Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

(Վերահղված է Ուկրաինայի ԽՍՀից)
Այս հոդվածը վերաբերվում է «ՈւԽՍՀ» եզրույթին. չշփոթել «ՈւզԽՍՀ» (Ուզբեկական ԽՍՀ) եզրույթի հետ:


Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Ուկրաինական ԽՍՀ, ՈւԽՍՀ, Խորհրդային Ուկրաինա, ուկրաիներեն՝ Украї́нська Радя́нська Соціалісти́чна Респу́бліка, ռուս.՝ Украи́нская Сове́тская Социалисти́ческая Респу́блика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր եվրոպական մասի հարավարևմուտքում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Սահմանակցել է արևմուտքում Լեհաստանին և Չեխոսլովակիային, հարավ-արևմուտքում՝ Հունգարիային և Ռումինիային։ Հարավում ողողվում էր Սև և Ազովի ծովերի ջրերով։ Տարածքը կազմել է 603,7 հազար կմ քառակուսի։ Վարչականորեն բաժանված է եղել 25 մարզի։ Միավորված էր Դոնեց-Մերձդնեպրյան, Հարավ-Արևմտյան, Հարավային տնտեսական շրջաններում։ Հանրապետությունն ունեցել է 479 շրջան, 417 քաղաք, 908 քտա։

Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Українська Радянська Соціалістична Республіка
 Ռուսական կայսրություն 1917 Ուկրաինա 
Քարտեզ


(1954 թ.)

Քարտեզ2


(1922 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կիև
Մակերես 603,700 կմ2(1989 թ.)
Բնակչություն 51,706,746 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, ուկրաիներեն
Ազգություն ուկրաինացիներ, ռուսներ, հրեաներ և ուրիշներ
Հիմն Державний гімн Української Радянської Соціалістичної Республіки  (Ukrainian)
  
Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգ

Արժույթ ԽՍՀՄ ռուբլի

1984 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 50681 հազար մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով) ունեցել է հետևյալ պատկերը․ ուկրաինացիներ՝ 36489, ռուսներ՝ 10472, հրեաներ՝ 634, բելառուսներ՝ 406, մոլդավացիներ՝ 294, լեհեր՝ 258, բուլղարացիներ՝ 238 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսի վրա 83,6 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Կիև (2411 հազար մարդ)։ Խոշոր քաղաքները՝ Խարկով (1536), Դնեպրոպետրովսկ (1140), Օդեսա (1113), Դոնեցկ (1064), Զապորոժիե (844), Լվով (728), Կրիվոյ ռոգ (680), ժդանով (520), Վորոշիլովգրադ (485), Նիկոլաև (474), Մակեևկա (446), Վիննիցա (350), Դոռլովկա (339), Խերսոն (337), Սևաստոպոլ (328), Աիմֆերոպոլ (324, բոլորը 1 հունվարի, 1984)։

Խորհրդային վարչակարգը երկրում հաստատվել է 1917-ի նոյեմբեր 1918-ի հունվարին, երբ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը պարտություն կրեց Խորհրդա-ուկրաինական պատերազմում և գրավվեց Կարմիր բանակի կողմից։ ՈւԽՍՀ կազմավորվել է 1917-ի դեկտեմբերին 12(25)-ին։ 1922-ի դեկտեմբերի 30-ին մտել է ԽՍՀՄ կազմի մեջ։ 1939-ի նոյեմբերին ՈւԽՍՀ-ին վերամիավորվեց Արևմտյան Ուկրաինան։ 1940-ի օգոստոսի 2-ին ՈւԽՍՀ կազմ մտան Բեսարաբիայի մի շարք գավառներ և Հյուսիսային Բուկովինան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Նացիստական Գերմանիայի զորքերը օկուպացրել են Ուկրաինան (1941—44)։ Ծավալվել է պարտիզանական շարժում։ Մինչև 1943-ի աշուն խորհրդային զորքերն ազատագրեցին Ձախակողմյան Ուկրաինան, 1944-ի հոկտեմբերին՝ ողջ հանրապետությունը։ 1945-ի հունիսին Անդրկարպատյան Ուկրաինան վերամիավորվեց ՈւԽՍՀ-ի հետ։ 1954-ին նրա կազմի մեջ մտցվեց Ղրիմը։ 1945-ին, պրոտո-պետության կարգավիճակով դարձել է ՄԱԿ-ի անդամ։ ՈւԱԱՀ պարգևատրվել է Լենինի 2 (1954, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության (1967) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։

Ուկրաինական ԽՍՀ արդյունաբերությունը մեծապես հենվել է վառելիքաէներգետիկ բազայի վրա (հատկապես Դոնբասի քարածուխը, ինչպես նաև բնական գազն ու նավթը)։ Խոշորագույններից են համարվել Ուգլեգորսկի, Զապորոժիեի, Կրիվոյ ռոգի II, Բուրշտինսկի, Զմիևկայի, Զուևոյի, Մերձդնեպրյան, Վորոշիլովգրադի, Ատարոբեշևի ջերմակայանները։ 1977-ին շահագործման հանձվնեց Չեռնոբիլի ԱԷԿ-ը, որի 4-րդ էներգաբլոկը 1986 թվականի ապրիլի 26-ին վթարի ենթարկվեց՝ մարդկությանը կանգնեցնելով ծանր հետևանքներով բնական աղետի առջև։

Հատկապես զարգացած է եղել ծանր, էներգետիկ, տրանսպորտային մեքենաշինությունը, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների, սարքերի արտադրությունը (Նովոկրամոտորսկի և ժդանովի ծանր մեքենաշինական, Խարկովի տրակտորի և «էլեկտրոտյաժմաշ», Վորոշիլովգրադի ջերմաքարշաշինական, Գոռլովկայի լեռնաարդյունահանման սարքերի են)։ Քիմիական արդյունաբերությունը թողարկել է հանքային պարարտանյութեր, քիմիական թելեր, սինթետիկ խեժեր, պլաստմասաներ, ներկեր, ռետինե իրեր և այլն։ Զարգացած են եղել նաև սննդի և թեթև արդյունաբերությունները։

ՈւԽՍՀ գյուղատնտեսական հողերը 42,1 միլիոն հեկտար էին (տարածքի 70%-ը), այդ թվում ցանքերը՝ 33,3 միլիոն հեկտար, խոտհարքները՝ 2,1 միլիոն հեկտար, արոտավայրերը՝ 4,6 միլիոն հեկտար (1983)։ Ոռոգելի հողատարածությունը 1980-ին 2014 հազար հեկտար էր։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ դաշտավարության բաժինը կազմում էր 45, իսկ անասնապահությանը՝ 55%։ Անասնապահությունից հատկապես զարգացած է եղել տավարաբուծությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 715