Ծաղկազարդ

Հիսուսի մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Ծաղկազարդ

Տեսակպետական տոն և Քրիստոնեական տոն
Ենթադասկիրակի և Q124654547?
ԱմսաթիվԶատկից մեկ շաբաթ առաջ
Անվանված էpalm branch?
Ի հիշատակtriumphal entry into Jerusalem?
ՆախորդԳալստյան կիրակի

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15)[1]: Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

Տոնի արմատներն ու խորհուրդը

խմբագրել

Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն[2]։

 
Ծաղկազարդին բաժանվող ուռենու ճյուղեր

Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։

Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է։

Տիեզերական կամ Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն ու Վարդավառի խնդումը։ Ամանորին ծառը զարդարել են չրերով ու մրգերով, իսկ Ծաղկազարդին՝ փնջած ձվերով, որոնք ունեցել են նաև չարխափան նշանակություն։ Ծաղկազարդին ընդունված է եղել ծառերը զարդարել գունավոր լաթերով։ Այդ պատճառով է, որ տոնը ստացել է Ծառզարդար անվանումը։ Հետագայում ծառի պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Սրա ապացույցն են «Տաճար մայրիի» (անտառի տաճար) անունը ստացած եկեղեցին Խոսրովի արգելոցում։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները[3].

«Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա»(Մատթ. 21:8)։

Ժողովրդի բազմությունը աղաղակում է ու ասում.

«Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ.12։13)։

Ավանդույթներ

խմբագրել

Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։

 
Քահանան օրհնում է ուռենու ճյուղերը

Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ու ճեռերի ձայնը։

Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

Հաճախ Ծաղկազարդի օրը՝ Մեծ պասի ընթացքում առաջին անգամ տեղի էր ունենում հանպատրաստի նշանադրություն։ Փեսացուի մայրը, նախապես համաձայնեցրած լինելով հարսնացուի մոր հետ, վերցնում էր ուռենու ճյուղի վրա տեղադրված մոմերից մեկը, վառում այն, վրան հագցնում նշանդրեքի մատանին և հանձնում հարսնացուին։ Հարսնացուն ընդունում էր մատանին և համարվում էր նշանված։

Ժամասացության ավարտից հետո ժամավորները ջանում էին հնարավորինս շատ օրհնված ուռենու ճյուղեր տուն տանել, քանի որ ճյուղերին վերագրվում էր չարխափան և առատացնող զորություն, և դրանք օգտագործում էին տարբեր առիթներով՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը։ Ճյուղերը նաև գցում էին կարասներն ու ամբարները, թեթևակի հարվածում դրանցով անասուններին։ Ճյուղերից մեկն օգտագործում էին խնոցու համար՝ ստուգելու կարագի պնդությունը։ Ճյուղերից հյուսում էին պսակներ և դրանց միջով անցկացնում հավերին, որպեսզի դրանք գեր լինեին։ Երբեմն կանայք վառված մոմերը դուրս էին բերում եկեղեցուց և տանում գերեզմանատուն՝ տեղադրելով դրանք հանգուցյալների շիրիմներին[2]։

Ծաղկազարդի օրը մարդիկ անցնում էին գարնանային հագուստի։

Ավանդույթներն ըստ տարածաշրջանների

խմբագրել

Քեսաբում կիրակի առավոտյան լաթի կտորի վրա յոթ շար շուլալ կար էին անում, յոթը թելը ծալում և յոթ անգամ կապ գցում և լաթը նետում պարտեզը։ Լվացվում էին գիշերը յոթ ծաղիկների զորությունը քաշած ջրով[2]։

Ջավախք

խմբագրել

Ուռենու ճյուղերով կենդանիներին թեթևակի հարվածելու սովորույթը տարածված էր նաև Ջավախքում։ Մարդկանց կամ կենդանիներին խփելիս սովորաբար ասում էին «քամու տեղ, սրտի դեղ»՝ հուսալով, որ հիվանդությունները կանցնեն[2]։

Նոր Բայազետ

խմբագրել

Նոր Բայազետում օրհնած ճյուղերն ամրացնում էին խնոցու պարանի վրա, որպեսզի «կաթը յուղոտ լինի, ձձումին աչք չկպչի»[2]։

Շարուր

խմբագրել
 
Ուռենու ճյուղեր

Շարուրում այն երիտասարդները, ովքեր այդ տարի պիտի ամուսնանային, ճյուղեր էին վերցնում դրսում շրջող անցորդներից և տանում տուն։

Աղջիկները գունավոր կտորներով զարդարում էին ծառերը՝ հույսով, որ իրենց երազանքները կիրականանան[2]։

Վասպուրական

խմբագրել

Վասպուրականում հավատում էին, որ եթե ուռենիների օրհնած ճյուղերը տնկեին, կարող էին հետո դրանք կրկին կտրել և դրանցով հրաշքներ գործել։ Ճյուղերից մի քանիսը օգտագործել են նաև Զատիկին՝ զատկական օջախի կրակը վառելու համար[2]։

Դորթյոլ

խմբագրել

Դորթյոլի բարբառով Ծաղկազարդն անվանում էին զանախտար կամ ճանախտար։ Քանի որ Դորթյոլում արմավենիներ գրեթե չկային, բնակիչները տոնին ընդառաջ ուղևորվում էին այլ բնակավայրեր՝ արմավենու ճյուղեր բերելու։

Մայրերը եկեղեցի էին մտնում հասարան ճյուղերով, իսկ նորահարսները մրգեր, քաղցրեղեն ու վարդեր էին ամրացնում ճյուղերից հյուսված պսակներին, դնում դրանք գլխին, կախում վզին, պահում ձեռքին կամ դնում զամբյուղի մեջ։ Նորահարսները Ծաղկազարդը դիմավորում էին ծոմապահությամբ։

Դորթյոլում տոնի կապակցությամբ եկեղեցու սեղանը զարդարում էին Ամանոս լեռան անտառներից բերված մանուշակներով[4]։

Յոզղատ

խմբագրել

Յոզղատի բարբառով Ծաղկազարդը կոչվում էր տէժկինէկ։ Այդ նույն բառը նշանակում էր նաև ուռենիի թարմ ճյուղից պատրաստված գավազան։

Ծաղկազարդի օրը երիտասարդները մոտ մեկ մետր երկարությամբ ուռենիի ճյուղ էին կտրում և կեղևահան անում։ Կեղևահանված ճյուղը սպիտակ էր։ Հանված կեղևը մեկ մատնաչափ լայնքով փաթաթում էին նույն ճյուղին այնպես, որ այն սպիտակ տեղեր ունենար։ Այդպես ճյուղը պահում էին ծխի վրա, այնուհետև կեղևը հանում։ Արդյունքում ստացվում էր զոլավոր սև-սպիտակ գավազան։

Այնուհետև այդ գավազանով շրջում էին տնետուն՝ կրկնելով. «Մամու-մամու (մեծ մայր), հաւուդ ոռը կուտուզիկ (ածան), ինծի հաւկիթ մը տուր»։

Այս արարողությունն արդեն նախապատրաստում էր յոզղաթցիներին բուն Զատիկին[5]։

Զեյթուն

խմբագրել

Զեյթունցիները Ծաղկազարդն անվանում էին պըատղինե կամ ձիթապտղենի։

Ծաղկազարդից հետո՝ Ավագ Հինգշաբթի օրը բոլոր տներում պատրաստում էին սոխով-սխտորով կծու և թթու կերակուրներ ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների։ Ուրբաթ խավարման և լացի գիշերն էր, ուստի հավատացյալները հավաքվում էին եկեղեցու մեջ և լսում աստվածաշրչյան ընթերցումներ։

Նրանցից յուրաքանչյուրը Ավետարանի հանգույցները յոթ կապով կապում էր ձեռքին։ Վերջին յոթերորդ հանգույցը կապում էին դաստակին՝ հավատալով, որ այն կրողը պաշտպանված է դողացավից, կարիճի ու օձի խայթոցից։

Հաջորդ օրը կանայք ձու էին ներկում։ Ձուն խաշում էին տորոնի արմատներով, որպեսզի կարմիր գույնի հավկիթ ստանային։ Դեղին գույնի համար օգտագործում էին տըզտըպաղուկ կոչվող բույսը, շագանակագույնը՝ սոխի կեղևից։

Ոմանք վերջին երեք օրը ծոմ էին պահում և հաղորդություն ստանալուց հետո կարմիր հավկիթով փակում պահքը[6]։

Մարաշցիները Ծաղկազարդը կոչում էին ճորճարդոր։

Մարաշում տոնին առնչվող ավանդական որոշ սովորույթներ պահպանվել են մինչև 19-րդ դարի վերջերը։ Դրանք ներառել են ուխտագնացությունը, պարտեզագնացությունը, հանրային տոնախմբությունները, որոնք աստիճանաբար դուրս են մղվել կենցաղից։

Տոնի առթիվ ընդուված է եղել հարսնացուին նվերներ ուղարկել փեսայի ընտանիքից[7]։

Տիկնիկ

խմբագրել

Ծաղկազարդին պատրաստել են տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ։ Դրանք տարբեր ազգագավառներում ունեցել են տարբեր անվանումներ՝ Նուրի, Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն։

Նուրին հայտնվում էր Ծաղկազարդի տոնին և երաշտի ժամանակ։ Նուրիի աչքերից էին ծնվում շաղը, ցողն ու անձրևի կաթիլները։ Երբ մարդ ու անասունը տառապում էին ջրի սակավությունից, Նուրին արտասվում էր և նրա արցունքներով թրջված հողը վերակենդանանում էր, կրկին բերք տալիս։

Նուրի տիկնիկը պատրաստվում էր ցախավելից կամ փայտից։ Դեմքը պատրաստում էին սպիտակ լաթից, գոտին՝ գունավոր կտորից, լաչակը՝ փայլփլուն ուլունքներից, իսկ գլխին ամրացնում էր ծաղկեպսակ[2]։

Երբ Նուրի տիկնիկին պտտեցնում էին հրապարակներով ու թաղերով, մարդիկ լուսամուտներից ու դռներից կուժերով ջուր էի շաղ տալիս թափորի վրա, իսկ թափորի մասնակիցներին նվերներ ընծայում։ Հավաքված բարիքով երիտասարդները կամ խնջույք էին կազմակերպում, կամ էլ պատվիրում էին դարբնին մի մետաղյա տիկնիկ պատրաստել, որը թողնում էին գյուղի սրբավայրում։

Նուրի տիկնիկի ծեսը տոնի ամենակարևոր բաղադրիչներից էր։

Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Բալուում տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ[2]։

Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ[8]։

Ուտեստներ

խմբագրել

Ծաղակազարդին դեռևս պահքը չէր վերջացել, ուստի ուտում էին միայն պասային կերակուրներ։ Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։ Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։

Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և իբրև մատաղ բաժանում ժողովրդին։

Ծաղկազարդին եփել են նաև եղինջ, որովհետև հավատացել են, որ Քրիստոսին հենց եղինջով են ծեծել։

Այլ տարածված ուտեստներից են եղել քացախով համեմված ոսպապուրը, օձի թթուն, աղամաղը (սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որ չորացնում ու պահում էին այդ օրվա համար)։ Ավագ հինգշաբթի օրը այն խաշում էին, մանրացնում, սոխ կտրատում, համեմում աղով ու պղպեղով։

Ծաղկազարդին պատրաստել են հատիկ կոչվող աղանդերը։ Այն պատրաստվում էր ցորենից, սիսեռից, չամիչից և շաքարահատիկներից։ Հատիկ տանում էին հյուր գնալիս կամ որպես ընծա տալիս թաղից թաղ շրջող և Ծաղկազարդի երգեր երգող երեխաների խմբերին։ Այդ պատճառով հատիկը պատրաստվում էր մեծ քանակությամբ[8]։

Պատկերասրահ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • «Օրվա խորհուրդը» էջ 90, Վահրամ քահանա Մելիքյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2013 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.qahana.am/bible/OldTestament/Ecclesiastes.html#12-13
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները», էջ 122-134
  3. «Ծաղկազարդ.Ձիթենյանց ճյուղերի տոնի խորհուրդը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  4. Տէօրթեօլ - Տօներ
  5. Եոզկատ - Տօներ
  6. Զէյթուն - Տօներ
  7. Մարաշի սանճաք - Տօներ
  8. 8,0 8,1 Արտակ արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 109