Շիրվանշահերի պետություն

Շիրվանշահերի պետություն (ադրբ.՝ Şirvanşahlar dövləti), ավատատիրական կառավարմամբ պետություն Այսրկովկասի արևելյան հատվածում (799-1538)։ Հիմնադրվել է արաբների կողմից։ Նրա հիմնադրումով փակվել է Աղվանքի պատմության քրիստոնեական էջը։

Շիրվանշահեր
 Արմինիա կուսակալություն 861 - 1538 Սեֆյան Իրան 
Քարտեզ


(11- 12-րդ դարեր)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Շամախի
(799-1192)
Բաքու
(1192-1502)
Լեզու արաբերեն պարսկերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Մազյադիներ
Քասրանիներ
Դերբենդիներ
Պետության գլուխ շահ
Օրենսդրություն Շարիաթ
Պատմություն
- Առանի ամիրայության հիմնում 799
- Շիրվանշահերի պետության հիմնում 861
- Մայրաքաղաքի տեղափոխում
Շամախիից Բաքու
1192
- Պետության գրավում Սեֆյանների կողմից 1502

Գոյության 7 դարերի ընթացքում այստեղ թափանցել են զանազան իսլամադավան ցեղեր ու ժողովուրդներ՝ արաբներ, սելջուկներ, պարսիկներ, թուրքեր։ Տեղաբնիկ աղվանները վերջնականապես ձուլվել են նրանց մեջ և դարձել իսլամադավան։ Նրանց փոքր հատվածները՝ որոշ բնակավայրերում, շարունակում էին պահպանել քրիստոնեական սովորույթները, կրոնը և գիրը (ուդիներ, լեզգիներ

Զարգացած միջնադարում Շիրվանշահերի պետությունը բազմիցս գտնվել է օտար տիրապետությունների ներքո։ Ուշ միջնադարում՝ 16-րդ դարում, Իրանում գահ են բարձրանում Սեֆյանները, ովքեր նախ գրավում են Շիրվանը (1502)՝ այն վերածելով կուսակալության, ապա՝ վերացնում են նրանց բոլոր իրավունքները (1538)։

Ադրբեջանցիները Շիրվանշահերի պետությունը համարում են հերթական ադրբեջանական պետական կազմավորում, և այդ տեղեկությունը տարածում նաև հայերենով[1]։ Այնինչ Շիրվանի կառավարիչները եղել են արաբներ, կառավարման ավանդույթները եղել են պարսկական, իսկ բնակչության մեծամասնությունը եղել են աղվանները, հայերը, ավելի ուշ՝ պարսիկները (այսօր՝ թաթեր)։ Թյուրքալեզու ցեղերի գաղթը այս տարածաշրջան բուռն թափ է ստացել 16-րդ դարից հետո, իսկ Ադրբեջան պետությունը աշխարհի քաղաքական քարտեզին հայտնվել է 1918 թվականին։

Աշխարհագրություն

խմբագրել

Միջնադարյան հայկական, արաբական և պարսկական աղբյուրները Շիրվան են կոչել Կասպից ծովի արևելյան ափը, որը սահմանազատված է եղել Կովկասի լեռնաշղթայից մինչև Կուր գետի դելտան։ Շիրվանով է անցել մետաքսի ճանապարհը։

Ազգային կազմը այստեղ եղել է բավական խայտաբղետ. բնակվել են կովկասալեզու, իրանալեզու և թյուրքալեզու ցեղեր։ Շիրվանի նշանավոր քաղաքներից են եղել Կապաղակը (Աղվանքի մայրաքաղաք), Բաքուն, Շամախին, Դերբենդը։ Աղբյուրներում նշվում է նաև, որ 6-րդ դարում Շիրվանը եղել է Սասանյան Իրանից վասալական կախման մեջ գտնվող թագավորություն։

Կլիման եղել է նպաստավոր՝ անասնապահության ու երկրագործության զարգացման համար։ Մեղմ ձմեռները և շոգ ամառները հնարավորություն են տվել այստեղ զբաղվել այգեգործությամբ, խաղողագործությամբ ու շերամապահությամբ։ Լեռնային շրջանները հարուստ են ալպիական մարգագետիններով։

643 թվականին տարածքը գրավել են արաբները. իրանական դինաստիան շարունակել է կառավարել մինչև 9-րդ դարի սկիզբը, ապա արաբները հիմնել են նոր իշխանապետություն։ Երկար ժամանակ Հայաստանի կառավարիչները (Հայոց իշխանը և Արմինիայի կուսակալը) գերիշխել են Շիրվանում։ Եկեղեցին՝ որպես Աղվանից կաթողիկոսություն, ամբողջովին գտնվել է հայ առաքելական եկեղեցու վերահսկողության տակ։

Պատմություն

խմբագրել

8-րդ դարում Աղվանքը մտել էր Արաբական խալիֆայության մեջ՝ «Արմինիա» վարչական միավորի կազմում։ Իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով արաբական նվաճողները ռազմական կարևոր նշանակություն ունեցող վայրերում հիմնեցին զինվորական գաղութներ, հետզհետե այդ վայրերի բնակչության ազգային կազմը փոփոխության ենթարկվեց։

9-րդ դարում եկվոր իսլամադավան ցեղերի հիմքի վրա առաջացան Շիրվանշահերի (Շամախիում) և Շադդադյանների (Գանձակում) ամիրայությունները։ Ժողովրդական զանգվածները պայքար էին մղում նվաճողների դեմ, որոնք բռնությամբ տարածում էին իսլամը։ 780-790-ական թվականներին ապստամբություններ բռնկվեցին Շիրվանում, Պարտավում, Բայլականում։ Խուրամիների շարժումը հարևան Ատրպատականում (809-837), որ գլխավորում էր Բաբեկը, ընդգրկեց Արաքսից հյուսիս ընկած շրջանները։

9-րդ դարի երկրորդ կեսին՝ հակաարաբական հերթական ապստամբությունից հետո, խալիֆայությունը ճանաչեց Բագրատունիների գերիշխանությունը Հայաստանում։ Խաչենի, Փառիսոսի, Գարդմանի, Բայլականի, Դիզակի և այլ իշխանություններ մտան Բագրատունյաց թագավորության մեջ։ Կուր գետից հյուսիս հիմնվեց Աղվանից թագավորությունը՝ Շաքե կենտրոնով։

Առաջին դինաստիայի՝ Մազյադիների կամ Յազիդիների հիմնադիրը աբբասյան զորահրամանատար, Արմինիայի կուսակալ Յազիդ իբն Մազյադ ալ-Շայբանին էր (799-801)։ Նրա հաջորդները, օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից, Շիրվանը հռչակում են անկախ պետություն և 861 թվականին ստանում «շիրվանշահ» կոչումը;

 
Կույսի աշտարակ

917 թվականին Շիրվանին միացվել է Լայզանի ամիրայությունը՝ Աղվանքի տարածքում։ Հաջորդ տարի մայրաքաղաք է դառնում նոր հիմնված Յազիդիա քաղաքը՝ Շամախիից ոչ հեռու։ 981-982 թվականներին Շիրվանշահերի տարածքի մեջ են մտնում Կապաղակը և Պարտավը, իսկ 11-րդ դարի սկզբին պատերազմ սկսում Դերբենդի ամիրայության դեմ։

1060-ական թվականներին Շիրվանշահերի պետությունը հարձակման է ենթարկվում սելջուկ-թյուրքերի կողմից, երբ նրանք հերթական անգամ արշավել էին Հայկական լեռնաշխարհ։ Նրանց գերակայությունն ընդունած Ֆարիբուրզ շահը 1080-ական թվականներին օգտվում է հարևանների թուլացումից և իրեն անկախ հայտարարում՝ զինակցելով հարևան ամիրայությունների հետ։

11-րդ դարում սելջուկյան արաշավանքերի արդյունքում նվաճողներն իրենց հպատակեցրին այժմյան Ադրբեջանի տարածքում եղած իշխանությունները։ Սելջուկյան տիրապետության քայքայումից (12-րդ դար) հետո այդ իշխանությունները վերականգնեցին իրենց ինքնուրույնությունը և հզորացան։ Սակայն թաթար-մոնղոլական նվաճումների հետևանքով խափանվեց նրանց զարգացումը։

12-13-րդ դարերում Շիրվանշահերը Ապշերոնի թերակղզում կառուցել են մի քանի ամրություններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը։ Երկրում կառուցվել են նաև քարվանսարաներ, մզկիթներ, այլ շինություններ։ Մինուչիհր III-ը 12-րդ դարում կառուցել է Բաքվի պարիսպները, ինչի մասին նշված է արձանագրությունում։ 1175 թվականին կառուցվում է Կույսի աշտարակը։ 1187-1188 թվականներին կառուցվում է նաև «Քառանկյուն բերդը» Մարդականում, որ հայտնի է նաև որպես Ռամանա ամրոց։

Ֆարիբուրզ III-ի օրոք 1234/5 թվականներին ավարտվում է Բաքվի նավահանգստում ամրոցի կառուցապատումը։ Սկսում են Մոնղոլական արշավանքները։

Թյուրքական քոչվոր ցեղերը (հայկական աղբյուրներում «թուրքմանք») Կուրի և Արաքսի ստորին ավագանում երևացին 11-րդ դարի կեսերին՝ սելջուկյան արշավանքների ժամանակ։ Նրանց հոսանքը դեպի Հարավային Կովկաս ուժեղացավ հատկապես թաթար-մոնղոլների տիրապետության և հետագա շրջանում (13-17-րդ դարեր)։ Արևելյան Անդրկովկասում հետզհետե տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա-թուրքմենական ցեղերը։

Շիրվանշահերի պետության անկումից հետո Սեֆյան պետության կազմում Շիրվանում քոչվոր ցեղերի բացակայության պայմաններում այստեղ չեն ձևավորվում ցեղային վերնախավին պատկանող ժառանգական բեկլարբեկություններ (կուսակալություններ)։ Շամախիի խանը մշտապես նշանակվում էր Իրանի շահի կողմից և ուղարկվում Սպահանից[2]։

Պետական կարգ

խմբագրել

Շիրվանշահերի պետությունը դասական արևելյան միապետություն էր։ Այն կառավարվում էր շիրվանշահի կողմից, որն ուներ իր հպատակները։ Պետության պաշտոնական կրոնը իսլամն էր, թեև կային քրիստոնեական ստվար համայնքներ՝ հայերից ու աղվաններից բաղկացած։

Իր գոյության ընթացքում Շիրվանշահերի պետությունը բազմիցս ընդունել է հարևան հզոր պետությունների՝ Ատրպատականի (9-10-րդ դարեր), Բագրատունիների թագավորության (10-11-րդ դարեր), Սելջուկյան սուլթանության (11-12-րդ դարեր), Վրաց թագավորության (12-13-րդ դարեր), Մոնղոլական խանության (13-րդ դար), Կարակոյունլուների և Ակկոյունլուների (14-15-րդ դարեր) գերիշխանությունը։

Դինաստիաներ

խմբագրել

Մայրաքաղաք

խմբագրել
 
Շիրվանշահերի ապարանքները նոր մայրաքաղաք Բաքվում

Մազյադիների կառավարման տարիներին (որպես Առանի ամիրաներ՝ 799-861, որպես Շիրվանշահեր՝ 861-1027), պետության կենտրոնը եղել է Շամախին։ Թեև այն որպես բնակավայր հայտնի էր որպես Կամախիա մ.թ.ա. 2-1-ին դարերում[3], սակայն քաղաքի հիմնական պատմությունը սկսվում է 8-րդ դարում, երբ դառնում է Շիրվանշահերի պետության մայրաքաղաքը։ Այստեղ արաբական ու պարսկական ճարտարապետական ոճով կառուցվում են բազմաթիվ շինություններ, որոնց մի մասը հասել է մինչև մեր օրերը։ 1476 թվականին այստեղ եղած Ջոսաֆաթ Բարբարոն ասել է[4].

  Այն (Շամախին) լավ քաղաք է. ունի չորսից հինգ հազար տներ, արտադրում է մետաքս, բամբակ և այլ հումք՝ իր սովորույթներով։ Այն գտնվում է Մեծ Հայքում և նրա բնակչության մեծամասնությունը հայեր են
- This [Sammachi] is a good city; it has from four to five thousand houses, it produces silk, cotton as well as other things according to its tradition; it is situated in greater Armenia (Armenia grande) and the majority of its residents are Armenians.
 

Քասրանիների կառավարման ընթացքում (1027-1382) Շամախիում տեղի է ունենում հուժկու երկրաշարժ (1192)։ 14-րդ դարում մայրաքաղաքը տեղափոխվում է ծովափնյա Բաքու քաղաքը։

16-րդ դարում՝ Սեֆյանների կողմից գրավվելուց հետո, Շամախիում շարունակում էին մեծամասնություն կազմել հայերը և վրացիները[5][6].

  Այս քաղաքը գտնվում է ծովից 5 օրվա հեռավորության վրա (ուղտերով)։ Այժմ բավական անկում է ապրել։ Բնակեցված է գլխավորապես հայերով
- This city is five days' walk on camels from the sea, now it has fallen a lot; it is predominantly populated by Armenians...
 

Մշակույթ

խմբագրել

Շիրվանշահերի պետության մշակութային հուշարձաններից պահպանվել են մի քանի ապարանքներ՝ Ռամանա ամրոցը, Կույսի աշտարակը և Բաքվի դարպասները։ Կառուցվել են նաև մզկիթներ։ Մեզ են հասել նաև Շիրվանշահերի հատած մետաղադրամները։

Գրական-ստեղծագործական կյանքի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ձգտելով նույնացնել ժամանակակից Ադրբեջանը Շիրվանի և Գանձակի իշխանապետությունների ու Ատրպատականի հետ՝ ադրբեջանցիները Շիրվանի ոչ նյութական մշակույթի մեջ ներառում են երկու բանաստեղծների՝ Նիզամի Գյանջևիին (1141-1209) և Խաքանի Շիրվանիին (1120-1199)։

Նիզամի Գյանջևին ծնվել և ապրել է Գանձակ քաղաքում և ստեղծագործել է պարսկերեն. որևէ տեղեկություն չկա, որ նա երբևէ եղել է Շիրվանշահերի պետությունում։ Խաքանի Շիրվանին ծնունդով Ատրպատականի Թավրիզ քաղաքից էր, ով ստեղծագործում էր պարսկերեն և արաբերեն։ Այն, որ հրավիրվել էր Շիրվանշահերի պալատ՝ որպես արքունի ձոներգու, բանաստեղծի կյանքի մի մասն է կազմում։ Նա ճանապարհորդել է տարբեր երկրներով, ուստի յուրաքանչյուր երկիր ըստ այս տրամաբանության կարող է իրենը համարել Խաքանի Շիրվանիին։ Ավելին, Շիրվանից գաղտնի հեռանալու փորձի համար շահ Ահսաթանի հրամանով Խաքանին բանտարկվել է (1159)։

 
 
 
 
Ռամանա ամրոց Կույսի աշտարակ Դիվանխանե Քեյկուբադ մզկիթ

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։