Չարեք վանք (նաև՝ Չարեքավանք, Չարեքա անապատ)։ Գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում՝ Փիփ գյուղից 10 կմ հեռավորության վրա՝ Շամխոր գետի ձախ ափին՝ Գետաբեկ վտակի և Շամխոր գետի միախառնման տեղից վերջինիս հունն ի վեր շուրջ 3,5 կմ հարավ-արևմուտք, նույնքան և նույն ուղղությամբ հեռու Չարեք բերդից, ծովի մակերևույթից 1070 մ բարձրության վրա։

Չարեք վանք
Վանքային համալիր

Զանգակատունը, 2015 թ.

ՏեղադրությունՓիփ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Դավիթ Ղարամանենց Շամքորեցի եպիսկոպոս
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ17-րդ դար
Չարեք վանք (Ադրբեջան)##
Չարեք վանք (Ադրբեջան)
Չարեք վանք (Մեծ Հայք)##
Չարեք վանք (Մեծ Հայք)
40°32′00″ հս․ լ. 45°53′08″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Վանքն իր անունն ստացել է ոչ հեռու գտնվող համանուն բերդից։

Պատմություն

խմբագրել

Գլխավոր կառույցների (եկեղեցի, գավիթ, զանգակատուն, մատուռ, շրջապարիսպ, միաբանական և օժանդակ այլ կառույցներ) շինարարությունն իրականացվել է 17-րդ դարում։ Եղել է գրչօջախ և ուսումնական հաստատություն։ Բազմիցս ավերվել ու վերաշինվել է։ Ունեցել է ինչպես ծաղկման, այնպես էլ անկումային տարիներ։ Տիրապետել է ընդարձակ կալվածքների։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո իշխանությունները բռնագրավել և պետականացրել էին վանքի կալվածները, իսկ վանքում բնակություն էր հաստատել մի խաշնարած թուրք ընտանիք[1]։

Հիմնադրումը

խմբագրել

Հետևելով Առաքել Դավրիժեցու վկայությանը՝ ընդունված է վանքի հիմնադրումը վերագրել Տաթևի Մեծ Անապատում ուսանած և ծննդավայր վերադարձած Դավիթ եպիսկոպոսին։

  Եվ Դաւիթ եպիսկոպոսն՝ որ էր ի Շամքոռու ձորէն՝ և ի ցեղէ իշխանաց, զոր Ղարամանենց կոչեն, սա ևս եկեալ եկաց ի մեծ Անապատս, և ապա ելեալ գնաց ի ձորն Շամքօռու՝ և անդ շինեաց Անապատ, զոր կոչեն Չարեքագետի Անապատ, որ է բազմաժողով եղբարց բնակութիւն, և յոյժ հաստատուն ամենայն կարգօք և սահմանօք Անապատի մինչև ցայսօր. և ինքն Դաւիթ եպիսկոպոսն՝ անդէն վախճանեցաւ, և անդէն թաղեցաւ...  

[2] Սակայն կովկասյան լեռնականների կողմից կողոպտված Չարեք վանքին նյութական օգնություն հասցնելու առթիվ Կարապետ կաթողիկոսի (1726-1729) գրած կոնդակում ակնարկ կա այն մասին, թե վանքն ավելի վաղ է հիմնադրված եղել.

  ...գլուխ ամենայն անապատաց, անուանի և հռչակեալն ցամենայն երկրի մեծ և սուրբ Անապատն Չարեքու, որ է յերկրին Գանջայու, որ կառուցեալ է յառաջնոց թագաւորաց, ի հայրապետացն սրբոց լուսապայծառ եկեղեցիս անուամբ սուրբ Աստուածածնին և հաստատեալ անապատս բազմախումբ կրօնաւորաց։ Եվ յօրինեալ են պատարագատեղս երկոտասան։ Եվ է սուրբ անապատն այն անուանի և հռչակաւոր բազմահրաշ և սքանչելագործ և գանձեալ կայ ի նմա բազում մասունք սրբոց և սուբ նշանք տէրունական, յորում տեղւոջ բնակեալ կան բազմութիւնք միաբանից աղօթաւորաց խարազնազգեաց կրօնաւորաց...  

Վանական շինությունները

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցի

խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի սկզբին։ Ունի եռանավ բազիլիկի հորինվածք։ Արտաքուստ երկթեք ծածկի տակ առնված տանիքը ներքուստ պահում են երկու զույգ քառանկյուն կտրվածքով սյուները։ Արևելյան կողմում՝ ավագ խորանից աջ և ձախ, կան մեկական ավանդատներ։ Մուտքը արևմտյան ճակատից է, որ բացվում է այդ կողմից կից գավթի մեջ։ Կառուցված է անմշակ և կոպտատաշ քարով, կրաշաղախով։ Արտաքին չափերն են՝ 17,28 x 9.72 մ։ Որմերին կրում է 1617 թվականի «Սուրբ խաչս բարեխաւս Մանուէլի, թվ(ին) ՌԿԶ» և 1621 թվականի «Սուրբ խաչս բարեխաւս է Դաւիթ եպիսկոպոսին հաւրն և ննջեցելոց, թվ(ին) ՌՀ» նվիրատվական արձանագրություններ։ Եկեղեցու հարավային դռան մոտ տեղադրված է 1826 թ.-ի օրորոցաձև տապանաքար, որի վրա գրված է՝ «Այս է տապան Դաւիթ վարդապետին, որ փոխեցաւ առ Քրիստոս, ի թվին ՌՄՀԵ»[3]։

Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից արևմտյան կողմում գտնվում է 1684 թվականին կառուցված գավիթը։ Կառուցված է համակ սրբատաշ դեղնագորշավուն քարերով։ Ունի նույնպիսի հորինվածք, ինչպիսին որ եռանավ եկեղեցին։ Հարավից գավթի ճակատը ձևանում է ինչպես սյունասրահ՝ եռակամար բացվածքով։ Հյուսիսային նավը պահում են զույգ սյուները։ Շենքի արտաքին չափերն են՝ 8,0 x 6,48 մ։ Գավթի գլխավոր դուռը բացվում է սյունասրահի մեջ։ Երկրորդ դուռը, որը վաղուց ի վեր փակված է, բացված է եղել արևմտյան ճակատի հյուսիսային անկյան մոտից։

Ունեցել է բազմաթիվ արձանագրություններ։ Հարավային մուտքի բարավորին եղել է 1684 թվականի շինարարական արձանագրություն՝ «Շնորհօք Աստուծոյն ամենակալի կառուցաւ ի անուան Ամենափրկչի վերնատունս տեղի հոգոյ ճշմարտի, եկեղեցիս սուրբ և գաւիթ գովելի ի հայրապետութեան... շինեցաւ սա ձեռամբ տեառն Ներսէսի հանդերձ Հ (70) եղբարբք ամէն ի փրկութիւն հոգոց մերոց, որք ընթեռնուք, յիշեցէք ի Քրիստոս, ամէն, թվ(ին) ՌՃԼԳ», արևմտյան ճակատից քիչ ցած ագուցված խաչքարի ստորին մասում 4 տողով գրված է եղել՝ «Սուրբ խաչս բարեխաւս Տէր Մօվսէսին, Ներսէսին, Յօվսէփանին և Պարխուտարին, որք բազում սիրով ետուն շինել զգաւիթ սուրբ եկեղեցւոյս, թվ(ին) ՌՃԼԳ », հարավային մուտքի բարավորից վեր՝ «Տէր, հատի զնեղութիւնս Տէր Մօվսէսի, Ներսէսի, Օսէփանին և Պարխուտարի, ձեզ պահէ անփօրձ աշխարհի», հյուսիսարևմտյան անկյան մոտի փոքր դռան բարավորից վեր՝ խաչաքանդակի տակ փորագրված է «Ով քառաթև սուրբ Փրկչին և զինարան անմահ գառին, աւուր փառավոր արքային, թվի(ն) ՌՃԼԳ», արևմտյան ճակատում՝ «Ես Ներսէս»։ Նշված բոլոր արձանագրությունները թվագրվում են 1684 թվականի։

Գավթում է գտնվում 1746 թվականի օրորոցաձև տապանաքար, որի վրա գրված է «Այս է հանգիստ Չարեքու անապատի Մկրտիչ վարդապետին, թվ. Ռ(Ճ)ՂԵ»[4]։

Զանգակատուն

խմբագրել

1659 թվականին գավթից հյուսիս լառուցվել է երկհարկ, ութսյուն ռոտոնդայով զանգակատունը։ Հատակագծում քառակուսի (6.12 x 6.12 մ), արևմտյան ճակատից բացված միակ մուտքով, 2-րդ հարկում ութ բոլորաձև ու հաստահեղույս սյուներով, սրածայր վեղարով շենք է՝ կառուցված անմշակ քարով, աղյուսով և կրաշաղախով։ Մուտքից վեր ագուցված սրբատաշ քարերին փորագրված է 7 տողանոց շինարարական արձանագրություն՝

  Կամօքն Ա(ստուծո)յ շինեցաւ զանկակատունս յանուն ս(ուր)բ Հ(րե)շտ(ակապե)տացն Միքայէլի և Գաբրիէլի, ի հ(ա)յր(ա)պ(ե)տութ(եա)ն Պետր(ո)սի սրբազան կաթուղիկոսի ի տանս Աղուանից, յառաջնորդութե(ան) ս(ուր)բ ուխտիս և անապատիս Չարեքայ Սարգիս վ(ա)րդ(ա)պ(ե)տի, ձեռնտութ(եամ)բ և աղօթիւք Հ (70) միաբանիցս կատարումն եղև ս(ուր)բ խ(ո)ր(ա)նիս, ի փառս Ա(ստուծո)յ։ Արդ ես Ք(րիստոս)ի ծառա Ս(ա)րգ(ի)ս վ(ա)րդ(ա)պետս և աղօթաւոր եղբարքս շին(ե)ց(ա)ք զս(ուր)բ կ(ա)թ(ո)ղ(ի)կէս ի փրկութի(ւն) հոգ(ո)ց մեր(ո)ց և ամ(ենայն) հ(ա)ւ(ա)տ(ա)ցելոց, որք ընթեռնուք յիշեցէք զմեզ ի Ք(րիստո)ս, թվ(ի)ն ՌՃ և Ը։  

Արձանագրությունից վեր ագուցված են 3 խաչքարեր, որոնցից մեկը թվագրվում է 12-րդ դարի, որի վրա կա հետևյալ գրությունը՝ «Սբ. խաչս բարեխօս Սարգսին»: Զանգակատան հարավային ճակատին՝ լուսամուտի աջ ու ձախ կողմերում, սրնգահար հրեշտակների հարթաքանդակներ են[5]։

Հարանց մատուռ

խմբագրել

Տես.՝ Հարանց մատուռ

Սեղանատուն

խմբագրել

Անմշակ քարերով, կրաշաղախով կառուցված թաղակապ շենք է, որի արտաքին չափերն են՝ 25.0 x 8.64 մ։ Լուսավորությունն իրականացված է նեղ ու փոքր լուսամուտների միջոցով, իսկ քարե երկշարք սեղաններն արդեն ԺԹ դարի վերջերին ոչնչացված էին։ Սեղանատան շենքին կից եղել է խոհանոցը[6]։

Միաբանների սենյակներ

խմբագրել

Շրջապարսպին ներսից կից են միաբանության շուրջ 3 տասնյակ թաղածածկ սենյակները, որոնց զգալի մասը կառուցվել կամ նորոգվել է ԺԹ դարի 2-րդ կեսին[6][7]։

Վանահայրերը

խմբագրել
  • Դավիթ եպիսկոպոս։ Հիմնադրել է Չարեքավանքը, վանքի առաջնորդը (1610-1643): Թաղված է եկեղեցու արևելյան պատի տակ[8]։
  • Սարգիս վարդապետ։ Վանքի առաջնորդ է եղել (1643-1671): Նրա օրոք կառուցվել է զանգակատունը, վանքում ծաղկել է գրչությունը։ Գյուղում ստեղծված մի ձեռագրում վանահորը բնութագրել են այսպես. «...ի առաջնորդութեան սուրբ ուխտին Չարեքա մենարանի Սարգիս երջանիկ վարդապետի, որ է ստուգիւ հայր նմանեալ ըստ առաջնոցն...»: Թաղված է Հարանց մատուռում[9][10]։
  • Սահակ վարդապետ(1671-1674): Թաղված է Հարանց մատուռում[11][12]։
  • Ներսես վարդապետ (1675-1700–ականների սկիզբ)։ Նրա օրոք կառուցվել է վանքի գավիթը։ Թաղված է Հարանց մատուռում[11][13]։
  • Մկրտիչ վարդապետ (1710–ականներ -1746): 1717 թվականին նրա ջանքերով վանքը պարսպապատվել է, իսկ 1730 թվականին Կարապետ կաթողիկոսի և Երուսաղեմի Գրիգոր պատրիարքի թույլտվությամբ ու կոնդակով ժողովարարությամբ ձեռք բերած միջոցներով շենացրել է լեզգիների արշավանքների հետևանքով թալանված ու քայքայված վանքը։ Նրա գերեզմանը գտնվում է Միրզիկ գյուղի մոտ՝ Քարհանի վանքի գավթում[11][14]։
  • Դավիթ վարդապետ Ջալալյանց։ Պաշտոնավարել է 1817-1826 թթ.-ը։ Հայտնի է, որ 1817-1819 թթ.-ին Չարեք վանքում աշակերտել է հետագայում իրեն հաջորդած Սարգիս Դավթյանցի («...հասարակ ընթերցանութիւն և գրութիւն, զբացահայտութիւն հին և նոր կտակարանաց...»): Վախճանվել է 1826 թ.: Թաղված է եկեղեցու հարավային պատի տակ[15]։
  • Սարգիս վարդապետ Դավթյանց։ Պաշտոնավարել է 1826՞-1867 թթ.-ին։ Ծնվել է 1790 թ.-ին։ 1862-ին վանքում նորոգումներ է կատարել[16][17][18]։
  • Գրիգորիս վարդապետ Տեր-Հակոբյանց։ Ծնվել է 1842 թ. Էջմիածնի գավառի Սամաղար գյուղում։ 1867-1869 թթ.-ին.եղել է վանքի վանահայր. «...1867 թուին յուլիսի 1-ին Սինօդի հրամանով կարգուել Չարեքայ վանքի վանահայր...»: Վախճանվել է 1912 թ.-ին[19]։
  • Եփրեմ վարդապետ Ենիկոլոփյան։ Պաշտոնավարել է ?-1875 թթ.-ը[20]։
  • Աստվածատուր վարդապետ Տեր-Հարությունյանց։ Ծնվել է 1850 թ. Կախեթի մարզի հայահոծ Սիղնաղ քաղաքում։ 17 մայիս, 1875 - 21 օգոստոս, 1902 թթ.-ին եղել է վանքի վանահայր։ 1887-1888 թթ. կարճ ժամանակահատվածով ազատվել է պաշտոնից։ Նրա վանահայրության գրեթե ամբողջ ընթացքը անցել է երբեմնի վանքապատկան, բայց բռնագրավված կալվածները վանքին վերադարձնելու և կառավարությանը հաստատել տալու նպատակին ծառայած պայքարում։ Հայտնի է, որ մի անգամ վարդապետը, լսելով, որ Գետաբեկի մոտ գտնվող վանքապատկան «Դյուզ-յուրտ» կոչված տեղամասի անտառում թուրքերն ապօրինի ծառահատումներ են կատարում, 2 փիփեցիների հետ գնում է դեպքի վայր արձանագրություն կազմելու։ Տեսնելով դարանակալ մի թուրքի հրացանի փողը՝ վանահայրն առանց վարանելու ուղիղ գնում է դեպի թուրքը, որն էլ սարսափից չի համարձակվում կրակել։ Սակայն, այնուամենայնիվ, թուրք ավազակները նրան սպանում են այն բանից հետո, երբ երկար տարիներ ձգձգված դատական գործընթացն ի վերջո վճռվել էր վանքի օգտին։ Վանահորը թուրքերը կոչում էին «Կարմիր-Սուլթան» կամ «Շամքոռա ձորերի հերոս»։ Վանահայրը մշտապես հոգ է տարել նաև վանքի շենքերի բարեկարգության համար։ Ժողովարարություններով, դիմումներով ու խնդրագրերով մշտապես ազգայինների ուշադրությունն է հրավիրել խնամքի կարոտ Չարեք վանքի վրա։ Իր անմնացորդ ու սրտացավ ծառայության համար 1877-ին Գևորգ Դ կաթողիկոսից ստացել է լանջախաչ, իսկ 1898-ին կոնդակով պարգևատրվել է ծաղկյա փիլոնով։ 1899 թ. կոնդակով պատվիրվել է Աստվածատուր վարդապետին վանահոր պաշտոնով թողնել նույն վանքում։ Թաղվել է վանքի բակում[21][22][23][24][25][26][27]։ Ուշագրավ է Աստվածատուր վանահոր հետ բանահավաք Ս. Քամալյանի հանդիպման մանրամասները.
  Օրը մթնելու վրա էր երբ հասա, դիմացի պարտեզի փոքր տախտի վրա մի քանի րոպե հանգիստ առնելուց յետ հրավիրվեցի ներս։ Վանահօր վախն ու կասկածը իմ վերաբերմամբ շատ շուտ փարատվեց։ Սկսեց սիրալիր կերպով պատվել թեյով, օղիով, գինով և պահունի կերակրների ընթրիքով։ Գիշերվա մեծ մասը սլացավ զրույցի ու խօսակցութեան մեջ։ Ժամերգութիւն միշտ չի լինում, միայն կիրակի օրերը, երբ ուխտավորներ են լինում։ Կովերը 2 էին, եկան կիթ՝ ո՞վ է պահում։ -Աստծու ապաստան արածում են, -եղավ պատասխանը։ Գիշեր ցերեկ իրանք արածում են, իրանք վերադառնում են[28]։  
  • Անտոն վարդապետ Վարդազարյան։ Պաշտոնավարել է կարճ ժամանակահատված՝ 1887 թ., 5 հոկտեմբերի - 1888 թ., 24 հոկտեմբերի. «5 հոկտեմ. Սինօդը որոշեց Մայր Աթոռոյս ագարակի տեսուչ արժ. Անտօն վարդապետ Վարդազարեանին կարգել Չարէքայ անապատի վանահայր», իսկ 1 տարի անց, «ի 24 հոկտ. ...Անտոն վարդապետն Վարդազարեան արձակեալ ի պաշտօնէ վանահայրութեան Չարեքայ վանից ըստ խնդրանաց իւրոց...»: Վանահայրության պաշտոնից վարդապետի հրաժարականը կաթողիկոսն ընդունել է, քանի որ վեճի տակ գտնվող կալվածքի դատը հետապնդելու իմաստով Անտոն վարդապետն անպատրաստ էր, մինչդեռ նախորդ վանահայր Աստվածատուր վարդապետը լավատեղյակ էր գործի բոլոր ծալքերին. «...զի կալուածք այնր վանից, որք յանցելում ամի ի ժամանակի երկրաչափութեան անկեալ են վիճովք Արքունւոյ և վանիցն, կարօտին պաշտպանութեան փորձառու հմուտ անձի և նա անկարանա առանց խորհրդի և հրահանգութեան վարել ի դատաստանատունս զյարուցեալ վէճս ըստ այնց կալուածոց։ Ուստի հրամայեցին զԱնտօն վարդապետն Վարդազարեան արձակեալ ի վանահայրութենէս Չարեքայ վանից, ի տեղի նորա նշանակել դարձեալ զԱստուածատուր վարդապետն Տէր Յարութիւնեան, որ տեղեակ է զամենայն հանգամանաց գործոց և զսահմանաց կալուածոցն և որ առաւել նշանաւորն է և կարևոր վասն կալուածոց ծանօթ է ընդ բնակչաց շրջակայ գիւղօրէից և հանակրելի յաչս նոցա։ Ըստ այսմ հրամանագրել նախ՝ Աստուածատուր վարդապետի Տէր Յարութիւնեան ստանալ ցուցակաւ ի ներկայութեան միոյ յԱնդամոց Հոգևոր Կառաւարութեան Հայոց Ելիսաւէտապօլու յԱնտօն վարդապետէն զամենայն պատկանեալս Չարեքայ վանից, վարել զպաշտօն վանահայրութեան ամենայն հաւատարմութեամբ և ջերմեռանդութեամբ պաշտպանելով զիրաւունս և զօգուտ վանիցն ընդ իւրով պատասխանատուութեամբ և խնամել և կառավարել զվանքապատկան գոյս և կալուածս յամենայնի ըստ հրահանգութեանց Սինօդիս։ Երկրորդ՝ պատուիրել վիճակաւոր Առաջնորդի Հայոց Ղարաբաղու նշանակել զԱնտօն վարդապետն վանահայր ի միում վանօրէից վիճակին...»[29][30][31][32]:
  • Վահան վարդապետ Գևորգյան։ Վանահայր է նշանակվել 1902 թ.-ի դեկտեմբերին։ Պաշտոնավարության կարճ միջոցում դրսևորել է ծայրահեղ անհոգություն։ Պաշտոնատեղին բարեհաճել է ժամանել միայն 1903 թ.-ի փետրվարին, հետո էլ ավելի հաճախ լինում էր Գետաբեկում և ոչ վանքում։ Ի դեպ, 1906 թ. Էջմիածնի Սինոդը պատվիրել է Վրաստանի և Իմերեթի հայոց կոնսիստորիային Վահան վարդապետի դեմ դատ հարուցելու «անտառից ինքնագլուխ փայտ վաճառելու համար»[33][34][35][36][37]։
  • Հովհաննես Ոսկանյան Խոջայանց։ Փիփ գյուղի քահանան էր։ Չարեք վանքի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել 1903 թ.-ի հուլիսի 8-ին[38]։
  • Թեոդորոս Շիրակունի։ Նկատի ունենալով Չարեքի հեռավորությունը Փիփ գյուղից, վերջինիս բազմամարդությունը և Հովհաննես Խոջայանի ծանրաբեռնվածությունը՝ Գանձակի հոգևոր կառավարությունը դիմել էր Վրաստանի և Իմերեթի վիճակային կոնսիստորիային Խաչակապի Թարգմանչաց վանքի առաջնորդ Թեոդորոս Շիրակունուն Չարեք վանքի ժամանակավոր վանահայր նշանակելու խնդրանքով[39]։
  • Անտոն վարդապետ։ 1906 թ.-ին Էջմիածնի Սինոդի որոշմամբ Չարեք վանքի վանահայր էր նշանակվել նախկինում Ապարանի գործակալ Անտոն վարդապետը։ Վանքում, հավանաբար, այս վանահորն է հանդիպել (անունը չի նշել) գերմանացի հնագետ Լ. Հաուպտը և նշել. «Այդ վանքը նույնպես ամայացած էր։ Այնտեղ դեռ բնակվում էր միայն մի վանական, որը գերմաներեն լեզվին տիրապետում էր և մեզ ծանոթացրեց ընդարձակ, ամայի կառույցների, ստորգետնյա նկուղի հետ, որ ծառայում է որպես փախստավայր։ Այնուհետև նա վանքի վայրի և խառնիխուռն կերպով աճող այգում, մի լորենու տակ մեզ թեյ, կարագ, հաց և սեփական արտադրության լորենու մեղր հյուրասիրեց, որոնք մենք շոգ միջօրէի արշավից հետո հաճույքով վայելեցինք։ Մեղվապահությունը նրա հիմնական զբաղմունքն էր։ Լավ տարիներին նա ստանում էր 50-ից 60, իսկ աննպաստ տարիներին միայն 10-ից 15 պուդ (1 պուդը կազմում է 16,38 կգ) մեղր»[40][41][42]։
  • Տեր-Ավետիսյան։ Մի վավերագրում վանահայրության պաշտոնում հիշվում է 1910 թ.-ին։ Նրա օրոք վանքն անխնամ ու բարձիթողի վիճակում է եղել[43][44]։

Գրչությունը

խմբագրել

Չարեք վանքում ոչ միայն ստեղծվել են արժեքավոր ձեռագրեր, այլ նաև պահպանվել են այլ վայրերից բերված գրքեր, որոնցից քչերն են մեզ հասել։ Հայտնի է, որ 1641 թվականին վանքի միաբաններից Սարգիս կրոնավորը նորոգել է 1496 թվականի մի ավետարան.

  ...նորոգեցա սբ. Աւետարանս ձեռամբ Սարգիս կրօնաւորի, աշակերտ սբ. Աւետարանիս, ի սբ. անապատս Չարեքայ և առաջնորդութեամբ սբ. ուխտիս Դաւիթ եպիսկոպոսի  

1655 թ.-ին ոմն Մխիթարի (հավանաբար, միաբանության անդամներից) ձեռքով ևս մեկ ձեռագիր է նորոգվել.

  Նորոգեցաւ ձեռամբ մեղսասիրի յոգնապարտի և թշուառակի Մխիթարի, ի մեր թուում հազարում հարիւր և չորրորդում (1655 թ.), ի վայելուջ Ս. Աստուածածնում Չարեքայ սբ. անապատում, աղաչեմ յիշել անտրտում  

1655 թ.-ին Ավետիս քահանան Չարեք վանքում ավարտել է Պապաջան գյուղում սկսած (Վերին Զակամ գավառ) ձեռագիրը.

  Արդ՝ եղև աւարտ գրչութեան... ի սբ. և ի գերահռչակ ուխտիս, որ կոչի ... Չարեքայ անապատ...  

Վանքից մեզ հասած հաջորդ ձեռագիրը ստեղծվել է 1659 թ.-ին

  ...ի մենաստանին Չարեքանն Շամքորու Հ (70) ճգնազգեաց կրօնաւորացն, առաջնորդի տէր Սարգիս րաբունապետի, և առաջնորդութեանն Քարդման գաւառի տէր Դաւիթ արհեպիսկոպոսի  

1665 թ.-ին գրիչ և ծաղկող Գրիգորը (ստացող վանահայր Սարգիս վարդապետ) Չարեք վանքում նոր ձեռագիր է ստեղծել։

Չարեքի վանահայրերն ու սպասավորները ձեռագրեր են հեղինակել նաև այլ վայրերում։ Նրանք նաև ջանացել են լրացնել ու հարստացնել վանքի գրատունը։ Հայտնի է, որ 1637 թ.-ին վանքի միաբանությունը գնել է մի ձեռագիր.

  Ես Արիստակէս վարդապետս, տէր Յակոբս, տէր Բարսեղս վաճառեցաք զայս գիրքս Չարեքայ Անապատին. Դաւիթ պարոնտէրն, տէր Խաչատուրն, տէր Անտոնին և այլ միաբանիցն, ի թվին ՌՁԶ-ին (1637 թ.)...  

17-րդ դարի վերջերին Շուշիի Ագուլեցոց եկեղեցում պահվում էր մի ավետարան, որի ստացողն էր «Գանձակու Չարեքու ս. անապատի հայր Ներսէս վարդապետ»-ը։

1704 թ.-ին Երուսաղեմում Չարեքի վանահայր Ներսեսը ստեղծել է «Գավազանագիրք» աշխատությունը, որի հիշատակարանում նշված է.

  Յիշեցէք ի Քրիստոս զստացող սորին ըզտէր Ներսէս վարդապետն Չարեքու անապատցին... գրեալ իւրոյ մատամբն, ի վայելումն անձին իւրոյ, ի թուին ՌՃԾԳ, ի սուրբ քաղաքն Երուսաղէմ, ի դուռն ս. Յակոբայ առաքելոյն  

1715 թ.-ին Չարեքում «Ժողովածու» է հեղինակել գրիչ Հովհաննեսը։ 1818 թ.-ին Բաղդասար վարդապետ Ջալալյանցը Չարեք վանքից Գանձասար է փոխադրել ներկայումս Մատենադարանում պահվող N 4411 ձեռագիրը[45]։

Վանքի կալվածքները

խմբագրել

Չարեք վանքը ավանդաբար տիրապետել է բավական ընդարձակ կալվածների։ Դրանք ներառում էին ինչպես խոտհարքներ, արոտներ, այնպես էլ հիմնականում անտառներ։ 17 դարի վերջերին վանքապատկան կալվածքների սահմանների հարևանությամբ նստակեցության անցած խաշնարած իսլամադավան ցեղերը հաճախ ապօրինի օգտվում էին կալվածքից՝ առանց վանքին համապատասխան տուրք վճարելու։ 1860-ական թվականների վերջերին խնդիրներ են ծագում նաև վանքի ու կառավարության միջև։ Հարուցվում է դատական գործ, որը ձգձգումներով ի վերջո լուծվում է ի նպաստ վանքի։

Վանքապատկան կալվածքները մոտավորապես կազմում էին 3.000 դեսյատին։ Մի շարք վավերագրեր որոշակիորեն ներկայացնում են կալվածքների սահմանները։ 1857 թ.-ի մի վավերագրում մասնավորապես նշված է.

  ...ունի զիւր սեպհական կալուածս, բաղկացեալս յանտառաց, յանդօրէից, ի մարգագետնից՝ ի դաշտաց կամ յարօտատեղեաց, որք եզրակացուցանեն ի յետագայ սահմանս յարևելակոյս՝ առուն Գեատաբակայ, որ թափի ի գետն Շամքօռ, ի կողմն յարևմտեան՝ առուն Այքեանդ անուանեալ, որ անցանէ ընդ ստորոտով լերին Ղլիջ դաղ և ի հիւսիս՝ յաղբերէն Չափառլու բուլաղ սկսեալ՝ հանդերձ տեղւովն Այթալայ անուանեալ, յորում գտանին ձմերայնոցք ի հին ժամանակաց։ Այսոքիկ կալուածք գտանին ընդ անվէճ սեպհականութեամբ վերտառեալ վանիցն դեռ ի ժամանակաց հետէ տիրապետող խանիցն Ելիսաւէտօպօլ...  

Վանքապատկան գոմերի և կալվածքի սահմանների վերաբերյալ արժեքավոր տվյալներ կան նաև 1869 թ.-ին գրված մեկ այլ վավերագրում.

  Ես ներքոյ ստորագրեալ վանահայր Չարեքայ Անապատի Սարգիս վրդպտ. Դաւթեանց տալիս եմ այս կապակցական ձեռագիրս քեզ Զագլոյ գիւղացի Միրզայ Միրզախանիդ այս պատճառի, որ ես տալիս եմ կապալաւ քեզ Չարեքայ Անապատին պատկանեալ չորս ձմերանոցները, որ է՝ Մկոշանց գոմեր, Սաբլուղի գոմեր, Քիւքիւրտ գոմեր և Ներքի գոմեր իւրեանց չորս սահմաններն, որ է յարևելեան կողմանէ Գեատաբէկու գետն, արևմտեան կողմանէ Չափարլու բուլաղն և իւր վերևի սարն, որ է խոտհարք և հարաւային կողմանէ Ղլիճ-տաղն երեք տարւայ ժամանակի...  

1877 թ.-ի վավերագրից երևում է, որ վանքապատկան և արքունի կալվածների սահմանազատման հարցում վեճն ավելի է խորացել.

  Չարեքայ Անապատի կալուածքը և նորա մեծասահման ու թանկագին անտառը վիճելի մնացած է ի մէջ հոգևոր իշխանութեան և արքունական գանձարանի  

Խառնակ վիճակից օգտվել են մերձաբնակ թուրքերը, որոնք անտառի «Դյուզ-յուրտ» կոչված մասում ապօրինի ծառահատումներ էին անում։

1888 թ.-ին վանքապատկան կալվածքում հիշվում են 5 առավել կարևոր ձմեռանոցները, որոնց անուններն էին՝ Օջախվերդի, Քուքուրթ, Վերին Սաբղուլ, Ներքին Սաբղուլ և Մոկոշանոց-Կիզիլկալա։

1890 թ.-ին ծանոթանալով տիրող կացությանը՝ բանահավաք Ս. Քամալյանը նշել է.

  ...1875 թ.-ից սկսած անտառի կալվածական խնդիրը նրանով զարթած է ու համարեա վախճանին մոտենալու վրա է։ Անտառից օգտվում է վանքը, իրա սեփական անտառապահն ունի, 2 ծառա, էլ ուրիշ ոչ ոք  

Կալվածքի շուրջ վեճը խորանալով՝ դատական ընթացք է ստացել։ 1891 թ.-ի հուլիսի 1-ին նշանակվել է վերջնական քննություն. «Վկաների մեծագոյն մասը թուրքեր էին, որոնք վանքի օգտին ցուցում արին»։

1893 թ.-ին կազմված վավերագրում կալվածքի սահմանների մասին գրված է.

  Անտառք և արօտատեղիք ունի ի միասին ընդ ամէն ցերեք հազար դեսեատին տարածութեամբ. սահմանքն են՝ արևելեան կողմն և հարաւ Կլիջդաղ-Թափանսու, որ խառնի ի Շամքոր գետն, արևմտեան՝ Կարմիր-կապ և Սազմազու ի Ղլիջ, որ իջանէ ի Փալչխլիբուլաղ, հիւսիսային՝ Չախմախաքարի գագաթ և Սատանի սէր, Չաբարլու բուլաղ, որ խառնի ի գետակն Գատաբէգու...  

1894 թ.-ին լրատվական մի աղբյուր տեղեկացնում է, որ «Հոկտեմբեր ամսի վերջերում նահանգական դատարանում քննվեց Չարեքի Անապատի կալուածների գործը և վճռվեց վանքի օգտին...»:

1860-ական թվականների վերջերին ծագած կալվածքի վեճն իր վերջնական լուծումն է ստանում միայն 1902 թ.: Այդ մասին ժամանակի աղբյուրը նշել է.

  ...Չարեքի վանքը տիրապետում է իր շրջակայ ամբողջ գաւառակը, հին Գարդման աշխարհը, որի միջնադարեան աւատական տէրերը, Գարդմանաց իշխանները նուիրել են նրան՝ վանքին յաւիտեան տիրապետելու համար։ Թուրք վկաները երդմամբ հաստատում էին, որ այդ աւանդական կտակի մասին որդոց որդի պատմվում է նրանց մէջ։ Գործը հեշտերից չէր. դատարանական հաստատութիւնները՝ սկսած նահանգական դատարանից (Գանձակի) մինչև սենատը, զբաղեցվեցին նրանով մօտ 20 տարի (1883-1902 թթ.): Չարեքի գործը անթիւ անգամ քննվեց ու վերաքննվեց, վէճը տեղի ունէր վանքի ու գանձարանի մէջ, տեղն ու տեղը կատարվեցին բազմաթիւ քննութիւններ, երկրաչափները տարիների ընթացքում գալիս էին ու գնում, վերջապէս ներկայ թւի ապրիլին կառավարիչ սենատը վերջնականապէս ճանաչեց ու հաստատեց Չարեքի կալուածքը իբրև այդ հինաւուրց վանքի սեփականութիւն...»: Նույն թվականին Չարեք վանքի վրա կատարված ավազակային հերթական հարձակումն ավարտվում է վանահոր՝ Աստվածատուր վարդապետի սպանությամբ։ Հանգուցյալը. «...երկու տասնեակ տարիներից ի վեր, կրօնաւորութեան առաջին օրից, կեանքը դրել է այդ վանքի պահպանութեանը և այսօր, ինչպէս հաղորդում են մեզ հաւաստի աղբիւրներից, բարձրագոյն Ատեանը Պ. Բուրգում գործը վճռել է յօգուտ վանքին և շնորհիւ Աստուածատուր վարդապետի տևական և եռանդուն աշխատութեան Չարեքայ վանքի սեպհականութիւն է ճանաչուած մի այնպիսի կալուած, որ իւր ընդարձակութեամբ, բերրիութեամբ և անտառների խտութեամբ, կարծում ենք գերազանցում է մեր վանական շատ կալուածներից  

1902 թ.-ին Էջմիածնի Սինոդը պատվիրել է կազմել Չարեք վանքի կալվածների քարտեզը («...զմակարդակ կալուածոց վանուցն Չարեքայ»)։ 1910 թ.-ին կալվածքը զբաղեցնում էր 2732 դես. մակերես։

Գանձակի վիճակի վանական կալվածքների 1910 թ.-ի հուլիսի 4-ին կազմված տեղեկագրով վանքի սահմաններն են.

  ...արևելեան կողմից ձգվում է Ղարադաղ անւանեալ լեառը, բարձրանալով ուղեկցիս հետ անտառապահների առաջնորդությամբ լերան գլուխը, տեսանք երկրաչափի դրած նշանը՝ սահմանաքար։ Ամբողջ երկարաձգվող տարածութիւնը այս կողմից կլինի մօտաւորապէս չորս վերստ։ Արևմտեան կողմից գտնվում են՝ Այքենդի ջուր, Ջաջիլի անւանած տեղը, Տօնղուզ գեօլ, Այթալի սար, որի վերայ սահմանաքարն է, Այթալի ջուրը, Սաջին սէր, այսպէս ամբողջ տարածութեամբ այս կողմից է գրեթէ տասն վերստ։ Հիւսիսային կողմից տարածվում են՝ Չափար բուլաղի, բարձր թումբը, Չախմախի սըր, Զաքար բուլաղ (սրա վերայ է սահմանաքարը), Ցագիա երի, Գետաբէգի ջուրը, Մամռոտ ղալի (սրա տակն է սահմանաքարը), ամբողջ երկարութեամբ այս կողմից վեց կամ եօթն վերստաչափ է։ Հարաւային կողմից ձգւած են հետևեալ տեղերը՝ Ղարադարա, Թէլէգրաֆի ձոր, Ղզլղայեա լեռ, Քիւքիւրտի սար, Թափանի ջուր Շամքոր գետի մօտ (այստեղ է սահմանաքարը. Վպս. ջվՈՍ) ամբողջ գծի տարածութիւնն է եօթն վերստաչափ...  

1913 թ.-ին հակառակ վանքապատկան կալվածքների ընդհանուր կառավարիչ Լևոն Տեր-Ավետիքյանի ձեռնարկած միջոցներին՝ ապօրինի ծառահատումները, մանավանդ Գետաբեկի պղնձագործարանների համար, դեռևս նշանակալի էին։ Մինչև 1918 թ.-ը վանքը կանոնավոր ստացել է իր կալվածքի եկամուտները, որոնք գլխավորապես փոխանցվում էին Մայր աթոռին։

Ներկա վիճակը

խմբագրել

Վանքային համալիրը գտնվում է քանդված վիճակում։ Տեղացի թուրք և քուրդ հովիվների կողմից ավերակները օգտագործվում են որպես գոմ[46]։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 103։
  2. Առաքել Դաւրիժեցի, Գիրք Պատմութեանց, Երևան, 1990, էջ 218։
  3. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 108-113։
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 108։
  5. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 108-109։
  6. 6,0 6,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 109։
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 107-108:
  8. Թօփճեան Յ. Յակոբ, Ցուցակ ժողովածուաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ, Վաղարշապատ, 1900, էջ 46։
  9. Մատենադարան. Կաթողիկոսական դիվան, թղթապանակ 1, վավ. 79: «Ցուցակ ձեռագրաց», հ. Ա, Երևան 1965, N 986:
  10. Մատենադարան. Կաթողիկոսական դիվան, թղթապանակ 1, վավ. 79:
  11. 11,0 11,1 11,2 «Արձագանք», 1886, N 23, էջ 330։
  12. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 115։
  13. Թօփճեան Յ. Յակոբ, Ցուցակ ժողովածուաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Ա, Վաղարշապատ, 1898, էջ 52։
  14. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 332, ց. 1, գ. 778:
  15. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 38:
  16. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 8:
  17. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 1687, թ. 1:
  18. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 37-38, գ. 3836, թ. 43-44, գ. 3843, թ. 7, գ. 2882, թ. 17:
  19. «Արարատ», 1912, էջ 757։ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 8882, թ. 18, գ. 2860, թ. 8:
  20. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 18, ֆ. 53, ց. 1, գ. 2882, թ. 38:
  21. «Արարատ», 1902, էջ 1024։
  22. «Մշակ», 1902, N 199, էջ 1, 1902, N 187, էջ 2։
  23. «Մեղու Հայաստանի», 1879, N 37, էջ 3։
  24. «Արարատ», 1879, էջ 320։
  25. «Արարատ», 1898, էջ 283։
  26. «Արարատ», 1899, էջ 268։
  27. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ 11365, թ.1:
  28. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., տետր N 1, VI-11, թ. 21:
  29. «Արարատ», 1887, էջ 509։
  30. «Արարատ», 1888, էջ 721։
  31. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3882, թ. 37:
  32. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 160, թ. 3:
  33. «Արարատ», 1902, էջ 1018։
  34. «Մշակ», 1903, N 55, էջ 2։
  35. «Արարատ», 1903, էջ 161։
  36. «Մշակ», 1903, N 124, էջ 1-2։
  37. «Արարատ», 1906, էջ 802։
  38. Հայաստանի ազգային արխիվ, Պ461, ց. 1, գ. 12, թ. 69, ֆ. 53, ց. 1, գ. 1104, թ. 18: Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 117։
  39. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 1104, թ. 18-19:
  40. «Արարատ», 1906, էջ 794։
  41. «Արարատ», 1907, էջ 8, 10։
  42. Lehmann-Haupt C. F., Armenien Einst und Jetzt, Berlin, 1910, էջ 133։
  43. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 5, գ. 250, թ. 1:
  44. «Հովիտ», 1913, N 37, էջ 590։
  45. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 110։
  46. Գարդմանի կանչ, համար 7,8, 2013 թ․ էջ 2։