The Birthday Party (սկզբում՝ The Boys Next Door), ավստրալիական պոստ փանկ-խումբ, որը գոյություն է ունեցել 1978 թվականից մինչև 1983 թվականը։ Խումբը չի ունեցել մեծ կոմերցիոն հաջողություն՝ չնայած երաժշտական քննադատների, այդ թվում՝ հայտնի բրիտանացի ռադիոհաղորդավար Ջոն Փիլի դրական արձագանքներին։ Խումբը կատարում էր շատ մռայլ և բավականին ավանգարդ պոստ փանկ մեղքի և անեծքի թեմային վերաբերվող տեքստերով՝ դրանցում օգտագործելով Հին Կտակարանի կերպարները[3]։ Հետագայում The Birthday Party-ն որակավորվեց որպես «1980-ականների սկզբի ամենամութ և ամենաբարդ պոստ փանկ խմբերից մեկը»[1]։ Պրոֆեսիոնալ քննադատ Սայմոն Ռեյնոլդսը խմբի ոճը դասել է գոթիկ ռոքի շարքին[3]։ Նրանց «Release the Bats» երգը բազմիցս համարվել է գոթական երաժշտության վրա ազդեցություն ունեցողներից մեկը[2]։

The Birthday Party
Ձախից աջ՝ Միկ Հարվի, Նիկ Քեյվ, Ֆիլ Քալվերտ, Թրեյսի Պյու, Ռոլանդ Հովարդ
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱվստրալիա
Ժանրերպոստ փանկ[1]
գոթիկ ռոք[2]
Noise rock
Գործունեություն1978—1983
ԼեյբլMushroom Records
Missing Link Records
4AD Records
Կայքthebirthdayparty.com.au
Նախկին անդամներ
Նիկ Քեյվ
Միկ Հարվի
Ռոլանդ Հովարդ
Թրեյսի Պյու
Ֆիլ Քալվերտ

Պատմություն

խմբագրել

The Boys Next Door

խմբագրել

Վոկալիստ Նիկ Քեյվը, կիթառահար Միկ Հարվին և հարվածային գործիքներ նվագող Ֆիլ Քալվերտը ծանոթացել են 1970-ականների սկզբին Caulfield տղաների մասնավոր դպրոցում։ 1973 թվականին նրանք ձևավորել են ռոք խումբ, որի կազմում, բացի Քեյվից, Հարվիից և Քալվերտից, ընդգրկվել են կիթառահար Ջոն Քոցիվերը, բասիստ Բրեթ Փարսելը և սաքսոֆոնահար Քրիս Քոյնը։ Վեցն էլ եկեղեցու երգչախմբի անդամներ էին։ Խումբը դպրոցական երեկոներին նվագել է տարբեր անուններով՝ կատարելով Էլիս Քուպերի, Դեյվիդ Բոուիի և Լու Ռիդի երգացանկը։ 1975 թվականին ուսումը ավարտելուց հետո Քեյվը, Հարվին և Քալվերտը որոշել են շարունակել երաժշտական գործունեությունը։ Որպես բասիստ ընդունելով Թրեյսի Պյուն՝ կոլեկտիվն իր համար վերցրեց The Boys Next Door անունը։

1976 թվականին՝ այն ժամանակ, երբ Ավստրալիայի The Saints և Radio Birdman երիտասարդ խմբերը կատարում էին փանք ռոք, Boys Next Door-ը ելույթ էր ունենում Մելբուռնի բարերում՝ պրոտո փանկ կոմպոզիցիաների քավեր տարբերակներով[4]։ 1977 թվականին կոլեկտիվը լրջորեն տարվեց նոր ալիքով և սկսեց այդ ոճով հորինել սեփական նյութը («Sex Crimes» և «Masturbation Generation» երգերը)[5]։ 1978 թվականին The Boys Next Door-ին միացավ երկրորդ կիթառահար Ռոլանդ Ս. Հովարդը։ Նրա գալով խմբի հնչողությունը սկսեց փոխվել՝ ձեռք բերելով ռոքաբիլի, ազատ-ջազի և բլյուզի տարրեր։ Խմբի բնորոշ առանձնահատկությունն էր Քեյվի էքսպրեսիվ վոկալը, Հովարդի և Հարվիի քաոսային հետադարձ կապը, Պյուի միապաղ բասը և Քալվերտի կատաղած, բայց մինիմալիստական խաղը հարվածային գործիքների վրա։ Իրենց ելույթների ժամանակ մասնակիցները հաճախ հյուծված էին թվում, կարծես խումբը փլուզման եզրին է գտնվում։ Շուտով The Boys Next Door-ը սկսեց աշխատել պրոդյուսեր Թոնի Քոենի հետ և գտավ ֆինանսական մենեջեր՝ ի դեմս Քիտ Գլասի։ The Boys Next Door-ի գրեթե բոլոր ձայնագրությունները թողարկվել են Missing Link Records լեյբլի կողմից։

The Birthday Party

խմբագրել

1980 թվականին The Boys Next Door-ի՝ ինքնասպանության մասին տողով ամենահայտնի երգերից մեկը՝ «Shivers»-ը, արգելվել էր ռադիոկայաններում։ Այդ ժամանակ կոլեկտիվը անունը դարձրեց The Birthday Party և գնաց Անգլիա։ Խմբի նոր անունը, ըստ որոշ տվյալների, ընտրվել է Հարոլդ Փինթերի համանուն պիեսի պատվին[6]։ The Birthday Party-ն հիմնվել է Լոնդոնում՝ պարբերաբար շրջագայությունների մեկնելով եվրոպական քաղաքներով, այդ թվում՝ հարազատ Մելբուռնում։ Այդ ընթացքում կոլեկտիվը սկսեց նվագել չափազանց ագրեսիվ պոստ փանկ։ Քեյվի կերպարը տատանվել է սպառնալիցից մինչև ամբողջովին խենթ։ «Նիկ Քեյվը ոչ այնքան երգում է, որքան իր հոգուց հանում է վոկալը»[7] և «նույնիսկ Ջոն Քեյլը և Ալֆրեդ Հիչքոքը երբեք այսքան ահարկու չեն եղել»[8]–ասել են քննադատները։ Այդ ժամանակաշրջանի ալբոմները՝ Prayers on Fire և Junkyard, նկարագրվում էին որպես «մութ ու աստվածանարգ», «հին ու չարագուշակ»[3]։ Բացի սեփական ստեղծագործությունից, 1982 թվականին The Birthday Party-ն ամբողջ կազմով մասնակցել է Լիդիա Լանչի Honeymoon in Red ալբոմի ձայնագրությանը։ Այն թողարկվել է ընդամենը հինգ տարի անց, ընդ որում Քեյվն ու Հարվին այնքան դժգոհ էին վերջնական ձայնագրությունից, որ պահանջել էին հանել իրենց անունները ալբոմի գրքույկից։

Միևնույն ժամանակ կոլեկտիվը սկսել էր քայլել դեպի իր փլուզում։ Ալկոհոլի և թմրանյութերի մշտական օգտագործումից հյուծված մասնակիցները դադարել էին հանդուրժել իրար[9]։ 1982 թվականի սկզբին Թրեյսի Պյուն ձերբակալվել էր հարբած վիճակում մեքենա վարելու համար։ Բացի այդ խախտումից, բասիստի ծառայողական ցուցակում հայտնաբերվել է մանր գողություն, և նա դատապարտվել է երկուսուկես ամսվա ազատազրկման[10]։ Որոշ ժամանակ Պյուն փոխարինվեց Magazine-ի բաս կիթառահար Բարի Ադամսոնով և Ռոլանդ Ս. Հովարդի եղբոր՝ Հարրի Հովարդի կողմից։ Դրանից հետո խումբը լքեց Ֆիլ Քալվերտը։ Պնդում էին, որ նրան վտարել էին այն բանի համար, որ ի վիճակի չի եղել կատարելու իր հատվածները «Dead Joe» երգում[11], բայց հետագայում վարկած բարձրացավ նաև այն մասին, որ Քալվերտը հեռացել է սեփական ցանկությամբ՝ այլ մասնակիցների հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով[9]։ 1983 թվականին The Birthday Party-ն ուղևորվեց Արևմտյան Բեռլին։ Պյուն վերադարձավ խումբ և կարողացավ ձայնագրել ևս մի քանի ստեղծագործություն։ Դրանցից մեկը՝ «Mutiny in Heaven»-ը, հայտնի է Einstürzende Neubauten-ի առաջնորդ Բլիքսա Բառգելդի մասնակցությամբ։ 1983 թվականի վերջին կոլեկտիվում հարաբերությունները վերջնականապես փչացան։ Միկ Հարվին, ով մինչ այդ փոխարինել էր թմբկահար Ֆիլ Քալվերտին, հրաժարվել է մասնակցել The Birthday Party-ի վերջին շրջագայությանը։ Ի վերջո, միջադեպ տեղի ունեցավ Նիկ Քեյվի և Ռոլանդ Հովարդի միջև[12]։ 1983 թվականի վերջին խումբը լուծարվեց։

Փլուզումից հետո

խմբագրել

Նիկ Քեյվը հիմնադրեց Nick Cave and the Bad Seeds խումբը, որի առաջին կազմում ընդգրկվել են Միկ Հարվին, Բլիքսա Բառգելդը, Բարի Ադամսոնը և գործազուրկ երաժիշտ Հյուգո Ռեյսը։ The Bad Seeds թողարկել է տասնհինգ ստուդիական ալբոմներ և շարունակում է գոյություն ունենալ մինչ օրս։ Նրանց երրորդ Kicking Against the Pricks (1986) ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Ռոլանդ Հովարդը և Թրեյսի Պյուն։ 2007 թվականից մինչև 2010 թվականներիը Քեյվն աշխատել է իր Grinderman սայդ-նախագծի կազմում, որը թողարկել է երկու ալբոմ․ դրանք հաճախ համեմատվում են The Birthday Party-ի ստեղծագործության հետ[13]։ 2007 թվականին Նիկն ընդգրկվել է Ավստրալիայի ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի Փառքի սրահում։ Իր խոսքում նա հարգանքի տուրք է մատուցել The Bad Seeds-ին և The Birthday Party-ին և մաղթել, որ Միկ Հարվին, Ռոլանդ Հովարդը և Թրեյսի Պյուն նույնպես ընդգրկվեն Սրահում[14]։

Միկ Հարվին Nick Cave and the Bad Seeds-ի անդամ էր քսանհինգ տարի և խումբը լքեց 2009 թվականին՝ վկայակոչելով անձնական խնդիրները[15]։ 1980-ականների երկրորդ կեսին, The Bad Seeds-ում աշխատանքի հետ միաժամանակ, Crime and the City Solution խմբի անդամ էր, որի կազմում էին Սայմոն Բոննին, Ռոլանդ Հովարդը, Հարի Հովարդը և Քևին Փոլ Գոդֆրին։ Կոլեկտիվը հաճախ փոխում էր կազմերը և չափազանց փոփոխական էր։ Երաժիշտը լքել է խումբը 1990 թվականին։ 1995 թվականից մինչև 2011 թվականը նա թողարկել է հինգ սոլո ալբոմ, ինչպես նաև մասնակցել բրիտանացի երգչուհի Պի Ջեյ Հարվիի ալբոմների ձայնագրությանը։ Միկը իր գործընկեր Ռոլանդ Հովարդի Teenage Snuff Film և Pop Crimes ալբոմներում կիթառահար էր, թմբկահար և երգեհոնահար։ Ղեկավարել է The Birthday Party սկավառակների վերահրատարակումը։

Ռոլանդ Հովարդը կիթառահար էր Crime and the City Solution-ում։ Նա խմբի հետ ձայնագրել է մեկ ալբոմ և լքել այն 1986 թվականին։ Հիմնադրել է These Immortal Souls սեփական խումբը, որի կազմում ընդգրկվել են բասիստ Հարի Հովարդը, հարվածային գործիքներ նվագող Քևին Փոլ Գոդֆրին և ստեղնահար Ժենևա Մակգակկինը։ These Immortal Souls-ը թողարկել է երկու ալբոմ և դադարել է գոյություն ունենալ 1998 թվականին՝ Գոդֆրիի մահից հետո։ Ռոլանդը թողարկել է երկու սոլո ալբոմ, ինչպես նաև երկու համատեղ աշխատանք՝ Shotgun Wedding-ը Լիդիա Լանչի և Kiss You Kidnapped Charabanc-ը Նիկի Սադենի հետ։ Մահացել է 2009 թվականի դեկտեմբերի 30-ին լյարդի քաղցկեղից։ Նիկ Քեյվն ասել է հանգուցյալի մասին՝ «Ռոլանդը Ավստրալիայի ամենաառանձնահատուկ, շնորհալի և անզիջում կիթառահարն էր։ Նա լավ ընկեր էր։ Շատերը նրան կկարոտեն»[16]։ 2012 թվականի սկզբին Մելբուռնում տեղի ունեցավ Հովարդի հիշատակին նվիրված համերգ, որին մասնակցեցին Միկ Հարվին, Ֆիլ Քալվերտը և Ռոլանդի քույրը՝ Անջելա Հովարդը[17]։

Ֆիլ Քալվերտը The Psychedelic Furs խմբի անդամ է եղել 1982 թվականից մինչև 1984 թվականը, 1985 թվականից մինչև տասնամյակի վերջ նվագել է Blue Ruin-ում։ Հետագայում մասնակցել է մի քանի քիչ հայտնի մելբուռնյան խմբերի գործունեությանը՝ In Vivo, The Sunday Kind, Sugarhips, Bulletproof և, ներկայումս The Enthusiasts։

Թրեյսի Պյուն շարունակել է ծանր թմրանյութեր օգտագործել։ Շուտով նա սկսել է տառապել էպիլեպտիկ նոպաներից և 1986 թվականի նոյեմբերի 7-ին մահացել ուղեղի արյունազեղումից, 28 տարեկանում[18]։

Դիսկոգրաֆիա

խմբագրել
The Boys Next Door
The Birthday Party

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Erlewine, Stephen Thomas. «The Birthday Party biography». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  2. 2,0 2,1 Lewis, Luke. «Release The Bats». New Musical Express. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 Reynolds, Simon Rip It Up and Start Again: Postpunk 1978-1984. — Penguin Books, 2005. — 416 с. — ISBN 0143036726
  4. Maes, Maurice; Miles, Richard. «The Boys Next Door Live». Nick Cave Collector's Hell. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Nichols, David. «Lethal Weapons 30 years on». Mess+Noise. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  6. «Origins of Band Names». HeaThen WoRLD. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  7. Hanson, Amy. «Birthday Party review». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  8. Robbins, Ira; Sheridan, David. «Birthday Party». Trouser Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 Marszalek, Julian. «We Return To The Birthday Party's Junkyard». The Quietus. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Long Wau To The Top». Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  11. Hanson, Amy. «Dead Joe review». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  12. Miller, Rob. «In a Black Box with Nick Cave». Bad-Seed.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  13. Klein, Joshua. «Grinderman». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  14. «Cave enters Aria Hall of Fame on his own terms». The Age. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  15. «Bad Seeds co-founder Harvey quits». Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  16. «Cave Pays Tribute To 'Gifted' Howard». Contactmusic[en]. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  17. «Rowland S Howard Tribute At Ballroom Reunion». Mess+Noise. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  18. Walker, Clinton Stranded: The Secret History of Australian Independent Music, 1977-1991. — Pan Macmillan, 1996. — 346 с. — ISBN 0732908833

Արտաքին հղումներ

խմբագրել