Պետրոս Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Հերոնիմոսի Ադամյան (դեկտեմբերի 21, 1849[1][2], Քարաքոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հունիսի 4, 1891[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում, իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։
Պետրոս Ադամյան արմտ. հայ.՝ Պետրոս Հերոնիմոսի Ադամեան | |
---|---|
Պետրոս Ադամյանը Թիֆլիսում | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1849[1][2] |
Ծննդավայր | Քարաքոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | հունիսի 4, 1891[1][2] (41 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, բանաստեղծ, նկարիչ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Արևելյան թատրոն[1][2] |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելՊետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը խաղացել է 1867 թվականին՝ Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենեաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։
1867-1869 թվականներին խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում։ 1883-1885 թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»[3]։ Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։
1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը[4]։ Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմաստասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888 թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ. դեկտեմբերի 10։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ 1891 թվականի հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Պետրոս Ադամյանի անունն է կրում Թբիլիսիի հայկական թատրոնը, Երևանի փողոցներից մեկը։ Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը։
Դերեր թատրոնում
խմբագրելԱդամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են.
- Համլետ՝ Վ. Շեքսպիրի «Համլետ»
- Օթելլո՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- Ֆրանց Մոոր՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ»
- Ժադով՝ Ա.Օստրովսկիու «Եկամտաբեր պաշտոն»
- Չացկի՝ Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»
- Կրեչինսկի՝ Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
- Արբենին՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես»
- Խլեստյակով՝ Ն. Գոգոլի «Ռևիզոր»
- Արման՝ Ա. Դյումայի (որդու) «Քամելիազարդ տիկինը»
- Քին՝ Ա.Դյումայի (որդու) «Քին»
- Ջանումյան՝ Ա. Քիշմիշյանի «Օրիորդ Բերոյանց»
- Կորրադո՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»
- Ուրիել Ակոստա՝ Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա»
- Ատրներսեհ՝ Մուրացանի «Ռուզան»
- Մասիսյանց՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»
- Միքայել՝ Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
Երկեր
խմբագրել- Նամակներ. Երևան, 1959 թ.
Գրականություն Պետրոս Ադամյանի մասին
խմբագրել- Զարյան Ռ., Ադամյանի արվեստը, Երևան, 1960, 415 էջ
- Զարյան Ռ., Ադամյանի կյանքը, Երևան, 1961, 535 էջ
- Զարյան Ռ., Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 303 էջ
- Տոնապետյան Պ., «Քսան և հնգամյա բեմական գործունեություն Պ.Հ.Ադամյանի», Կ. Պոլիս 1888 թ.
- Արամ Վրույր, «Պետրոս Հ. Ադամյան», Թբիլիսի, 1891 թ.
- Մելիքսեթյան Ս., «Թատերական ակնարկներ» Երևան, 1945 թ.
- Ստեփանյան Գ., «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» Երևան, 1962 թ.
- Веселовскии А., Два силуэта, «Армянский вестник», Մոսկվա, 1916, № 3. էջ. 2-4 (ռուս.)
- Ярышкин А., Адамьян в роли Гамлета, Օդեսսա, 1887 (ռուս.)
- Гарин-Виндинг Д.В. Петросъ Адамьянъ. Несколько воспоминаній изъ жизни армянскаго трагика
- Гайдин Б. Н. Адамян Петрос Иеронимович «Շեքսպիրի աշխարհ» հանրագիտարան (ռուս.)
- Խաչատրյան Ս. Պետրոս Ադամյան, Ե., Հայաստան, 1970։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան, («Новости», 1884, № 116)
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայ բեմի ամենաշքեղ Համլետը
- Հովհաննես Թումանյան Ադամյանի օրերից (Հիշողություն)
- Հովհաննես Թումանյան Դերասան Ադամյանի մահը
- Հովհաննես Թումանյան Հրաժեշտ
- Հովհաննես Թումանյան Խեղճ Ադամյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Ադամյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Ադամյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 64)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |