Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր
Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր, ստորագրվել են Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի և Իսրայելի վարչապետ Մենաչհեմ Բեգինի կողմից 1978 թվականի սեպտեմբերի 17֊ին 12 օր շարունակ Քեմփ Դեյվիդում (ԱՄՆ) ընթացած գաղտնի բանակցություններից հետո[1]։ Երկու շրջանակային համաձայնագրերը ստորագրվել են Սպիտակ տանը։ Այս համաձայնագրերից երկրորդը՝ «Եգիտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիրը» անմիջականորեն հանգեցրեց Եգիպտա֊իսրայելական խաղաղության պայմանագրի կնքմանը 1979 թվականին։ Համաձայնագրի շնորհիվ Սադաթը և Բեգինը կիսեցին 1978 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Իսկ առաջին համաձայնագիրը՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիրը», որը վերաբերում էր Պաղեստինի տարածքներին, կնքվել էր առանց պաղեստինցիների մասնակցության և այդ պատճառով արժանացավ ՄԱԿ֊ի քննադատությանը։
Քեմփ Դեյվիդի համաձայանգրեր | |
---|---|
Քեմփ Դեյվիդի համաձայանգրեր | |
Պատրաստվել է | 1978 թվական |
Ստորագրվել է — վայր |
1978 թվականի սեպտեմբերի 17 Քեմփ Դեյվիդ նախագահական ամառանոց |
Ստորագրել են | Մենաչեմ Բեգին |
Կողմեր | Իսրայել |
Նախորդող դիվանագիտություն
խմբագրելՔարթերի նախաձեռնություն
խմբագրելԱՄՆ֊ի նախագահ Քարթերի և պետքարտուղար Վենսի հետազոտական հանդիպմամբ ստեղծվեց հիմնական պլան խաղաղության գործընթացը առաջ մղելու համար՝ հենվելով Ժնևի խաղաղության կոնֆերանսի վրա։ Այն ներառում էր երեք գլխավոր նպատակներ Արաբ֊իսրայելական խաղաղության համար․ խաղաղ ապրելու Իսրայելի իրավունքի ճանաչումը արաբների կողմից, Իսրայելի զորքերի դուրս բերումը Վեցօրյա պատերազմի ժամանակ գրավված շրջաններից և Երուսաղեմի չբաժանումը[2]։ Քեմփ Դեյվիդի համաձայնագրերը Եգիպտոսի, Իսրայելի և ԱՄՆ֊ի տասնչորսամյա դիվանագիտական ջանքերի արդյունքն էին, որոնք սկզբանվորվել էին Ջիմի Քարթերի նախագահ դառնալուց հետո[3]։ Սկզբանպես ջանքերը կենտրոնացած էին վեճերի լուծման համընդգրկուն ծրագիր ստեղծելու վրա, որը նախատեսելու էր խաղաղության հաստատում Իսրայելի և բոլոր արաբական երկրների միջև, բայց հետզհետե կենտրոնացավ Եգիպտոս֊Իսրայել երկկողմ հարաբերությունների վրա[4]։ Պաշտոնը ստանձնելով 1977 թվականի հունվարի 20֊ին՝ նախագահ Քարթերը նոր թափ հաղորդեց Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացին, որը կանգնեցվել էր 1976 թվականի ԱՄՆ֊ի նախագահական ընտրությունների պատճառով։ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը և նրա հաջորդ Մենաչհեմ Բեգինը թերահավատ էին միջազգային կոնֆերանսի վերաբերյալ[3]։ Չնայած Բեգինը, որ վարչապետի պաշտոնը ստանձնեց 1977 թվականի մայիսին, պաշտոնապես կողմնակից էր կոնֆերանսի վերսկսմանը և անգամ համաձայնել էր պաղեստինցիների ներկայությանը, Իսրայելը և Եգիպտոսը, իրականում, գաղտնի պայմանավորվում էին երկկողմ բանցկությունների շուրջ։ Ավելի վաղ Բեգինը դեմ չէր անգամ Սինայի թերակղզին վերադարձնելուն, բայց ապագա գլխավոր խոչընդոտը մնում էր նրա մերժումը Արևմտյան ափի վերահսկողությունից հրաժարվելու վերաբերյալ[5]։
Մասնակից կողմեր
խմբագրելՔարթերը այցելեց այն պետությունների ղեկավարներին, որոնց դեպքում խաղաղության հասնելը իրատեսական էր թվում։ Մինչև իր նախագահության առաջին տարվա ավարտը նա արդեն հանդիպել էր Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի, Հորդանանի Հուսեյն Թագավորի, Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ֊Ասադի և Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի հետ։ Չնայած այն փաստին, որ սատարում էր Սադաթի խաղաղության նախաձեռնությանը, Հուսեյն թագավորը հրաժարվեց մասնակցել խաղաղ բանակցություններին․ Բեգինը քիչ ձեռքբերում էր առաջարկել Հուսեյնին․ և նա զգուշանում էր նաև, որ Հորդանանը կարող էր մեկուսանալ Արաբական աշխարհում[6]։ Հաֆեզ ալ֊Ասադը, որը չուներ որևէ հստակ շահ այս բանակցություններում[7], նույնպես հրաժարվեց մեկնել ԱՄՆ և միայն համաձայնեց Քարթերին հանդիպել Ժնևում։
Բեգինի նախաձեռնություն
խմբագրելԲեգինի և Սադաթի համաձայնությունը կայացավ 1978 թվականի օգոստոսի 6֊ին, որը արդյունքն էր այդ առավոտ Իսրայելի վարչապետին ԱՄՆ֊ի մեկ քաղաքացու կատարած զանգի, որով նա հայտնում էր խաղաղության իր գաղափարը։ Վարչապետը դեռ չէր գնացել իր գրասենյակ և զանգողը խոսել էր աշխատակազմի ղեկավար Քադիշիի հետ։ Քադիշին պատասխանել էր, որ ոչ մեկը չէր խոսում մյուսի հետ, և հոկտեմբերին սպասվում է պատերազմ։ Նա նաև նշել էր, որ եթե որևէ բանակցություններ ընթանան բարձր մակարդակով, ապա իրենք կօգտագործեն նրա գաղափարները։ Երբ ԲԵգինը ժամանեց, նրան տեղեկացրին այդ ծրագրի մասին։ Ապա նա կապվեց Սադաթի հետ, ով ևս համաձայնեց այդ ծրագրին։ Հաջորդ օրը պետքարտուղար Վենսը մեկնեց Մերձավոր Արևելք ձեռք բերելու համաձայանգրի համաձայնեցված տարբերակը։ Նույն օրը՝ օգոստոսի 8֊ին, ծրագրվեց Քեմփ Դեյվիդի հանդիպումը անկացնել չորս շաբաթ անց՝ սեպտեմբերի 5֊ին։ Ծրագիրը նախատեսում էր, որ Իսրայելը համաձայնում է գրաված հողերը վերադարձնել Եգիպտոսին։ Սրա արդյուքնում Սադաթի հեղինակությունը բավականին կմեծանար։ Իսկ Իսրայելի անվտանգությունը ապահովելու համար պետք է իրականացվեին որոշ գործողություններ անցումային շրջանում։ Այս գործողությունները ևս նշվում էին այդ զանգահարողի ծրագրում։
Սադաթի նախաձեռնություն
խմբագրելԵգիպտոսի նախագահ Անվար Սադաթը գիտակցում էր, որ Ժնևի բանակցություններն ավելի շատ ցուցադրական բնույթ ունեին և արդյունավետ չէին։ Դրա հիմնական պատճառն արաբական երկրների՝ մասնավորապես Սիրիայի, Լիբիայի և Իրաքի հետ ունեցած տարակարծություններն էին։ Նա նաև թերահավատ էր Իսրայելի վրա արևմտյան պետությունների՝ մասնավորապես ԱՄՆ֊ի ճնշման արդյունավետության վերաբերյալ։ Սադաթը առաջին արաբ առաջնորդն էր, որ 1977 թվականին այցելեց Իսրայել․ այդ այցը գաղտնի մնաց անգամ ՆԱՏՕ֊ի անդամ երկրների համար։ 1977 թվականի նոյեմբերի 9֊ին նախագահ Սադաթը ցնցեց աշխարհը՝ հայտարարելով խորհրդարանին, որ մտադիր է մեկնել Երուսաղեմ և ելույթ ունենալ Կնեսեթի առջև։ Կարճ ժամանակ անց Իսրայելի կառավարությունը հրավիրեց նրան Կնեսեթում ելույթ ունենալ, որը փոխանցեց Եգիպտոսում ԱՄՆ֊ի դեսպանը։ 10 օր անց Սադաթը եռօրյա այցով այցելեց Իսրայել․ սա առաջին խաղաղ բանակցային գործընթացն էր Իսրայելի և արաբական երկրի միջև։ Սադաթի այցը կայացել էր այն ելույթից հետո, որտեղից պատրաստակամություն էր հայտնել մեկնել ամեն տեղ, թեկուզ և Երուսաղեմ խաղաղության հարցը քննարկելու համար[8]։ Այդ ելույթից հետո Բեգինի կառավարությունը հայտարարեց, որ եթե Իսրայելը իմանա, որ Սադաթը կընդունի իրենց երկիր այցելելու հրավերը, ապա կհրավիրի։
Քնեսեթում ունեցած իր ելույթում Սադաթը ներկայացրեց խաղաղության իր տեսլականը, Իսրայելի գրաված տարածքների կարգավիճակը և Պաղեստինի փախստականների խնդիրը։ Այս ռազմավարությունը դեմ էր և՛ Արևելքի, և ՛ Արևմուտքի մտադրություններին, որը կենտրոնացած էր Ժնևի կոնֆերանսի վերսկսման վրա։ Քաղաքական այս ժեստը նպատակ ուներ ՆԱՏՕ֊ի անդամ երկրներից ստանալ օգնություն Եգիպտոսի քայքայվող տնտեսությունը բարելավելու համար․ սա քաղաքականություն էր, որ հենվում էր Եգիպտոսի, այլ ոչ թե արաբական աշխարհի շահերի վրա։ Ենթադրվում էր նաև, որ հանրավոր համաձայանգիրը Իսրայելի հետ օրինակ կծառայեր արաբական մյուս պետությունների համար և նաև կնպաստեր Պաղեստինի խնդրի լուծմանը։ Բեգինի պատասխանը ժեստին, թեպետ անսպասելի էր Սադաթի և Քարտերի համար, Իսրայելի՝ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամաության ցուցադրումն էր։ Սադաթի նման Բեգինը ևս տեսնում էր բազմաթիվ պատճառներ, որոնք երկկողմ բանակցությունների դեպքում բխում էին Իսրայելի շահերից։ Դա հնարավորություն կտար Իսրայելին բանակցել միայն Եգիպտոսի հետ, այլ ոչ թե բոլոր շահագրգիռ արաբական պետությունների։ Նա կարծում էր, Եգիպտոսը կարող էր օգնել պաշտպանել Իսրայելը արաբական երկրներից և արևելյան կոմունիստներից։ Սադաթի ելույթի հիմնական բովադակությունը ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի 242 և 338 բանաձերի կատարման կոչ էր։ Սադաթի այցը բանակցությունների առաջին քայլն էր, ինչպես նաև 1977 թվականի դեկտեմբերին կայացած Կահիրեի բանակցությունների հիմքը։
Եգիպտաիսրայելական բանակցություններ
խմբագրելՊետք է ստեղծվեր որևէ մեխանիզմ Իսրայելի և Եգիպտոսի համար Երուսաղեմում սկսված բանակցությունները շարունակելու համար[9]։ Եգիպտոսի նախագահը առաջարկել էր Բեգինին, որ գաղտնի ներկայացուցիչ ունենա Կահիրեի ամերիկյան դեսպանատանը[9]։ Սադաթի այցը Երուսաղեմ փաստում էր Եգիպտոսի քաղաքական կողմնորոշվածության փոփոխության մասին ԽՍՀՄ֊ից դեպի ԱՄՆ[10]։ Իսրայել֊Եգիպտոս գագաթնաժողովը նախատեսվում էր իրականացնել դեկտեմբերի 25֊ին Իսմայիլիայում՝ Սուեզի ջրանցքի մոտ[11]։ Ուղեկցվելով իրենց պատվիրակությունների կողմից՝ երկու ղեկավարները 1978 թվականի սեպտեմբերի 5֊17֊ը լարված և դրամատիկ բանկցություներ էին անցկացնում Քեմփ Դեյվիդում։ Քարթերի անդադար մղումները հաջողության հասնելու համար և համաձայնության հասնելու իր վճռականությունը առանցքային դեր խաղաց բանակցությունների հաջողվելու համար։ Քարթերի խորհրդատուները պահանջում էին կնքել Եգիպտաիսրայելական համաձայնագիր, որը կառաջնորդեր դեպի Պաղեստինի խնդրի լուծմանը։ Երկու երկրների համաձայնությունը համարում էին հետագա հաջող բանակցությունների հիմքը։ Բայց Քարտերը կողմ էր «հող կարգավիճակի դիմաց» սկզբունքի գրավոր ձևակերպմանը և հաստատմանը, որի համաձայն Իսրայելը վերադարձնելու էր Սինայի թերակղզին և Արևմտյան ափը[12]։ Բազմաթիվ անգամներ Բեգինը և Սադաթը որոշել են դադարեցնել բանակցությունները, բայց միայն Քարթերի անձնական կոչերի արդյունքում կրկին շարունակել են։ Լինելով գերազանց միջնորդ՝ Քարտերը անդադար փորձում էր գտնել ձևակերպումներ, լուծումներ, որպեսզի հաղթահարի կողմերի անհանգստությունն ու վախը և ճանապարհ հարթի համաձայնության կայացման համար։ Բեգինը և Սադաթը փոխադարձ հակակրանք ունեին մեկը մյուսի նկատմամբ և հազվադեպ էին անմիջականորեն ուղղակի կապի մեջ լինում։ Քարտերը ստիպված էր մաքոքային դիվանգիտություն (անգլ.՝ shuttle diplomacy ) իրականցնել՝ առանձին հանդիպումներ անցկացնելով Սադաթի և Բեգինի հետ։
Մասնավորապես բարդ կացություն էր ստեղծվել բանակցությունների 10֊րդ օրը։ Իսրայելի զորքերի դուրսբերումը Սինայից և Արևմտյան ափի կարգավիճակի հարցը բանակցությունները մտցրել էին փակուղի։ Քարտերը առաջարկեց Սադաթին զիջումներ իրականացնել Արևմտյան ափի կարգավիճակի հարցում, իսկ Բեգինին՝ այդ զիջման դիմաց զորքերը ամբողջապես դուրս բերել Սինայից։ Բայց կողմերը պատրաստակամ չէին գնալ այդ զիջումներին։ Քարտերը որոշեց ևս երեք օր շարունակել բանակցությունները։ Այս ընթացքում նա անգամ երկու պետությունների ղեկավարներին ուղեկցեց Գեթսբուրգի Ազգային Ռազմական այգին՝ նպատակ ունենալով համեմատել Ամերիկյան քաղաքացիական պատերազմը իրենց պայքարի հետ։ Ի վերջո 13 օր ընթացած բանցկությունները ավարտվեցին հաջողությամբ։ Հաջողությունը զգալիորեն պայմանավորված էր Քարտերի ջանքերով։ Նաև լրատվամիջոցների բացակայությունը նպաստեց հաջողության հասնելուն։
Մասնակի համաձայնագրեր
խմբագրելՔեմփ Դեյվիդի համաձայնագրերը բաղկացած են երկու առանձին համաձայանագրերից․ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր» և «Եգիտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիր»։ Երկրորդը հիմք հանդիսացավ 1979 թվականի մայիսին «Իսրայել֊Եգիպտոս խաղաղության պայմանագրի» կնքման համար.[13]։
Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր
խմբագրել«Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագրի» նախաբանը՝ պրեամբուլան սկսվում է Արաբաիսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմունքներով։ «Հակամարտության խաղաղ կարգավորման համար համաձայնեցված հիմքը Իսրայելի և իր հարևանների միջև ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի 242 բանաձևն է»[14]։ Շրջանակային համաձայանգիրը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը կոչված է ձևավորելու ինքնավար իշխանություն Արևմտյան ափում և Գազայի հատվածում, ինչպես նաև ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի 242 բանաձի ամբողջական կատարում։ Համաձայնագրերը ճանաչում էին Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները․ սա գործընթաց էր, որի նպատակն էր հինգ տարում ապահովել այդ ժողովրդի երաշխավորված ամբողջական ինքավարությունը։ Բեգինը շեշտում էր «ամբողջական» բառը հաստատելու համար, որ այն քաղաքական ամենաբարձր կարգավիճակն է։ Այս լիակատար ինքնավարությունը քննարկվելու էր Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի և Պաղեստինի մասնակցությամբ։ Արևմտյան ափից և Գազայից Իսրայելի զորքերի դուրսբերումը իրականցվելու էր ինքակառավարման մարմինների ընտրությունից հետո, որոնք փոխարինելու էին Իսրայելի ռազմական կառավարությանը[1]։ Համաձայնագրերը չէին անդրադառնում Գոլանի բարձունքներին, Սիրիային և Լիբանանին։ Սա Հենրի Քիսինջերի, Ջերալդ Ֆորդի,Ջիմի Քարթերի կամ Անվար Սադաթի պատկերացրած համընդգրկուն խաղաղությունը չէր[15]։ Համաձայանգիրը չէր անդրադառնում նաև Երուսաղեմի կարգավիճակին[16]։ Համաձայնագրի երկրորդ հատվածը վերաբերում էր Եգիպտոս֊Իսրայել հարաբերություններին, իսկ երրորդ հատվածը՝ Ասոցացված սկզբունքերին․ հռչակված սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեին Իսրայելի և հարևան արաբական պետությունների հարաբերություններում։
Գազայի հատվածի և Արևմտյան ափի առանցքային դրույթներ
խմբագրել- «Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը և Պաղեստինի ժողովրդի ներկայացուցիչները պետք է մասնակցեն Պաղեստինի խնդրի բոլոր ասպեկտների քննարկման վերաբերյալ բանակցություններին։»
- (1.) «Եգիպտոսը և Իսրայելը համաձայնվում են, որ իշխանության փոփոխության խաղաղ և պատշած իրականցման համար պետք է հաշվի առնեն բոլոր կողմերի անվտանգության մտավախությունները․ անցումային կառավարության վերաբերյալ պայմանավորվածություններն Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար չեն գերազանցելու հինգ տարին։ Պայմանավորվածությունների համաձայն՝ բնակիչներին լիարժեք ինքնավարություն տալու համար Իսրայելի ռազմական կառավարությունը և իր քաղաքացիական վարչակազմը պետք է անմիջապես հեռանան բնակիչների կողմից ինքնակառվարման մարմինների ընտրություններից հետո»։
- (2.) «Եգիպտոսը, Իսրայելը և Հորդանանը պետք է համաձայնության գան ընտրված ինքնակառավարման մարմնի լիազորությունների ստանձնման հանգամանքերի վերաբերյալ Արևտմյան ափում և Գազայի հատվածում։ Եգիպտոսի և Հորդանանի պատվիրակությունները կարող են ներառել պաղեստինցիների Արևմտյան ափից և Գազայի հատվածից կամ էլ փոխադարձ համաձայնեցված այլ տարածքներից։ Կողմերը պետք է բանակցություններ վարեն համաձայնագրի վերաբերյալ, որ կսահմանի ինքնակառավարման մարմին Գազայում և Արևմտյան ափում իրականացվելիք լիազորությունները և պարտականությունները։ Իսրայելի զորքերի դուրսբերումը տեղի կունենա և դրանք կուղարկվեն նշանակված անվտանգության գոտիներ։ Համաձայնագիրը նաև ներառում է պայմանավորվածություններ ապահովելու համար ներքին և արտաքին անվտանգությունը և հասարակական կարգը։ Պետք է ստեղծվի տեղական ուժեղ ոստիկանություն, որը կարող է ներառել նաև Հորդանանի քաղաքացիներ։ Ավելին, Իսրայելի և Հորդանանի ուժերը պետք է համատեղ պահպանություն իրականացնեն վերահսկողության կետերում՝ սահմանների անվտանգությունն ապահովելու համար»։
- (3.) «Երբ ինքնավար վարչակազմը ստեղծվի և սկսի գործել Արևմտյան ափում և Գազայում, անցումային շրջանի հինգ տարիները կսկսվեն։ Ինչքան հնարավոր է շուտ, բայց ոչ ուշ քան անցումային շրջանի երրորդ տարին բանակցություններ պետք է տեղի ունենան Արևմտյան ափի և Գազայի վերջնական կարգավիճակը որոշելու, ինչպես նաև մինչև անցումային շրջանի ավարտը Իսրայելի և Հորդանանի միջև խաղաղության պայամանգիր կնքելու համար։ Այս բանակցությունները պետք է ընթանան Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, ինչպես նաև Արևմտյան ափի և Գազայի բնակչության կողմից ընտրված ներկայացուցիչների միջև։ Բանակցությունները պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի 242 բանաձևի դրույթների և սկզբունքների վրա։ Բանակցությունները պետք է լուծեն նաև անվտանգությանը վերաբերող հարցերը։ Բանակցությունների սահմանած լուծումները պետք է ճանաչեն Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքը»։
Համաձայնագիրը չէր անդրադառնում Երուսաղեմի կարգավիճակին և պաղեստինցիների վերադարձի հարցին[14]։
Մերձավորաևելյան համաձայնագրի մերժում ՄԱԿ֊ի կողմից
խմբագրելՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մերժեց «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիրը», քանի որ այն կնքվել էր առանց ՄԱԿ֊ի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության մասնակցության և չէր ամրագրում պաղեստինցիների վերադարձի, ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքը։ 1978 թվականի դեկտմեբերին այն 33/28 A բանաձևում հռչակեց, որ պայմանագրերը իրավազոր են միայն այն դեպքում, երբ դրանք կնքվում են ՄԱԿ֊ի, ՄԱԿ֊ի Կանոնադրության և դրա բանաձևերի շրջանակներում, ամրագրում են պաղեստինցիների վերադարձի, ինքնիշխանություն ունենալու իրավունքը և կնքվում են Պաղեստինի ազատության կազմակերպության մասնակցությամբ։ Քննադության ենթարկվեց նաև Անվտանգության խորհրդի պասիվ կեցվածքը[17]։ 1979 թվականի դեկտմեբերի 6֊ին ՄԱԿ֊ը քննադատեց բոլոր մասնակի համաձայնագրերը և առանձին պայմանագրերը, որոնք չէին հանգեցնում համընդգրկուն խաղաղության։ Այն պահանջում էր Իսրայելից զորքերը դուրս բերել բոլոր օկուպացված տարածքներից[18]։ Դեկտեմբերի 12֊ին ընդունված «34/65 B» բանաձևում այն քննադատեց նաև Քեմփ Դեյվիդի Համաձայնագրերի այն մասերը, որոնք չէին բավարարում վերոհշյալ պայմաններին։ Պաղեստինի ապագային վերաբերող հատվածը համարվեց անվավեր[19]։
Եգիպտոս Իսրայել խաղաղության շրջանակային պայմանագիր
խմբագրելԵրկրորդ շրջանակային համաձայանգիրը[20] հիմք հանդիսացավ վեց ամիս անց Իսրայել֊Եգիպտոս խաղաղության շրջանակային պայմանագրի կնքման համար․ մասնավորապես այն վերաբերում էր Սինայի թերակղզու ապագային։ Իսրայելը համաձայնեց դուրս բերել իր զինված ուժերը թերակղզուց, հեռացնել իր 4․500 քաղաքացիական բնակչությանը և այն վերադարձնել Եգիպտոսին։ Սրա փոխարեն Եգիպտոսը պետք է բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատեր Իսրայելի հետ, երաշխավորեր Սուեզի ջրանցքով անցման իրավունքը, ինչպես նաև պետք է լիներ քանակային սահմանափակում թերակղզում տեղակայված եգիպտական զորքերի համար։ Այս գործընթացը նախատեսվում էր իրականցնել երեք տարում։ Իսրայելը պետք է զորքերը դուրս բերեր նաև թերակղզու արևմտյան հատվածում գտնվող նավթահորերից, որոնք կարող էին մեծ շահույթ բերել։ Համաձայնագրի արդյունքերից էր նաև այն, որ ԱՄՆ֊ը հսկայական ֆինանսական օգնություն էր ցույց տալու երկու պետություներին էլ․ այս սուբսիդիաները տարբեր ծավալներով շարունակվում են մինչև օրս։ 1979֊1997 թվականներին Եգիպտոսը ստացել է տարեկան շուրջ 1․3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, որն էլ օգտագործվել է զինված ուժերի արդիականացման համար[21]։ Իսկ ոչ ռազմական ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 25 միլիարդ դոլար։ Իսկ Իսրայելը 1985 թվականից ի վեր ստանում է տարեկան 3 միլիարդ դոլար օգնություն[22]։
Հետևանքներ
խմբագրելԵգիպտոսի նախագահ Անվար Սադաթի՝ Քեմփ Դեյվիդի Համաձայնագրերը ստորագրելը և 1978 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը Իսրյալեի վարչապետ Մենաչեմ Բեգինի հետ կիսելը պատճառ դարձան նրա սպանության իսլամիստ ծայրահեղականների կողից։ 1981 թվականի հոկտեմբերի 6֊ին նախագահ Սադաթը սպանվեց Եգիտոսի իսլամական ջիհադ կազմակերպության կողմից ամենամյա հաղթանակի շքերթի ժամանակ, որով տոնում էին Եգիպտոսի՝ Սուեզի ջրանցք դուրս գալը։ Նախագահի անձնական պաշտպանության խումբ ներթափանցել էին կազմակերպության չորս անդամներ․ նրանք թաքնվել էին ռազմական մեքենաներից մեկի մեջ։ Երբ մեքենան մոտեցավ նախագահին, նրանցից մեկը երեք նռնակ շպրտեց նախագահի ուղղությամբ, որոնցից պայթեց միայն մեկը։ Մյուս երեքը կրակ բացեցին ինքնաձիգներից, որի արդյուքնում էլ նախագահը վիրավորվեց։ Նրան հասցրեցին ռազմական հոսպտիալ, որտեղ էլ, չնայած 11 բժիշկների ջանքերին, նա մահացավ։
«Մերձավոր Արևելքի քաղաքական հանրագիտարանի» համաձայն․
Եգիպտոսի և Իսրայելի միջև հարաբերությունների նորմալացումը տեղի ունեցավ 1980 թվականի հունվարին։ Փետրվարին դեսպանների նշանակում տեղի ունեցավ։ 1980 թվականի մարտին կանոնավոր թռիչքներ սահմանվեցին։ Եգիպտոսը սկսեց Իսրայելին մատակարարել նաև չմշակված նավթ[23]։
Քեմփ Դեյվիդի Համաձայնագրերից հետո ընկած ժամանակը ցույց տվեց, որ այն հսկայական փոփոխություն մտցրեց մերձավորարևելյան քաղաքականության մեջ։ Մասնավորապես փոխվեց արաբական աշխարհի՝ Եգիպտոսի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Եգիպտոսը ավանդաբար արաբական պետություններից ռազմականապես ամենաուժեղն էր, իսկ Ջամալ Աբդլ Նասերի օրոք նաև առաջնորդը և ուներ լծակներ, ավելի քան մյուսները, արաբական աշխարհի շահերը առաջ տանելու համար։ 1979֊1989 թվականներին Եգիպտոսի մասնակցությունը Արաբական լիգային կասեցվել էր։
Քեմփ Դեյվիդի Համաձայնագրերը մասնատեցին Իսրայելի դեմ արաբական միացյալ ճակատը։ Եգիպտոսի այս քայլը ստեղծեց ուժային վակում։ Համաձայանագրերում առկա անորոշ ձևակերպումների պատճառով Պաղեստինի խնդիրը դարձավ Արաբաիսրայելական հակամարտության առաջնային հարցը։ Շատ արաբական պետություններ մեղադրում էին Եգիպտոսին Իսրայելի վրա ոչ բավարար ճնշում գործադրելու համար, որը կարող էր հանգեցնել պաղեստինյան խնդրի ցանկալի տարբերակով լուծմանը։ Սիրիան ևս տեղեկացրեց Եգիպտոսին, որ նախկին հարաբերությունները կարող են վերականգնվել այդ համաձայանգրերից հրաժարվելու դեպքում միայն[7]։ Ամենամեծ հետևանքը, թերևս, Արաբաիսրայելական հակամարտության մասնակիցների հոգեբանության փոփոխությունն էր։ Քարթերի, Բեգինի և Սադաթի դիվանագիտական հաջողությունը ցույց տվեց արաբական մյուս պետություններին, որ հնարավոր է բանակցել Իսրայելի հետ։ Չնայած 1993 թվականին Իսրայելի և Պաղեստինի ազատության կազմակերպության միջև ընթացած Օսլոյի բանակցությունների հիասթափեցնող արդյունքին և անգամ 1994 թվականի Իսրայել֊Հորդանան խաղաղության պայմանգրի հարաբերությունները չնորմալացնելուն՝ դրանք տեղի չէին ունենա առանց Քեմփ Դեյվիդի Համաձայնագրերի նախադեպի։
Հանրային աջակցություն
խմբագրելՉնայած իսրայելցիների մեծամասնությունը աջակցում էին Համաձայնագրերի կնքմանը, բայց կար նաև ընդդիմություն, քանի որ Սադաթը չէր համաձայնել Սինայում Իսրայելի զորքերի մնալուն, իսկ Իսրայելը պարտավորվել էր զոքերը դուրս բերել ամբողջ Սինայի թերակղզուց[24]։ Համաձայն 2001 թվականին անցկացված հարցումների՝ իսրայելցիների 85 տոկոսը կողմ էր Քեմփ Դեյվիդի Համաձայնագրերի կնքմանը․ սա ազգային կոնսենսուս էր[25]։ Սակայն կան նաև որոշ շրջանակներ, որոնք խաղաղության պայմանագրի կնքման համար Իսրայելի վճարած գինը համարում են շատ բարձր․ Իսրայելը հանձել էր ողջ Սինայի թերակղզին իր նավթահորերով և բնական պաշարներով։ Իսրայելի ամենամեծ ձեռքբերումը Համաձայնագրերում խաղաղ սահման ունենալն էր Եգիպտոսի հետ․ սա հնարավորություն տվեց Իսրայելի պաշտպանական ուժերին իջեցնել մարտական պատրաստության բարձր աստիճանը պետության հարավարևմտյան սահմանին։
Արաբաիսրայելական խաղաղ դիվանագիտություն և պայմանագրեր
խմբագրել- Փարիզի խաղաղության կոնֆերանս, 1919 թվական
- Ֆայսալ֊Վեյզման համաձայնագիր, 1919 թվական
- 1949 թվականի Զինադադարի Համաձայնագրեր
- Ժնևի կոնֆերանս, 1973 թվական
- Քեմփ Դեյվիդի Համաձայնագրեր, 1978 թվական
- Եգիպտոս֊Իսրայել խաղաղության պայմանագիր, 1979 թվական
- 1991 թվականի Մադրիդի կոնֆերանս
- Օսլոյի համաձայնագրեր, 1993 թվական
- Իսրայել֊Հորդանան խաղաղության պայմանագիր, 1994 թվական
- Քեմփ Դեյվիդի 2000 թվականի գագաթնաժողով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Camp David Accords – Israeli Ministry of Foreign Affairs Արխիվացված 3 Սեպտեմբեր 2011 Wayback Machine
- ↑ http://www.cartercenter.org/news/documents/doc1482.html
- ↑ 3,0 3,1 Stein, Kenneth. Heroic Diplomacy: Sadat, Kissinger, Carter, Begin, and the Quest for Arab–Israeli Peace. Taylor & Francis, 1999, pp. 228–229
- ↑ "Stein, Kenneth 2000, pp. 229-228"
- ↑ George Lenczowski, American Presidents and the Middle East, Duke University Press, 1990 p.164. 0-8223-0972-6. From Zbigniew Brzezinski, Power and Principle: Memoirs of the National Security Advisor 1977–1981, (New York: Farrar, Straus and Giroux, 1983), p.88.
[Carter] outlined to Begin his program, which consisted of five points: (1) achieve a comprehensive peace affecting all of Israel's neighbors: (2) peace to be based on UN Resolution 242: (3) peace would involve open borders and free trade; (4) peace would call for Israeli withdrawal from occupied territories to secure borders; (5) a Palestinian entity (but not an independent nation) should be created. Begin responded that he could accept all of these points except the Palestinian entity.
- ↑ http://countrystudies.us/jordan/19.htm
- ↑ 7,0 7,1 The Middle East: ten years after Camp David, William B. Quandt, pg. 9
- ↑ Feron, James. "Menachem Begin, Guerrilla Leader Who Became Peacemaker." The New York Times. 9 March 1992. 15 February 2009.
- ↑ 9,0 9,1 Forward.com
- ↑ Foreignpolicyblogs.com(չաշխատող հղում)
- ↑ Peacenow.org
- ↑ «Camp David Accords: Jimmy Carter Reflects 25 Years Later». Carter Center. 2003 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ "The Camp David Accords." Արխիվացված 2005-10-18 Wayback Machine Jimmy Carter Library and Museum. 21 July 2001. 28 April 2008.
- ↑ 14,0 14,1 Jimmy Carter Library, The Framework for Peace in the Middle East Արխիվացված 2013-12-16 Wayback Machine, 17 September 1978
- ↑ Stein, 1999, p.254.
- ↑ Gold, 175
- ↑ UNGA, 7 December 1978, Resolution 33/28 A. Question of Palestine Արխիվացված 2014-01-11 Wayback Machine (doc.nr. A/RES/33/28)
- ↑ UNGA, 6 December 1979, Resolution 34/70. The situation in the Middle East Արխիվացված 2014-01-11 Wayback Machine (doc.nr. A/RES/34/70)
- ↑ UNGA, 12 December 1979, Resolution 34/65 B. Question of Palestine Արխիվացված 29 Մարտ 2012 Wayback Machine. [doc.nr. A/RES/34/65 (A-D)]
- ↑ Jimmy Carter Library, Framework for the Conclusion of a Peace Treaty between Egypt and Israel Արխիվացված 2013-02-16 Wayback Machine
- ↑ "Egypt" Արխիվացված 26 Հունվար 2011 Wayback Machine U.S. Department of State. March 2008. 28 April 2008.
- ↑ Benhorin, Yitzhak. "Israel still top recipient of US foreign aid." Ynetnews. 2 August 2007. 28 April 2008.
- ↑ Sela, "Arab–Israel Conflict," 100
- ↑ Sela, "Sinai Peninsula," 774
- ↑ Ronen, Joshua. "Poll: 58% of Israelis back Oslo process." Արխիվացված 2 Մայիս 2008 Wayback Machine Tel Aviv University. 7 June 2001. 28 April 2008.
Գրականության ցանկ
խմբագրել- Medad, Yisrael, ed., Hurwitz, Zvi Harry, ed. Peace in the Making The Menachem Begin - Anwar Sadat Personal Correspondence, Gefen Publishing House, 2011. 978-965-229-456-2
- Avner, Yehuda, The Prime Ministers: An Intimate Narrative of Israeli Leadership, The Toby Press, 2010. 978-1-59264-278-6
- Armstrong, Karen. Jerusalem: One City, Three Faiths. New York: Ballantine Books, 1996.
- Bregman, Ahron Elusive Peace: How the Holy Land Defeated America.
- Eran, Oded. Arab–Israel Peacemaking. Sela.
- Gold, Dore. The Fight for Jerusalem: Radical Islam, the West, and the Future of the Holy City. Washington, DC: Regnery Publishing, Inc., 2007.
- Hinton, Clete A. Camp David Accords (2004)
- Meital, Yoram. Egypt's Struggle for Peace: Continuity and Change, 1967–1977.
- Quandt, William B. Camp David: Peacemaking and Politics (1986), by leading political scientist
- "Arab-Israel Conflict." Sela.
- Sela, Avraham, ed. The Continuum Political Encyclopedia of the Middle East. New York: Continuum, 2002.
- Adam Curtis' 2004 documentary The Power of Nightmares, in its second and third part, studies the Camp David Accords from the point of view of fundamentalist Muslims.
Արտաքին հղումներ
խմբագրել- Text of the Accords, Israeli government
- Text of Accords and additional material, Carter Library Արխիվացված 2011-02-16 Wayback Machine
- Israel's Self-Rule Plan. Knesset website, 28 December 1977
- Interview with King Hussein from the Dean Peter Krogh Foreign Affairs Digital Archives
- 2006 Egyptian public poll on attitudes to Israel Արխիվացված 2008-10-10 Wayback Machine and other countries, NY Sun Article. Alternate link to poll results from a BBC News Article
- The Menachem Begin Heritage Foundation
- Jaffe Center Poll on Israeli public Attitudes to the Peace Process
- NY Times: Anti-Semitic 'Elders of Zion' Gets New Life on Egypt TV
- "Camp David 25th Anniversary Forum" (led by President Carter) Արխիվացված 2010-06-12 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր կատեգորիայում։ |