Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միմինո (այլ կիրառումներ)

«Միմինո» (վրաց.՝ «მიმინო», ռուս.՝ «Мимино»), խորհրդային կատակերգական ժանրի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Գեորգի Դանելիան «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1977 թվականին։ Սցենարի հեղինակներն են Ռեզո Գաբրիաձեն, Վիկտորյա Տոկարևան և Գեորգի Դանելիան։

Միմինո
ռուս.՝ Мимино
Երկիր ԽՍՀՄ
Ժանրտրագիկոմեդիա և կինոկատակերգություն
Թեմաօդագնացություն
Թվական1977
Լեզուռուսերեն, վրացերեն, հայերեն և անգլերեն
ՌեժիսորԳեորգի Դանելիա[1]
Սցենարի հեղինակՌեզո Գաբրիաձե, Վիկտորյա Տոկարևա և Գեորգի Դանելիա[2]
ԴերակատարներՎախթանգ Կիկաբիձե[3], Մհեր Մկրտչյան[3], Եվգենի Լեոնով, Բորիսլավ Բրոնդուկով, Ելենա Պրոկլովա, Կոտե Դաուշվիլի, Marina Dyuzheva?, Արչիլ Գոմիաշվիլի[3], Վադիմ Սպիրիդնով, Լեոնիդ Կուրավլյով[4] և Վլադիմիր Բասով[4]
ՕպերատորԱնատոլի Պետրիցկի
ԵրաժշտությունԳիա Կանչելի
Պատմվածքի վայրԲեռլին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն92 րոպե
 Mimino Վիքիպահեստում

Ֆիլմը գավառական օդաչու Վալիկո Միզանդարիի (Միմինո) պատմությունն է, որը Մի-2 ուղղաթիռով լեռնային գյուղի բնակիչներին սպասարկման համար ութ տարի աշխատելուց որոշում է վերադառնալ մեծ ավիացիա։ Օդաչուների վերապատրաստմանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար Մոսկվա ժամանելով՝ հերոսը հյուրանոցային համարի իր հարևանի՝ Ռուբիկ Խաչիկյանի հետ հայտնվում է զավեշտական ու դրամատիկ մի շարք իրավիճակներում։ Արդյունքում Միմինոյի երազանքն իրականանում է, նա դառնում է միջազգային ավիաուղիների օդաչու, սակայն մտքերով հերոսը մշտապես վերադառնում է հարազատ լեռներ։

Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի) և Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան)։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ելենա Պրոկլովան, Եվգենի Լեոնովը, Կոնստանտին Դաուշվիլին, Ռուսլան Միքաբերիձեն և այլ դերասաններ։ Նատուրալ նկարահանումներն անցկացվել են Թուշեթում (Օմալո և Շենաքո), Թելավի, Մոսկվայի և Արևմտյան Բեռլինի օբյեկտներում։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Գիա Կանչելին, երգերի տեքստերի հեղինակներն են Պյոտր Գրուզինսկին («Չիտո-գվրիտո»), Եվգենի Եվտուշենկոն և Ռոբերտ Ռոժդեստվենսկին («Приходит день, уходит день»):

Գլխավոր դերակատար Վախթանգ Կիկաբիձեի խոսքերով՝ «Միմինո» ֆիլմում Դանելիային «հաջողվում է արտահայտել մարդու և հողի, որի վրա նա մեծացել է, արմատների, առանց որոնց նրա համար ապրելն անհնար է, անսասան կապի մասին միտքը»[5]։ Կինոքննադատներ Նեա Զորկայան և Անդրեյ Զորկին կինոնկարը բնութագրում են որպես «ֆիլմ այն մասին, ինչպես չկորցնես ինքդ քեզ, մնաս ինքդ քեզ նման», «ֆիլմ, որը խորհում է կյանքում մարդու տեղի մասին, նրա հայրենի հողի մասին, ունայնի, հաստատունի և հիմնավորի մասին»[6]։

1977 թվականին հուլիսի 1-ին (նախքան վարձույթի թույլտվության հավաստագիր ստանալը) ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում[7], որտեղ արժանացել է երեք գլխավոր մրցանակներից մեկին, իսկ 1978 թվականի մարտի 27-ին կայացել է պրեմիերան մեծ էկրանին[8] (մեկ տարվա ընթացքում «Միմինո» ֆիլմը դիտել է 24,4 միլիոն խորհրդային հանդիսատես, 17-րդ տեղը վարձույթում)։ Ֆիլմը բարյացակամորեն է ընդունվել քննադատների կողմից, մեծ հաջողություն ունեցել հանդիսատեսի շրջանում և արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական մրցանակ գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում (1978, Գեորգի Դանելիա, Վախթանգ Կիկաբիձե, Մհեր Մկրտչյան)[8], լավագույն կատակերգական ֆիլմի մրցանակ Երևանում անցկացված XI համամիութենական կինոփառատոնում (1978), «Ոսկե Լաչենո» մրցանակ Ավելինոյի 19-րդ միջազգային կինոփառատոնում (1978)։ Ֆիլմից շատ արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր[9][10][11]։

Սյուժե

խմբագրել

Միմինո (նշանակում է «բազե»[12][13]) մականունը կրող Վալիկո Միզանդարին՝ վրացական տեղական ավիաուղիների Մի-2 ուղղաթիռի օդաչուն, կատարում է օգտակար աշխատանք և վայելում է հայրենակիցների հարգանքը։ Նրան լավ հարաբերություններ ունի Թելավի օդանավակայանի թռիչքային ջոկատի հրամանատար Գիվի Իվանովիչ Գոգլիձեի հետ։ Տանը՝ բարձրլեռնային գյուղում, Վալիկոյին սպասում են պապը՝ Գոչան, քույրը՝ Կատոն, զարմիկը՝ Վառլամը և շունը՝ Զարբազանը։ Միմինոյին սիրահարված է տեղացի ուսուցչուհի Լալին։ Սակայն հերոսի տրամադրվածությունը փոխվում է, երբ նա օդանավակայանում պատահական հանդիպում է գերձայնային Տու-144 օդանավի օդաչու և միջազգային ուղերթներում աշխատող իր նախկին համակուրսեցուն և երկու բորտուղեկցորդուհիների, որոնցից մեկը՝ Լարիսա Իվանովնա Կոմարովան (Ելենա Պրոկլովա), միանգամից գերում է Միմինոյի սիրտը։ Վաղեմի ընկերոջ ու նրա ուղեկիցների հետ հանդիպումը փոխում է Միմինոյի կյանքի ծրագրերը. ցանկանալով հաջողությունների հասնել մեծ ավիացիայում՝ նա ուղևորվում է Մոսկվա[14][15][16]։

Օդաչուների վերաորակավորման թույլտվություն ստանալու համար Միզանդարին ժամանում է Մոսկվա և օպերային երգիչ Սինիցինի (Վլադիմիր Բասով) օգնությամբ տեղավորվում հեղինակավոր հյուրանոցում։ Համարում Միմինոյի հարևանը դիլիջանցի վարորդ Ռուբիկ Խաչիկյանն է (Մհեր Մկրտչյան), որին հյուրանոցի տնօրինությունը շփոթում է նրա անվանակից էնդոկրինոլոգի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ երկու հերոսների հանդիպումը սկսվում է վիճաբանությամբ («Ինչո՞ւ ես բարկացել ինձ վրա»), հետագայում Ռուբիկը կենդանի մասնակցություն է ունենում նոր ընկերոջ ճակատագրին։ Վալիկոյի՝ Մոսկվայում գտնվելու ընթացքում մեկը մյուսին են հաջորդում ամենատարբեր իրադարձություններ. նա անհաջող փորձում է հանդիպել Լարիսա Իվանովնայի հետ, մեծ գումարներ է ծախսում ռեստորանում, հանձնում է փաստաթղթեր վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար, հարևանի հետ ստիպված լքում է հյուրանոցը (պարզվում է, որ Ռուբեն Խաչիկյանն ստացել է կոնֆերանսից ուշացած էնդոկրինոլոգիայի պրոֆեսոր, իր ազգանվանակից Խաչիկյանի համար ամրագրված տեղը, իսկ Վալիկոն բոլորովին կապ չունի դրա հետ), հանդիպում իր վաղեմի թշնամուն՝ նախկինում Վրաստանում ապրած, քրոջը գայթակղած և երեխայի հետ լքած տղամարդուն՝ Նուգզար Պապիշվիլիին (Արչիլ Գոմիաշվիլի), որի բնակարանում ոչ մեծ ավերածություններ է անում, ինչի համար ձերբակալվում է ոստիկանության կողմից։ Ռուբենը չի լքում ընկերոջը ծանր իրավիճակում (նույնիսկ իր հաշվին արձակուրդ է վերցնում) և ամեն կերպ փորձում է օգնել հպարտ լեռնեցի օդաչուին, որը հրաժարվում է իր արարքին որևէ բացատրություն տալուց և դատարանում ոչ մի բառ չի ասում հօգուտ իր պաշտպանության։ Փաստաբանի՝ իր առաջին գործը վարող, բայց Վրացական ԽՍՀ-ի ՆԳՆ-ի միջոցով բոլոր հանգամանքները պարզած երիտասարդ աղջկա շնորհիվ Վալիկոն ստանում է ոչ թե դատախազի պահանջածի չափով երկու տարի ազատազրկում, այլ միայն տուգանք է նշանակում[14][15][16]։ Դատավարության ընթացքում լրանում է Միմինոյի 35 տարին, ինչը պատճառ է դառնում մեծ ավիացիայի ինքնաթիռներով վերաորակավորվելու հնարավորության ձևական մերժման։

Արդեն տուն վերադառնալու որոշում ընդունած և առանց փողի մնացած Միմինոն օդանավակայանում պատահաբար ծանոթանում է պատերազմի վետերանի և ազդեցիկ անձնավորության՝ Իվան Սերգեևիչ Վոլոխովի հետ։ Վերջինս շփոթում է Վալիկոյին ռազմաճակատում զոհված իր ընկերոջ որդու հետ։ Վոլոխովը, չնայած պարզված շփոթմունքին, իր մյուս զինակցի՝ խոշոր կուսակցական պաշտոնյայի միջոցով օգնում է Վալիկոյին իրականացնել երազանքը։

Միմինոն դառնում է միջազգային ուղերթների օդաչու և թռչում է Տու-144-ով։ Բայց մարդկանց հանդեպ լինելով սրտաբաց և բարյացակամ՝ Վալիկոն այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն Եվրոպայի մեծ քաղաքներում և կարոտելով հայրենիքը, վերադառնում է տուն՝ հարազատ Թելավ քաղաք, իր սիրած աշխատանքին, իր հարազատների և մերձավորների մոտ[14][15][16]։

Դերերում

խմբագրել

Գլխավոր դերերում

խմբագրել

Դերերում

խմբագրել

Դրվագներում

խմբագրել

Դրվագներում (նշված չեն ենթագրերում)

խմբագրել

Հնչյունավորում

խմբագրել

Նկարահանող խումբ

խմբագրել
 
Գեորգի Դանելիա, ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի համահեղինակ

Մրցանակներ

խմբագրել
  • 1977 - Ոսկե մրցանակ Մոսկովյան X կինոփառատոնում (Գեորգի Դանելիա)
  • 1978 - Լավագույն կատակերգական ֆիլմի մրցանակ Համախորհրդային XI կինոփառատոնում Երևանում (Գեորգի Դանելիա)
  • 1978 - ԽՍՀՄ Պետական մրցանակ (Գեորգյ Դանելիա, Վաղթանգ Կիկաբիձե, Ֆրունզիկ Մկրտչյան)
  • 1979 - «Ոսկե Լաչենո» մրցանակ Ավելլինոյի XIX Միջազգային կինոփառատոնում (Գեորգի Դանելիա)[8]

Ֆիլմի ստեղծման գործընթաց

խմբագրել

Սցենարի պատրաստում

խմբագրել

Ֆիլմի սյուժեն գիշերն իր ուղղաթիռը ծառից կապող օդաչուի մասին էր, որը Դանելիային պատմել էր իր ընկեր սցենարիստ Ռեզո Գաբրիձեն։ Սակայն այն նակարահանել ռեժիսորը մտադիր չէր։ Վիկտորիա Տոկարևայի համահեղինակությամբ գրվեց սցենար գյուղացի աղջկա մասին, ով սիրահարվել էր շեփորահար և բանաստեղծություններ գրող օդաչուին. ընթանում էին նկարահանման նախապատրաստական աշխատանքները, որոնց մնացել էր մեկ ամիս։ Մի անգամ Դանելիան պատմեց սյուժեն իր ընկերոջը՝ գրող Մաքսուդ Իբրահիմբեկովին, ով նկատեց, որ ուղղաթիռը ծառից կապող օդաչուի պատմությունն ավելի հետաքրքիր է։ Դրանից հետո ռեժիսորը, ինչպես ինքն է պնդում հասկացավ, որ շեփորահարի մասին կինոնկար չի նկարահանի։[19]

Հաջորդ օրը Դանելիան զանգահարեց Թբիլիսի՝ Գաբրիձեին, և նա շտապ ժամանեց Մոսկվա։ Երեքով՝ Դանելիան, Գաբրիձեն և Տոկարևան մեկնեցին «Բոլշևո» ստեղծագործական տուն և սկսեցին արագ նոր սցենար գրել։ Նկարահանումներն սկսելուց մեկ ամիս առաջ հայտնի էր միայն այն, որ ֆիլմում լինելու է ուղղաթիռ, շղթա, կողպեք և Կիկաբիձեն՝ գլխավոր դերում։ Սցենարի վրացական մասը գրեց Դանելիան, մնացածը՝ Տոկարևան և Գիբրաձեն[20]։ Երկրորդ ռեժիսոր Յուրի Կուշներյովը տարավ պատրաստի նյութերը Մոսկվա, որտեղ աշխատում էր նկարահանող խումբը. պատրաստեցին կոստյումները, դեկորացիաները, բյուջեն, ընտրեցին նկարահանման վայրերը։ Արդյունքում՝ նկարահանման սկզբին պատրաստ էր սցենարի առաջին տարբերակը, որը հետագայում սրբագրվեց և հստակեցվեց։[21]

Մի շարք դրվագներ և անուններ սցենար մտան կյանքից։ Այսպես, օրինակ՝ գլխավոր հերոսին անվանեցին քանդակագործ Վալերիան Միզանդարիի՝ ֆիլմի սցենարիստ Ռեզո Գիբրաձեի ուսուցչի պատվին[22][23]։ Ավելի վաղ Միզանդարի ազգանունը Դանելիան տվել էր նաև «Не горюй!» ֆիլմի կադրից դուրս կերպարներից մեկին։ Փաստաբանի դրվագը նույնությամբ գրված էր Դանելիայի դուստր Սվետլանայի հետ պատահածից։ Երբ նրան՝ երիտասարդ փաստաբանին, միայնակ էին թողել կրկնահանցագործի հետ, նա սկսել էր հուշել վախեցած աղջկան, թե ինչ անի և ինչպիսի հարցեր տա։ Ի պատիվ Սվետլանա Գեորգևնա Դանելիայի՝ փաստաբանին անվանեցին Սվետլանա Գեորգիևնա։[24]

Դերասանների ընտրություն

խմբագրել

Դանելիայի խոստովանությամբ Վախթանգ Կիկաբիձեն նրա երկու (Եվգենի Լեոնովի հետ միասին) սիրելի դերասաններից մեկն է։[25] Այն, որ Կիկաբիձեն է խաղալու գլխավոր դերը, հայտնի էր ամենասկզբից, և Միմինոյի դերը գրվեց հատուկ նրա համար[9]։ Օպերատոր Անատոլի Պետրիցկու հիշելով, փորձեր գրեթե չեն եղել. ֆիլմում նկարահանվում էին Դանելիային արդեն ծանոթ հանրահայտ դերասաններ, միայն Զարբազանի դերի համար շուն[9] (որի անունը վրացերենից թարգմանաբար նշանակում է «թնդանոթ») փնտրելու անհրաժեշտություն եղավ։[26] Այդ դերի համար Մոսկվայից բերեցին համակրելի և խնամված Չապա մականունով շնիկին, բայց ռեժիսորին նա դուր չեկավ։ Համապատասխան բակապահ շուն պատահաբար տեսան Թելավում՝ դրսում[9], և միանգամից վերցրին նրան նկարահանման։ Պարզվեց, որ շունն անտուն է, և հետագայում ֆիլմի տնօրեն Վալերի Գանդրաբուրան նրան Մոսկվա տարավ։[26]

Գլխավոր հերոսի ընկերոջ՝ հայազգի վարորդի դերը խաղաց Ֆրունզիկ Մկրտչյանը։ Հաճախ ասում են, որ այդ դերը լավագույնն է դերասանի կարիերայի ընթացքում։[27][20] Մկրտչյանը կլինի ֆիլմում, թե՝ ոչ, որոշեց բառիս բուն իմաստով մետաղադրամը։ Սցենարի վրա աշխատելու ժամանակ, երբ արդեն պատրաստ էին Վրաստանի բոլոր դրվագները, և ըստ սյուժեի հերոսը ժամանում է Մոսկվա՝ հարց ծագեց՝ նա միայնակ է ապրում հյուրանոցում, թե՞ ինչ որ մեկի հետ, եթե ինչ որ մեկի հետ, ապա՝ ու՞մ հետ՝ Լեոնովի, թե՝ Մկրտչյանի։ Պարզվեց, որ երկու տարբերակներն էլ բավականին հետաքրքիր են, և դրանցից կոնկրետ մեկը որոշեցին ընտրել մետաղադրամ նետելով։ Ընտրվեց Մկրտչյանը։[27]

Երաժշտական ստեղծագործություններ

խմբագրել
 
Գիա Կանչելի, երաժշտության հեղինակ
  • «Գալիս է օրը, գնում է օրը․․․», երաժշտությունը Գիա Կանչելիի, բառերը Եվգենի Եվտուշենկոյի և Ռոբերտ Ռոժդեստվենսկու։ Հնչում է ֆիլմի սկզբում և մակագրերի ժամանակ։ Երգը կատարում է Վախթանգ Կիկաբիձեն։ Երգի մեղեդին պարբերաբար հնչում է ֆիլմի ընթացքում։
  • «Չիտո-գվրիտո, չիտո-մարգարիտո․․․»(վրաց.՝ ჩიტო, გვრიტო, ჩიტო-მარგალიტო - «Թռչնիկ, պստլիկ-թռչնիկ»), երաժշտությունը՝ Գիա Կանչելիի, բառերը Պյոտր Գրուզինսկու։ Ֆիլմի հիմնական երաժշտական թեման է։ Գվրիտին (გვრიტი) վրացերեն թարգմանվում է տատրակ, մարգալիտին (მარგალიტი)՝ մարգարիտ, այսպիսով բառացի թարգմանվում է «թռչնիկ-մարգարտիկ»)։ Երգը կատարում է Վախթանգ Կիկաբիձեն։ Ֆիլմի դուրս գալուց հետո այս երգը մեծ ճանաչում գտավ, չնայած Կանչելին այն իր ստեղծագործությունների շարքում բացառիկ ձեռքբերում չէր համարում[28]։ Ավելին՝ երգահանն ասում էր, որ ընդհանրապես չէր գրի այդ կոմպոզիցիան, եթե իմանար, որ այն այդպես ուժգին կասոցացվի իր հետ[29]։
  • Ռեստորանի անսամբլը կատարում է Ե. Եվտուշենկոյի բառերով «Мой пёс» («Իմ շունը»), վրացական ճանաչված «Սուլիկո» և հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն․․․» երգերը[30], ինչպես նաև «Լեզգինկա», որի նվագակցությամբ պարում են Վալիկոն և Ռուբիկը։
  • «Արևային լույսով անձրև»-ը (վրաց.՝ ჟუჟუნა წვიმა) երկու տներից բաղկացած վրացական ժողովրդական երգ է։ Միմինոն այն երգում էր հեռախոսով, երբ նրան սխալմամբ Թելավի փոխարեն միացրին Թել Ավիվի հետ։ Երգի տեքստը պարզունակ է, բայց այնտեղ բառերի նուրբ խաղ կա։ «Արևային անձրևն անցավ, ընդարձակ դաշտերը թրջեց․․․ Ով մեր մասին վատ խոսի, թող նրա սիրտը դանակը կոտրի․․․»

Ի սկզբանե պլանավորված էր ֆիլմում մի քանի երաժշտական համար դնել, որոնց համար արդեն ձայնագրված էին ֆոնոգրամաները։ Բայց երբ սկսեցին նկարահանել առաջին այդպիսի դրվագը, Կիկաբիձեն գտավ, որ այն իր հերոսի՝ զուսպ և լռակյաց լեռնեցու համար բնական չէ, և Դանելիան սցենարից դուրս թողեց բոլոր երաժշտական համարները։[25]

Կտրված դրվագներ

խմբագրել

Վախթանգ Կիկաբիձեի հուշերով ֆիլմից կտրված են ութ դրվագներ[31]՝

  • Կտրված դրվագներից մեկում, երբ Միմինոն և Ռուբիկը մտնում են հյուրանոցի վերելակ, այնտեղ կանգնած են լինում երկու երկվորյակների նման իրար նման ճապոնացիներ։ Տեսնելով վերելակ մտնողներին՝ ճապոնացիները միմյանց ճապոներեն ասում են (ռուսերեն ենթագրերով).«Ինչքան նման են բոլոր ռուսներն իրար»։
  • Ֆիլմից կտրված են նաև հերոսներից մեկի՝ գյուղական դարբնի հետ կապված դրվագները, և ամբողջությամբ կտրված է ֆիլմի վերջաբանը, որը հարկ եղավ վերամոնտաժել[31]։

Փաստեր

խմբագրել
  • Ֆիլմում դրվագ կա, որտեղ Միմինոն Արևմտյան Բեռլինից զանգում է Ռուբիկին Դիլիջան։ Խոսակցական կետում Միմինոյին ասել էին, որ իրենց ցուցակում նման քաղաք չկա։ «Իսկ Թելավի՞» - հարցնում է Վալիկոն։ «Կա»։ Եվ նրան միացրել էին Թել Ավիվ։ Հաշվի առնելով Խորհրդային միության հարաբերությունները Իսրայելի հետ՝ այդ դրվագը կարող էր որպես դավադրություն ընկալվել։ Այդ պատճառտով ռեժիսորներին ստիպեցին փառատոնի համար առանց Թել Ավիվի հետ խոսակցության ֆիլմի մեկ տարբերակ ևս պատրաստել, սակայն վարձույթի տարբերակներում այդ կտորը թողնվեց։ Մյուս դրվագը, որտեղ Թել Ավիվից էմիգրանտը զանգահարում է Թելավի Կուկուշին, կտրեցին առանց մնացորդի։[32]
  • 26-Б ավտոմեքենան, ինչպես անվանում էր նրան Խաչիկյանը, կոչվում է КрАЗ-256Б: Ընդ որում, դատելով նարնջագույն գունավորումից, Ռուբիկն ավտոմեքենան ստացել էր հյուսիսային (արկտիկական) աշխատանքի արդյունքում[33]։
  • Միմինոն ներքուստ իր ուղղաթիռն անվանում էր թիթեռ, ինչը վրացերենով հնչում է ինչպես «պեպելա»։ Այդ նույն բառը, բայց արդեն որպես «պեպելաց» Դանիելան օգտագործել է իր «Կին-ձա-ձա՜» ֆիլմում նման թռչող սարք անվանելու համար։
  • Գերձայնային մարդատար ՏՈՒ-144 օդանավը իրականում երբեք չի թռել ոչ Դելի, ոչ էլ Սան Ֆրանցիսկո։

Նկարահանումների վայր

խմբագրել
  • Միզանդարի ընտանիքի բնակված գյուղը նկարահանվել է Օմալոյի[34] և Շենակոյի գյուղերում։
  • Դրվագը, որտեղ Միմինոն անցնում է փողոցով և ընկնում է սառույցի վրա, նկարահանվել է Չիստոպրուդնի բուլվարի այն շենքի դիմաց, որտեղ բնակվում էր Գեորգի Դանելիան։
  • Դատարանի տեսարանները նկարահանվել են Մոսկվայի Խամովնիչի շրջանային դատարանի շենքում, որը գտնվում էր Ռոստովյան 7-րդ նրբանցքում։ Այդ դատարանի շենքում նկարահանվել են նաև «Ծեր ձիեր» և «12» ֆիլմերի որոշ դրվագներ[35]։
  • КрАЗ-256Б-ով Մոսկվայով երթևեկելու դրվագները նկարահանվել են կինոթատրոնի մոտ Կրասնայա պրեսնյա փողոցում։
  • Սամատյոչնայա էստակադայով երթևեկելիս երևում է Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնը, իսկ Մոսկվայի «ГАИ» շենքը բացակայում է, քանի որ ավելի ուշ կառուցվել է եռահարկ շենքի տեղում Օլիմպիադա-80 -ի առթիվ։

Հիշատակ

խմբագրել
 
Ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը Դիլիջանում

Ֆիլմի 30-ամյակին Մոսկվայում[36], Չիստիյե Պրուդի փողոցի վրա Դանելիայի բնակարանի շենքին կից պլանավորվում էր կանգնեցնել ֆիլմի հերոսների հուշարձանը։ 2006 թվականի դեկտեմբերին այդ միտքը հավանության արժանացավ Մոսկվայի դումայի Մշակույթի հանձնաժողովի կողմից[37][38]։ Սակայն, 2007 թվականի մարտ ամսին Մոսկվայի քաղաքային դումային կից ֆունդամենտալ մշակույթի գծով հանձնաժողովը միաձայն մերժեց այդ առաջարկը՝ հղում կատարելով այն փաստին, որ Չիստիյե Պրուդի փողոցի շրջակայքը գերհագեցած է հուշարձաններով[39]։

2011 թվականի հուլիսի 5-ին Զուրաբ Ծերեթելիի հեղինակած հուշարձանը, որը մարմնավորում է Վալիկոյին, Ռուբիկին և Վոլոխովին տեղադրվեց Ռուբիկի հայրենիքում՝ Դիլիջանում։ Հուշարձանի բացմանը ներկա էին Վախթանգ Կիկաբիձեն՝ այդ պահին երեք դերասաններից միակ կենդանի դերասանը։

Վրաստանի մշակույթի նախարար Զուրաբ Ռուռուայի հայտարարության համաձայն՝ «հուշարձանն ընդգծում է մարդկանց ազնիվ ընկերությունը մարդկայնության մակարդակի վրա»։ Նա նաև հայտնեց, որ նման հուշարձան բացվելու է նաև Վրաստանում[40]։ 2011 թվականի հոկտեմբերի 14-ին ֆիլմի հերոսներին և ռեժիսորին նվիրված հուշարձան տեղադրվեց Թբիլիսիում՝ Հավլաբար թաղամասում։ Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հանդիսատեսներ, որոնց թվում էին հյուրեր Հայաստանից, Բելառուսիայից, Լիտվայից։ Ժամանել էին նաև պաշտոնական դեմքեր՝ Միխեիլ Սաակաշվիլիի տիկին Սանդրա Ռուլոֆսը, քաղաքի ղեկավարությունը, պառլամենտի պատգամավորներ։ Ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ով Վախթանգ Կիկաբիձեին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում[36]։

Նշումներ

խմբագրել
  1. Ֆիլմի լուսագրերում նշված է «Մարիա Դյուժևա»։
  2. Ֆիլմի լուսագրերում նշված է «Պապաշվիլի»[17].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/title/tt0076391/
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 http://www.ofdb.de/film/51457,Mimino
  4. 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Кикабидзе В. Подлинная школа. — Искусство.
  6. Зоркая Н., Зоркий А. Заметки о режиссёре. — Искусство.
  7. Евгений Смольянинов 30 лет с «Мимино»(ռուս.) : газета. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  8. 8,0 8,1 8,2 Гл. ред. Любовь Аркус. «Мимино» (ռուսերեն). Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1–ին-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Мимино 35 лет!» (ռուսերեն). Мосфильм. 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2–ին-ին.
  10. А.Ю Кожевников Большой словарь: Крылатые фразы отечественного кино. — Издательский дом «Нева». — P. 620, 621.
  11. К. В. Душенко Словарь современных цитат: 4,300 ходячих цитат и выражений XX века, их источники, авторы, датировка. — Аграф. — P. 81.
  12. Այդպես է պնդում ֆիլմի հերոսը։ Իրականում վրացերեն «միմինո» (მიმინო) նշանակում է լորաճուռակ, գիտական անվանումը՝ Accipiter nisus
  13. Кречетников А. (2019 թ․ ապրիլի 4). «Умер Георгий Данелия, снявший «Я шагаю по Москве» и «Кин-дза-дза!»» (ռուսերեն). Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. 14,0 14,1 14,2 Пинский, 2017, էջ 218
  15. 15,0 15,1 15,2 Рассохин, 2009, էջ 176—177
  16. 16,0 16,1 16,2 Данелия, 2005, էջ 207
  17. Cемерчук, Сергеева, 1997, էջ 236—237
  18. Г. Данелия Безбилетный пассажир. — Эксмо.
  19. Тостуемый пьёт до дна, 2012, էջ 165
  20. 20,0 20,1 Татьяна Воинкова «Мимино»(ռուս.) : газета. — Московский комсомолец. — № 102.
  21. Тостуемый пьёт до дна, 2012, էջ 167
  22. «Резо Габриадзе принимает поздравления с юбилеем» (ռուսերեն). Телеканал «Культура». 29 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6–ին-ին.
  23. «75 лет Резо Габриадзе» (ռուսերեն). Телеканал «Культура». 29 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6–ին-ին.
  24. Тостуемый пьёт до дна, 2012
  25. 25,0 25,1 Тостуемый пьёт до дна, 2012, էջ 176
  26. 26,0 26,1 Тостуемый пьёт до дна, 2012, էջ 170
  27. 27,0 27,1 Тостуемый пьёт до дна, 2012, էջ 182
  28. Г. Данелия Безбилетный пассажир. — Эксмо.
  29. «Новости культуры» (ռուսերեն). Телеканал «Культура». 4 апреля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6–ին-ին.
  30. Ов сирун сирун…
  31. 31,0 31,1 По воспоминаниям Вахтанга Кикабидзе в телепередаче «Маркиза»
  32. Тостуемый пьёт до дна, 2012, էջ 193, 194
  33. «Колёса страны Советов, 4 серия: Гренадёры битвы за коммунизм» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  34. Тостуемый пьёт до дна, 2012, էջ 169
  35. Сергеев Н. Михаилу Ходорковскому предъявят старое обвинение // газета «Коммерсантъ», № 37(4092) от 3 марта 2009.
  36. 36,0 36,1 А. Имедашвили, Ц. Мамулашвили (14 октября 2011). «В Тбилиси открылся памятник героям фильма «Мимино»» (ռուսերեն). Новости-Грузия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5–ին-ին.
  37. «Памятник героям «Мимино» установят к 30-летию фильма» (ռուսերեն). Lenta.ru. 26 декабря 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5–ին-ին.
  38. Екатерина Савина Памяти гостеприимства(ռուս.) : газета. — № 242 (3573).
  39. «Московские власти не разрешили ставить памятник «Мимино»» (ռուսերեն). Lenta.ru. 13 марта 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5–ին-ին.
  40. «Памятник героям фильма «Мимино» открыли в Армении». Взгляд. 6 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Միմինո հոդվածին

Գրականություն

խմբագրել
  • Г. Данелия, М., 2011, էջ 352. — 3100 հատ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմինո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմինո» հոդվածին։