Ֆրանց Շուբերտ
Ֆրանց Շուբերտ (գերմ.՝ Franz Peter Schubert, հունվարի 31, 1797[1][2][3][…], Himmelpfortgrund, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - նոյեմբերի 19, 1828[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[5]), ավստրիացի կոմպոզիտոր։ Գրել է շուրջ 600 վոկալային ստեղծագործություն, 9 սիմֆոնիա (ներառյալ հանրաճանաչ «Անավարտ սիմֆոնիան»), հոգևոր երաժշտություն, օպերաներ և մեծ թվով կամերային և դաշնամուրային գործեր։ Հայտնի է իր յուրահատուկ մեղեդային և ներդաշնակ ոճով։
Ֆրանց Շուբերտ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Franz Schubert |
Ի ծնե անուն | գերմ.՝ Franz Peter Schubert |
Ծնվել է | հունվարի 31, 1797[1][2][3][…] Himmelpfortgrund, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Երկիր | Ավստրիական կայսրություն և Ավստրիայի էրցհերցոգություն |
Մահացել է | նոյեմբերի 19, 1828[1][2][3][…] (31 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[5] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր և ջութակ |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան և Վիեննայի ակադեմիական գիմնազիա |
Ստորագրություն | |
Franz Schubert Վիքիպահեստում |
Շուբերտի կենդանութան օրոք նրա ճանաչումը սահմանափակված էր երկրպագուների ոչ մեծ շրջանակով Վիեննայում, սակայն նրա աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն մեծացել է մահվանը հաջորդած տասնամյակում։ Ֆելիքս Մենդելսոնը, Ռոբերտ Շումանը, Ֆերենց Լիստը, Յոհաննես Բրամսը և 19-րդ դարի այլ կոմպոզիտորներ հայտնաբերել ու հրապարակել են նրա ստեղծագործությունները։ Ներկայումս Շուբերտը դասվում է դասական կոմպոզիտորների վերջին և ռոմանտիզմի վաղ շրջանի կոմպոզիտորների շարքին` հանդիսանալով 19-րդ դարասկզբի այն կոմպոզիտորներից, որոնց ստեղծագործություններն առավել հաճախ են կատարվում։
Կենսագրություն
խմբագրելՎաղ կյանք և կրթություն
խմբագրելՇուբերտը ծնվել է 1797 թվականի հունվարի 31-ին Վիեննայի Հիմելֆրանդրենե (այժմ` Ալզերգրունդ) շրջանում, Լիխնետալի դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Հայրը` Ֆրանց Թեոդոր Շուբերտը, մորավացի գյուղացու որդի էր, ծխական դպրոցի ուսուցիչ։ Մայրը` Էլիզաբեթը (ծնունդով` Վիետց), սիլեզիացի ատաղձագործի դուստր էր, մինչև ամուսնանալը` վիեննական ընտանիքում սպասուհի։ Ֆրանց Թեոդոր Շուբերտի 14 երեխաներից ինը մահացել են վաղ հասակում (նրանցից մեկն ապօրինի էր` ծնված 1783 թվականին)[6]։
Շուբերտի հայրը եղել է հայտնի ուսուցիչ, իսկ Լիխենտալում (Վիեննայի 9-րդ շրջան) գտնվող նրա դպրոց են հաճախել բազմաթիվ աշակերտներ[7]։ Նա նաև սիրողական մակարդակով զբաղվում էր երաժշտությամբ։ Նրա եղբայր Ֆերդինանդը ևս իրեն շատ լավ է դրսևորել երաժշտության մեջ[8]։
Վեց տարեկան հասակում Շուբերտը կանոնավոր դասեր է ստանում հորից, իսկ մեկ տարի անց ընդունվում է հոր դպրոցը[8]։ Գրեթե նույն ժամանակ էլ սկսում է երաժշտական կրթություն ստանալ. երաժշտության դասեր է առել հորից (ջութակ), եղբորից (դաշնամուր), նաև Լիխենտալի ծխական եկեղեցու երգեհոնահար և երգչախմբի ղեկավար Միխայիլ Հոլցերից (երգեցողություն)[9]։ Դասերը, հնարավոր է, եղել են խոսակցությունների և հիացմունքի արտահայտությունների մակարդակով[10]։ Հավանական է, որ տղան ավելի շատ բան է սովորել ատաղձագործի աշակերտից, ով նրան տարել է հարևան պահեստը, որտեղ Ֆրանցը կարող էր ավելի լավ գործիքով նվագել[11]։ Նա նաև նվագել է ալտ ընտանեկան լարային քառյակում եղբայրների` Ֆերդինանդի և Իգնացի հետ, ովքեր նվագել են ջութակ, իսկ հայրը` թավջութակ։ Ֆրանցը լարային քառյակի համար իր առաջին գործերը գրել է հենց այս քառյակի համար[12]։
Երիտասարդ Շուբերտը 1804 թվականին առաջին անգամ իր վրա է հրավիրել Անտոնիո Սալիերիի ուշադրությունը, ով ժամանակի` Վիեննայի երաժշտական հեղինակություններից մեկն էր։ Այդ ժամանակ էլ ընդունվել է Շուբերտի վոկալ տաղանդը[12]։ 1808 թվականի հոկտեմբերին նա դարձել է Կայսերական սեմինարիայի (Stadtkonvikt) աշակերտ։ Այստեղ նա ծանոթացել է Մոցարտի սիմֆոնիաներին ու ուվերտյուրաներին, Յոզեֆ Հայդնի և նրա կրտսեր եղբոր` Միխայիլ Հայդնի սիմֆոնիաներին[13]։ Այս և այլ ստեղծագործությունների ազդեցությունը, օպերա այցելությունները հիմք են նախապատրաստել երաժշտական ավելի լայն կրթություն ստանալու[14]։ Երաժշտական կարևոր ազդեցություններից են ժամանակի առաջատար կոմպոզիտորներից մեկի` Յոհան Ռուդոլֆ Ցումշտեգի ստեղծագործությունները։ Երիտասարդ առաջադեմ աշակերտը փորձել է դրանք «մոդեռնացնել», ինչի մասին հայտնել է Շուբերտի ընկերը` Յոզեֆ ֆոն Սփաունը[15]։ Նրա հետ ընկերության հիմքը դրվել էր Շտադկոնկվիկտում և շարունակվել կոմպոզիտորի կարճ կյանքի հետագա ընթացքում։ Վաղ տարիներին նյութապես ապահով Սփաունը անբարեկեցիկ կյանքով ապրող կոմպոզիտորին է տրամադրել ձեռագրեր[14]։
Շուբերտի երաժշտական ձիրքը շուտով դրսևորվում է նրա ստեղծագործություններում։ Երբեմն նրան թույլատրել են ղեկավարել Շտադկոնկվիկտի նվագախումբը, և Սալիերին որոշում է նրան երաժշտության տեսության դասեր տալ[16]։ Դա առաջին նվագախումբն էր, որի համար Շուբերտը ստեղծագործություններ է գրում։ Ժամանակի մեծ մասը տրամադրում է Կայսերական սեմինարիայի համար կամերային երաժշտության, մի քանի երգերի, դաշնամուրային պիեսների, երգչախմբային երաժշտության (օրինակ` "Salve Regina" (D 27), a "Kyrie" (D 31)) ստեղծմանը։ Գրում է նաև «Օկտետ քամիների համար» անավարտ ստեղծագործությունը (նվիրել է մոր մահվան հիշատակին, 1812), «Ո՞վ է բարձրահասակ» (Wer ist groß?) կանտատը տղամարդու ձայնի և նվագախմբի համար (գրել է հոր ծննդյան առթիվ 1813 թվականին) և իր առաջին սիմֆոնիան[17][18]։
Ուսուցչություն հոր դպրոցում
խմբագրել1813 թվականի վերջին Շուբերտը լքում է Շտադկոնկվիկտը և վերադառնում տուն` Սուրբ Աննայի միջնակարգ դպրոցում ուսուցչության դասեր առնելու։ 1814 թվականին նա ընդունվում է հոր դպրոցը` որպես կրտսեր աշակերտների ուսուցիչ։ Ավելի քան երկու տարի երիտասարդ Շուբերտը կատարում է իր համար ծանր այդ աշխատանքը, որին նա անտարբերությամբ էր մոտենում` այն փոխհատուցելով ուրիշ հետաքրքրություններով. նա շարունակում էր կոմպոզիցիայի մասնավոր դասեր առնել Սալիերիից, ինչի շնորհիվ տեխնիկական մեծ պատրաստություն է ձեռք բերում մինչև 1817 թվականին դպրոցից հեռանալը[16][19]։
1814 թվականին Շուբերտը հանդիպում է երիտասարդ սոպրանո Թերեզա Գրոբին, ում հայրը հայտնի մետաքսագործ էր, և նրա համար գրում հոգևոր բնույթի երկու գործ («Salve Regina» և «Tantum Ergo»)։ Թերեզան 1814 թվականի սեպտեմբերի 15-ին Շուբերտի № 1 (D. 105) մեսսայի առաջնելույթում կատարում է մեներգչուհու բաժինը[19][20]։ Շուբերտը ցանկանում էր ամուսնանալ նրա հետ, սակայն նրան խանգարում էր 1815 թվականին ընդունված ամուսնական օրենքը, որը պահանջում էր, որ փեսացուն ցույց տա այն ընտանիքը պահելու միջոցները[21]։ 1816 թվականի նոյեմբերին, Լայբանում (այժմ` Լյուբլյանա, Սլովենիա) չստանալով երաժշտի պաշտոն, Շուբերտը Գրոբի եղբայր Հենրիխին է ուղարկում երգերի հավաքածու, որը ընտանիքում պահվել է մինչև 20-րդ դարը[22][23]։
Շուբերտի ամենաբեղմնավոր տարիներից մեկը 1815 թվականն էր. նա ստեղծում է երաժշտական մոտ 20.000 տակտ, որի գրեթե կեսը նախատեսված էր նվագախմբի համար` ներառյալ եկեղեցական 9 գործերը (չնայած նա ագնոստիկ էր), սիմֆոնիա, լեդեր (Lied)[24][25][26]։ Նույն թվականին նա ծանոթանում է Անսելմ Հյուտենբրեների և Ֆրանց ֆոն Շոբերի հետ, ովքեր նրա մտերիմ ընկերներն են դառնում հետագա ողջ կյանքում։ Մեկ այլ ընկեր` Յոհան Մայրհոֆերը, նրանց ծանոթանում է 1814 թվականին Սփաունի միջոցով[27]։
Երաժշտագետ Մեյնարդ Սողոմոնը ենթադրել է, որ Շուբերտին դուր էին գալիս տղամարդիկ, մի տեսակետ, որը ժամանակ առ ժամանակ թեժ վեճերի տեղիք է տվել[28][29][30]։ Երաժշտագետ, շուբերտագետ Ռիտա Ստեբլինը հայտարարել է, որ Շուբերտը տարված է եղել կանանցով[31]։ Հոմոսեքսուալության թեման իր ազդեցությունն է թողել գիտական աշխատանքներում նրա ստեղծագործությունների վերլուծման վրա[32]։
Ընկերների աջակցություն
խմբագրելՇուբերտի կյանքում նշանակալից փոփոխություններ են կատարվել 1816 թվականին. Շոբերը, ով ուսանող էր և բարեկեցիկ ընտանիքի զավակ, Շուբերտին հրավիրում է իր մոր տուն` իր հետ կիսելու սենյակը։ Առաջարկը ձեռնտու էր Շուբերտի համար, քանի որ նոր էին մերժել Լայբախում կապելմայստեր լինելու նրա դիմումը, և նա որոշել էր չստանձնել հոր դպրոցում կրկին դասավանդելու պարտավորությունը։ Տարեվերջին նա տեղափոխվում է Շոբերի մոտ։ Որոշ ժամանակ նա փորձում է իր կարիքները հոգալ երաժշտության դասեր տալով, սակայն շուտով թողնում է դրանք` նվիրվելով կոմպոզիցիային. «Ես ստեղծագործում եմ ամեն առավոտ, և երբ մի մասը պատրաստ է լինում, անցնում եմ մյուսին»[33]։ Այդ թվականին նա կենտրոնանում է նվագախմբային ու երգչախմբային ստեղծագործությունների վրա, չնայած շարունակում է նաև լեդեր գրել[34]։ Այս աշխատանքների մեծ մասը չի հրատարակվում, սակայն ձեռագրերը տարածվում են ընկերների ու երկրպագուների շրջանում[35]։
1817 թվականի սկզբին Շոբերը Շուբերտին ներկայացնում է հայտնի բարիտոն Յոհան Միխայիլ Ֆոգլին, ով քսան տարով մեծ էր Շուբերտից։ Ֆոգլը, ում համար Շուբերտը շարունակում էր շատ երգեր գրել, դառնում է կոմպոզիտորի ստեղծագործության քարոզիչներից մեկը Վիեննայի երաժշտական շրջանակներում։ Նա նաև հանդիպում է Յոզեֆ Հյուտենբրեների հետ (Անսելմի եղբայրը), ով նույնպես իր դերն է ունեցել Շուբերտի ստեղծագործական կյանքի զարգացման գործում[36]։ Շուբերտի ընկերների մեծացող շրջանակը պատասխանատու դարձավ նրա զարգացման, իսկ մահից հետո` ստեղծագործությունների պահպանման գործում[37]։
1817 թվականի վերջին Շուբերտի հայրը նոր պաշտոն է ստանձնում Լիխենտալից ոչ հեռու գտնվող Ռոսաուի (այժմ` Ալզերգրունդ) դպրոցում։ Ֆրանց Շուբերտը միանում է հորը` դարձյալ զբաղվելով իր համար ոչ հրապուրիչ դասավանդումով։ 1818 թվականի սկզբին նա վտարվում է դպրոցից Վիեննայի երաժշտասերների ընկերությանը (Gesellschaft der Musikfreunde) անդամակցելու համար. անդամակցումը կարող էր նպաստել նրա երաժշտական կարիերային[38]։ Շուբերտը մեծ ուշադրության է արժանանում մամուլի կողմից, և առաջին հրապարակային ելույթը, որ 1818 թվականի փետրվարին էր կայացել ուվերտյուրայի կատարմամբ, գովեստի է արժանանում մամուլի կողմից Վիեննայում և արտասահմանում[39]։
1818 թվականի ամառը Շուբերտը` որպես երաժշտության ուսուցիչ, անցկացնում է կոմս Յոհան Կարլ Էստերհազիի տանը` Զելիզի նրա դղյակում (երկայումս` Ժելեզովցե, Սլովակիա)։ Վճարը համեմատաբար լավ էր, իսկ պարտականությունը` դաշնամուր ու երգեցողություն դասավանդել կոմսի երկու դուստրերին, համեմատաբար հեշտ, ինչը նրան հնարավորություն էր տալիս ստեղծագործելու։ Շուբերտը, հնարավոր է, իր «Դո մաժոր ռազմական քայլերգը» (D. 733 no. 1), ի լրումն դաշնամուրային այլ դուետների, գրել է Մարիի ու Կարոլինայի համար[40]։ Զելիզից վերադառնալուց հետո նա հաստատվում է ընկերոջ` Մայերհոֆերի հետ[38]։
1820-ական թվականների սկզբին Շուբերտը դառնում է արտիստների և ուսանողների շրջանակի անդամ, որը հետագայում հայտնի է դարձել «Շուբերտիադե» (Schubertiade) անունով։ Ընկերների նեղ շրջանակը, որը հարում էր կոմպոզիտորին, 1820 թվականի սկզբին հարված է ստանում. Շուբերտը և իր չորս ընկերները ձերբակալվում են ավստրիական ոստիկանության կողմից (Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմներից հետո) հակահեղափոխական գուրծունեության և երիտասարդների ու ուսանողների հավաքներին մասնակցելու մեղադրանքով։ Շուբերտի ընկերներից մեկը` Յոհան Սենը, դատարանի վճռով բանտարկվեց մեկ տարով` հետագայում Վիեննա մտնելու իրավունքից զրկվելով։ Մնացած չորսը, ներառյալ` Շուբերտը, խիստ նկատողության են արժանանում «աստիճանավորների հետ անհարգալից ու վիրավորական տոնով խոսելու համար»[41]։ Սենին այլևս երբեք չտենելով` Շուբերտը նրա բանաստեղծություններից երկուսի համար երաժշտություն է գրում (Selige Welt (D. 743) և Schwanengesang (D 744))։ Այս միջադեպը, հնարավոր է, իր դերն է խաղում Մայերհոֆերի հետ հարաբերությունների վատթարացման գործում, ում հետ ապրում էր Շուբերտն այդ ժամանակ[42]։
Շուբերտի ընկերները նրան անվանում են Շվամերլ, որը Գիբսը նկարագրում է որպես «գեր» կամ «փոքր սունկ» բառերի թարգմանություն. Շուբերտը ցածրահասակ էր, ուներ 1.52 մ հասակ։ «Շվամը» ավստրիական բարբառներից մեկում նշանակում է սունկ, իսկ «երլ» վերջավորությունը փոքրացնում է այն։
Երաժշտական հասունության շրջան
խմբագրել1819-1820 թվականների ստեղծագործությունները վկայում են Շուբերտի զարգացման ու ոճի հասունության մասին[43]։ «Լազարուս» (D. 689) անավարտ օրատորիան նա սկսել է գրել փետրվարին, ինչին հաջորդել են բազմաթիվ փոքրածավալ ստեղծագործություններ` «Der 23. Սաղմոս» (D. 706), «Gesang der Geister über den Wassern» (D. 714) օկտետ, C մինոր կվարտետ (D. 703) ) և «Թափառականի ֆանտազիա» C մաժոր դաշնամուրի համար (D. 760)։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Շուբերտի` 1820 թվականին գրած երկու օպերաները` «Երկվորյակները» (Die Zwillingsbrüder, D. 647), որը հունիսի 14-ին ներկայացվել է Վիեննայի Կերնտներտոր թատրոնում, և «Կախարդական քնարը» (D. 644), որը օգոստոսի 21-ին ներկայացվել է Ան դեր Վին թատրոնում[44]։ Մինչ այդ Շուբերտի առավել խոշոր կոմպոզիցիաները, բացի մեսաներից, սահմանափակվում էին Գունդելհոֆի սիրողական նվագախմբի կատարումով, որը ձևավորվել էր ընտանեկան քառյակից։ Այժմ արդեն նա նկատելի տեղ էր զբաղեցնում` ներկայանալով լայն հասարակությանը[44]։ Հրատարակիչները, սակայն, շարունակում էին հեռու մնալ կոմպոզիտորի ստեղծագործությունների հրատարակումից, իսկ Անտոն Դիաբելին տարակուսանքով համաձայնել է մի քանի գործ տպագրել[45]։ Առաջին 7 գործերը` բոլորն էլ երգեր, ընդունվում են այս ժամանակ, ինչի դիմաց նա ստանում է խղճուկ հոնորար։ Իրավիճակը փոքր-ինչ բարելավվում է 1821 թվականի մարտին, երբ Ֆոգլը համերգներից մեկի ժամանակ կատարում է «Der Erlkönig» (D. 328) ստեղծագործությունը, ինչը շատ լավ է ընդունվում[46]։ Այդ ամիս Շուբերտը գրում է Դիաբելիի վալսի (D 718) վարիացիան` դառնալով 50 կոմպոզիտորներից մեկը, ով իր ներդրումն է ունեցել Դիաբելիի թեմաներով վարիացիա ստեղծելու գործում։
Երկու օպերաներից հետո Շուբերտը առավել քան երբևէ տարվում է բեմով, որտեղ, մի շարք հանգամանքներով պայմանավորված, նա հաջողության չէր արժանացել։ 1822 թվականին մերժվում է «Ալֆոնսո և Էստրելա» գործը մասամբ լիբրետոյի պատճառով (լիբրետոյի հեղինակը Շուբերտի ընկերն էր` Ֆրանց ֆոն Շոբերը)[47]։ «Ֆիերաբրասը» (D 796) մերժվում է 1823 թվականի աշնանը, սակայն դա որոշ առումով կապված էր Ռոսսինիի գործերի և իտալական ոճի տարածումով և Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Էվրիանթ» օպերայի անհաջողությամբ[48]։ «Դավադիրները» (The Conspirators, D 787) արգելվում է գրաքննադատության կողմից (հավանաբար անվանման պատճառով), իսկ «Ռոզամունդա` Կիպրոսի արքայադուստր» (D 797) պիեսը ցածր որակի պատճառով հանվում է երկու ներկայացումից հետո[49]։ Այս աշխատանքներից առաջին երկուսը գրված են բավական բարդ եղանակով. օրինակ` «Ֆիերաբրասի» ձեռագիրը կազմում է 1.000 էջ, սակայն «Դավադիրները» գրավիչ կատակերգություն է, իսկ «Ռոզամունդան» Շուբերտի երբևէ ստեղծած ամենահրաշալի մեղեդային կտորներն է պարունակում։
1822 թվականին նա ծանոթանում է Վեբերի և Բեթհովենի հետ։ Ասում են, որ Բեթհովենը մի քանի անգամ ընդունել է երիտասարդի նվերները, սակայն դրանցից շատերը հավանաբար լեգենդ են, և իրականում նա չէր կարող իմանալ Շուբերտի երաժշտության իրական մթնոլորտը, հատկապես ոչ գործիքային երաժշտությունը, քանի որ դրանք քիչ են հրատարակվել ու կատարվել կոմպոզիտորի կենդանության օրոք։ Ասում են, որ մահվան մահճում Բեթհովենը, թերթելով երիտասարդ կոմպոզիտորի որոշ գործեր, բացականչել է. «Իսկապես, աստվածային հանճարի կայծ կա այս Շուբերտի ստեղծագործություններում»[50]։
Վերջին տարիներ և գլուխգործոցներ
խմբագրելՉնայած բեմի, ապա նաև ծառայողական պարտականությունների հանդեպ հետաքրքրությանը`Շուբերտն այս տարիների ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ գրելու ժամանակ է գտնում։ Նա ավարտին է հասցնում A-flat Major (D. 678) մեսան և 1822 թվականին ավելի վճռականորեն անցնում աշխատանքի` անավարտ սի մինոր սիմֆոնիային (D. 759)։ Պատճառը, որի համար Շուբերտն անավարտ է թողել այն երկու մաս ու էսքիզ գրելուց հետո, էնիգման է։ Հետաքրքիր է, որ կոմպոզիտորը իր ընկերներից ոչ մեկի մոտ չի հիշատակել սիմֆոնիայի մասին, չնայած ինչպես նշում է Բրայան Նյուբոլտը, նրան պետք է որ հուզեր այն, ինչն արդեն գրել էր։ Իրադարձությունն անընդհատ քննարկվել է` առանց որոշակի լուծում գտնելու։
1823 թվականին Շուբերտը, «Ֆիերաբրասից» բացի, գրել է նաև երգերի իր առաջին մեծ շարքը` «Չքնաղ ջրաղացպանը» (գերմ.՝ Die schöne Müllerin) (D. 795) Վիլհելմ Մյուլերի բանաստեղծությունների հիման վրա[51]։ Այս շարքը ավելի ուշ գրված «Ձմեռային ճանապարհ» (Winterreise) (D. 911) շարքի հետ նրա ստեղծած լավագույն երգերից է[52]։ «Դու աշխարհն ես» (D. 776) երգը նույնպես ստեղծվել է այդ նույն թվականին, երբ առաջին անգամ նրա մոտ ի հայտ են եկել սիֆիլիսի նշաններ[53][54]։
1824 թվականին Շուբերտը գրել է «Մի մինոր վարիացիան» ֆլեյտայի և դաշնամուրի համար, «Չքնաղ ջրաղացպանը» շարքի մի երգ և լարային քառյակի համար մի քանի գործեր։ Նա գրել է նաև Լյա մինոր սոնատը արպեջիոնեի և դաշնամուրի համար (D. 821) այն ժամանակ, երբ ընդունված էր այդ գործիքի մինորային հնչողությունը[55]։ Նույն թվականի գարնանը նա գրում է Ֆա մաժոր օկտետը (D.803), կատարում է «Մեծ սիմֆոնիայի» էսքիզը, իսկ ամռանը վերադառնում է Զելիզ։ Նա տարվում է հունգարական երաժշտությամբ, գրում է Divertissement à la hongroise ստեղծագործությունը դաշնամուրային դուետի համար (D. 940)։ Ասում են, որ Շուբերտը սիրո անհույս զգացմունք է տածել իր աշակերտուհու` կոմսուհի Կարոլինա Էստերհազիի նկատմամբ, սակայն միակ գործը, որ նվիրել է նրան, «Ֆանտազիա ֆա մինոր» դուետն է դաշնամուրի համար[56]։ Նրա ընկերը` Էդուարդ ֆոն Բաուերնֆելդը, գրել է բանաստեղծություն` նվիրված Շուբերտի անպատասխան սիրուն։
In love with a Countess of youthful grace,
—A pupil of Galt's; in desperate case
Young Schubert surrenders himself to another,
And fain would avoid such affectionate pother[57]
Նախորդ տարիների զրկանքները փոխհատուցվում են 1825 թվականի բարեկեցությամբ ու երջանկությամբ։ Արագ ընթացք է ունենում նրա գործերի հրատարակումը, և ամռանը նա հնարավորություն է ստանում արձակուրդը Վերին Ավստրիայում անցկացնելու, որտեղ նրան խանդավառությամբ են ընդունում։ Այս ուղևորության ընթացքում Շուբերտը գրում է յոթ երգից բաղկացած շարք` Fräulein am See, որը հիմնված էր Վալտեր Սքոթի «Լճերի տիրուհի» ստեղծագործության վրա։ Շարքում ընդգրկված էր «Էլենի երրորդ երգը» (հայտնի է նաև Շուբերտի «Ավե Մարիա» անունով) (D. 839, Op. 52, No. 6)։ Երգի խոսքերը Սքոթի բանաստեղծության գերմաներեն թարգմանությունն է Ադամ Սթորքի կողմից, ում այդ թարգմանությունը հետագայում սխալմամբ համարվել է Ավե Մարիա կաթոլիկ աղոթքի բնագիրը։ Բնագիրը սկսվում է Ավե Մարիա արտահայտությամբ, որը հետագայում կրկնվում է կրկներգում[58]։ 1825 թվականին Շուբերտը գրում է Լյա մինոր դաշնամուրային սոնատը (D 845, առաջին անգամ հրատարակվել է որպես 42) և սկսում է Դո մաժոր սիմֆոնիան, որն ավարտում է հաջորդ տարի[59]։
1826-1828 թվականներին Շուբերտը բնակություն է հաստատում Վիեննայում` այդ ընթացքում 1827 թվականին ուղևորվելով Գրաց։ Այս երեք տարիների կյանքը համեմատաբար միապաղաղ է անցնում։ 1826 թվականին նա գրում է իր № 9 սիմֆոնիան (D. 944, հետագայում ստացել է «Մեծ D մաժոր» անունը), որը նվիրում է Երաժշտասերների ընկերությանը` դիմացը հոնորար ստանալով[60]։ 1828 թվականի գարնանը իր կարիերայի ընթացքում միակ անգամ նա տալիս է հրապարակային համերգ` բաղկացած սեփական աշխատանքներից[61]։ Համերգը լավ ընդունելության է արժանանում։ Շուբերտի ստեղծագործությունների անվանումները գաղափար են տալիս նրա կենսագրությունից։ № 14 ռե մինոր լարային քառյակը (D. 810), «Մահը և աղջիկը» վարիացիայի հետ գրվել է 1825-1826 թվականների ձմռանը և առաջին անգամ կատարվել 1826 թվականի հունվարի 25-ին։ Նույն թվականին՝ ավելի ուշ, գրվել են № 15 սոլ մաժոր լարային քառյակը (D 887, առաջին հրատարակվել է որպես op. 161), B մինոր ռոնդոն ջութակի ու դաշնամուրի համար (D. 895), Սոլ մաժոր դաշնամուրային սոնատը (D 894, առաջին հրատարակվել է որպես G, op. 78)։ Սրանց ավելանում են նաև շեքսպիրյան երեք երգերը, այդ թվում` "Ständchen" (D. 889) և "An Sylvia" (D. 891), որոնք գրվել են նույն օրը, երբ միջօրեի զբոսանքից հետո նա վերադարձել է պանդոկ[62]։
1827 թվականին Շուբերտը գրում է երգերի «Ձմեռային ճանապարհ» շարքը (D. 911), որը մի նոր բարձունք էր երգարվեստի մեջ, «Ֆանտազիա դո մաժորը» ջութակի ու դաշնամուրի համար (D. 934), «Էքսպրոմտը» դաշնամուրի համար և դաշնամուրային երկու տրիո (առաջինը` B-մաժոր (D. 898), երկրորդը` E-flat major, (D. 929))[63]։ 1828 թվականին կոմպոզիտորը Ֆրանց Գրիլպալցերի խոսքերի հիման վրա գրում է «Միրիամի հաղթանակի երգը» (D 942), E-flat major մեսան (D. 950), «Tantum Ergo»-ն (D. 962), Դո մաժոր լարային քառյակը, դո մաժոր «Բենեդիկտ» մեսան (D.452), եզրափակիչ երեք սոնատները դաշնամուրի համար (D.958, D.959 и D.960) և 13 երգերից բաղկացած շարքը, որը հայտնի է «Կարապի երգ» անվանումով[64]։ Այս հավաքածուն, չնայած լայն առումով երգերի շարք չէ, պահպանում է առանձին երգերի միասնությունը` ներկայացնելով հուզիչ ողբերգություն։ Այս երգերից վեցը գրվել են Հայնրիխ Հայնեի բանաստեղծությունների խոսքերով, ում բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել էր աշնանը։ Դո մաժոր սիմֆոնիան (D. 944) թվագրվում է 1828 թվականին, սակայն երաժշտագետները կարծում են, որ այն գրվել է 1825-1826 թվականներին։ Շուբերտը կյանքի ընթացքում հազվադեպ է վերանայել իր ծավալուն գործերը։ Այն ժամանակ, երբ Բեթհովենի գործերը Վիեննայի նվագախումբը համարել էր նվագելու համար անհարմար, Շուբերտը ձեռնամուխ է լինում նոր Դո մաժոր սիմֆոնիայի ստեղծմանը (D 936A)[65][66]։
Շուբերտի վերջին երկու տարիների աշխատանքը ցույց է տալիս, որ կամպոզիտորն ավելի ու ավելի է հակվում մարդկային հոգեբանության մութ կողմերին և մարդկային հարաբերություններին` հոգևորի և սահմանայինի ավելի խոր գիտակցումով։ Այս շրջանի մի քանի երգերում, հատկապես շարքերում, նա արտասովոր խորության է հասնում։ Օրինակ` «Երկվորյակ» (Der Doppelgänger, D 957, No. 13) երգում անսովոր լուծման է հասնում` փոխանցելով անխուսափելի մահվան անմտությունը, երկրային ճամփորդության վերջը։ Բառերի ու հնչյունների ուժեղ ու հեռատես պատկերը նախորոշվել էին դեռևս մեկ տարի առաջ գրված «Լիրիկական մարդը» (Der Leiermann, D 911, No. 24) գործում, «Ձմեռային ճանապարհ» շարքի վերջում։ Նույնիսկ մեծածավալ գործերում նա երբեմն կիրառել է հազվագյուտ կառուցվածք. դա նկատելի է Ռե մաժոր սիմֆոնիայում (D 936A), որը հավանաբար գրել է կյանքի վերջին ամիսներին։ Այս գործում նա անընդունելի է համարում Գուստավ Մալերի` բանահյուսական երգերի կիրառումը հարմոնիայի տեսանկյունից[67]։ Հիվանդության մահճում Շուբերտը ցանկություն է արտահայտել զարգացնելու հարմոնիայի ու կառուցվածքի մասին իր ունեցած գիտելիքների պաշարը` ցանկանալով դասեր առնել ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտության տեսաբան Սիմոն Զեխտերից[68]։
Հիվանդություն և մահ
խմբագրելՍտեղծագործական բուռն գործունեության ընթացքում վատանում է Շուբերտի առողջությունը։ Նրա մահվան պատճառը պաշտոնապես ընդունվել է որովայնային տիֆը, սակայն առաջարկվել են նաև այլ վարկածներ` ներառյալ երրորդ աստիճանի սիֆիլիսը։ 1820-ական թվականների վերջերին նրա առողջությունը քայքայվում է, և նա որոշ ընկերների խոստովանել է, որ մոտ է իր մահը[69]։ 1828 թվականի ամռան վերջին կոմպոզիտորը տեսնում է պալատական բժշկին` Էրնստ Ռինին, ով հավանաբար հաստատել է նրա մոտալուտ մահը[70]։ Շուբերտի մահվան որոշ ախտանիշեր համապատասխանում են սնդիկով թունավորման ախտանշաններին (սնդիկն այն ժամանակ սիֆիլիսը բուժելու տարածված միջոց էր, ինչը ևս մեկ անգամ վկայում է նրա հնարավոր հիվանդության մասին)[71]։ Նոյեմբերի սկզբին նրա առողջությունը վատանում է. երգահանը տառապում է ուժեղ գլխացավերից, տենդից, այտուցված անոթներից։ Նա գրեթե անկարող էր սնունդ ընդունելու։ Շուբերտը մահացել է 1828 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում, 31 տարեկան հասակում։ Երաժշտական վերջին ստեղծագործությունը, որ նա ցանկացել է լսել, Բեթհովենի № 14 լարային քառյակն էր (C-sharp minor, Op. 131)։ Նրա ընկեր, ջութակահար Կարլ Հոլցը, ով ներկա է եղել Շուբերտի մահից հինգ օր առաջ կազմակերպված հավաքին, մեկնաբանել է. «Հարմոնիայի արքան երգի արքային բարեկամական առաջարկ է ուղարկել կյանքի ու մահվան քառուղիներում»[72]։ Նա Բեթհովենի հետ էր, ումով հիացել էր ողջ կյանքի ընթացքում։
Շուբերտն իր իսկ խնդրանքով թաղվել է Վերինգ գյուղում (ներկայումս` Վիեննայի 18-րդ շրջանը)[73]։ Մահվանից մեկ տարի առաջ նա Բեթհովենի թաղման ջահակիրն էր։
1872 թվականին Վիեննայի Շտադպարկում կանգնեցվել է Շուբերտի արձանը[73]։ 1888 թվականին Շուբերտի ու Բեթհովենի գերեզմանները տեղափոխվել են Վիեննայի Կենտրոնական գերեզմանատուն, որտեղ էլ ներկայումս գտնվում են Յոհան Շտրաուսի ու Յոհաննես Բրամսի գերեզմանների կողքին[74]։ Վերինգի գերեմանատունը 1825 թվականին վերափոխել են զբոսայգու, որը կրում է Ֆրանց Շուբերտի անունը, իսկ Շուբերտի նախկին գերեզմանի տեղում տեղադրել են նրա կիսանդրին։ Նրա վրա գրված է հետևյալ մակագրությունը. «Երաժշտական արվեստն այստեղ ամփոփել է անգին գանձ, բայց և բազում այլ գեղեցիկ հույսեր» ։
,,Die Tonkunst begrub hier einen reichen Besitz, aber noch viel schönere Hoffnungen"
Ստեղծագործություն
խմբագրելՇուբերտն իր երաժշտական կարճատև կյանքի ընթացքում հեղինակել է մոտ 1.500 աշխատանք։ Նրա շնորհիվ երգի ժանրը ձեռք է բերել գեղարվեստական ձև, հարստացել է համերգային վոկալ երաժշտությունը, ստեղծվել է երգի նոր տեսակ։
Շուբերտն իր լավագույն երգերը կրել է Վիլհելմ Մյուլլերի բանաստեղծությունների տեքստերով («Գեղեցիկ ջրաղացպանուհին», «Ձմեռային ճանապարհ» երգաշարեր)։ Հայտնի է նաև «Կարապի երգը» ժողովածուն, որի բազմաթիվ երգեր («Սերենադ», «Ձկնորսուհին», «Ծովի ափին» և այլն) արժանացել են համաշխարհային ճանաչման։ Շուբերտը երգեր է գրել նաև Յոհան Վոլֆգանգ Գյոթեի («Անտառի արքա», «Վայրի վարդը»), Հայնրիխ Հայնեի («Երկվորյակ»), Ֆրիդրիխ Շիլլերի («Աղջկա գանգատը») և այլ բանաստեղծների խոսքերով։ Նրա երգերը բարձր է գնահատել Բեթհովենը։
Թեև Շուբերտի շուրջ ձևավորվել էր ընկերների ու մտերիմների շրջապատ, որը հիանում էր իր ստեղծագործություններով, իր կյանքի ընթացքում նրա երաժշտությունը չէր վայելում լայն ճանաչում։ Նրան երբեք չհաջողվեց ընդունվել մշտական աշխատանքի և ապահովել իր համար վաստակի կայուն աղբյուր, ստիպված էր ապավինել իր ընկերների և ընտանիքի օժանդակությանը։ Որոշ ոչ կանոնավոր վաստակ էին ապահովում իր երաժշտական գործերի հրատարակումը և երաժշտության մասնավոր դասերը։
Շուբերտի երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը արմատապես աճել է նրա մահվանից անցած տասնամյակների ընթացքում։ 19-րդ դարում նրա ստեղծագործությունները բացահայտել, հավաքել և տարածել են այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Ֆերենց Լիստը, Ռոբերտ Շումանը և Ֆելիքս Մենդելսոնը։ Շուբերտն այսօր համարվում է Արևմուտքի դասական լավագույն երգահաններից մեկը։
Շուբերտը գրել է նաև սիմֆոնիկ և դաշնամուրային երաժշտություն. ֆանտազիաներ (Դո մաժոր, Ֆա մինոր), էքսպրոմտներ, երաժշտական ակնթարթներ, սոնատներ, նվագախմբային ուվերտյուրաներ։ Կոմպոզիտորը 9 սիմֆոնիայի հեղինակ է (յոթը` լիովին ավարտուն), որոնցից առավել հայտնի են Չորրորդը՝ «Ողբերգականը», Հինգերորդը և Ութերորդը՝ «Անավարտը», որը երկմասանոց քնարադրամատիկական երկ է և աչքի է ընկնում հոգեբանական խորությամբ։ Իններորդ սիմֆոնիայում գերակշռում են ժողովրդական-էպիկական կերպարները։ Հանրահայտ են նրա բազմաթիվ կամերային ստեղծագործությունները, որոնցից ամենատարածվածը «Ֆորել» դաշնամուրային կվինտետն է։ 22 կվարտետից առավել նշանավոր են Լյա մինորը, Ռե մինորը և Սոլ մաժորը։ Մոտ 50 գործ, այդ թվում` որոշ անավարտ գործեր, գրել է դաշնամուրային դուետի համար։ Շուբերտը հեղինակել է 7 մեսա, մեկ օրատորիա, մեկ ռեքվիեմ։
Շուբերտի դաշնամուրային սոնատներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանություններով։ Նրա «Թափառաշրջիկը» ֆանտազիան կանխորոշել է Ֆերենց Լիստի սիմֆոնիկ պոեմների կառուցվածքը, իսկ դաշնամուրային «Էքսպրոմտները» և «Երաժշտական ակնթարթները»՝ Ֆրեդերիկ Շոպենի և Ֆերենց Լիստի դաշնամուրային երաժշտության բնորոշ գծերը։ Շուբերտը գրել է նաև օպերաներ («Ալֆոնսո և Էստրելլա», «Ֆիերաբրաս», «Էգինհարդ և Էմմա» և այլն), օպերետներ («Հայելու ասպետը», «Ֆեռնանդո» և այլն), պոլոնեզներ, նախերգանքներ, քայլերգեր, պարեր և այլ գործեր։
Շուբերտի ստեղծագործությունը սերտորեն առնչվում է ավստրիական ժողովրդական արվեստին և լայնորեն տարածվել է երկրում, թեև ժողովրդական թեմաներ հազվադեպ է օգտագործել։ Նա իր երկերում կարևորել է հարմոնիայի և գործիքավորման գունեղությունը։ Լինելով վիեննական դասական դպրոցի ավանդույթների հետևորդ՝ Շուբերտն արևմտաեվրոպական երաժշտության մեջ հայտնի է նաև որպես նորարար։ Ինչպես բոլոր վիեննական դասականների, այնպես էլ Շուբերտի երկերն առանձնանում են կերպարների հարստությամբ, թեմաների և իրադարձությունների լայն ընդգրկումով։
Կոմպոզիտորի բազմաթիվ գործեր կատարվել են նրա մահից տասնամյակներ անց. Դո մաժոր սիմֆոնիան ամբողջությամբ հնչել է 1839 թվականին՝ Ֆելիքս Մենդելսոնի ղեկավարությամբ, իսկ «Անավարտը»՝ 1865 թվականին։
Ոճ
խմբագրել1947 թվականի հուլիսին ավստրիացի կոմպոզիտոր Էռնստ Կշենեկը, քննելով Շուբերտի ոճը, ասել է, որ նախկինում ինքը «կիսում էր լայն տարածում ունեցող կարծիքն այն մասին, որ Շուբերտը հաճելի մեղեդիների հաջող ստեղծող է` զուրկ լինելով դրամատիկ ուժից ու մտքի որոնումից, ինչը բնորոշ է այնպիսի վարպետների, ինչպիսիք են Բախն ու Բեթհովենը»։ Սակայն Կշենեկը գրում է, որ ընկերոջ` կոմպոզիտոր Էդվարդ Էրդմանի հորդորով Շուբերտի ստեղծագործությունները մանրազնին ուսումնասիրելուց հետո, մատնանշելով դաշնամուրային սոնատները, համոզիչ փաստարկներ է բերում այն մասին, որ «[Շուբերտը] շատ ավելին է, քան հասարակ մշակողը, ով հոգ չի տարել կոմպոզիցիայի կառուցվածքի մասին»։ Թվում է, թե ամեն սոնատ տպագրումից հետո բացահայտում է տեխնիկական կառուցվածքի մեծ հարստությունը և ցույց տալիս, որ «Շուբերտը հեռու է եղել բավարարվածության զգացումից` իր հրաշալի գաղափարները հասարակ կաղապարներով իրագործելով, ընդհակակը, նա եղել է մտածող արվեստագետ` նուրբ ճաշակով և փորձարարական հակումներով»[75]։
Գործիքային և եկեղեցական երաժշտություն, բեմի համար գործեր
խմբագրելՇուբերտի «փորձարարական հակումները» բազմիցս դրսևորվել են նրա արվեստում, ամենատարբեր ձևերով ու ոճերով` ներառյալ օպերան, հոգևոր ու կամերային երաժշտությունը, դաշնամուրային ու սիմֆոնիկ աշխատանքները։ Հնարավոր է, նրա փորձարարությունը մոդուլյացիայի ինքնատիպ զգացողություն է, ինչպես, օրինակ, լարային կվինտետի (D. 956) երկրորդ մասը, որտեղ նա E մաժորի տոնային բանալուն հասնելու համար E մաժորից խաղարկում է մինչև F մինոր[76]։ Փորձարարությունը դրսևորվում է նաև գործիքների անսովոր ընտրության մեջ, օրինակ` Լյա մինոր սոնատը արպեջիոնեի և դաշնամուրի համար (D. 821) կամ էլ կվինտետի ոչ ավանդական հաշվարկումը (D. 667)։
Չնայած այն բանին, որ Շուբերտի վրա ակնհայտ է Բեթհովենի և Մոցարտի դասական սոնատի ազդեցությունը (վաղ շրջանի ստեղծագործությունները և մասնավորապես 5-րդ սիմֆոնիան, հատկապես կրում են Մոցարտի ազդեցությունը), նրա ստեղծագործությունների կառուցվածքը, որպես կանոն, ավելի շատ մեղեդային զարգացման տպավորություն է թողնում, քան հարմոնիկ դրամայի[77]։ Դասական ձևի և երկարաշունչ ռոմանտիկ մեղեդու համադրությունը նրա ստեղծագործությանը ինքնատիպ ոճ է հաղորդում։ Ռոբերտ Շումանը «Մեծ սիմֆոնիան» (Great C major) բնորոշել է որպես «թռիչք դեպի երկնային տարածություն»[78]։ Շուբերտի հարմոնիկ նորամուծությունները պարունակում են շարժում, որոնցում առաջին մասն ավարտվում է սուբդոմինանտի բանալիով, ոչ թե դոմինանտով։ Շուբերտի արվեստը ռոմանտիկ թուլացված տեխնիկայի նախակարապետն էր. ստեղծագործության կենտրոնական մասում լարվածությունը չի բարձրանում, իսկ վերջնական լուծումը թողնված է ամենավերջում։
Լեդեր և գեղարվեստական երգեր
խմբագրելԼեդ (Lied) ժանրում Շուբերտն ունեցել է իր ամենամեծ ներդրումը։ Ամերիկացի երաժշտագետ Լեոն Պլանտինգան գրել է. «Իր ավելի քան վեց հարյուր լեդերում նա բացահայտել ու ընդարձակել է ժանրի հնարավորությունները, ինչպես իրենից առաջ ոչ մի կոմպոզիտոր չի արել»[79][80]։ Մինչև Շուբերտի ազդեցությունը լեդերը միտված էին կրկներգերի երաժշտությունը կայուն պահելուն և տեքստում բառերը չփոխելուն, ինչը բնորոշ է ժողովրդական ոճին. դա պայմանավորված էր ազգային ոգու բարձրացման ռոմանտիկ ալիքով։
Գյոթեի պոեզիայի մշակման արդյունքում ստեղծված «Անտառի արքա» (D. 328) և «Գրետհենը պտտվող անիվում» (D. 118) ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց դրամատիկ բովանդակությամբ, հարմոնիայի հեռանկարային կիրառմամբ և ստեղնաշարի խոսուն պատկերներով, ինչը «Գրետհենում» թողնում է պտտվող անիվի, իսկ «Անտառի արքայում»` քառատրոփ կատաղի վազքի տպավորություն[81]։ Նա գրել է երաժշտություն` օգտագործելով բազմաթիվ բանաստեղծների տեքստեր, իսկ ամենից շատ` Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի և Մայերհոֆերի տեքստերը։ Նա երգեր է գրել նաև Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Ռյուկերտի, Յոզեֆ ֆոն Այխենդորֆի և բազմաթիվ այլ բանաստեղծների տեքստերի հիման վրա։ Հատկապես առանձնանում են Շուբերտի երկու երգաշարերը` «Գեղեցիկ ջրաղացպանուհին» և «Ձմեռային ճանապարհ», որոնք ստեղծվել են Վիլհելմ Մյուլլերի բանաստեղծությունների հիման վրա։ Այս ստեղծագործությունները նպաստել են ժանրի կայացմանը` ցույց տալով նրա հնարավորությունները երաժշտության, բանաստեղծության և նույնիսկ օպերային դրամայի տեսանկյունից։ Շուբերտի վերջին երգաշարը, որ հրատարակվել է մահից հետո` 1828 թվականին Wiener Theaterzeitung ամսագրում, «Կարապի երգն» է (Schwanengesang), որ նույնպես նորարական դեր ունի գերմանական լեդերում. այնտեղ կիրառվել են տարբեր բանաստեղծների գործեր` Լյուդվիգ Ռելշտաբ, Հայնե և Յոհան Գաբրիել Սեյդլ։ Wiener Theaterzeitung ամսագրում «Ձմեռային ճանապարհ» երգի մասին գրվել է, որ «ոչ մեկը չէր կարող այդ երգը լսել` առանց խորապես հուզվելու»[82]։
Անտոնին Դվորժակը 1894 թվականին գրել է, որ Շուբերտը, ում ինքը համարել է մեծագույն կոմպոզիտորներից մեկը, մեծ ազդեցություն է թողել առավել փոքրածավալ աշխատանքների վրա, հատկապես լեդերի և դաշնամուրային ստեղծագործությունների։ «Ռոմանտիկ դպրոցը միտված էր կարճ ձևերին, և չնայած Վեբերը մատնանշել է ճանապարհը, Շուբերտը եղել է դաշնամուրային փոքրածավալ ստեղծագործությունների գլխավոր հիմնադիրը, որոնք գերադասում էր ռոմանտիկ դպրոցը[...]։ Շուբերտն իր լեդերով նոր դարաշրջան է հիմնել։ Մնացած բոլոր երգահանները հետևել են նրա թողած ավանդներին»[83]։
Հրատարակություն, տեղեկագիրք
խմբագրելԵրբ Շուբերտը մահացավ, նրա ստեղծագործություններից հրատարակվել էր մոտ 100 գործ` հիմնականում երգեր, դաշնամուրային ու կամերային որոշ աշխատանքներ[84]։ Փոքր գործերի հրատարակումը շարունակվել է հետագայում, սակայն ավելի մեծածավալ ստեղծագործությունների ձեռագրերը, որոնց գոյությունը լայնորեն հայտնի էր, մնացել են աշխատասենյակներում ու Շուբերտի ընտանիքի, ընկերների ու հրատարակիչների թղթապանակներում[85][86]։ Նույնիսկ Շուբերտի ընկերներից ոմանք չեն իմացել նրա ստեղծագործությունների իրական ծավալի մասին. տարիներ շարունակ կոմպոզիտորը ճանաչվել է որպես «երգի արքայազն», չնայած որոշ մեծածավալ գործեր նույնպես լավ ընդունելության են արժանացել[87]։ 1838 թվականին Ռոբերտ Շումանը Վիեննա կատարած այցի ժամանակ հայտնաբերում է Իններորդ սիմֆոնիայի (D. 944) փոշոտ ձեռագիրը և այն տանում Լայպցիգ, որտեղ այն կատարում է Ֆելիքս Մենդելսոնը և դրա մասին գրում Neue Zeitschrift für Musik (Երաժշտական նոր թերթ) թերթում։ Մոռացված ստեղծագործությունները հրապարակելու գործում կարևոր իրադարձություն է հանդիսանում Ջորջ Գրոուվի (հայտնի է Երաժիշտների ու երաժշտության բառարանով) և Արթուր Սալիվանի` Վիեննա կատարած ուղևորությունը 1867 թվականի աշնանը։ Նրանք մոռացումից փրկում են Շուբերտի յոթ սիմֆոնիաները, կամերային մի քանի գործեր, որոշ օպերաներ ու մեսաներ և մեծ քանակությամբ երգեր[86]։ Այդ ամենի հետևանքով լայն հասարակության ուշադրությունը կրկին սևեռվում է Շուբերտի ստեղծագործություններին[88]։
Լիակատար հրատարակություն
խմբագրել1884-1897 թվականին աշխարհի հնագույն Breitkopf & Härtel երաժշտական հրատարակչությունը հրատարակել է Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները, քննադատական հոդվածներ, որոնց թվում նաև Յոհաննես Բրամսի հոդվածները, ում գլխավորությամբ հրատարակվել էր Շուբերտի գործերի առաջին շարքը` բաղկացած ութ սիմֆոնիայից։ Bärenreiter հրատարակչությունը 20-րդ դարի երկրորդ կեսին ձեռնամուխ է եղել Շուբերտի գործերի նոր հրատարակությանը (New Schubert Edition)։
Գերմանական մատենագրություն
խմբագրելՔանի որ Շուբերտի կենդանության օրոք համեմատաբար քիչ գործեր են հրատարակվել, դրանցից ոչ բոլորն են համարակալված, իսկ համարակալված գործերն էլ դասավորված չեն հերթականությամբ։ Ավստրիացի երաժշտագետ Օտտո Էրիխ Դոյչը (1883-1967) հայտնի է Շուբերտի ստեղծագործությունների առաջին լիարժեք մատենացանկի կազմումով։ Այն առաջին անգամ հրատարակվել է անգլերեն 1951 թվականին (Շուբերտի թեմատիկ մատենացանկ)` հետագայում վերանայվելով 1978 թվականին գերմաներենով նոր հրատարակության համար (գերմ.՝ Franz Schubert: Thematisches Verzeichnis seiner Werke in chronologischer Folge, անգլ.՝ Franz Schubert: Thematic Catalogue of his Works in Chronological Order)։
Համարակալման հետ կապված խնդիրներ
խմբագրելՇփոթմունքն առաջացել է բավական վաղ` համեմատած Շուբերտի` ուշ շրջանի սիմֆոնիաների հետ։ Շուբերտի ավարտուն վերջին սիմֆոնիան Իններորդ սիմֆոնիան է (D 944), որը, կախված տարբեր հրատարակումներից, տպագրվել է 7-րդ, 8-րդ և 10-րդ համարի ներքո, իսկ անավարտ Ութերորդ սիմֆոնիան (D 759) տպագրվել է 7-րդ, 8-րդ և 9-րդ համարների ներքո։
Անգլալեզու աղբյուրներում սովորաբար կիրառվում է սիմֆոնիաների հետևյալ դասավորությունը.
- No. 7։ E մաժոր, D 729
- No. 8։ B մինոր, D 759 Unfinished
- No. 9։ C մաժոր, D 944 Great C major
- No. 10։ D մաժոր, D 936A
Ավելի մեծ շփոթմունք է առաջացել` կապված դաշնամուրային սոնատների համարակալման հետ, որոնք վերաբերում են № 15-23 սոնատներին, չնայած համարկալումն ավելի շատ կիրառվում է Շուբերտի սիմֆոնիաների և ոչ թե դաշնամուրային սոնատների նկատմամբ։
Ճանաչում
խմբագրելԱփսոսանքի զգացումը կոմպոզիտորի վաղաժամ մահվան կապակցությամբ (Շուբերտը մահացել է 31 տարեկան հասակում) արտահայտված է նրա տապանաքարի գրության մեջ, որի հեղինակը Շուբերտի ընկեր, բանաստեղծ Ֆրանց Գրիլպարցերն է. «Այստեղ երաժշտությունը թաղել է գանձ, բայց ավելի շատ անկատար հույսեր»[89]։ Շատերը համաձայն չէին այս կարծիքին` պնդելով, որ Շուբերտն իր կարճատև կյանքի ընթացքում էլ բազմաթիվ գլուխգործոցներ է ստեղծել, ուստի «անկատար հույսեր» արտահայտությունը տեղին չէ։ Այս կարծիքն են արտահայտել որոշ դաշնակահարներ, մասնավորապես` Ալֆրեդ Բրենդելը, ով խստորեն է արտահայտվել Գրիլպարցերի մակագրության մասին։
Շուբերտի կամերային երաժշտությունը շարունակում է հանրաճանաչ մնալ։ 2008 թվականի հոկտեմբերին Ավստրալիայում ABC-ի կազմակերպած հարցումների համաձայն` Շուբերտի երաժշտությունը գերակայում է այդ ոլորտում։ Ամենից տարածվածը Եռակի կվինտետն է (Trout Quintet), որին հաջորդում են Շուբերտի երկու այլ գործեր[90]։ Նյու Յորք Թայմս թերթի երաժշտական քննադատ Անտոնի Թոմասինին, ով Շուբերտին համարում էր մեծությամբ չորրորդ կոմպոզիտորը, նրա մասին գրել է.
Պետք է սիրել այս երիտասարդին, ով մահացել է 31 տարեկան հասակում, եղել է հիվանդ, աղքատ ու անտեսված` բացի ընկերական շրջապատից, ուր հիացած են եղել նրա հանճարով։ Նրա հարյուրավոր երգերը, այդ թվում «Ձմեռային ճանապարհ» երգաշարը, որը միշտ գրավել է երգիչներին ու հանդիսատեսին, մեր համերգային կյանքում կենտրոնական տեղ են զբաղեցնում։ Շուբերտի առաջին մի քանի սիմֆոնիաները կարող էին առաջընթաց ունենալ, սակայն առանձնահատուկ հիասքանչ են Անավարտ և Իններորդ սիմֆոնիաները։ Վերջինս ճանապարհ է հարթել Բրուքների ու համար ու կանխորոշել Գուստավ Մալերին[91]։ Բնօրինակ տեքստ (ռուս.)
You have to love the guy, who died at 31, ill, impoverished and neglected except by a circle of friends who were in awe of his genius. For his hundreds of songs alone – including the haunting cycle Winterreise, which will never release its tenacious hold on singers and audiences – Schubert is central to our concert life.... Schubert's first few symphonies may be works in progress. But the Unfinished and especially the Great C major Symphony are astonishing. The latter one paves the way for Bruckner and prefigures Mahler. |
Այլ կոմպոզիտորների գնահատականներ
խմբագրել1830-1870-ական թվականներին Ֆերենց Լիստը բացահայտել է Շուբերտի մի շարք գործեր, ինչը կարևոր խթան է հանդիսացել Շուբերտի մահից հետո նրա ստեղծագործությունների տարածման գործում։ Նա ասել է, որ Շուբերտը «երբևէ ապրած ամենապոետիկ երաժիշտն է»[92]։ Շուբերտի սիմֆոնիաները առանձնապես հետաքրքրել են Անտոնին Դվորժակին, իսկ Հեկտոր Բեռլիոզը և Անտոն Բրուքները ընդունել են Իններորդ սիմֆոնիայի ազդեցությունը իրենց ստեղծագործությունների վրա[93]։ Հատկապես Ռոբերտ Շումանը, 1838 թվականին Վիեննայում տեսնելով Իններորդ սիմֆոնիայի ձեռագիրը, Մենդելսոնի ուշադրությունն է հրավիրել նրա վրա, ով առաջին անգամ այն ներկայացրել է 1939 թվականին Լայպցիգում[94]։ 20-րդ դարում շատ կոմպոզիտորներ, այդ թվում` Անտոն Վեբերնը, Բենջամեն Բրիտտենը, Ռիխարդ Շտրաուսը, Ջորջ Քրամփը և Հանս Զենդերը իրենց հարգանքի տուրքն են մատուցել Շուբերտին ու նրա ստեղծագործությանը։ Փորձառու դաշնակահար Բրիտտենը, կատարել է Շուբերտի բազմաթիվ լեդեր, դաշնամուրային սոլո և դուետային գործեր[93]։
1977 թվականին գերմանական Kraftwerk էլեկտրոնային խումբը ձայնագրել է գործիքային երաժշտություն` այն անվանելով Ֆրանց Շուբերտ` որպես հարգանքի տուրք մեծ կոմպոզիտորին[95]։
Հիշատակ
խմբագրել1897 թվականի Շուբերտի ծննդյան 100-ամյա հոբելյանը երաժշտական աշխարհում տոնվել է փառատոներով, տարբեր ելույթներով` նվիրված նրա երաժշտությանը։ Վիեննայում կազմակերպվել է համերգային տասը օր, որտեղ ելույթ է ունեցել կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը` իր խոսքում Շուբերտին համարելով գեղարվեստական երգի հիմնադիր և Ավստրիայի սիրելի զավակներից մեկը[96][97]։ Կարլսրուե քաղաքում ներկայացվել է Շուբերտի «Ֆիերաբրաս» օպերան[98]։
1928 թվականին Եվրոպայում և ԱՄՆ-ում կազմակերպվել է Շուբերտի շաբաթ` նվիրված կոմպոզիտորի մահվան 100-ամյա տարելիցին։ Շուբերտի ստեղծագործությունները ներկայացվել են եկեղեցիներում, համերգասրահներում և ռադիոկայաններում։ Կազմակերպվել էր մրցույթ, որի ժամանակ Columbia Records-ի հովանավորությամբ սահմանվել էր 10.000 դոլար մրցանակ «ինքնատիպ սիմֆոնիկ ստեղծագործության համար, որտեղ ներկայացված կլինի Շուբերտի քնարական հանճարը և նվիրված կլինի նրա հիշատակին»[99]։ Հաղթող է ճանաչվել Կուրտ Ատերբերգի վեցերորդ սիմֆոնիան[99]։
Շուբերտի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
Շուբերտի պատվին կազմակերպվում են երաժշտությանը նվիրված տոնակատարություններ` Շուբերտիադաներ։
Դրսևորում կինոյում
խմբագրելՇուբերտի կերպարը ներկայացված է մի քանի ֆիլմերում։ Դրանցից են «Շուբերտի գարնանային երազանք» (1931), «Քնքուշ երգի հրապուրանք» (1933), «Մեծ զարթոնք» (1941), «Միայն սեր» (1947), «Սերենադ» (1940), «Ֆրանց Շուբերտ» (1953), «Das Dreimäderlhaus» (1958), «Նոկտյուրն» (1986)։
Ֆիլմագրություն
խմբագրելՇուբերտի ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ ֆիլմերում։ Ստորև ներկայացվում են որոշ ֆիլմեր։
Ֆիլմի անվանում | Ստեղծման տարեթիվ | Ռեժիսոր | Շուբերտի երաժշտություն |
---|---|---|---|
Ոսկե դարաշրջան | 1930 | Լուիս Բունյուել | Անավարտ սիմֆոնիա No. 8, B մինոր, D. 759 |
Ֆանտազիա | 1940 | Ուոլթ Դիսնեյ | Ավե Մարիա, Op. 52, No. 6 |
Կրիայի տունը | 1942 | Վիկտոր Ֆլեմինգ | Kyrie |
Գնդապետ Բլիմպի կյանքն ու մահը | 1943 | Մայքլ Փոուել, Էմերիկ Պրեսբուրգեր |
Անավարտ սիմֆոնիա No. 8, B մինոր, D. 759 |
Կրկնակի ապահովագրում | 1944 | Բիլլի Ուայլդեր | Անավարտ սիմֆոնիա No. 8, B մինոր, D. 759 |
Կարճ հանդիպում | 1945 | Դևիդ Լին | Ռազմական քայլերգ |
Մի հիասքանչ կիրակի | 1947 | Ակիրա Կուրոսավա | Աբավարտ սիմֆոնիա No. 8, B մինոր, D. 759[100] |
Դարձյալ գալիս է Բագս Բանին | 1948 | Ֆրիզ Ֆրիլինգ | "Անտառի արքան" |
Պատուհան դեպի բակ | 1954 | Ալֆրեդ Հիչքոք | Պարային երաժշտություն No. 2, G մաժոր (Ռոզամունդա ստեղծագործությունից) |
Բարի Լինդոն | 1975 | Սթենլի Կուբրիկ | Դաշնամուրային տրիո, E-flat մաժոր, Op. 100 (2-րդ մաս) Գերմանական պար No. 1, C մաժոր |
Մարաթոնյան վազորդ | 1976 | Ջոն Շլեզինգեր | "Հետաքրքրասերը" (Գեղեցիկ ջրաղացպանուհին ստեղծագործությունից) |
Ամառային գիշերվա սիրային կատակերգություն | 1982 | Վուդի Ալեն | Գեղեցիկ ջրաղացպանուհին, D. 795, No. 2։ |
Համայնապատկերով սենյակ | 1985 | Ջեյմս Այվորի | Դաշնամուրային սոնատ No. 4, A մինոր, D. 537 |
Ուիթնեյլը և ես | 1987 | Բրյուս Ռոբինզոն | Դաշնամուրային սոնատ, B-flat մաժոր, D. 960 |
Հանցանք ու հանցագործություն | 1989 | Վուդի Ալեն | Լարային քառյակ G մաժոր, Op. 161 (1-ին մաս), D. 887 |
Օրվա մնացորդը | 1993 | Ջեյմս Այվորի | "Sei mir gegrüßt", D. 741 |
Արեգակնային ճառագայթում | 1999 | Իշտվան Սաբո | Ֆանտազիա F մինոր դաշնամուրի համար, 4 ձեռքի համար Op.103, D. 940 |
Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ | 2011 | Գայ Ռիչի | "Die Forelle" ("The Trout"), Op. 32, D. 550 |
Տիկինը կառքում | 2015 | Նիկոլաս Հիթներ | Impromptu in G-flat major, Op. 90, No. 3 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Maurice J.E. Brown Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.geschichtewiki.wien.gv.at/Franz_Schubert
- ↑ 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Rita Steblin, "Franz Schubert – das dreizehnte Kind", Wiener Geschichtsblätter, 3/2001, 245–265.
- ↑ Wilberforce (1866), p. 2: "the school was much frequented"
- ↑ 8,0 8,1 Duncan (1905), p. 3
- ↑ Gibbs (2000), p. 25
- ↑ Maurice J. E. Brown , The New Grove Schubert, 0-393-30087-0, pp. 2–3
- ↑ Wilberforce (1866), p. 3
- ↑ 12,0 12,1 Gibbs (2000), p. 26
- ↑ Duncan (1905), pp. 5–7
- ↑ 14,0 14,1 Duncan (1905), p. 7
- ↑ Gibbs (2000), p. 29
- ↑ 16,0 16,1 Duncan (1905), p. 9
- ↑ Frost, p. 9
- ↑ Duncan (1905), p. 10
- ↑ 19,0 19,1 Duncan (1905), pp. 13–14
- ↑ Erich Benedikt, "Notizen zu Schuberts Messen. Mit neuem Uraufführungsdatum der Messe in F-Dur", Österreichische Musikzeitschrift 52, 1–2/1997, p. 64
- ↑ Steblin
- ↑ Gibbs (2000), p. 39
- ↑ Newbould (1999), p. 64
- ↑ Elizabeth Norman McKay (1996). Franz Schubert: a biography. Clarendon Press. էջ 308. ISBN 978-0-19-816523-1.
- ↑ Arthur Hutchings (1967). Church Music in the Nineteenth Century. London: Oxford University Press. էջ 166. ISBN 0837196957. «The unctuous style we hear every Christmas is found in church music by Schubert and the Chevalier Neukomm, both known in private letters to be agnostic.»
- ↑ Newbould (1999), p. 40
- ↑ Gibbs (1997), p. 108
- ↑ Solomon, M. (1989): "Franz Schubert and the peacocks of Benvenuto Cellini. 19th-Century Music 12, pp. 193–206.
- ↑ "Schubert: Music, Sexuality, Culture." 19th-Century Music, 1993, 17:3–101.
- ↑ "Schubert à la Mode", New York Review Of Books, 20 October 1994
- ↑ Steblin, Rita (1993): "The Peacock's Tale: Schubert's Sexuality Reconsidered." 19th-Century Music. Berkeley, California: Univ. of California Press, ISSN 0148-2076, ZDB-ID 4395712, T 17., 1, pp. 5–33; Steblin, Rita (1996), Babette und Therese Kunz: neue Forschungen zum Freundeskreis um Franz Schubert und Leopold Kupelwieser, Wien: Vom Pasqualatihaus. 3901254161; Steblin, Rita (1997): "Schubert's 'Nina' and the True Peacocks}". The Musical Times 138, pp. 13–19; Steblin, Rita (1998): Die Unsinnsgesellschaft: Franz Schubert, Leopold Kupelwieser und ihr Freundeskreis. Böhlau. 3-205-98820-5; Steblin, Rita (2001): "Schubert's Problematic Relationship with Johann Mayrhofer: New Documentary Evidence". Barbara Haggh (ed.): Essays on Music and Culture in Honor of Herbert Kellman. Paris-Tours: Minerve, pp. 465–495; Steblin, Rita (2008), "Schubert's Pepi: His Love Affair with the Chambermaid Josepha Pöcklhofer and Her Surprising Fate". The Musical Times, pp. 47–69.
- ↑ Horton, Julian "Schubert", Routledge, 2015, p66, Note 2
- ↑ Duncan (1905), p. 26
- ↑ McKay, p. 56
- ↑ Gibbs (2000), p. 44
- ↑ Newbould (1999), p. 66
- ↑ Duncan (1905), pp. 90–93
- ↑ 38,0 38,1 Newbould (1999) pp. 69–72
- ↑ Gibbs (2000), p. 59
- ↑ Newbould (1999), p. 235
- ↑ Gibbs (2000), p. 67
- ↑ Gibbs (2000), p. 68
- ↑ Hadow, William Henry (1911). «Franz Schubert». Encyclopædia Britannica. Vol. 24. London, New York: The Encyclopædia Britannica Company. էջ 380.
- ↑ 44,0 44,1 Austin (1873), pp. 46–47
- ↑ Wilberforce (1866), pp. 90–92
- ↑ Wilberforce (1866), p. 25
- ↑ Newbould (1999), p. 173
- ↑ Gibbs (1997), p. 228
- ↑ Gibbs (2000), p. 111
- ↑ Thayer, pp. 299–300
- ↑ Newbould (1999), p. 215
- ↑ Michael Dirda (2015 թ․ փետրվարի 4). «Ian Bostridge's 'Schubert's Winter Journey examines the composer's melancholy work». The Washington Post. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին. «Franz Schubert's Winterreise is the greatest, and the most bleakly melancholy, of all song cycles.»
- ↑ John Reed (1997 թ․ օգոստոսի 15). The Schubert Song Companion. Manchester University Press. էջեր 208–9. ISBN 978-1-901341-00-3.
- ↑ Newbould (1999), p. 210
- ↑ Newbould (1999), pp. 221–225
- ↑ Newbould (1999), p. 218
- ↑ Duncan (1905), p. 99
- ↑ Emmons, p. 38
- ↑ Newbould (1999), p. 228
- ↑ Newbould (1999), p. 254
- ↑ Newbould (1999), pp. 265–266
- ↑ Smith & Carlson, p. 78
- ↑ Newbould (1999) pp. 261–263
- ↑ Newbould (1999) pp. 270–274
- ↑ Newbould (1999), p. 385
- ↑ Gibbs (1997), p. 202
- ↑ Newbould (1999) ibid, and comments in the liner notes to the cd recording issued on Hyperion Records
- ↑ Schonberg, p. 130
- ↑ Brian Newbould, 1999, on the medical evidence
- ↑ Newbould ibid
- ↑ Gibbs (2000), pp. 168–169
- ↑ Deutsch O.E. Schubert: Memoirs by his friends, p. 300. London, 1959.
- ↑ 73,0 73,1 Duncan (1905), pp. 79–80
- ↑ Gibbs (2000), p. 197
- ↑ Lev.
- ↑ Gammond (1982), p. 117
- ↑ Gammond (1982), pp. 76–81
- ↑ Brown, p. 630
- ↑ Plantinga, Leon (1984). Romantic Music: A History of Musical Style in Nineteenth-Century Europe. Norton. էջեր 117. ISBN 0-393-95196-0.
- ↑ Plantinga, pp. 107–117
- ↑ Swafford, p. 211
- ↑ Gammond (1982), pp. 153–156
- ↑ Dvořák, Century Illustrated, July 1894, pp. 344–345
- ↑ Deutsch 1978, p. 668
- ↑ Deutsch 1978, pp. 668–669
- ↑ 86,0 86,1 Kreissle, pp. 297–332, in which Grove recounts his visit to Vienna.
- ↑ Gibbs (2000), pp. 61–62
- ↑ See e.g. Kreissle, p. 324, where Grove describes current (1860s) interest in Schubert's work, and Gibbs (1997), pp. 250–251, describing the size and scope of the 1897 Schubert centennial commemorations.
- ↑ Duncan (1905), p. 80
- ↑ «The Classical Music Chamber Music 100». Australian Broadcasting Co. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «The Greatest Composers – A Top 10 List». NYTimes.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Liszt (1989), p. 144
- ↑ 93,0 93,1 Newbould (1999), pp. 403–404
- ↑ Maurice J. E. Brown, The New Grove Schubert
- ↑ Trans-Europe Express track listing
- ↑ Rodenberg, p. 118
- ↑ Musical Times, February 1897, p. 113
- ↑ Gibbs (1997), p. 318
- ↑ 99,0 99,1 «Schubert Ecstasy». Time. 1928 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Unfinished Symphony in One Wonderful Sunday by Kurosawa». Unfinished Symphony in One Wonderful Sunday by Kurosawa. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ձայնի և դաշնամուրի համար երգերի ձայնագրություններ Արխիվացված 2015-05-18 Wayback Machine
- Հոդվածը Երաժշտական հանրագիտական բառարանից
- Շուբերտի դաշնամուրային երաժշտության mp3 ձայնագրություններ Արխիվացված 2013-08-12 Wayback Machine
- Եվս մեկ հոդված` ինչու Շուբերտը չի ավարտել սիմֆոնիան
- Շուբերտի ստեղծագործությունների մատենացանկ, անավարտ 8-րդ սիմֆոնիան Արխիվացված 2009-01-30 Wayback Machine (անգլ.)
- Շուբերտի վոկալային ստեղծագործությունների լիակատար ժողովածու
- Ֆրանց Շուբերտի Բրիտանական ինստիտուտ
- Ֆրանց Շուբերտի ընկերություն ԱՄՆ-ում Արխիվացված 2014-09-17 Wayback Machine
- Շուբերտ, օպերաների լիբրետոներ ռուսերենով Արխիվացված 2012-07-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Շուբերտ» հոդվածին։ |