Հմայակ Ավետիսյան
Հմայակ Ավետիսի Ավետիսյան փետրվարի 19, 1912, Մանդան - նոյեմբերի 27, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, սովետահայ գեղանկարիչ, գրաֆիկ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, մանկավարժ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960), Հայրենական Մեծ պատերազմի, մասնակից։
Հմայակ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1912, Մանդան - նոյեմբերի 27, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ծննդավայր | Մանդան[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 1978 (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1937)[1] |
Մասնագիտություն | նկարիչ, մանկավարժ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր և բնանկար |
Ուսուցիչ | Վրթանես Ախիկյան և Ստեփան Աղաջանյան |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ամուսին | Արաքսյա Հունանյան |
Հմայակ Ավետիսյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՀմայակ Ավետիսյաը ծնվել է Վանի նահանգի Արճակ գավառի Մանդան գյուղում։ Ծննդյան օրն անհայտ է[Նշում 1]։ Մեծ եղեռնի օրերին ողջ ընտանիքից միայն փրկվել է Հմայակ Ավետիսյանը և հայտնվել Երևանի որբանոցներից մեկում, իսկ 1920-1927 թվականներին գտնվել է Ալեքսանդրոպոլի (Գյումրի) ամերիկյան որբանոցում (հայտնի Պոլիգոն անվանմամբ)։ Վաղ տարիքում հետաքրքրվել է նկարչությամբ և ընդունվել Պոլիգոնի միջնակարգ դպրոցին կից գործող նկարչական ստուդիա, ուր նրա առաջին ուսուցիչն է եղել գեղանկարիչ Ստեփան Ալթունյանը։ 1927 թվականին ընդունվել է Երևանի Գեղարդ տեխնիկում (3-րդ կուրս), աշակերտել Վրթանես Ախիկյանին և Ստեփան Աղաջանյանին։ Ուսման տարիներին ապրել է Նորքի 2-րդ մանկատանը։ Տեխնիկումն ավարտելուց հետո՝ 1929-1931 թվականներին, որպես ուսուցիչ աշխատել է Ղուկասյանի շրջանի Քոռաղբյուր գյուղում, դասավանդել է Լենինականի նկարչական դպրոցում։
1932 թվականին ընդունվել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիա, սովորել է Կոնստանտին Ռուդակովի, Նիկոլայ Ռադլովի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, 3-րդ կուրսից՝ Եվգենի Լանսերեի և Վլադիմիր Բելկինի արվեստանոցներում։
Ուսումն ավարտելուց հետո՝ 1937 թվականին, Ավետիսյանը վերադարձել է Երևան և օգոստոսի 25-ից աշխատանքի անցել Երևանի գեղարվեստի ուսումնարանում որպես գծանկարի և կոմպոզիցիայի դասախոս։ Նույն ամսին ամուսնացել է Պոլիգոնի տարիների մանկության ընկերուհու՝ Արաքսյա Հունանյանի հետ, ով հետագայում դարձել է հանրապետությունում նախադպրոցական մանկավարժության բնագավառի առաջատար մասնագետներից մեկը։ 1938 թվականին նորաստեղծ ընտանիքում առաջին անգամ նշվել է նկարչի ծննդյան օրը։ Պոլիգոնում այն որբերին, որոնք չգիտեին իրենց ծննդյան ամսաթիվը, տրվում էին միասնական օրեր. հունվարի 1-ը կամ հուլիսի 1-ը։ Հետագայում Ավետիսյանի անձնագրում հունվարի 1-ը փոխարինվել է առաջին եռամսյակ նշումով։ Կնոջ ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, որը մոտավորապես համընկնում էր առաջին եռամսյակի կեսին, այնուհետ դարձել է նաև Հմայակ Ավետիսյանի ծննդյան օրը։
1939 թվականին Ավետիսյանը դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ (անդամատոմսը համար 23)։ Նույն թվականին նա 7 աշխատանքով մասնակցել է «Հայկական ՍՍՀ կերպարվեստը» ցուցահանդեսին, որը կայացել է Մոսկվայում հայկական արվեստի տասնօրյակի կապակցությամբ։
1940-1941 թվականներին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ Հայաստանի 20-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին, գրաֆիկայի սեկցիայի, շրջիկ արվեստանոցի, էտյուդների ցուցահանդեսներին և այլն։ 1941 թվականի գարնանը Հայաստանի Նկարչի տանը տեղի է ունեցել Հմայակ Ավետիսյանի, Բաբկեն Քոլոզյանի և Եփրեմ Սավայանի ստեղծագործական հաշվետու երեկոն։
1941 թվականի հունիսի 22-ին սկսվել է Խորհրդա-գերմանական պատերազմը և առաջին օրերից մինչև 1945 թվականի հոկտեմբեր Ավետիսյանը ծառայել է սովետական բանակում։ Այնտեղ դարձել է ԽՄԿԿ անդամ։ Պատերազմական պայմաններում չի դադարել նկարել։ 1943 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
1945 թվականի աշնանը Երևանում սկսել է գործել գեղարվեստի պետական ինստիտուտը, որտեղ հիմնադրման օրից մինչև իր կյանքի վերջը Ավետիսյանը դասավանդել է գծանկար։ 1968 թվականից Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է նաև գեղանկարչություն։ Մանկավարժի բնատուր տաղանդի շնորհիվ Ավետիսյանը կրթել և դաստիարակել է հայ արվեստագետների մի քանի սերունդ, որոնց թվին են պատկանում ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ և ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչներ Ղուկաս Չուբարյանը, Մկրտիչ Սեդրակյանը, Անատոլի Պապյանը, Արա Հարությունյանը, Հովհաննես Շարամբեյանը, Զաքար Խաչատրյանը, Խաչատուր Իսկանդարյանը, Վաղինակ Ասլանյանը, Ռուբեն Ադալյանը և այլ անվանի արվեստագետներ։
Հմայակ Ավետիսյանը մահացել է 1978 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում։
Ստեղծագործություններ
խմբագրելՇուրջ հիսուն տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում կերտել է հարյուրավոր գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Ավետիսյանի արվեստը ձևավորվել և զարգացել է ռեալիստական դիրքորոշման շրջանակներում։ Նկարչի ողջ ստեղծագործությունն իր կյանքի պատմությունն է, որում արտացոլվել է մի ողջ դարաշրջան։ Վաղ տարիքում կրած հոգեկան ցնցումը՝ հայրենիքի, ընտանիքի անվերադարձ կորուստը, որբանոցներում անցկացրած մանկական և պատանեկան տարիները, տանջալից տպավորություններն իրենց արտացոլումն են գտել նրա գործերում («Որբը», 1927, «Անցյալի առօրյայից», 1960): 1965 թվականին՝ հայոց Մեծ եղեռնին ընդառաջ, Ավետիսյանը կերտել է «Երախտապարտ ենք» մոնումենտալ կոմպոզիցիան։ Նրա պատմական և թեմատիկ կտավների շարքում հատուկ տեղ են զբաղեցնում «Ազատարարները» (1956), «Արշալույս» (1972), «Ազատության զինվորները» (1976), ինչպես նաև լենինյան թեմային նվիրված մեծադիր կտավները՝ «Վլադիմիր Լենինը և Մաքսիմ Գորկին Կապրի կղզում» (1950), «Նախօրեին» (1963), «Ուսուցչի հետ» Վ. Լենին և Ալեքսանդր Մյասնիկյան (1967), «Բոգդան Կնունյանցի ելույթը ՌՍԴԲԿ 2-րդ համագումարում 1903 թվականին Լոնդոնում» (1969):
Նկարչի բազմաթիվ դիմանկարներն աչքի են ընկնում ընդհանրացման բարձր աստիճանով և մարդկային բնության խոր ըմբռնումով։ Չափազանց լայն է նկարչի պատկերած անձանց շրջանակը թե' պատմական, թե' սոցիալական և նույնիսկ տարիքային առումով։ Նկարիչը կերտել է հայ մշակույթի երախտավորների՝ Մեսրոպ Մաշտոցի (1962), Խաչատուր Աբովյանի (1956), Րաֆֆու (1965), սովետահայ մտավորականության ներկայացուցիչների՝ Վ. Աճեմյանի (1958), Լ. Զոհրաբյանի (1959), Վ. Փափազյանի ( 1967), Խ. Դաշտենցի (1969), արվեստակիցների՝ Հ. Կոջոյանի, Կ. Մեծատուրյանի, Է. Իսաբեկյանի, Ռ. Խաչատրյանի և այլոց դիմանկարները։ Ուշագրավ են նաև բանվորների, հողի աշխատավորների («Լենինականի դեպոյի փականագործ Մ. Գյուլնազարյան» (1957), «Վեդիեցի Մանուկ քեռին» (1961), «Կոլտնտեսուհին» (1960), երեխաների («Անուշ» 1964, «Իռա Փահլավունի» 1964) և հարազատների դիմանկարները («Կյանքի է կոչում» 1938, «Կնոջս՝ Արաքսյայի դիմանկարը» 1940, դուստրեր Անահիտը (1957, 1958, 1960) և Արմենուհին (1957, 1958)։ Խմբակային դիմանկարներում («Ընկերուհիներ» 1962, ««Սպարտակ» կոմունիստսկան երիտասարդական կազմակերպությունը» 1971) ուրույն տրամադրությամբ առանձնանում է «Չվերադարձան» (1975) կտավը, նվիրված «Հայրենական մեծ պատերազմում» զոհված նկարիչ-ընկերներին։ Ինքնադիմանկարներում ի հայտ է գալիս նկարչի ստեղծագործական անհատականությունը՝ մեղմ և զուսպ առօրյա կյանքում, նա արվեստում անզիջում բարձրաձայնում է իր արժեքային կողմնորոշումը և համոզմումքները։ Երկար տարիներ Ավետիսյանի որոշ աշխատանքներ արգելված էին, այդ թվում «Նախօրեին», «Երախտապարտ ենք», «Մուսալեռցի տատը» (1955), «Լենինականի դեպոյի փականագործ Ռ. Հակոբյանը» (1957)։
Մեծաթիվ է նաև Ավետիսյանի բնանկարչական ժառանգությունը։ Այդ գործերը թույլ են տալիս հետևել նրա ստեղծագործական էվոլյուցիային՝ բացահայտելով նկարչի խոհերի, ապրումների և տրամադրությունների ողջ բազմազանությունը՝ ցավագին մտորումներ մեր պատմության ողբերգական անցքերի մասին («Խավարես, լուսին» 1973, «Հառիճ. Գիշեր» 1974, «Տեղեր» 1975), տանջալից հայրենաբաղձություն («Նկարչի ծննդավայրը՝ Վանի նահանգի Մանդան գյուղը» 1973), մեղադրանք և պահանջ պահպանել հայրենի բնությունը («Սևանի բողոքը» 1966), ինչպես նաև մեղմ քնարականությամբ («Ամպամած օր Բերդում» 1968, «Ճանապարհ դեպի Մարինե եկեղեցի» 1972), ապրելու զմայլանքով և բերկրանքով լի ստեղծագործություններ («Բջնի» 1952), «Արևոտ օր. Ծակքար» 1965, «Տեղեր. Աստվածածնի եկեղեցին» 1974, «Վարդենիս. Կարճաղբյուր» 1977)։ Բնանկարներում, ինչպես և դիմանկարներում առանձնակի ուժով է դրսևորվել Հ. Ավետիսյան գեղանկարչի և գրաֆիկի վարպետությունը։
Ավետիսյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և դրա մասնաճյուղերում, Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, հանրապետության այլ պետական և հասարակական հաստատություններում, Ուլյանովսկի, Ամուրի Կոմսոմոլսկի և այլ թանգարաններում, Հալեպի «Սարյան ակադեմիա»-ում (Սիրիա), ինչպես նաև Հայաստանի և արտերկրյա մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել1931 թվականին առաջին անգամ Ավետիսյանը մասնակցել է ցուցահանդեսի՝ «Սովետական Հայաստանը 11 տարում»։ 1939 թվականից (բացառությամբ պատերազմական տարիների) մասնակցել է բոլոր հանրապետական, ինչպես նաև համամիութենական ցուցահանդեսներին Մոսկվայում, Լենինգրադում։ Ավետիսյանի աշխատանքները ցուցադրվել են Լատվիայում, Էստոնիայում, Մոլդովայում, Վրաստանում և այլուր։ Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականության 2-րդ տասնօրյակին ցուցադրված «Ազատարարները» կտավը 1957 թվականին լույս է տեսել որպես փոստային բացիկ «Սովետսկիյ խուդոժնիկ» հրատարակչության կողմից։ 1974 թվականին Հայաստանի Նկարչի տանը կայացել է Ավետիսյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսը։ Նույն տեղում 1985 թվականին կայացել է նկարչի հետմահու ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին 200-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործություններ։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել և լայն արձագանք գտել մամուլում, հեռարձակվել հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Ավետիսյանի մասնակցությամբ ցուցահանդեսների լրիվ ցանկը (73), ինչպես նաև մատենագրության ցանկը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ձեռագրահուշագրային բաժնում և Հայաստանի ազգային արխիվում։
Կոչումներ և պարգևներ
խմբագրել- «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալ
- «Պատվո նշան» շքանշան (1956)
- Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)
- «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գծանկարի ամբիոնի դոցենտ (1966)
- Մատաղ սերնդի դաստիարակման գործում երկարամյա անբասիր աշխատանքի և Լենինականի Ս. Դ. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրության պատվոգիր (1971)
- Հայ թատերական և կերպարվեստի կադրեր պատրաստելու գործում մատուցած ծառայությունների համար և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ պատվոգիր (1971)
- ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր սովետահայ կերպարվեստի զարգացմանը մատուցած ծառայությունների և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ (1972)
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գծանկարի ամբիոնի պրոֆեսոր (1977)
Մեջբերումներ Հմայակ Ավետիսյանից
խմբագրելՍովորել գծանկար նշանակում է խորհել կյանքի, իրականության իմացության, նրա կապակցությունների և հակադրությունների մասին, հոգեբանական վիճակների, պլաստիկական արտահայտությունների, գեղեցիկի ըմբռնման մասին։ |
Իսկական արվեստի արդյունքը միշտ էլ բարոյական է։ |
Մեջբերումներ Հմայակ Ավետիսյանիի մասին
խմբագրել
...մի իսկական հայ ևս պակասեց մեր մտավորական շրջանակներից, մի մարդ, որի կրծքի տակ մխացող մի վիշտ կար, որ իրենն էր ու միայն իրենը չէր, բոլորինս էր։
Նշումներ
խմբագրել- ↑ Պոլիգոնում այն որբերին, որոնք չգիտեին իրենց ծննդյան ամսաթիվը, տրվում էին միասնական օրեր. հունվարի 1-ը կամ հուլիսի 1-ը։ Հետագայում Ավետիսյանի անձնագրում հունվարի 1-ը փոխարինվել է առաջին եռամսյակ նշումով։ Կնոջ ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, որը մոտավորապես համընկնում էր առաջին եռամսյակի կեսին, այնուհետ դարձել է նաև Հմայակ Ավետիսյանի ծննդյան օրը
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հմայակ Ավետիսյան. 1912-1978: Գեղանկար, գրաֆիկա»։ Եր., 2012, 224 էջ, 246 գուն. վերատպություն։
- Հմայակ Ավետիսյան. արվեստակիցների և ուսանողների հետ
- Արփեն Մովսեսյան Հայից Հայ - Հմայակ Ավետիսյան 100
- Ա. Հունանյան Նկարիչ Հմայակ Ավետիսյանի մասին
- Արխիվացված 2020-10-02 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Ավետիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 613)։ |