Ֆաթիմյան խալիֆայություն

Ֆաթիմյան խալիֆայություն ( արաբ․՝ الفاطميون‎‎), միջնադարյան շիա իսլամական, արաբական խալիֆայություն Կահիրե մայրաքաղաքով (սկսած 972 թ.)։ Իր հզորության գագաթնակետին ներառում էր Եգիպտոսը, Մաղրիբը, Պաղեստինն ու Սիրիան։ Սկզբնապես մաս է կազմել առավել խոշոր Աբասյանների խալիֆայության։ Անկախացել է Թունիսի բերբերական ցեղերի ապստամբության հետևանքով։ Կործանվել է Սալահ ադ-Դինի կողմից։

Ֆաթիմյան խալիֆայություն
الدولة الفاطمية
 Թուլունիներ 909 - 1171 Այուբյաններ 
Ալ-Մոհադներ 
(Դրոշ)
Քարտեզ


(969 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մախդիա (909-969)
Կահիրե (969-1171)
Լեզու Արաբերեն
Ազգություն Արաբներ, բերբերներ
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Խալիֆայություն
Պետության գլուխ Խալիֆ
Պատմություն

Պատմություն

խմբագրել

Ֆաթիմյանների խալիֆայությունը կազմավորվել է Հյուսիսային Աֆրիկայի Իֆրիկիա (այժմ՝ Թունիս) նահանգում, որտեղից Ֆաթիմյանները դուրս են մղել Աղլաբիներին (800-909), գրավել Մաղրիբը, Սիցիլիա կղզին։ Մուիզզ խալիֆայի օրոք, 969 թվականին, Ֆաթիմյանները նվաճել են Եգիպտոսը, հիմնել Կահիրեն ( արաբ․՝ القاهرة‎‎‎‎՝ հաղթական ), որը 973 թվականից դարձել է Ֆաթիմյանների խալիֆայության մայրաքաղաքը։ Ազիզ խալիֆայի (975-996) օրոք Ֆաթիմյանների խալիֆայությունը տարածվել է Ատլանտյան օվկիանոսից մինչև Ասորիք և Հիջազ։

 
Կահիրե

Ազիզ խալիֆան հանդուրժող քաղաքականություն է վարել քրիստոնյաների և հրեաների հանդեպ, որոնցից նշանակվել են վեզիրներ։ Սակայն նրա որդի ալ-Հաքիմը (996-1021) դաժանորեն հալածել է քրիստոնյաներին, քանդել եկեղեցիները։ Հաքիմը սպանվել է ապստամբության հետևանքով։ Նրա որդու ժամանակ երևացել են պետության քայքայման առաջին նշանները, որոնք նկատելի էին արդեն Մուսթանսիր խալիֆի (1035-1034) օրոք։

Ֆաթիմյանները կորցրել են իրենց տիրույթները Մաղրիբում, Սիկիլիայում (այն նվաճել են նորմանները)։ 1062 թվականին Ֆաթիմյանների պահակազորի թյուրք զինվորների խռովության հետևանքով երկիրն ընկել է ծանր դրության մեջ։ Մուսթանսիրը Ասորիքից հրավիրել է հայազգի զորավար Բադր ալ-Ջամալիին (Բադր ալ–Գամալի ալ-Արմանի (1073-1094 թթ), որն իր հայկական և սիրիական գնդերով մտել է Կահիրե, կոտորել թյուրք խռովարարներին, դարձել է վեզիր և կարգավորել երկիրը, բարեկարգել տնտեսական վիճակը։

Ֆաթիմյանների պետությունը թուլացել է Երուսաղեմի թագավորության դեմ պատերազմների հետևանքով։ Օգտվելով դրանից, 1169 թվականից Ֆաթիմյանների վեզիր Սալահ ադ-Դինը 1171 թվականին տապալել է Ֆաթիմյաններին և խլել իշխանությունը։

Պետական կարգ

խմբագրել

Ֆաթիմյանների խալիֆայության գլուխ կանգնած Էր խալիֆը, որը միաժամանակ իսմաիլական շիաների իմամն էր։ Խալիֆի իշխանությունը ժառանգական էր, թեև խալիֆա նշանակելուն հաճախ միջամտել են վեզիրները, զորահրամանատարները։ Ֆաթիմյանների զորքը սկզբում կազմված էր բերբերներից, ապա՝ խայտաբղետ տարրերից։ Տնտեսության հիմքը երկրագործությունն էր, որը զարգացած էր հատկապես Նեղոսի հովտում։ X-XI դարերի կեսին տիրապետել է պետական հողատիրությունը։ Հիմնական հարկը հողահարկն էր (խարաջ)։ Ղպտիները բացի հողահարկից վճարել են նաև գլխահարկ (ջիզիե)։ Եգիպտոսում արհեստագործության կենտրոններ էին Կահիրեն, Ալեքսանդրիան, Դամիետան, Ասորիքում և Պաղեստինում՝ Դամասկոսը, Երուսաղեմը։

Ալեքսանդրիայի և Ասորիքի (Տրիպոլի, Բեյրութ, Սիդոն, Տյուրոս, Ակրա և այլն) նավահանգիստները կապված էին իտալական քաղաքների՝ Վենետիկի, Ջենովայի, Պիզայի հետ։ Ֆաթիմյանների պետության բնակչությունը խայտաբղետ էր և՝ էթնիկական (ղպտիներ, արաբներ, հայեր, բերբերներ, թյուրքեր և այլն), և՝ կրոնական մուսուլմաններ՝ սուննիներ, չափավոր շիաներ (իմամիներ) և ծայրահեղ շիաներ (իսմաիլականներ), քրիստոնյաներ՝ միաբնակներ (ղպտիներ, հայեր, ասորիներ) և երկաբնակներ (հույներ), հուդայականներ (հրեաներ) առումով։

Գահացանկ

խմբագրել
  1. Ուբայդալլահ (909-934)
  2. Ալ-Կասիմ (934-946)
  3. Ալ-Մանսուր (946-952)
  4. Ալ-Մուիզ (952-975)
  5. Ալ-Ազիզ (975-996)
  6. Ալ-Հաքիմ (996-1021)
  7. Ազ-Զահիր (1021-1035)
  8. Ա-Մուսթանսիր (1035-1094)
  9. Ալ-Մուսթաալի (1094-1101)
  10. Ալ-Ամր (1101-1130)
  11. Ալ-Հաֆիզ (1130-1149)
  12. Ազ-Զաֆիր (1149-1154)
  13. Ալ-Ֆաիզ (1154-1160)
  14. Ալ-Ադիդ (1160-1171)

Ֆաթիմյան հայազգի վեզիրները

խմբագրել

Ֆաթիմյանների օրոք հայազգի վեզիրների պաշտոններում եղել են՝

  1. Բադր ալ-Ջամալի (1073-1094)
  2. Ալ-Աֆդալը (Շահնշահ 1094-1121)
  3. Աբու ալ-Ահմադ (Քութայֆաթ)
  4. Յանես ալ–Արմանի (1131-1132)
  5. Բահրամ ալ-Արմանի (1135-1137)
  6. Թալայ իբն Ռուզիկ (1154-1161)
  7. Ռուզիկ իբն Թալայ (1161-1163)։

Ֆաթիմյանների պետությունը թուլացել է Երուսաղեմի թագավորության դեմ պատերազմների հետևանքով։ Օգտվելով դրանից, 1169 թվականից Ֆաթիմյանների վեզիր Սալահ ադ-Դինը 1171 թվականին տապալել է Ֆաթիմյաններին և խլել իշխանությունը։

Գրականություն

խմբագրել
  • Семёнова Л. А., Из истории фатимидского Египта. Очерки и материалы, М., 1974;
  • Hitti Ph., History of the Arabs, 8 ed., L., 1964

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիմյան խալիֆայություն» հոդվածին։