Մադրասի խմբակ
Մադրասի խմբակ, հայ գրական-քաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1770-ական թվականներին, Մադրասում (Հնդկաստան)։ Արտահայտել է հայ առևտրական բուրժուազիայի և բուրժուական մտավորականության գաղափարախոսությունը։
Մադրասի խմբակ | ||||
---|---|---|---|---|
Տեսակ | ակումբ և քաղաքական կազմակերպություն | |||
Հիմնադիր | հայ | |||
Գործունեության տարածք | Հնդկաստան |
Հիմնադրում
խմբագրելՀնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծված խմբակի նպատակն էր պայքարել Հայաստանի ազատագրության և հայկական պետականության վերականգնման համար։
Ղեկավարներ
խմբագրելԽմբակի ղեկավար կորիզը կազմում էին հարուստ վաճառական Շահամիր Շահամիրյանը և որդին՝ Հակոբ Շահամիրյանը,ղարաբաղցի քահանա Մովսես Բաղրամյանը,առևտրական Հակոբ Խոջաջանյանը և այլք։ 1773 թվականին Մադրաս է եկել նաև Հովսեփ Էմինը և ակտիվորեն մասնակցել խմբակի աշխատանքներին։
Գաղափարախոսություն
խմբագրելՄադրասի խմբակը որդեգրել է Հովսեփ Էմինի գաղափարներն ու ծրագրերը, այդ ամենն իրագործելու համար ընտրել ազատագրական պայքարի գրավոր պրոպագանդումը։ Մադրասի խմբակի անդամների աշխարհայացքի վրա մեծապես ազդել են Օսմանյան կայսրության ու Պարսկաստանի բռնապետություններին ենթարկված Հայաստանի ծանր դրությունը, ազատագրությանը հասնելու հայերի ձգտումը, ինչպես նաև եվրոպական լուսավորականության գաղափարները։
Ծրագրային դրույթներ
խմբագրելՄադրասի խմբակի ծրագիրը բովանդակել է հետևյալ հիմնական դրույթները․
- բացել դպրոցներ,ժողովրդի մեջ տարածել լուսավորություն, երիտասարդությանը դաստիարակել ազատասիրության ու հայրենասիրության գաղափարներով, նրանց ուսուցանել իր ժողովրդի պատմությունը
- զինել ժողովրդին, երիտասարդությանը սովորեցնել ռազմական գործը, նրան նախապատրաստել օտար տիրապետողների դեմ զինված ապստամբության համար
- ապստամբության նախապատրաստման և կազմակերպման համար Խամսայի մելիքների մոտ ստեղծել մի մարմին՝ կազմված Հայաստանի տարբեր շրջանների ներկայացուցիչներից
- Հայաստանի ազատագրության գործը ֆինանասավորելու նպատակով քահանայի մոտ խոստովանության գնացող յուրաքանչյուր մարդ ապստամբության համար պետք է տար այնքան, որքան կարող էր։ Այդ գումարը քահանան պիտի մուծեր ընդհանուր գանձարկղ
- ապստամբության հաղթանակն ապահովելու համար հայերը պետք է համագործակցեն վրացիների հետ՝օտար զավթիչների դեմ մղվող պայքարում և ձեռք բերեն Ռուսական պետության հովանավորությունն ու աջակցությունը
- ազատագրվելուց հետո ամբողջ Հայաստանում պետք է ստեղծվեր համահայկական անկախ և ինքնուրույն պետություն՝ հանրապետական և բուրժուական կարգերով։
Գործունեություն
խմբագրելՀայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակութային ծանոթացնելու համար անհրաժեշտ էր գրականություն ունենալ։ Նման գրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1772 թվականին Մադրաս քաղաքում հիմնում է հայկական տպարան։
1772 թվականին լույս է ընծայվում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կկոչի յորդորակ» գիրքը,ապա «Որոգայթ փառաց» գիրքը, որոնք ուղարկվել են Էջմիածին՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսին, Ղարաբաղի մելիքներին, Գանձասարի Հովհաննես Կաթողիկոսին և այլոց։ Ստեղծված գրականությունը բաժանվում էր հայ բնակչությանը։
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»
խմբագրել«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»-ը հայ իրականության մեջ առաջին գիրքն է, որը ներկայացրել է 18-րդ դարի հայ ազատագրական գաղափարախոսությունը՝ տոգորված ազատասիրությամբ և հայրենասիրությամբ։ Ըստ Էության՝ հայ իրականության մեջ դա առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունն էր։ Գրքում ներկայացվել են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները և դրան հակադրվել առկա վիճակը, երբ երկիրը շահագործվել է օտարների կողմից։ Գիրքը կոչ է արել հայ երիտասարդներին` դուրս գալ օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնել ազատության։
Խիզախությամբ եղեք, եղեք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանանք վերագտնել մեր հայրենիքն Արարատյան[1]։ |
«Նոր տետրակի» մեջ քննադատվել է միապետական կարգը՝ այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը։ Մեկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագավորը սխալը դժբախտություն է երկրի համար։ Ուստի առաջարկվել է ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով։
Ստանալով «Նոր տետրակը» և զգուշանալով հայ երիտասարդների անժամանակ ապստամբելու վտանգից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը խիստ միջոցների է դիմել։ Նա հրամայել է հավաքել և այրել այդ գիրքը, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին։ Նրա սպառնալիքները, սակայն, չեն կասեցրել գրքի տարածումը։ 1876 թվականին գիրքը թարգմանվել է ռուսերեն և տպագրվել Պետերբուրգում՝ երկու հազար տպաքանակով, այնուհետև թարգմանվել է նաև վրացերեն։
Մադրասի խմբակը հանդես է եկել ինքնակալության ու բռնակալության քննադատությամբ, զարգացրել սահմանադրական գաղափարներ, ձգտել ապագա ազատագրված Հայաստանում ստեղծել բուրժուական հանրապետություն (հակառակ դեպքում՝ գոնե սահմանադրական միապետություն), քարոզել ֆեոդալական կարգերի վերացում և հայկական պետականության վերածնունդը կապել Ռուսաստանի օգնության հետ[1]։
«Որոգայթ փառաց»
խմբագրելՇարունակելով «Նոր տետրակի» գաղափարները՝ Մադրասի խմբի անդամներից Շ. Շահամիրյանը հրատարակում է «Որոգայթ փառաց» գիրքը։ Այն ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր, որը պետք է կիրառվեր երկիրը օտար լծից ազատագրելուց հետո։
Հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքը։ «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն)։ Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։ Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը։ Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ։ «Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը։
1780-ական թվականների ռուսական կառավարությանը ներկայացվել է «Հայ-ռուս դաշնակցային պայմանագրի» նախագիծը։ Այս աշխատություններում խմբակի գործիչները քննադատել են Հայոց եկեղեցին, որն իր քարոզչությամբ և չարին չդիմադարձելու կոչով հայ ժողովրդին փաստորեն զրկել է դիմադրական կորովից։ Դրել են լուսավորության տարածման և ազգային ինքնագիտակցության արթնացման հրատապ հարցը՝ փորձել ուրվագծել Հայաստանի ապագա պետական կարգը և Ռուսաստանի հետ ունենալիք նրա փոխհարաբերությունների բնույթը։
Ռուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու՝ 20 հոդվածից բաղկացած նախագիծ էր կազմել Շահամիր Շահամիրյանը։ Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորդրդարանական կարգով։ Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար 6000 ռուսական զորք։ Այս ծրագիրը ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների կողմից բավարար ուշադրության չի արժանացել ու չի քննարկվել։
Մադրասի խմբակի լուսավորական և ազգային-ազատագրական գաղափարները շատ դեպքերում կրել են ուտոպիական բնույթ, քանի որ հաստատուն հող չունեին ժամանակի հայ իրականության մեջ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևան 2012։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 128)։ |