, Մալերի, Շուբերտի, Չայկովսկու, Ռախմանինովի և Ռիխարդ Շտրաուսի լիակատար նվագախմբային ստեղծագործությունները, որոնք տասը գլխավոր մրցանակ են ստացել։
Լորին Մաազելը եղել է Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրեն (1993-2002), Փիթսբուրգի սիմֆոնիկի երաժշտական տնօրեն (1988-1996), Վիեննայի պետական օպերայի գլխավոր և երաժշտական տնօրեն (1982-1984, առաջին ամերիկացին, որ ստանձնել է այդ պաշտոնը)։ Նա եղել է նաև Քլիվլենդի նվագախմբի երաժշտական տնօրենը (1972-1982) և Բեռլինի Գերմանական օպերայի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը (1965-1971)։ 1985 թվականին նրան շնորհվել է Իսրայելի ֆիլհարմոնիայի պատվավոր անդամի կոչում, երբ ղեկավարել է իր 40-ամյա գործունեության համերգը։ Նա նաև Վիեննայի ֆիլհարմոնիայի պատվավոր անդամ է, Բեռլինի ֆիլհարմոնիայի Հանս ֆոն Բյուլովի արծաթե մեդալակիր։ Վիեննայի ֆիլհարմոնիայի հետ նրա սերտ համագործակցությունը ներառում է 11 միջազգային հեռուստատեսային Ամանորյա համերգ Վիեննայից (հաճախ մաեստրո Մաազելը տոնակատարություններին հանդես է գալիս որպես ջութակահար)։
Մաազելը աշխատել է երիտասարդ արվեստագետների հետ՝ ելնելով հաջորդ սերնդի երաժիշտների հետ փորձը կիսելու իր համոզումից։ 2000 թվականին նա հիմնել է մի լուրջ մրցույթ երիտասարդ դիրիժորների միջև, որի կիզակետն է հանդիսացել երկու տարի անց Նյու Յորքի Քարնեգի սրահում տեղի ունեցած եզրափակիչ փուլը, և այդ ժամանակվանից ի վեր նա հովանավորում է բազմաթիվ հաղթողների։ Իր հիմնած Շատյովիլ հիմնադրամի միջոցով (գործում է Քասթլթոնում, Վիրջինիա) նա ստեղծել է մի նոր փառատոն և ռեզիդենցիայի ծրագիր երիտասարդ արվեստագետների համար, որ կենտրոնացած է կամերային օպերաների ամբողջական բեմադրությունների վրա՝ համախմբելով երգիչներին, երաժիշտ կատարողներին, դիրիժորներին, դիզայներներին, բեմադրիչներին և բեմական վարչարարներին՝ աշխատելու համար մի ինտենսիվ, համագործակցային միջավայրում, ավագ արվեստագետների, ուոսւցիչների (ներառյալ մաեստրո Մաազելի) առաջնորդությամբ։ Երկու տարվա ընթացքում Քասթլթոն փառատոնը (250 մասնակցով և ավելի քան 5000 հանդիսատեսով՝ հուլիս ամսվա ընթացքում, ) դարձել է հայտնի ամառային փառատոն՝ համագործակցելով տեղական և միջազգային կատարողական արվեստների այլ կենտրոնների հետ։
Մաեստրո Մաազելն մասնակցություն է ունեցել նաև բնապահպանական և հումանիտար բնագավառներում։ Նա հայթայթել է միլիոնավոր դոլարներ ավելի քան 50 անգամ՝ ի շահ այնպիսի կառույցների, որպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Բնության համաշխարհային հիմնադրամը, Կարմիր խաչը և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը։
Նախասիրություններ
խմբագրելԼորին Մաազելը եղել է ընթերցասեր, դասական ֆիլմերի երկրպագու, թատերասեր։ Նա սիրել է խաղալ թենիս, լող և հավաքել ամերիկյան գեղանկարներ և Արևելքի արվեստի նմուշներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bostonglobe.com/metro/obituaries/2014/07/13/conductor-lorin-maazel-dies-home/yb6pEildsVCUGfnIbs9MyJ/story.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.legacy.com/ns/lorin-maazel-obituary/171716296
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.tributes.com/celebrity/deaths/Lorin-Maazel
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.tributes.com/obituary/show/Lorin-Maazel-101512089
- ↑ https://www.stmwi.bayern.de/fileadmin/user_upload/stmwi/Themen/Wettbewerbe/Medienpreise/2017-01-16_Bayerische_Fernsehpreistraeger-1989-2016__2017-01_.pdf
Արտաքին հղումներ
խմբագրել- www.lorinmaazel.com
- www.castletonfestival.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորին Մաազել» հոդվածին։ |