Տրինիդադ և Տոբագո
Տրինիդադ և Տոբագո, պաշտոնական անվանումը՝ Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Trinidad and Tobago), կղզային պետություն Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովի հարավային մասում՝ Վենեսուելայի ափերից ոչ հեռու։ Երկիրը տեղակայված է Վենեսուելայից 10, 6 կմ (7 մղոն) դեպի հյուսիս և մի փոքր դեպի հարավ Գրենադայից՝ հյուսիսային լայնության 10°2′ — 11°12′ և արևմտյան լայնության 60°30′ — 61°56′ աստիճանների միջև։
Մինչև 1962 թվականը պետությունը Մեծ Բրիտանիայի գաղութներից մեկն էր։ Անկախություն ձեռք բերելուց հետո մտել է Ազգերի Համագործակցության կազմի մեջ։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՏրինիդադ և Տոբագոն գտնվում է ոչ մեծ կղզեխմբում՝ Ատլանտյան օվկիանոսի և Կարիբյան ծովի միջև։ Երկիրը գտնվում է երկու խոշոր կղզիների (Տրինիդադ և Տոբագո), ինչպես նաև մի շարք փոքր կղզիների վրա (դրանցից են՝ Չակաչակարե, Մոնոս, Ուևոս, Գասպար Գրանդե, Փոքր Տոբագո, Սենտ Ջայլս և այլ կղզիներ)։
Տրինիդադ և Տոբագոյի մակերեսը կազմում է 5128² կմ, որից 4768-ը (93%) բաժին է ընկնում Տրինիդադ կղզուն (80 կմ երկարությամբ և 59 կմ լայնությամբ)։ Չնայած նրան, որ Տրինիդադ և Տոբագոն համարվում են Փոքր Անտիլյան կղզիների մի մասը, դրանց ծագումը տարբերվում է կղզեխմբի այլ կղզիներից։ Տրինիդադ սկզբում Հարավային Ամերիկայի մաս էր, Տոբագոն ունի հրաբխային ծագում։ Երկու կղզիներն էլ գտնվում են Հարավային Ամերիկայի մայրցամաքային շելֆի վրա։ Երկու կղզիների վրա լեռնալանջերը Վենեսուելայի լեռնաշղթաների շարունակությունն է[4]։ Այժմ կղզիները իրարից առանձնացված են Պարիյա ծոցով, Բոկա դել Սերպիենտեյի և Բոկա դել Դրագոնի նեղուցներով (իսպաներենից թարգմանաբար նշանակում է Օձի երախ և Վիշապի երախ)։
Տրինիդադում գերակշռում են ցածրադիր հարթավայրերը, սակայն կան նաև երեք լեռնալանջեր․ նրանցից երկուսը գտնվում են իրար զուգահեռ և չեն գերազանցում 325 մետրը։ Հյուսիսում գտնվում է ևս մեկ լեռնալանջ, որը Վենեսուելական Առափնյա Կորդիլիերի շարունակությունն է։ Նրա հիմնական գագաթը Արիպո լեռն է (940 մ)՝ երկրի ամենաբարձր կետը։ Քիչ ներքևում գտնվում է Էլ Տուկուչե լեռը (936 մ)։ Կղզու երկու խոշոր գետերն են Օրտոյրեն (50 կմ երկարությամբ, որը թափվում է Ատլանտյան օվկիանոսի մեջ) և Կորոնի (40 կմ երկարությամբ, թափվում է Պարիյա ծոցի մեջ)։
Տոբագոյում գերակշռում է մեծ լեռնալանջը, որն անցնում է կղզու տարածքի մեծ մասով (29 կմ երկարությամբ) և ունի 640 մետր բարձրություն։ Լանջից հյուսիս և հարավ գտնվում են պտղաբեր հարթավայրերը։ Տոբագոյի 43%-ը ծածկված է անտառներով։ Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ վտակներ և փոքր գետեր, սակայն այստեղ, ի տարբերություն Տրինիդադի, հեղեղման վտանգ չկա։
Մինչ 1962 թվականը երկիրը Մեծ Բրիտանիայի գաղութն էր, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո ընդգրկված է Ազգերի Համագործակցության կազմում։
Ռելիեֆ և կլիման
խմբագրելԿղզիներն ունեն մայրցամաքային ծագում։ Տրինիդադ կղզու հյուսիսում Վենեսուելական Առափնյա Կորդիլիերայի շարունակությունը կազմող լեռներն են։ Մնացյալ տարածքում հարթավայրեր են, արևելքում կան ճահիճներ, հարավային ափի երկայնքով՝ ցեխային հրաբուխներ։ Ափերը թույլ կտրտված են՝ շրջապատված բուստային խութերով։ Կան բնական ասֆալտի, նավթի ու գազի հանքավայրեր։ Կղզիների կլիման մերձհասարակածային է, շոգ ու խոնավ։ Տարածքի 45 %-ը կազմում են մշտադալար անտառները։
Տրինիդադ և Տոբագոյի կլիմային ընդհանուր առմամբ բնորոշ է արևադարձային կլիմայական գոտին, որտեղ գտնվում է պետությունը։ Տրինիդադում տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 26 °C։ Օդի հարաբերական խոնավությունը անձրևային սեզոնին (հունիսից դեկտեմբեր) միջինում հասնում է 85-87 %, տարեկան մթնոլորտային տեղումների միջին նվազագույն քանակը տարեկան 200 սմ-ից ավել է (211 սմ)։ Տոբագոյի կլիման քիչ զով է, բայց ընդհանուր առմամբ համընկնում է Տրինիդադի կլիմայի հետ։ Տեղումների տարեկան միջին մակարդակը մոտ 250 սմ է։
Տարին կիսվում է երկու սեզոնների՝ անձրևային սեզոնը շարունակվում է հունիսից դեկտեմբեր, չոր սեզոնը՝ հունվարից մայիս։ Կղզիները գտնվում են արևադարձային ցիկլոնների զոնայից դեպի հարավ, և փոթորիկների մեծամասնությունը շրջանցում են Տրինիդադը և Տոբագոն։
Ֆլորա և ֆաունա
խմբագրելՏրինիդադ և Տոբագոյի բուսական և կենդանական աշխարհները հարևան կղզիների հետ համեմատած բավականին բազմազան է, ինչը պայմանավորված է նրա մայրցամաքային ծագմամբ։ Այստեղ գերակշռում են մշտադալար անտառները, Տրինիդադ կղզու կենտրոնում և հյուսիսարևմտյան լանջերին՝ սավաննաները և նոսր անտառները։ Այստեղ կան ինչպես հարավամերիկյան, այնպես էլ Անտիլյան կղզիներին բնորոշ բուսատեսակներ։ Անտառներում աճում են ավելի քան 50 տեսակի թանկարժեք փայտով ծառատեսակներ[5]։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են կակաոյի և այլ տնտեսական բուսատեսակների պլանտացիաները։
Տոբագոն մտնում է Melocactus broadwayi արեալի մեջ, մելոկակտուսների այլ տեսակները նույնպես տարածված են կղզիներում։ Բացի այդ, Տրինիդադում աճում է խոլորձ-թիթեռը (Oncidium papilio Ldl.), որի թիվը կրճատվում է կոմերցիոն հավաքի պատճառով։
Ֆաունան նման է Հարավային Ամերիկայի կենդանական աշխարհին[5]։ Տրինիդադ և Տոբագոյում կարելի է հանդիպել կարմիր իբիսին (Eudocimus ruber), որը համարվում է ազգային թռչուն, ինչպես նաև կայմաններ, օցելոտներ (Leopardus pardalis), ագուտիներ, իգուանաներ, օպոսումներ, կապուցիններ և կոլիբրի թռչունի 40 տեսակ (կոլիբրին պատկերված է նաև Տրինիդադ և Տոբագոյի գերբի վրա)։ Տոբագոյում իրենց բույնն են հյուսում այնպիսի թռչունների տեսակներ, ինչպիսիք են կարիբյան ծիծեռնակը և սպիտակապոչ այծքիթը։ Այստեղ հանդիպում են չղջիների տարբեր տեսակներ՝ Furipteridae (ծխագույն չղջիկներ), Natalidae (ձագարականջ չղջիկներ), Phyllostomidae (տերևաքիթ չղջիկներ), Mormoopidae (դնչատերևաքիթ չղջիկներ) ընտանիքին պատկանող ներկայացուցիչներ։ Տրինիդադի էնդեմիկ տեսակներին է պատկանում Proctoporus shrevei մողեսը, սողունների միակ ներկայացուցիչը, որn ունի կենսալուսարձակման ընդունակություն։ Տրինիդադ կղզու հյուսիսային լեռնային մասը աշխարհում միակ վայրն է, որտեղ հանդիպում է մողեսի այս տեսակը։
Հանրապետությունում վայրի բնության պահպանմանը մեծ ուշադրություն է հատկացվում։ Գործում է 17 արգելոց և 153 հազար հա ընդհանուր մակերեսով ավելի քան 40 անտառային արգելավայր։ Տոբագոյի հարավարևմտյան մասում ստեղծվել է նաև ծովային արգելոց[5]։
Բնակչություն
խմբագրելԺողովրդագրական տվյալներ
խմբագրելՏրինիդադ և Տոբագոյի 1, 065 միլիոն բնակիչների (2006 թվականի դրությամբ[6]) մեծամասնությունը (96%) բնակվում է Տրինիդադ կղզում։ Գրեթե ամբողջ մնացած 4 %-ը բնակվում է Տոբագո կղզում։ 20-րդ դարի ընթացքում երկրի բնակչությունը հետևողականորեն աճել է, սակայն ներկա դրությամբ դիտվում է բնակչության աճի նվազում տարեկան 0, 87 %-ով։ Դա բացատրվում է ոչ թե ցածր ծնելիությամբ, այլ արտագաղթի բարձր մակարդակով[6]։
Երկրի մայրաքաղաք Պորտ օֆ Սփեյնը համարվում է բնակչության թվով միայն չորրորդ խոշոր քաղաքը (49 000 մարդ, 2000 թվական)՝ զիջելով Չագուանաս (67 000 մարդ, 2000 թվական), Սան Ֆերնանդոյին (62 000 մարդ, 2002 թվական), Սան Խուան (54 000 մարդ, 2004 թվական) քաղաքներին։
Էթնիկ կազմ
խմբագրելԲնակչության էթնիկ կազմը բավականին բազմազան է։ Մոտ 40%-ը կազմում են աֆրո- և հնդկատրինիդադցիները, որոնք ստրուկների և վարձու բանվորների ժառանգներն են։ Մնացած 20%-ը՝ կրեոլներն են, ինչպես նաև եվրոպական, չինական և արաբական ծագում ունեցող տրինիդադցիները։ Ազգային փոքրամասնություններին են պատկանում պորտուգալացիները, կարիբները և «կոկոա պանյոլ» (անգլ.՝ Cocoa Panyol) էթնիկ խումբը, որի ծագումը գալիս է առաջին իսպանական նորաբնակներից և Վենեսուելայից արտագաղթածներից։
Լեզուներ
խմբագրելՄիակ պաշտոնական լեզուն անգլերենն է, սակայն լայն տարածված է նաև բհոջպուրի հնդարիական լեզուն, որով խոսում են հնդկական ծագում ունեցող տրինիդադցիները։ Խոսակցականի մեջ, հիմնականում, օգտագործվում է անգլերենի հիմքի վրա Տրինիդադի կրեոլերենը։ Իսպաներենով խոսող բնակիչները, չնայած Վենեսուելայի և այլ իսպանալեզու երկրների մոտ գտնվելու փաստին, աննշան են, սակայն այդ լեզուն համարվում է առաջին օտար լեզուն. SAFFL (Spanish As the First Foreign Language – Իսպաներենը՝ որպես առաջին օտար լեզու) պետական ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է 2005 թվականին, նախատեսել է իսպաներենի դասավանդումը դպրոցների մեծ մասում, ինչպես նաև այդ լեզվին պետք է տիրապետեն երկրի առնվազն երեք պետական պաշտոնյաներ[7]։ Կառավարությունը նաև հայտարարել է, որ 2020 թվականին իսպաներենը կրկին կդառնա երկրի պետական լեզու անգլերեն լեզվին հավասար[8]։ Իսպաներենը դե յուրե համարվում էր երկրի միակ պաշտոնական լեզուն 1498-1797 թվականներին, բայց 1780-1790-ական թվականներին այն աստիճանաբար ետ է մղվել սկզբնական շրջանում ֆրանսերենի կողմից (չնայած նրան, որ կղզին Ֆրանսիայի գաղութը չէր), իսկ 1870 թվականից հետո՝ անգլերենի կողմից։
Կրոններ
խմբագրելԵրկրում լայնորեն ներկայացված են կրոնական 7 դավանանքներ՝ կաթոլիկներ (բնակչության 26 %-ը), հինդուիստներ (22%), անգլիկաններ (8%), բապտիստներ, հիսունականներ (7%), իսլամիստներ (6%), յոթերորդ օրվա ադվենտիստներ (4%)։ Տրինիդադ և Տոբագոյի մնացած բնակիչները այլ կրոններ են դավանում կամ աթեիստներ են։
Պետական կառուցվածք
խմբագրելՔաղաքական կարգ
խմբագրելՏրինիդադ և Տոբագոյի քաղաքական համակարգը հիմնված է խորհրդարանական ժողովրդավարության բրիտանական մոդելի վրա[9]։
Տրինիդադ և Տոբագոն համարվում է խորհրդարանական հանրապետություն։ 1976 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, պետության գլուխ է համարվում նախագահը, ով ընտրվում է հնգամյա ժամկետով ընտրողների կոլեգիայի կողմից, որի մեջ մտնում են խորհրդարանի երկու պալատների պատգամավորները։ Մեկ անձը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը երկրորդ ժամկետն ավարտվելուց հետո։ Նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, այդ պատճառով պետության փաստացի առաջնորդ է համարվում վարչապետը։ Կառավարության նախագահի պաշտոնին թեկնածու է առաջ քաշում խորհրդարանը, թեկնածությունը հաստատում է նախագահը։ Սովորաբար վարչապետ է նշանակվում այն կուսակցության առաջնորդը, ով առավելագույն ձայն է հավաքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ[6][9]։ Նախարարների կաբինետի կազմը նաև հաստատվում է խորհրդարանի կողմից։ Ներկա դրությամբ Խորհրդարանում հաշվվում է 21 նախարար[10]։
Պետության այժմյան առաջնորդներն են նախագահ Էնթոնի Կարմոնան և վարչապետ Կամլա Պերսադ Բիսեսսարը, ով զբաղեցնում է պաշտոնը 2010 թվականի մայիսից։
Տրինիդադ և Տոբագոյի խորհրդարանը կազմված է երկու պալատից։ Ստորին պալատը կոչվում է ներկայացուցիչների պալատ։ Նրա մեջ մտնում է 36 պատգամավոր (մյուս խորհրդարանական ընտրություններից այդ թիվը կհասնի 41-ի)։ Վերին պալատը Սենատն է, հաշվվում է 31 անդամ, որոնցից 16-ը նշանակվում են վարչապետի կողմից (սենատորներ կառավարության կողմից), 6-ը՝ ընդդիմության առաջնորդի կողմից (սենատորներ ընդդիմության կողմից), մնացած 9-ը՝ նախագահի կողմից (անկախ սենատորներ)։ Տոբագոյում գործադիր իշխանությունը ներկայացված է տեղական Ասամբլեայի կողմից (15 պատգամավոր)։
Երկրի բարձրագույն դատական աստիճանը՝ Արբիտրաժային դատարանն է։ Գերագույն դատավորը նշանակվում է Տրինիդադ և Տոբագոյի նախագահի կողմից վարչապետի և ընդդիմության առաջնորդի հետ խորհրդակցությունից հետո։ Գերագույն դատարանը, Սահմանադրությանը համաձայն, գործադիր իշխանությունից անկախ է։
Միջազգային հարաբերություններ
խմբագրելՏրինիդադ և Տոբագոյի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներն են համարվում հարգանքի ցուցաբերումը այլ երկրների ինքնիշխանության հանդեպ, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը, միջազգային օրենքների և ՄԱԿ-ի կողմից սահմանված օրենքների նկատմամբ հարգանքը[11]։
Տրինիդադ և Տոբագոն մտնում է մի քանի միջազգային կազմակերպությունների կազմի մեջ, որոնց թվում է Կարիբյան Ընկերակցությունը, Լատինամերիկյան Տնտեսական Համակարգը, Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը, Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղօվկյանոսյան երկրները։ Երկրիրը մտնում է ՄԱԿ-ի կազմի մեջ 1962 թվականի սեպտեմբերի 18-ից։ Ընդ որում, Տրինիդադ և Տոբագոն չի մտնում ռազմական դաշինքի մեջ և մասնակցում է Չմիավորման շարժմանը։
Պորտ օֆ Սփեյնում տեղակայված են 26 երկրների դիվանագիտական առաքելությունները և Եվրամիության ներկայացուցչությունը[12], Տրինիդադ և Տոբագոյի դիվանագիտական ներկայացուցչությունները գտնվում են 11 քաղաքներում, աշխարհի 10 երկրներում, չհաշված ՄԱԿ-ին կից մշտական առաքելությունները, որոնք գտնվում են Ժնևում և Նյու Յորքում[13]։
Հումանիտար կազմակերպություններ
խմբագրելՏրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը (անգլ.՝ Trinidad and Tobago Red Cross Society, TTRCS) հիմնվել է 1939 թվականին որպես Բրիտանական Կարմիր Խաչի արտասահմանյան մասնաճյուղ։ 1963 թվականին այն բանից հետո, երբ Տրինիդադ և Տոբագոն անկախություն է ձեռք բերել, Տրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը № 15 խորհրդարանական օրենքի հիման վրա, որն ընդունվել է Տրինիդադ և Տոբագոյի առաջին Խորրդարանի առաջին լսումների ժամանակ, դարձել է անկախ կազմակերպություն։ 1963 թվականի օգոստոսին Տրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը ճանաչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից և դարձել Կարմիր Խաչի ընկերությունների լիգայի անդամ (1991 թվականի նոյեմբերից՝ «Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների Միջազգային Ֆեդերացիա»)։
Պատմություն
խմբագրելՏրինիդադ և Տոբագո կղզիները հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը 1498 թվականին։ Իսպանական գաղութացումը հանգեցրել է բնիկների ոչնչացմանը, և գաղութարարներն սկսել են այստեղ ստրուկներ բերել Աֆրիկայից։ 1797 թվականին Մեծ Բրիտանիան զավթել է Տրինիդադը։ Տոբագոն, որ մինչև XIX դարի սկիզբը կռվախնձոր էր Անգլիայի, Իսպանիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի միջև, 1814 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի գաղութ։ 1899 թվականին վարչականորեն ենթարկվել է Տրինիդադին։ Կղզիներն անկախություն են ձեռք բերել 1962 թվականին։
Տնտեսություն
խմբագրելԵրկրի տնտեսության հիմքը նավթարդյունահանումն ու նավթավերամշակումն է, որի շնորհիվ տարածաշրջանի զարգացած երկրներից է։ Զարգացած է էլեկրատեխնիկական արդյունաբերությունը, նավահավաքումը ու ավտոհավաքումը։ Կան քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Գյուղատնտեսական ապրանքային նշանակության մշակաբույսը շաքարեղեգն է։ Մշակում են նաև կակաո, սուրճ, բրինձ, ծխախոտ, ցիտրուսներ, բատատ, մանիոկ։ Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն է։ Զարգացած է նաև անասնապահությունը։ Տնտեսության զարգացող ճյուղերից է օտարերկրյա զբոսաշրջությունը։ Արտահանում է նավթ, նավթամթերք, գազ, ազոտական պարատանյութեր։ Ներմուծում է ավտոմեքենաներ, արդյունաբերական ապրանքներ, սննդամթերք։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Մեքսիկա, Վենեսուելա, Կարիբյան ավազանի և ԵՄ երկրներ։ ՀՆԱ–ն՝ մեկ շնչի հաշվով 19869 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը՝ Տրինիդադ և Տոբագոյի դոլար (TTD)։
Տեսարժան վայրեր
խմբագրելԵրկրի քաղաքներում (Պորտ օֆ Սփեյն, Սան Ֆեռնանդո) գերակշռում են ոչ բարձր փայտե տները, որոնց երկրորդ հարկի երկարությամբ փորագրազարդ սրահներ են։ Ժամանակակից ոճի կառույցները սակավաթիվ են։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Тринидад и Тобаго на сайте MapsOfTheWorld.com Արխիվացված 2012-11-19 Wayback Machine(անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Тринидад и Тобаго на сайте Krugosvet.ru
- ↑ 6,0 6,1 6,2 Всемирная книга фактов ЦРУ: Тринидад и Тобаго Արխիվացված 2007-03-13 Wayback Machine(անգլ.)
- ↑ Сайт Министерства торговли и промышленности Тринидада и Тобаго Արխիվացված 2007-10-12 Wayback Machine(անգլ.)
- ↑ The Secretariat for The Implementation of Spanish Արխիվացված 2010-11-03 Wayback Machine(անգլ.)
- ↑ 9,0 9,1 Официальный сайт Правительства Тринидада и Тобаго Արխիվացված 2009-09-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ Список министерств на официальном сайте Правительства Тринидада и Тобаго Արխիվացված 2009-01-15 Wayback Machine(անգլ.)
- ↑ Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Внешняя политика Тринидада и Тобаго Արխիվացված 2008-01-02 Wayback Machine(անգլ.)
- ↑ Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Дипломатические миссии на Тринидаде и Тобаго Արխիվացված 2008-01-02 Wayback Machine(անգլ.)
- ↑ Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Дипломатические миссии Тринидада и Тобаго Արխիվացված 2008-01-02 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրինիդադ և Տոբագո» հոդվածին։ |