Խնձորեսկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորեսկ (այլ կիրառումներ)
Խնձորեսկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Խնձորեսկ | ||
Խնձորեսկի քարանձավները | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Մակերես | 67,86 կմ² | |
ԲԾՄ | 1580 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2070[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | խնձորեսկցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ըստ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ գյուղի բնակչությունը կազմում է 2070 մարդ[2]։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ, զբաղեցրած տարածքը կազմում է 6772, 8 հա։ Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա, որտեղից էլ ստացել է Խնձորեսկ անվանումը։ Գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության վրա։
«Խնձորեսկ» անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։
Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան,— ասել է Մարտիրոս Սարյանը ՀՍՍՀ Գերագույն սովետի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում,— այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»։ Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների (Րաֆֆի, Սերո Խանզադյան, Ս. Այվազյան, Մ. Մարյան, Է. Իսաբեկյան, Խ. Եսայան, Հ. Ռուխկյան, Դ. Խանջյան) գործերում, իսկ ժողովրդական մեղեդիների և աշուղական երգերի մոտիվները՝ Ա. Սաթյանի ստեղծագործություններում։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձորեսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։
Հին Խնձորեսկ
խմբագրելՀին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են խոյանում 100 - 120 մ բարձրության ժայռեր։
Լեռնահովիտների լանջերը, չնչին բացառությամբ, զուրկ են շինարարության համար հարթ տարածություններից։ Այդ պատճառով մարդիկ, օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները, կառուցել են դարավանդներ և տները դասավորել լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար։
Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում, 19-րդ դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Սբ. Հռիփսիմե, Սբ. Թաղևոս, Անապատի և Հին։
Խինզիրակ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[4]։
Պատմություն
խմբագրելԽնձորեսկի պատմությունը հին է և հարուստ։ Ինչպես գրված է խնձորեսկցի պատմիչ Ուսուբ-օղլու հուշագրությունում, գյուղի հիմնադիրներըեղել են երկու որսորդ եղբայրներ՝ Ջանաղան ու Թավարին։ Նրանք, փախչելով պարսկական ջարդից, Նախիջևանից հասել են Զանգեզուր աշխարհի Որոտանի կիրճը, թաքնվել Հալիձորի անտառներում, և երբ խաղաղություն է հաստատվել, դուրս են եկել որսի։ Ընկնելով մի եղնիկի ետեևից հասել են հին Խնձորեսկի ձորը։ Խփելով եղնիկին, նրանք որոշել են եկեղեցի կառուցել և այդտեղ բնակություն հաստատել[5]։ Նրա տարածքում եղած մի շարք բնակատեղիներ, որոնք դեռևս չեն պեղված և ուսումնասիրված, գալիս են, հավանաբար, Սյունյաց աշխարհի սկզբնավորման շրջանից։ Բուն Խնձորեսկում ամենահինը Չահլուկն է, որի պատմությունը հասնում է դարերի խորքը։ Ըստ երևույթին, XIV - XV դդ. է վերաբերում համեմատաբար հարթ ու մատչելի վայրերում գտնվող կենտրոնական թաղերի սկզբնավորումը։ Խնձորեսկի բնակիչները դարեր շարունակ հմտորեն օգտագործել են լեռնային բարդ տեղանքը, ինչպես բնակության ու աշխատանքի, այնպես էլ ինքնապաշտպանության համար։
Խնձորեսկը գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական այն պայքարին, որ Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալվեց XVIII դարի 1-ին քառորդին Սյունիքում։ Գյուղի բերդը 1728-1730 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ Ազատագրական շարժման պարտությունից օգտվելով՝ պարսիկ և օսմանցի բռնակալները սկսեցին հետապնդել ու հալածել հայերին։
Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ Թահմազ Ղուլի-Նադրխանին շահ կարգելուց հետո, 1735 թվականին, Մուղանի դաշտավայրից Տաթևի վրայով Էջմիածին վերադառնալիս կանգ էր առել Խնձորեսկում, իր «Պատմության» մեջ հանգամանորեն նկարագրում է տեսածը։ Գիշեր թե ցերեկ, ամեն րոպե, ուժերի անհամեմատ մեծ գերակշռություն ունեցող հրոսակների կողմից հարձակման ենթարկվելու վտանգը խնձորեսկցիներին ստիպել է որպես կացարան հարմարեցնել այն քարանձավները, որոնք փորված էին ժայռի մեջ, հաճախ գետնից 20 - 30 մ բարձրության վրա։ Կրետացին զարմանքով է դիտել, թե ինչպես պարանով քարանձավ էին մագլցում նույնիսկ կանայք՝ մեջքին կապած երեխա կամ քթոց։
Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը։ Գյուղը բաժանված է եղել թաղամասերի՝ Փրթոս, Ծտաթաղ, Խաշխաշի ձոր, Սպիտակ գոմի դուռ, Հայրուն նով, Ծլուկ, Չահլուկ և այլն[6] 1913 թվականին ունեցել է 1800 տուն, ընդ որում դրանց մեջ կային բազմաթիվ գերդաստաններ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ մարդուց։ Խնձորեսկցիները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով. Խնձորեսկի դարբինները, ներկարարները, որմնադիրները, գզրարները, դերձակները, հաղթուկները, պայտագործները, գորգագործները, զինագործները, հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին։ Հռչակված էին Խնձորեսկի աշուղները, երգիչ-սազանդարները, որոնք երբեմն հասնում էին մինչև Թավրիզ, որպեսզի մասնակցեն պարսկերենով կատարվող ժողովրդական երգի մրցույթներին։ 1913 թվականին Խնձորեսկում կար զանազան տիպի 27 խանութ, մեծ մասը՝ մանրավաճառ։
XIX դարի վերջին - XX դարի սկզբին կապիտալիստական ապրանքային հարաբերությունների ծավալումը իր ազդեցությունը թողեց նաև Խնձորեսկի վրա. դասակարգային հակասությունների սրման հետ մեկտեղ առաջացավ գերբնակչություն, որը սկսեց աշխատանք որոնել Անդրկովկասի տարբեր վայրերում, հատկապես Բաքվում, ապա, ինչպես խնձորեսկցիներն էին ասում՝ «ծովի էն կողմը»՝ Միջին Ասիայում։ Բնակչության արտահոսքը շարունակվեց նաև հետագայում, և Անդրկովկասի ու Միջին Ասիայի մի շարք կենտրոններում բնակություն հաստատեցին հազարավոր խնձորեսկցիներ։ Բանվորական կենտրոնների հետ անմիջական կապը խթանել է Խնձորեսկում հեղափոխական տրամադրությունների տարածումը, ապա և՝ շարժման վերելքը։ 1919 թվականի ապրիլին ստեղծվել է Խնձորեսկի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը՝ առաջինը շրջանում։ 1928 - 1929 թվականներին կազմակերպվել է Խնձորեսկի կոլեկտիվ տնտեսությունը (1976 թ.-ից՝ սովետական տնտեսություն)։ Այդ ժամանակ էլ Խնձորեսկն էլեկտրիֆիկացվել է։
1941 - 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 1300 խնձորեսկցի, որոնցից 480-ը ընկել է մարտի դաշտում։ Նրանք ծառայել են զորքի բոլոր տեսակներում՝ 1100-ը որպես շարքային, մնացածը՝ սպա։ Դիվիզիայի հրամանատարներ գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի, գնդապետ Ներսես Բալոյանի, Սովետական Միության հերոս Գուրգեն Արզումանյանի և բազմաթիվ ուրիշների անունները առհավետ մտել են Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ։ Գյուղը տվել է մեկ գեներալ (Սերգեյ Կարապետյան), 8 գնդապետ, 80 սպա և 200-ից ավելի շքանշանակիր զինվորականներ։
Նոր Խնձորեսկը կառուցվել է 1950-ական թթ. սկսած, երբ 9 կմ հեռավորությունից անցկացվեց ջրատար դեպի Խնձորեսկի սարահարթը։ Նոր գյուղը կառուցապատվել է ըստ գլխավոր հատակագծի։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ։ 1980-ականներին գործում է Գ. Սևունցի անվան գյուղատնտեսական մեքենայացման թեքումով միջնակարգ դպրոցը, ակումբ, գրադարան, կինո, բուժարան։ Խնձորեսկում են ծնվել Լենինյան մրցանակի դափնեկիր Հ. Սարկիսովը (Սարգսյան) և սոցիալիստական աշխատանքի հերոսներ Մ. Թյունյանն ու Մ. Մյուլխասյանը։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խնձորեսկի մշտական բնակչությունը կազմել է 2070, առկա բնակչությունը՝ 1894 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[7][8],: XiX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբում եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը. 1914 թ. գյուղի բնակչությունը հասել է 8335 մարդու[7]։ Խնձորեսկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7][8]
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1914 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1342 | 3369 | 4516 | 8335 | 2596 | 2980 | 1992 | 1820 | 1828 | 1992[9] | 2070[2] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա 516 գյուղացիական տնտեսություն։ 2011 թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 960 հա աշնանացան։ 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ Խնձորեսկում անասնագլխաքանակը հետևյալն է[10].
- խոշոր եղջերավոր անասուններ՝ 3970 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ՝ 3880 գլուխ,
- խոզեր՝ 519 գլուխ,
- մեղվաընտանիքներ՝ 320։
Պատմաճարտարապետական հուշարձաններ
խմբագրելԽնձորեսկն ունի հարյուրավոր բնակելի քարանձավներ, խաչքարեր, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի դամբարանատեղի։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից 2002 թ․ հաստատված ցանկի, գյուղում կա 218 հուշարձան[11]։
Նշանավոր շինություներից են.
- Աղջկա բերդ ամրոցը
- Խնձորեսկի բերդը, որը կոչվում է նաև Մխիթար Սպարապետի ամրոց
- Սուրբ Թադևոս եկեղեցին
- Անապատ եկեղեցին
- Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Գյուղում է գտնվում Մխիթար սպարապետի գերեզմանը։
Գյուղում 2012 թ. բացվել է մոտ 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջ[12]
Հայտնի մարդիկ
խմբագրել- Ներսես Սազանդարյան (1867-1927), հայ գուսան։
- Մուկուչ Արզանյան (1886-1937), հայ խորհրդային պետական, կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1905)։
- Հայկ Սիլանյան (1898-1937), հայ բոլշևիկյան գործիչ, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։
- Յաշա Մարտիրոսյան (1900-1965), հայ կուսակցական, ռազմական գործիչ, գերմանագետ։
- Ներսես Բալոյան (1901-1997), հա զինվորական գործիչ, խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար։
- Հակոբ Սարկիսով (1907-1971), հայ կուսակցական, պետաշխատող, ջրատնտեսական շինարարության կազմակերպիչ, Ուզբեկստանի ԽՍՀ վաստակավոր շինարար, Տաջիկական ԽՍՀ վաստակավոր իրիգատոր, ԽՄԿԿ անդամ (1926)։
- Գարեգին Սևունց (1911-1969), հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1936)։
- Գրիշա Առուշանյան (1912-?), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
- Արմենակ Դանիելյան (1912-1977), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1973)։
- Աշոտ Թելունց (1914-1973), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։
- Գուրգեն Արզումանյան (1914-1943), հայ խորհրդային զինվորական, Խորհրդային Միության հերոս (հետմահու, հունվարի 15, 1944)։
- Սուրեն Այվազյան (1915-1981), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1947)։
- Աշոտ Գյուլխասյան (1915-1994), հայ բժիշկ, Քիթկոկորդականջաբան, բժշկական գիտությունների դոկտոր։
- Շողիկ Սաֆյան (1916-1995), հայ խորհրդային բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ և խմբագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1944)։
- Տաթևիկ Սազանդարյան (1916-1999), հայ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։
- Մարտին Աբրահամյան (1917-?), հայ մանկավարժ, պատմական գիտությունների թեկնածու (1954), դոցենտ (1959)[13]։
- Արամ Վարդազարյան (1917-?), հայ մանկավարժ, Հայրենական պատերազմի մասնակից։
- Վահան Ղազարյան (1918-2002), հայ բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1951), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974)։
- Մեսրոպ Ալավերդյան (1918-?), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
- Բենիկ Յուզբաշյան (1919-1975), հայ գրականագետ։
- Հմայակ Ալումյան (1919-?), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
- Աբել Սիմոնյան (1922-1994), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1972)։
- Վազգեն Բաղդագյուլյան (1926-1994), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։
- Միքայել Գյուլխասյան (1927-2012), հայ խորհրդային գյուղատնտես, սոցիալիստական աշխատանքի հերոս (1950), Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978)։
- Շահեն Օհանջանյան (1928-1988) հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր։
- Արկադի Ծատուրյան (1937-2021), հայ գրող, արձակագիր, բանահավաք, Հայաստանի գրողների միության անդամ։
- Սանասար Բեգլարյան (1959-1993), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
- Արփի (1982), հայ թարգմանչուհի, երգչուհի։
Գրականություն
խմբագրել- Էդուարդ Զոհրաբյան, Խնձորեսկ (գյուղի պատմ.), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2003, 140 էջ։
Պատկերներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 733
- ↑ Էդուարդ Զոհրաբյան։ «Խնձորեսկ»։ Երևան։ ՎՄՊ-ՊՐԻՆՏ հրատարակչություն։ 2003։ էջ 7-8
- ↑ Էդուարդ Զոհրաբյան։ «Խնձորեսկ»։ Երևան։ ՎՄՊ-ՊՐԻՆՏ հրատարակչություն։ 2003։ էջ 9
- ↑ 7,0 7,1 7,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 8,0 8,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 748
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Խնձորեսկ». Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․
- ↑ Խնձորեսկում բացվեց 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջ
- ↑ «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում
- Խնձորեսկի մասին տեսանյութ YouTube կայքում
- Խնձորեսկի ճոճվող կամրջի մասին տեսանյութ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 62)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}} շաբաթվա հոդված։ |