Ֆրանսուա Օգյուստ Ռենե Ռոդեն (ֆր.՝ François-Auguste-René Rodin, նոյեմբերի 12, 1840(1840-11-12)[1][2][3][…], Փարիզ[4][1][5] - նոյեմբերի 17, 1917(1917-11-17)[1][2][6][…], Մեդոն[4][1][5]), ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, որը ճանաչվել է որպես ժամանակակից քանդակի ստեղծողներից մեկը:

Օգյուստ Ռոդեն
ֆր.՝ René François Auguste Rodin
Ծնվել էնոյեմբերի 12, 1840(1840-11-12)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4][1][5]
Մահացել էնոյեմբերի 17, 1917(1917-11-17)[1][2][6][…] (77 տարեկան)
Վախճանի վայրըՄեդոն[4][1][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԶարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց
ՈւսուցիչAlbert-Ernest Carrier-Belleuse? և Horace Lecoq de Boisbaudran?
Ստեղծագործություն(ներ)Մտածողը, The Age of Bronze?, Կալեի քաղաքացիները, Դժոխքի դարպասներ, Amor and Psyche?, Համբույր և Monument to Balzac?
Ոճմոդերն[7] և սիմվոլիզմ[8]
Ժանրդիմապատկեր[6][9], այլաբանություն[9], Ֆիգուր[9], նյու[9] և հանրային արվեստ[10]
Մասնագիտությունքանդակագործ, գծանկարիչ, լուսանկարիչ, նկարիչ և նկարիչ-փորագրող
ազդվել էՄիքելանջելո և Ժան-Բատիստ Կարպո
ԱմուսինRose Beuret Mignon?
Ծնողներհայր՝ Jean Baptiste Rodin?[11], մայր՝ Marie Cheffer?[11]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Auguste Rodin Վիքիպահեստում
Օգյուստ Ռոդեն «Մտածողը»

Ռոդենը երիտասարդ տարիքում ապրուստ է վաստակել դեկորատորի արհեստով, և նրա հեղինակային աշխատանքների մեծ մասը ստեղծվել է հասուն տարիքում։ Որպես քանդակագործության նորարար ճանաչման արժանանալուց հետո նրա աշխատանքը սկանդալների տեղիք են տվել և մերժվել հաճախորդների կողմից:

Ռոդենի ստեղծագործությունը գտնվում է ռեալիզմի, ռոմանտիզմի, իմպրեսիոնիզմի և սիմվոլիզմի խաչմերուկում[13]։ Ռոդենը վիրտուոզ հմտության է հասել իր հերոսների շարժումն ու հուզական վիճակը գեղարվեստական միջոցներով փոխանցելու և մարդու մարմինը պատկերելու գործում: Նրա գլխավոր գործերից են «Մտածողը», «Կալեի քաղաքացիները» և «Համբույր» քանդակները։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ կյանք

խմբագրել
 
Ռոդեն, 1898

Օգյուստ Ռոդենը ծնվել է Փարիզում 1840 թվականի նոյեմբերի 12-ին։ Նրա հայրը՝ Ժան-Բատիստ Ռոդենը, ծառայել է պրեֆեկտուրայում[14]։ Օգյուստը եղել է Ժան-Բատիստի և Մարի Շեֆերի (ծնունդով Լոթարինգիայից) երկրորդ երեխան. առաջինը՝ Մարին, երկու տարով մեծ էր նրանից[15]։

Դպրոցում Ռոդենը հետաքրքրություն չի ցուցաբերել սովորելու նկատմամբ, բացառությամբ նկարչության։ Տասնչորս տարեկան հասակում Օգյուստը 16-ամյա Մարիի շնորհիվ հորից թույլտվություն է ստացել ընդունվելու École Gratuite de Dessin (հայտնի է նաև որպես Petite École, Փոքր դպրոց) ուսումնական հաստատություն, որը պատրաստում էր նկարիչներ, դեկորատորներ, ոսկերիչներ և նմանատիպ մասնագիտությունների ներկայացուցիչներ: Ռոդենի ուսուցիչն է եղել նկարիչ և մանկավարժ Հորացիոս Լըկոք դը Բուաբոդրանը (ֆր.՝ Horace Lecoq de Boisbaudran)։ Փոքր դպրոցն ավարտելուց հետո Ռոդենը երեք անգամ փորձել է ընդունվել Գեղարվեստի դպրոց, սակայն հաջողության չի հասել[16]։

Այս շրջանից սկսած՝ Ռոդենը երկար տարիներ ապրուստ է վաստակել ենթավարպետի, դեկորատորի, քանդակագործի աշխատանքներով։ Նա մասնակցել է քանդակագործ Անտուան Բարիի դասընթացներին[17] Բնագիտության թանգարանում։ 1862 թվականին մահացել է Մարի Ռոդենը՝ քանդակագործի քույրը: Դա խորապես ցնցել է Օգյուստ Ռոդենին, և նա որոշ ժամանակ թողել է քանդակագործության դասերը։ Ռոդենը միացել է քահանա Պիեռ Էյմարի միաբանությանը, որը հետագայում համոզել է նրան վերադառնալ արվեստով զբաղվելուն։ Պահպանվել է Էյմարի կիսանդրին, որը Ռոդենը ստեղծել է 1863 թվականին[18]։

Վերադառնալով քանդակագործությանը՝ Ռոդենը քրտնաջան աշխատել է որպես դեկորատոր և ձևավորող։ Այդ շրջանի աշխատանքները նա կատարել է անանուն, դրանց մեծ մասը հնարավոր չէ նույնականացնել, շատերը չեն պահպանվել։ Հայտնի է, որ Ռոդենն աշխատել է Գայիթե թատրոնի նախասրահի և Գոբլեն թատրոնի ճակատամասի ձևավորման վրա Փարիզում (Գոբլեն թատրոնի շենքը ներկայումս կինոթատրոն է): 1864 թվականին Ռոդենը ծանոթացել է դերձակուհի Ռոզա Բյորեի (ծնվել է 1844 թվականին)[19] հետ և սկսել է ապրել նրա հետ։ 1866 թվականին ծնվել է զույգի որդին՝ Օգյուստ Էժեն Բյորե (1866-1934)։ Ամուսնությունը չի գրանցվել, ուստի որդին ստացել է մոր ազգանունը։ Ռոզան ունեցել է գրավիչ գեղջկուհու արտաքին և կեցվածք է ընդունել Ռոդենի վաղ շրջանի որոշ ստեղծագործությունների համար՝ «Ծաղկազարդ գլխարկով աղջիկը» (1865-1870) ու «Մինիոն» (1870) կիսանդրիների և «Բաքոսուհին» քանդակի համար (վերջինս չի պահպանվել՝ ջարդվելով հերթական տեղափոխության ժամանակ)։ Ռոզա Բյորեն մնացել է քանդակագործի կողքին նրա ողջ կյանքի ընթացքում, չնայած Ռոդենի դավաճանություններին։

Կայացում

խմբագրել
 
«Ջարդված քթով մարդը», Ռոդենի թանգարան (Ֆիլադելֆիա)

Ռոզա Բյորեի (1844-1917) հետ ծանոթանալուց հետո Ռոդենը ձեռք է բերել իր սեփական արվեստանոցը՝ նախկին ախոռ։ 1864 թվականին Ռոդենը ստեղծել է Բիբի մականունով տեղացի բնակչի կիսանդրին, որին դեքին առանձնակի արտահայտություն էր տալիս ջարդված քիթը։ Սառնամանիքների ժամանակ ախոռի սուղ պայմաններում պահվող կիսանդրին ճաքել է, դրանից մնացել է միայն դիմակը, բայց դա չի խանգարել Ռոդենին «Ջարդված քթով մարդը» ուղարկել Փարիզյան սալոնին։ Քանդակը, որը հիացմունք էր արտահայտում տգեղ, կնճիռներով ու սպիներով պատված դեմքի նկատմամբ և մարտահրավեր էր նետում գեղեցկության ակադեմիական կանոններին, մերժվել է[20][21]։ 1864-1870 թվականներին Ռոդենն աշխատել է քանդակագործ Ալբեր Կարրիե-Բելյոզի արվեստանոցում՝ վաստակելով դեկորատիվ քանդակների պատրաստմամբ։ Ֆրանս-պրուսական պատերազմի սկսվելուն պես Ռոդենը զորակոչվել է գործող բանակ, բայց կարճ ժամանակ անց նրան զորացրել են վատ տեսողության պատճառով[22]: Կարրիե-Բելյոզը, որը տեղափոխվել էր Բելգիա և ստացել Բրյուսելի բորսայի շենքի ձևավորման խոշոր պատվեր, Ռոդենին աշխատանք է առաջարկել, և նա նույնպես տեղափոխվել է Բրյուսել[23]։

Բրյուսելում Ռոդենը ստեղծել է մի քանի քանդակներ մասնավոր տների, բորսայի շենքի համար և կողային ֆիգուրներ բուրգոմիստեր Յան Ֆրանս Լոոսի հուշարձանի համար Անտվերպենի այգում[24]։ Աշխատանքային օրվա ավարտից հետո Ռոդենը Կարրիե-Բելյոզի համար պատրաստել է արձանիկներ, որոնք նա իր անվան տակ ձուլել է բրոնզից և վաճառել[25]։ Մի անգամ Ռոդենը ստորագրել է մեկ արձանիկ իր անունով և առաջարկել միջնորդին՝ շրջանցելով Կարրիե-Բելյոզին: Երբ վերջինս իմացել է այդ մասին, անմիջապես Ռոդենին հեռացրել է աշխատանքից: Ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո Կարրիե-Բելյոզը վերադարձել է Ֆրանսիա, և նրա անավարտ աշխատանքը պայմանագրով ստանձնել է քանդակագործ Անտուան-Ժոզեֆ Վան Ռասբուրգը, որը կրկին աշխատանքի է ընդունել Ռոդենին: Երկու քանդակագործներն արվեստանոց են վարձակալել Իքսելում և պայմանավորվել են համատեղ վաճառել իրենց աշխատանքները, ընդ որում՝ Բելգիայում վաճառվող քանդակներն իր անունով ստորագրել է Վան Ռասբուրգը, իսկ Ֆրանսիայում քանդակները ներկայացվել են Ռոդենի անվան տակ։ Ֆրանսիայի հեռու լինելու և Վան Ռասբուրգի՝ այդ ժամանակ արդեն ունեցած հաճախորդների պատճառով բոլոր քանդակների վաճառքը բաժին է հասել Բելգիային։ Այդ ժամանակաշրջանում Վան Ռասբուրգի անունով վաճառված որոշ աշխատանքների՝ Ռոդենին պատկանելը ավելի կամ պակաս հավանական է, սակայն հեղինակության հավաստի ապացույցները, որպես կանոն, բացակայում են[26]։

Ռոդենի եկամուտների ավելանալը Ռոզային թույլ է տվել Փարիզից տեղափոխվել Իքսել։ 1875 թվականին Ռոդենը կրկին Սալոնին է ներկայացրել «Ջարդված քթով մարդը»՝ այս անգամ որպես մարմարե կիսանդրի, և այն ընդունվել է[27]։ Գումար կուտակելուց հետո Ռոդենը 1876 թվականին ուղևորվել է Իտալիա, որտեղ այցելել է Ջենովա, Ֆլորենցիա, Հռոմ, Նեապոլ և Վենետիկ։ Ռոդենի նպատակն է եղել ծանոթանալ Վերածննդի արվեստին, հատկապես անցյալի մեծ քանդակագործներ Միքելանջելոյի և Դոնատելլոյի ստեղծագործություններին[28]։ Իտալիա գնալու ճանապարհը Ռոդենը եղել է Ռեյմսում, որտեղ քանդակագործն առաջին անգամ տեսել է ամենահայտնի գոթական տաճարներից մեկը, որը ցնցել է քանդակագործին և սեր ներշնչել գոթական ճարտարապետության հանդեպ, որը Ռոդենի մոտ պահպանվել էր ամբողջ կյանքի ընթացքում[29]։

 
«Բրոնզի դար»

Իտալիայից վերադառնալուց հետո Ռոդենը մոտ 18 ամիս աշխատել է քանդակի վրա, որն այժմ հայտնի է որպես «Բրոնզի դար» (ֆր.՝ L'Âge d'airain)։ Նրա համար Ռոդենն օգտագործել է ոչ պրոֆեսիոնալ բնորդ՝ բելգիացի զինվորի, որն իր զարգացած մկաններով տպավորել է քանդակագործին։ Քանդակը ստեղծվել է Միքելանջելոյի «Մեռնող ստրուկի» ակնհայտ ազդեցության տակ. նմանություն կարելի է գտնել մարմնի և ետ թեքված ձեռքի դիրքում, փակ աչքերում[30]։ Ռոդենը 1877 թվականին Բելգիայում առաջին անգամ ցուցադրել է «Հաղթվածը» կոչվող գիպսե քանդակը (նիզակը ձախ ձեռքին պահած)՝ ներկայացնելով այն որպես ֆրանսիացի զինվորների քաջության հուշարձան, իսկ հաջորդ տարի այն ուղարկել է Սալոնին։ Նախքան քանդակը ֆրանսիական հանրությանը ներկայացնելը, Ռոդենը փոխել է իր ստեղծագործության ենթադրյալ «իմաստը» այնպես, որ դրա մեջ տեսնեն զարթոնք, այլ ոչ թե մարդու տառապանք։ Նա հանել է նիզակը և քանդակին տվել «Բրոնզի դար» անվանումը (Ռոդենի դիտարկած այլ վերնագրերի թվում էին «Գարնան զարթոնք» և «Նախապատմական մարդը»)։ Այնուամենայնիվ, Ռոդենի՝ մերկությունը պատկերելու հմտությունը մեղադրանքների տեղիք է տվել, թե իբր նա որպես քանդակ ներկայացրել է բնորդի մարմնի ծեփապատճենը: Ռոդենն ստացել է բազմաթիվ արվեստագետների աջակցությունը և արդարացվել է[31]։ 1880 թվականին բրոնզից ձուլված նույն քանդակը ևս մեկ անգամ ցուցադրվել է Սալոնում[29]։

Մի անգամ Ռոդենի մոտ է գնացել մի իտալացի գյուղացի, որը ցանկացել է կեցվածք ընդունել։ Գյուղացին ունեցել է ճիշտ գեղեցիկ մարմնակազմվածք, և Ռոդենը հատկապես տպավորված էր քայլելիս նրա շարժումներով։ Ռոդենը ցանկացել է շարժումն այնպես պատկերել, որ քանդակի երկու ոտքերն էլ ամուր կանգնեին գետնին, և քաշը բաժանվեր նրանց միջև։ Արդյունքում նա պատրաստել է երկու քանդակ՝ «Քայլող մարդը» (1877) և «Հովհաննես Մկրտիչը» (1878)։ «Քայլող մարդը» (առանց գլխի և ձեռքերի քայլող ֆիգուր) եղել է երկրորդ քանդակի էտյուդը։ Երկրորդ քանդակը չի պարունակում որևէ հատկանիշ, որը սովորաբար ուղեկցում է սրբի կերպարին, բացառությամբ ձեռքի բնորոշ ժեստի[32]. քանդակագործն այդպես է անվանել իր աշխատանքը, քանի որ բնորդի կերպարը Ռոդենի մոտ առաջացրել է ասոցիացիա Հովհաննես Մկրտչի հետ։ Ռոդենը գրել է. «Ես միանգամից մտածեցի Հովհաննես Մկրտչի մասին, այլ կերպ ասած՝ բնության զավակի, աստվածահաճո, հավատացյալ, մեկի նախակարապետի մասին, որն իրենից ավելի մեծ էր»[33]։ Ռոդենը «Հովհաննես Մկրտիչը» ցուցադրել է 1880 թվականի Սալոնում, որտեղ քանդակը ստացել է երրորդ մրցանակը։

1878 թվականին Ռոդենը մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմում Փարիզի պաշտպաններին նվիրված հուշարձանի մրցույթին։ Նա ժյուրիի դատին է ներկայացրել մի արձան, որն այժմ հայտնի է որպես «Ի զեն»։ Դա այլաբանական թևավոր կանացի կերպար էր՝ միաժամանակ արտահայտչականությամբ լի և մոնումենտալ։ Արձանը, որը հետագայում բավական հայտնի է դարձել, ժյուրիի վրա տպավորություն չի թողել և նույնիսկ չի ներառվել նախնական ցուցակում: Ռոդենը ձախողվել է նաև Լազար Կառնոյի, Դենի Դիդրոյի, Ժան-Ժակ Ռուսոյի և գեներալ Ժան Օգյուստ Մարգերիտի հուշարձանների մրցույթներում։ Նա պատվեր է ստացել միայն Դ'Ալեմբերի հուշարձանի համար, որը տեղադրվել է Փարիզի Օտել դը Վիլի ճակատամասում։ 1879 թվականին Կարրիե-Բելյոզը, որը 1875 թվականից Սևրի մանուֆակտուրայի տնօրենն էր, Ռոդենին հրավիրել է աշխատելու իր մոտ։ Այս աշխատանքը, որը լավ եկամուտ էր բերում, Ռոդենը կատարել է մինչև 1882 թվականը։ 1881 թվականին Ռոդենը, ի նշան երախտագիտության, քանդակել է Կարրիե-Բելյոզի կիսանդրին[34]։

1890 թվականին Օգյուստ Ռոդենը դարձել է Կերպարվեստի երկրորդ ազգային ընկերության անդամներից մեկը։ Ավելի ուշ նա ներառվել է գրող Ժուլիետ Ադամի սալոնում, որտեղ ներկայացվել է վարչապետ Գամբետային: Գամբետան իր հերթին Ռոդենին երաշխավորել է գեղարվեստի նախարար Անտոնեն Պրուստի մոտ, որը պետության համար ձեռք է բերել «Հովհաննես Մկրտիչը»[35]։ Դա եղել է առաջին ճանաչումը, որին արժանացել է քանդակագործը, որն այդ ժամանակ արդեն քառասուն տարեկան էր[28]։

Գլխավոր աշխատանքներ

խմբագրել

1880 թվականին Ռոդենն առաջին անգամ պատվեր է ստացել պետությունից՝ քանդակագործական շքամուտքի պատվեր, որը պետք է զարդարեր Փարիզի դեկորատիվ արվեստի նոր թանգարանի շենքը։ Քանդակագործը չի հասցրել կատարել աշխատանքը պատվիրատուի կողմից սահմանված ժամկետում, մինչև 1885 թվականը թանգարանն այդպես էլ չի կառուցվել, բայց Ռոդենը շարունակել է աշխատել «Դժոխքի դարպասներ» անվանումն ստացած քանդակի վրա, սակայն արդյունքում կիսատ է թողել այն. «Դժոխքի դարպասները» առաջին անգամ բրոնզից ձուլվել է վարպետի մահվանից հետո[29]։ Ռոդենը ոգեշնչվել է Լորենցո Գիբերտիի՝ Ֆլորենցիայի մկրտարանի բրոնզե դարպասներից և սյուժեների համար գաղափարներ է վերցրել Դանթեի «Աստվածային կատակերգությունից», Միքելանջելոյի «Ահեղ դատաստանից», Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներից», գոթական տաճարների շքամուտքերի կերպարներից[36][28]։ Յոթ մետրանոց «Դժոխքի դարպասները» ներառում են 186 ֆիգուր, որոնցից շատերը, այդ թվում՝ դրանից հանված «Անցողիկ սեր», «Համբույր», ինչպես նաև «Ադամ» և «Եվա» կոմպոզիցիաներ, ինքնուրույն կյանք են ձեռք բերել որպես առանձին քանդակներ՝ ընդլայնված, լրամշակված և ձուլված բրոնզով կամ քանդակված մարմարով։ «Մտածողը», որը դարձել է Ռոդենի ամենահայտնի գործը և համաշխարհային պատմության մեջ ամենաճանաչելի քանդակագործական ստեղծագործություններից մեկը, ստեղծվել է որպես Դանթեի՝ դժոխքի պատկերների հեղինակի դիմանկար, որոնցից Ռոդենը մտքներ էր վերցրել իր ստեղծագործության համար, և որը դիտում էր սեփական երևակայության արդյունքները։ Բայց ժամանակի ընթացքում Ռոդենը քանդակը վերածել է բանաստեղծի, փիլիսոփայի և ստեղծագործողի համընդհանուր հավերժական կերպարի, «որի ֆիզիկական ուժը մարմնավորում էր մտավորական ուժը»[37]։ «Համբույրը» ի սկզբանե նախատեսված է եղել որպես «Աստվածային կատակերգության» կերպարներ Պաոլո Մալատեստայի և Ֆրանչեսկա դա Ռիմինիի՝ այն սիրահարների քանդակը, որոնք սպանվել են Ֆրանչեսկայի ամուսնու կողմից և դարձել հավերժական սիրո խորհրդանիշ[17]։ «Դժոխքի դարպասները» պետք է շրջանակեին Ադամի և Եվայի՝ առաջին մեղավորների հսկա արձանները, բայց դժգոհ լինելով իր քանդակներից՝ Ռոդենը անընդհատ վերափոխել է դրանք և, ի վերջո, հրաժարվել է նախնական նախագծից: Ադամի կերպարը հիմք է դարձել «Երեք ստվերների» համար, որը պսակել է «Դժոխքի դարպասները» տարբեր ռակուրսներից պատկերված երեք միանման ֆիգուրներից կազմված կոմպոզիցիան[38]։

1881 թվականին Ռոդենն այցելել է Լոնդոնում բնակվող նկարիչ Ալֆոնս Լեգրոյին, ում հետ նա ընկերություն էր անում և ումից սովորել է փորագրության արվեստը։ Այս ճանապարհորդության ընթացքում Ռոդենը հանդիպել է բանաստեղծ և քննադատ Ուիլյամ Էռնեստ Հենլիի հետ։ Ռոդենին հաջողվել է հիացնել Հենլիին, և նա այդ մասին հայտնել Է Լոնդոնի արտիստական շրջանում։ Նույն թվականին Հենլին դարձել է Magazine of Art ազդեցիկ ամսագրի խմբագիրը և այնտեղ հրատարակել է Ռոդենի ստեղծագործության մասին մի քանի հոդվածներ, իսկ հաջորդ տարի «Հովհաննես Մկրտչի կիսանդրին» (արձանի տարբերակներից մեկը, որը նախկինում ձեռք էր բերել ֆրանսիական կառավարությունը) հաջողությամբ ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[39]։

«Դժոխքի դարպասների» վրա աշխատանքն սկսելուց հետո Ռոդենը պետությունից ստացել է նոր արվեստանոց. նրան հատկացվել են երկու ստուդիաներ Ռյու լ'Յունիվերսիտե շենքում, որտեղ կահավորվել են տասներկու ստուդիաներ, որոնք տրամադրվել են քանդակագործներին և նկարիչներին, որոնք զբաղված էին կարևոր նախագծերի վրա աշխատանքով[40]։ 1884 թվականին Ռոդենը Չիլիի կառավարությունից պատվեր է ստացել հանգուցյալ նախագահ Ֆրանսիսկո Ռամոն Վիկունյայի և ռազմական առաջնորդ Պատրիսիո Լինչի արձանների համար, որը վերջերս ավարտված Խաղաղօվկիանոսյան երկրորդ պատերազմի հերոս էր։ Լինչը պետք է ներկայացված լիներ ձիու վրա, իսկ ձիու արձան պատրաստելը Ռոդենի վաղեմի երազանքն էր։ Ռոդենը պատրաստել է երկու մակետ, սակայն Չիլիում տեղի ունեցած հեղաշրջման պատճառով հուշարձանները չեն ձուլվել, իսկ մակետները ոչնչացել են։ Միաժամանակ Ռոդենն ստեղծել է Ֆրանսիայում Չիլիի դեսպանի կնոջ կիսանդրին, որը նրա ամենավառ և արտահայտիչ աշխատանքներից մեկն է[41]։

1883 թվականին Ռոդենը քննադատ Էդմոնդ Բազիրի հովանավորությամբ Վիկտոր Հյուգոյի կողմից թույլտվություն է ստացել ստեղծելու նրա կիսանդրին։ Միևնույն ժամանակ, ութսունամյա դասականը խանդավառությաբ չի վերաբերվել այդ նախագծին և կարծում էր, որ իր լավագույն կիսանդրին արդեն ստեղծվել է տասնյակ տարիներ առաջ Դավիդ դ'Անժեի կողմից: Կիսանդրու վրա աշխատանքը բարդացել է նրանով, որ Հյուգոն հրաժարվել է կեցվածք ընդունել, բայց Ռոդենին թույլատրվել է այցելել գրողի տուն, ներկա գտնվել նրա ամենօրյա գործունեությանը, էսքիզներ անել։ Բացի այդ, Ռոդենը շատ է աշխատել լուսանկարներով։ Գրողի կիսանդրին ավարտվել է 1883 թվականին և հաջորդ տարի ցուցադրվել Սալոնում[42][43]։

1883 թվականին քանդակագործ Ալֆրեդ Բուշեն Ռոդենին հրավիրել է վերահսկելու իր ուսանողուհիների խումբը։ Այնտեղ նա հանդիպել է մի երիտասարդ աղջկա՝ Կամիլա Կլոդելին, որն իր տաղանդով ակնհայտորեն գերազանցել է մյուս ուսանողուհիներին։ 1885 թվականից Կլոդելը սկսել է որպես օգնական աշխատել Ռոդենի արվեստանոցում, հանդես եկել որպես բնորդ, ապա շուտով դարձել նրա սիրուհին[28]։ Նրանց հարաբերությունները շարունակվել են ինը տարի, ընդ որում՝ Ռոդենը չի խզել կապերը նաև Ռոզայի հետ, որն իմացել է «ուրիշ կնոջ» իր դերի մասին[44]։ Կամիլայի հետ հարաբերությունների ընթացքում Ռոդենը ստեղծել է մեծ թվով քանդակներ, որոնց հիմնական թեման սերն էր: Այդ աշխատանքներից առավել հայտնի են «Համբույրը» և «Հավերժական կուռքը»[45][28]։ Հետագայում Կամիլա Կլոդելի մոտ ի հայտ են եկել հոգեկան խանգարման նշաններ։ 1913 թվականին հարազատները նրան տեղավորել են հոգեբուժարանում, որտեղ նա մահացել է 1943 թվականին։ Բանաստեղծ և դիվանագետ Պոլ Կլոդելը՝ Կամիլայի եղբայրը, Ռոդենին է մեղադրել իր քրոջ հետ կատարված ողբերգության համար[44]։

 
«Կալեի քաղաքացիները» (1884-1888)

Ռոդենի ամենահայտնի գործերից մեկը «Կալեի քաղաքացիները» քանդակագործական խումբն է (ավարտվել է 1888 թվականին)։ Քաղաքի պատմության հերոսական էջը հավերժացնող հուշարձանի պատվերը Ռոդենն ստացել է Կալեի քաղաքապետարանից։ Հարյուրամյա պատերազմի ժամանակ Անգլիայի թագավոր Էդուարդ III-ը պաշարել է քաղաքը, և որոշ ժամանակ անց սովը պաշտպաններին ստիպել է հանձնվել: Թագավորը խոստացել է խնայել բնակիչներին, եթե վեց ամենաազնիվ քաղաքացիները պարանոցներին պարաններ կապած դուրս գան իր մոտ՝ հանձնվելով մահապատժի համար։ Ռոդենը կայացրել է անսովոր որոշում. նա պատկերել է բոլոր վեց քաղաքացիներին, այլ ոչ թե մեկ ֆիգուր, որը մարմնավորելու էր նրանցից ամենաազնիվին՝ Էստաշ դը Սեն Պիեռին[46]։ Քանդակագործական խմբում ստատիկ ֆիգուրները հակադրվում են շարժման մեջ գտնվող ֆիգուրներին, ընդ որում՝ յուրաքանչյուր հերոս, որը ներկայացվել է մահվան գնալիս, ստացել է իր բնորոշ գծերը[13][47]։ 1889 թվականին «Կալեի քաղաքացիները» դարձել է Ժորժ Պետիի պատկերասրահում Ռոդենի և Կլոդ Մոնեի համատեղ ցուցահանդեսի գլխավոր իրադարձությունը։ Ընդհանուր առմամբ, այս ցուցահանդեսում ներկայացվել էին Ռոդենի 36 քանդակներ և Մոնեի 70 կտավներ[48]։ 1895 թվականին քանդակը տեղադրվել է Կալեում։ Քանդակի վրա աշխատելիս Ռոդենին օգնել է Կամիլ Կլոդելը, որի դերի մասին պատմաբանները վիճում են։ Կարծիքները տարբեր են՝ սկսած Կլոդելին աշակերտուհու դեր վերագրելուց մինչև նրա նշանակալի ստեղծագործական ներդրման ճանաչումը[49]։

1889 թվականին Ռոդենը մասնակցել է Նանսիում նկարիչ Կլոդ Լորենի տեղադրվելիք հուշարձանի մրցույթին։ Ռոդենի նախագիծը դժվարությամբ է ընդունվել, բայց ի վերջո արձանը ձուլվել է բրոնզից և տեղադրվել քաղաքային զբոսայգում: Ռոդենը բավականին ցածր է գնահատել սեփական աշխատանքը․ մեծազանգված բարձր պատվանդանի վրա փխրուն կազմվածքը անհամաչափ էր երևում[50]։

Ռոդենի մյուս խոշոր ստեղծագործությունների թվում են ֆրանսիական գրականության ամենանշանակալի դեմքերից երկուսի՝ Վիկտոր Հյուգոյի և Օնորե դե Բալզակի հուշարձանները։ Հյուգոյի հուշարձանի պատվերը Ռոդենն ստացել է 1886 թվականին։ Հուշարձանը նախատեսվում էր տեղադրել Պանթեոնում, որտեղ գրողը թաղվել էր դրանից մեկ տարի առաջ։ Ռոդենի թեկնածությունն ընտրվել է նաև այն պատճառով, որ ավելի վաղ նա ստեղծել էր գրողի կիսանդրին, որն ընդունվել էր դրական: Սակայն Ռոդենի աշխատանքը, երբ այն ավարտվել է, չի համապատասխանել պատվիրատուների սպասելիքներինլ. քանդակագործը Հյուգոյին պատկերել է որպես հզոր մերկ տիտան՝ ժայռի վրա հենված և շրջապատված երեք մուսաներով։ Մերկ կերպարը դամբարանում տեղին չի համարվել, և արդյունքում նախագիծը մերժվել է։ 1890 թվականին Ռոդենը վերամշակել է սկզբնական գաղափարը՝ հեռացնելով մուսաների կերպարները։ Հյուգոյի հուշարձանը 1909 թվականին տեղադրվել է Պալե Ռոյալի մոտ գտնվող այգում[51]։

1891 թվականին Գրողների ընկերությունը, հիմնականում նրա նախագահ Էմիլ Զոլայի անձնական ջանքերի շնորհիվ, Ռոդենին պատվիրել է Բալզակի հուշարձանը՝ երկու տարի ժամկետով։ Կյանքի վերջում Բալզակը շատ գիրացել էր և, ըստ ժամանակակիցների հիշողությունների, հագուստից նախընտրում էր անձև դոմինիկյան փարաջան։ Ռոդենը ապագա հուշարձանը նախատեսել է որպես հսկայական կանգնած կերպար՝ խոշոր գլխով և մարմնով, որը թաքնված էր փարաջայի տակ[52]։ Քանդակագործն արագ ձեռնամուխ է եղել աշխատանքին. պահպանվել են մերկ ֆիգուրի էսքիզները, որոնք Ռոդենը ստեղծել է հուշարձանի դիրքն ավելի լավ մշակելու համար։ Այնուամենայնիվ, Ռոդենը ոչ մի կերպ չէր տեղավորվել ժամկետների մեջ։ Երբ նրա ստուդիա են այցելել պատվիրատուի ներկայացուցիչները, Նրանք խիստ հիասթափվել են նախագծից, որը որակել են որպես «անձև զանգված»[53]։ Անավարտ հուշարձանի հանրային ցուցադրությունը տեղի է ունեցել 1898 թվականի Սալոնում և սկանդալ է առաջացրել, այնուամենայնիվ, Ռոդենին աջակցել են բազմաթիվ արվեստագետներ։ Արդյունքում, գրողների հասարակությունը հրաժարվել է ընդունել աշխատանքը և հուշարձանը պատվիրել է Ալեքսանդր Ֆալգիերին, իսկ Ռոդենը վերադարձրել է իրեն տրված կանխավճարը և քանդակը թողել իր մոտ: Ռոդենի այդ հուշարձանը Փարիզում տեղադրվել է միայն 1939 թվականին[54]։

Վերջին տարիներ

խմբագրել

1895 թվականին Ռոդենը ձեռք է բերել Վիլլա Բրիյան կալվածքը Փարիզի մոտ գտնվող Մեդոնում։ Նա այնտեղ կահավորել է նաև արվեստանոց և Մեդոն տեղափոխել քանդակները, բայց արվեստանոցի համար բավարար տեղ չի եղել, ուստի երկու տարի անց նա վերադարձրել Է Փարիզ[55]։ Ստացված եկամուտների շնորհիվ Ռոդենը կարողացել է հավաքել արվեստի ստեղծագործություններ. ժամանակի ընթացքում նա ձեռք է բերել և Վիլլա Բրիյանում տեղադրել եգիպտական, հունական և հռոմեական բազմաթիվ քանդակներ, պարսկական մանրանկարներ և ժամանակակից ֆրանսիացի նկարիչների ստեղծագործություններ, այդ թվում՝ Վան Գոգի «Հայր Տանգիի դիմանկարը»[56]։

Ֆրանսիայի կառավարությունը Ռոդենին մի ամբողջ տաղավար է տրամադրել 1900 թվականին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսում։ Ցուցահանդեսի համար, որտեղ ներկայացվել են քանդակագործի ստեղծագործությունները՝ սկսած «Ջարդված քթով մարդը» քանդակիից, ընտրվել է 136 քանդակ և 14 անավարտ աշխատանք, որոնց թվում եղել են առաջին անգամ ցուցադրված «Դժոխքի դարպասները»: Կատալոգի նախաբանում քննադատ Արսեն Ալեքսանդրը Ռոդենին համեմատել է Ռիխարդ Վագների հետ, որը նույնպես միանգամից չի գտել իր տաղանդի գիտակներին։ Ցուցահանդեսը Ռոդենին թույլ է տվել ամբողջ աշխարհի թանգարաններին վաճառել մոտ 200 000 ֆրանկ արժողությամբ քանդակներ (որից 60 000 ֆրանկը ծախսվել է բրոնզե և մարմարե կրկնօրինակների պատրաստման համար)[57]։

Հասուն տարիքում Ռոդենը բացահայտել է իր տաղանդը որպես փայլուն գծագրող և գրաֆիկ։ Եթեերիտասարդության տարիներին նրա համար դժվար է եղել ուրվագծել մերկ մոդելների, ապա ժամանակի ընթացքում նա սովորել է ակնթարթորեն գծանկարներ ստեղծել՝ առանց աչքը մոդելից, իսկ մատիտը՝ թղթից կտրելու և արդյունքում թղթի վրա պատկերել է շարժման իր ցանկացած պահը: Ժամանակ առ ժամանակ նա ջրաներկով նկարել է գծանկարները կամ շակել կավիճով։ 1897 թվականին արդյունաբերող և կոլեկցիոներ Մորիս Ֆենեյը 125 օրինակ տպաքանակով թողարկել է Ռոդենի նկարների 147 վերարտադրություն։ Ալբոմը վաճառվել է ակնթարթորեն[58]։ 1906 թվականին Կամբոջայի թագավոր Սիսովատը այցելել է Ֆրանսիա։ Նրան ուղեկցել է պարողների խումբ, որը ներկայացումներ է տվել Փարիզում և Մարսելում։ Ռոդենը, հիացած պարողներով, ներկա է գտնվել երկու ելույթներին և ստեղծել է մի շարք էսքիզներ, որոնք դասվում են նրա լավագույն նկարների շարքում[59][60]։

 
Կլեմանսոյի կիսանդրին, որն ստեղծել է Ռոդենը (1911)

1900-ական թվականներին Ռոդենն սկսել է պարբերաբար պատվերներ ստանալ իր ժամանակի մեծահարուստների և հայտնիների դիմանկարների համար։ Նրա հաճախորդների թվում են եղել Բերնարդ Շոուն, Գուստավ Մալերը, Ժորժ Կլեմանսոն, Արգենտինայի նախագահ Դոմինգո Ֆաուստինո Սարմիենտոն, քիմիկոս Մարսելեն Բերթլոն, բարերար Բերտա Պալմերը։ 1914 և 1915 թվականներին Ռոդենը մեկնել է Հռոմ՝ պատրաստելու Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի կիսանդրին[61]։ Կլեմանսոն, դժգոհ լինելով իր դիմանկարից՝ համարել է, որ նման է «մոնղոլական գեներալի»[62]։

Ռոդենի վաստակը նրան թույլ է տվել տաղանդավոր երիտասարդ քանդակագործների վարձել որպես օգնականներ իր արվեստանոցում: 1890-1900-ական թվականներին Ռոդենի մոտ աշխատած անձանց թվում են եղել Անտուան Բուրդելը, Շառլ Դեսպիոն, Ժյուլ Դեբուան, Ֆրանսուա Պոմպոնը և Արիստիդ Մայոլը[28][29]: 1897-1899 թվականներին Ռոդենի աշակերտուհին է եղել ռուս քանդակագործ Աննա Գոլուբկինան[63]։ 1904 թվականին Ռոդենի մոդելը և աշակերտուհին է եղել բրիտանացի նկարչուհի Գվեն Ջոնը (նա նաև եղել է քանդակագործի բազմաթիվ սիրուհիներից մեկը)[64]։ Կոնստանտին Բրանկուզին երկու ամիս աշխատել է Ռոդենի արհեստանոցում, բայց հեռացել է այնտեղից՝ համարելով, որ «մեծ ծառի տակ ոչինչ չի աճի»[65]։ Միևնույն ժամանակ, ըստ Շամպինյոլի, Ռոդենը չի ունեցել իսկական ուսանողներ, որոնք զարգացրել և շարունակել են իր ոճն ու գեղագիտությունը: Բոլոր քանդակագործները, որոնք երկար ժամանակ աշխատել են նրա հետ և համարվում են նրա աշակերտները, պատկանել են դասական ավանդույթին[66]։ 1905-1906 թվականներին Ռոդենի անձնական քարտուղարն է եղել գերմանացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն, որը հետագայում գրեց քանդակագործի կենսագրությունը։

Ռոդենը ծերության տարիներին դարձել է կանացի գեղեցկության սիրահար։ Նրա տարվածությունները եղել են կարճատև, բացառությամբ ֆրանսիական ծագումով ամերիկացի մարկիզուհի (հետագայում դքսուհի) դե Շուազելի հետ սիրավեպի։ Սիրավեպն սկսվել է 1904 թվականին և շարունակվել մինչև 1912 թվականը։ Ռոդենի ընկերները դե Շուազելին հիշել են որպես կարճամիտ, անճաշակ հագնված և արվեստից չհասկացող կին, որը այնուամենայնիվ, քանդակագործին ենթարկել է իր կամքին և վայելել նրա հարստությունն ու փառքը: Ռոդենն ավելի ուշ դե Շուազելի մասին խոսել է որպես «չար հանճարի», որի վրա ինքը «ծախսել է իր կյանքի յոթ տարին»[67]։

1908 թվականին Ռոդենին Մեդոնում այցելել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր Էդուարդ VII[68]։ Նույն թվականին Ռիլկեն Ռոդենին հրավիրել է Բիրոն հդյուրանոց՝ 18-րդ դարի փարիզյան առանձնատուն, որը վերածվել էր բնակելի շենքի, որտեղ Ռիլկեն ու նրա կինը սենյակներ էին վարձել։ Առանձնատունն այնքան է դուր եկել Ռոդենին, որ նա այնտեղ վարձակալել է առաջին հարկը, այնտեղ տեղափոխե ստուդիան և այնտեղ ապրել իր վերջին տարիները[69]։

Ռոդենը միջնադարյան տաճարների հանդեպ իր վաղեմի սերը բացահայտել է «Ֆրանսիայի տաճարները» գրքում (ֆր.՝ Les Cathédrales de France), որի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1914 թվականին։ Արվեստաբան Բեռնար Շամպինյոլը նշել է, թե Ռոդենը, որը չի ունեցել բավարար ճարտարապետական պատրաստվածություն, այնուամենայնիվ ցուցադրել է գոթական ճարտարապետության կազմակերպման հիանալի ինտուիտիվ ըմբռնում, սակայն նրա ներկայացման ձևը ծանր է ընթերցողի համար[70]։ Իզուր չէ, որ գիպսով մոդելավորված մարդկային ձեռքերի բազմաթիվ էտյուդների տարբերակներից մեկը (հետագայում պատրաստվել է մարմարից և բրոնզից) Ռոդենը անվանել է «Արարչի ձեռքը», իսկ մյուսը՝ «Տաճար» (1908)։

1916 թվականին Ռոդենը կտակ է ստորագրել, որի համաձայն նրա բոլոր աշխատանքներն ու ձեռագրերը փոխանցվել են պետությանը։ Կյանքի վերջին տարիներին Ռոդենը շրջապատված է եղել մեծ թվով սիրուհիներով, որոնք գրեթե բացահայտորեն թալանել են նրա ունեցվածքը՝ քանդակագործի հավաքածուից դուրս բերելով արվեստի գործեր։ Ռոդենի կալվածքի պահպանությունը կազմակերպվել է անձամբ Կլեմանսոյի կառավարությունում առևտրի նախարար Էթյեն Կլեմենտելի կողմից[71]։

Հունվարի 19-ին Մեդոնի վիլլայում տեղի է ունեցել Ռոդենի և Ռոզա Բյորեի ամուսնությունը։ Ռոզան արդեն ծանր հիվանդ էր և մահացել է արարողությունից քսանհինգ օր անց[72]։ Նոյեմբերի 12-ին ծանր հիվանդացել է նաև Ռոդենը։ Նա մահացել է թոքերի բորբոքումից նոյեմբերի 17-ին։ Մեդոնում նրա գերեզմանի վրա տեղադրվել է «Մտածողի» կրկնօրինակը[73]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ռոդենի՝ դեռևս վաղ շրջանի գործերն աչքի են ընկնում վարպետությամբ. նրա «Կոտրված քթով մարդը» (1864 թ., նախնական անվանումը՝ «Հաղթվածը») քանդակը մարտահրավեր էր ժամանակի գեղանկարչական կանոններին։ Նա պատկերել է ճակատագրի հանդեպ անզոր մարդկանց տանջանքն ու չքավորությունը։

Ռոդենը Միքելանջելոյի արվեստի ազդեցությամբ ստեղծում է «Բրոնզե դարը» (1877 թ.) արձանը, որը մարմնավորում էր կյանքի զարթոնքն ու տագնապը գալիքի նկատմամբ։ Քանդակագործն առավել ճանաչվել է «Քայլողը» (1877 թ.) և «Հովհաննես Մկրտիչ» (1878 թ.) գործերով. վերջինիս մտահղացման փիլիսոփայական խորությունն ու կերպավորման նորարարությունն արտահայտվել են նաև հեղինակի հետագա աշխատանքներում։ 1884–88 թթ-ին ստեղծել է «Կալեի քաղաքացիները» արձանախումբը (1895 թ․ տեղադրվել է Կալե քաղաքում). պատկերել է XIV դարում պաշարված Կալեի փրկության համար պայքարող մի քանի հայրենասերների դրամատիկական կերպարները, որոնք կամավոր հանձնվել են թշնամուն՝ հանուն քաղաքի բնակչության փրկության։

Հորինվածքի անհանգիստ ռիթմի, անշարժ և շարժվող մարմինների ու ժեստերի հակադրության շնորհիվ` հեղինակը հասել է պատկերի դրամատիկ հնչողության, յուրաքանչյուր կերպարի հոգեբանական և սեղմ բնորոշման։ 1880 թ-ից մինչև կյանքի վերջը Ռոդենն աշխատել է «Դժոխքի դարպասները» կոմպոզիցիայի վրա. ոգեշնչվել է Ալիգիերի Դանթեի «Աստվածային կատակերգության», Շառլ Բոդլերի ստեղծագործությունների թեմաներով, ինչպես նաև գոթական ոճի տաճարների շքամուտքերի առանձնահատկություններով։ Հորինվածքի առանձին մասեր Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր՝ «Մտածողը» (1880 թ.), «Դանայուհի» (1885 թ.), «Թռուցիկ սեր», «Համբույր» (երկուսն էլ՝ 1886 թ.) և այլն։ 1880-ական թվականների կեսից Ռոդենի ստեղծագործության մեջ ավելի ցայտուն է դարձել խորհրդանշական բարդ կերպարների, մարդկային ծայրահեղ հակադիր հույզերի բացահայտումը։ Նրա աշխատանքներում առաջնայինը շարժումն է, որը, ըստ Ռոդենի, քանդակի գլխավոր խորհուրդն է. շարժման արտահայտություններից մեկը քանդակների անհարթ մակերևույթն է, որը ներգործում է միջավայրի վրա, ձուլվում նրան։

Ռոդենը կերտել է նաև Վիկտոր Հյուգոյի (1900 թ.) և Օնորե դը Բալզակի (1897 թ., տեղադրվել է 1939 թ-ին) արձանները։ Ուշագրավ են Ռոդենի դիմաքանդակները («Ժյուլ Դալու», 1883 թ., «Բալզակի գլուխը», 1900 թ., «Բեռնարդ Շոու», 1906 թ.), գեղարվեստական առանձնահատուկ արժեք ունեն գծանկարներն ու օֆորտները։

Ռոդենի ստեղծագործությունը քանդակագործության պատմության մի ողջ դարաշրջան է. նրա արվեստն ազդել է XX դարի նշանավոր քանդակագործների (Անտուան Բուրդել, Արիստիդ Մայոլ, Շառլ Դեսպիո և ուրիշներ), այդ թվում՝ Հակոբ Գյուրջյանի ստեղծագործության վրա։

Ֆիլադելֆիայում և Փարիզում գործում են Ռոդենի թանգարանները։ Նրա գործերից պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և այլ թանգարաններում, ՀԱՊ-ում («Մերկ կինը», գծանկար, 1909 թ.)։

Ռոդենի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։

2011 թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն Լեպաժ» քանդակի բացումը կատարեցին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Auguste Rodin (նիդերլ.)
  3. 3,0 3,1 François Auguste René Rodin (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Regionální významné osobnosti
  6. 6,0 6,1 6,2 6,3 Bazin G. R. M. Encyclopædia Britannica
  7. https://cantorfoundation.org/resources/why-is-rodin-important/
  8. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  9. 9,0 9,1 9,2 9,3 RKDartists (նիդերլ.)
  10. https://picasso.iro.umontreal.ca/~mona/api/v3/artists
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Pas L. v. Genealogics — 2003.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Barbillon C., Sénéchal P. Dictionnaire critique des historiens de l'art actifs en France de la Révolution à la Première Guerre mondiale (ֆր.)INHA.
  13. 13,0 13,1 Роден Рене Франсуа Огюст // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  14. Schjeldahl, Peter. «The Stubborn Genius of Auguste Rodin». The New Yorker. Վերցված է 7 October 2017-ին. «Rodin was a child of the working class. (His father was a police clerk.)»
  15. Champigneulle, 1999, էջ 9—10
  16. Champigneulle, 1999, էջ 19
  17. 17,0 17,1 Morey, C. R. (1918). «The Art of Auguste Rodin». The Bulletin of the College Art Association of America. 1 (4): 145–54. doi:10.2307/3046338. JSTOR 3046338.
  18. Champigneulle, 1999, էջ 24—26
  19. «Auguste Rodin – Biography». rodin-web.org. Արխիվացված օրիգինալից 19 March 2020-ին. Վերցված է 14 March 2017-ին.
  20. Champigneulle, 1999, էջ 31
  21. Стародубова В. В. Роден, Рене Франсуа Огюст // Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия. — М.: Белый город, 2006. — Т. III.
  22. Jianou & Goldscheider, 34.
  23. Champigneulle, 1999, էջ 35
  24. Rilke R.M. Auguste Rodin. — Leipzig, 1920. — S. 15.
  25. Champigneulle, 1999, էջ 36
  26. Champigneulle, 1999, էջ 37—38
  27. Champigneulle, 1999, էջ 41
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 «Auguste Rodin» (անգլերեն). Վերցված է 2011-10-24-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 Vincent, Claire. (2004). «Auguste Rodin (1840—1917)». The Metropolitan Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2012-05-20-ին. Վերցված է 2011-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. Raphaël Masson, Véronique Mattiussi. Rodin. — Flammarion, 2004. — P. 151. — 247 p. — ISBN 9782080112934
  31. Champigneulle, 1999, էջ 46—50
  32. «St. John the Baptist». Musée Rodin. Արխիվացված է օրիգինալից 2014-03-31-ին. Վերցված է 2014-02-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. Champigneulle, 1999, էջ 59
  34. Champigneulle, 1999, էջ 59—61
  35. Champigneulle, 1999, էջ 64—65
  36. Champigneulle, 1999, էջ 128—130
  37. Elsen, Jamison, Barryte, 2003, էջ 175—179
  38. Elsen, Jamison, Barryte, 2003, էջ 193
  39. Claudine Mitchell. Rodin: the Zola of sculpture. — Ashgate Publishing, 2004. — P. 60. — 261 p. — ISBN 9780754609049
  40. Champigneulle, 1999, էջ 69
  41. Champigneulle, 1999, էջ 75
  42. Claudine Mitchell. Rodin: the Zola of sculpture. — Ashgate Publishing, 2004. — P. 62. — 261 p. — ISBN 9780754609049
  43. Elsen, Jamison, Barryte, 2003, էջ 293—295
  44. 44,0 44,1 Champigneulle, 1999, էջ 167
  45. Champigneulle, 1999, էջ 157
  46. Champigneulle, 1999, էջ 77
  47. Champigneulle, 1999, էջ 88
  48. Champigneulle, 1999, էջ 101
  49. Ian Chilvers, John Glaves-Smith. Claudel, Camille // A dictionary of modern and contemporary art. — Oxford University Press, 2009. — 776 p. — ISBN 9780199239658
  50. Champigneulle, 1999, էջ 98—99
  51. Champigneulle, 1999, էջ 171—172
  52. Champigneulle, 1999, էջ 180
  53. Champigneulle, 1999, էջ 184
  54. Champigneulle, 1999, էջ 198
  55. Champigneulle, 1999, էջ 200
  56. Champigneulle, 1999, էջ 203
  57. Champigneulle, 1999, էջ 207—209
  58. Champigneulle, 1999, էջ 123—125
  59. Champigneulle, 1999, էջ 221—222
  60. Kinetz, Erika. Rodin Show Visits Home Of Artist's Muses // The New York Times. — December 27, 2006. Архивировано из первоисточника 12 օգոստոսի 2014.
  61. Champigneulle, 1999, էջ 266—267
  62. Champigneulle, 1999, էջ 254—258
  63. Голубкина Анна Семёновна հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  64. Claudine Mitchell. Rodin: the Zola of sculpture. — Ashgate Publishing, 2004. — P. 202. — 261 p. — ISBN 9780754609049
  65. Eric Shanes. Constantin Brancusi. — Abbeville Press, 1989. — P. 12. — 128 p. — ISBN 9780896599246
  66. Champigneulle, 1999, էջ 260
  67. Champigneulle, 1999, էջ 244—246
  68. Champigneulle, 1999, էջ 217
  69. Champigneulle, 1999, էջ 249
  70. Champigneulle, 1999, էջ 223—224
  71. Champigneulle, 1999, էջ 269
  72. Champigneulle, 1999, էջ 270
  73. Champigneulle, 1999, էջ 271—273

Գրականություն

խմբագրել
  • Crone, Rainer; Salzmann, Siegfried, eds. (1992). Rodin: Eros and Creativity. Munich: Prestel. ISBN 3-7913-1809-8.
  • Elsen, Albert E. (1963). Rodin. New York: The Museum of Modern Art.
  • Getsy, David (2010). Rodin: Sex and the Making of Modern Sculpture. New Haven: Yale University Press. ISBN 978-0-300-16725-2.
  • Hale, William Harlan (1973) [1969]. World of Rodin, 1840–1917 (Time-Life Library of Art ed.). New York: Time-Life Books.
  • Janson, H.W. (1986). History of Art (3rd ed.). New York: Harry N. Abrams. ISBN 0-8109-1094-2.
  • Jianou, Ionel & Goldscheider, C. (1967). Rodin. Paris: Arted, Editions d'Art.
  • Lampert, Catherine (1986). Rodin: Sculpture and Drawings. New Haven: Yale University Press. ISBN 0-7287-0504-4.
  • Le Normand-Romain, Antoinette (2007). The Bronzes of Rodin. Paris: Editions de la Réunion des Musées Nationaux.
  • Ludovici, Anthony (1926). Personal Reminiscences of Auguste Rodin. London: John Murray.
  • Morseburg, Jeffrey (2010). The Indefatigable Miss Hallowell.
  • Taillandier, Yvon (1977). Rodin. New York: Crown Trade Paperbacks. ISBN 0-517-88378-3.
  • Tucker, William (1974). Early Modern Sculpture. New York: Oxford University Press. ISBN 0-19-519773-9.
  • Weisberg, Gabriel (1987). The Documented Image, Visions in Art History. New York: Syracuse University Press. ISBN 978-0815624103.
  • Rodin, Auguste (1984). Art: Conversations with Paul Gsell. Berkeley: University of California Press. ISBN 0-520-05887-9.
  • Royal Academy of Arts (2006). Rodin. London: Royal Academy of Arts.
  • Chevillot, Catherine; Marraud, Hélène; Pinet, Hélène; Adamson, John (transl.) (2014). Rodin: The Laboratory of Creation. Dijon: Éditions Faton. ISBN 978-2878442007.
  • Corbett, Rachel (2016). You Must Change Your Life: the Story of Rainer Maria Rilke and Auguste Rodin, New York: W. W. Norton and Company. 0393245063.
  • Elsen, Albert (1980). In Rodin's Studio: A Photographic Record of Sculpture in the Making. Ithaca, NY: Cornell University Press. ISBN 9780801413292.
  • Le Normand-Romain, Antoinette (2014). Rodin. New York: Abbeville. ISBN 978-0789212078.
  • Miller, Joan Vita (1986). Rodin: the B. Gerald Cantor Collection. New York: Metropolitan Museum of Art. ISBN 978-0870994432.
  • Sanyal, Narayan (1984). Rodin, Dey's Publishing Company, Kolkata. 978-81-295-1331-1.
  • Vincent, Clare. "Auguste Rodin (1840–1917)". In Heilbrunn Timeline of Art History. New York: The Metropolitan Museum of Art, 2000–. (October 2004)
  • Tobias G. Natter, Max Hollein (Eds.): Klimt & Rodin: An Artistic Encounter. DelMonico Books – Prestel Publishing, Munich e. a. 2017, ISBN 978-3-7913-5708-9.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Ռոդեն» հոդվածին։